Գլխավոր » Հատված Րաֆֆու «Դավիթ Բեկ» պատմավեպից
Հատված Րաֆֆու «Դավիթ Բեկ» պատմավեպից
09:51
Բայինդուր իշխանը, որ լսում էր այդ խոսակցությունը և ինքը ոչ սակավ հիացած էր շրջապատող լեռներով և անտառներով, խոսակցության մեջ մտավ, ասելով.
 
- Աստված է վկա, այդ ժողովուրդը մորթելու արժանի է։ Ես ինքս մեծ ուրախությամբ կվեր առնեի մի սուր և բոլորին կկոտորեի։ Բայց մի զարմանալի բան կա, որ ինքս էլ չեմ հասկանում, թե ինչ է։ Ես սաստիկ ատում եմ մեր հայերին, բայց, միևնույն ժամանակ, սիրում եմ։ Այդ ատելությունից բխած սերը ես չեմ կարողանում բացատրել ինձ։ Սիրում եմ այդ ազգը, որպես մի սիրահար բորբոքված սրտով սիրում է մի ցած, բարոյապես ընկած, պոռնիկ կնոջ։ Նա տեսնում է, թե ինչպես այդ կինը թաթախվել է բարոյական ցեխի մեջ, նա զզվում է, բայց հենց որ աչքն ընկնում է աչքին, չէ կարողանում համբերել, սկսում է գրկել, սկսում է համբուրել նրան։ Թեև գիտե, որ նրա մարմնի վրա ոչ մի մաքուր տեղ չի մնացել։ Մեր ագգը մի այսպիսի անբարոյական կին է. նա մի մեծ պոռնիկ է, նրա երեսին ամոթի և պատվի մի կաթիլ անգամ չէ մնացել։ Մոտ չորս հազար տարի նա պոռնկություն է անում, բայց տակավին չկշտացավ, տակավին չհագեցավ օտարներից։ Ասորեստանցին դարերով գործ դրեց նրա վրա իր անբարոյական կրքերը։ Հազարավոր տարիներ անցկացրեց նա երբեմն հույնի, երբեմն պարսկի և երբեմն հռոմայեցու գիրկն ընկնելով։ Մինչև անգամ անապատի սև արաբը իր հաստ շրթունքով շոշափեց նրա երեսը։ Մինչև անգամ Թուրանի տափակաքիթ, դեղնակաշի մոնղոլը դարերով պառկեց նրա հետ։ Ի՞նչ ազգ մնաց, որի վրա չսիրահարվեր նա, որին անձնատուր չլիներ... Այսուամենայնիվ, ես դարձյալ սիրում եմ այդ թեթևամիտ, վավաշոտ կնոջը, որ դարերի ընթացքում իր անբարոյական կյանքով մաշվել, տրորվել, քրքրվել է և միայն իր վաղեմի գեղեցկության կմախքն է պահպանել։ Սիրում եմ այդ կմախքը։ Սիրում եմ այդ թունավորված, հազարավոր հիվանդություններով վարակված մարմինը, որից մահվան հոտ է փչում, հիվանդություններ, որ նա ստացել է իր բազմաթիվ հոմանիներից, որոնց նա շապիկի նման մինը մյուսի ետևից փոխում էր։ Սիրում եմ, բայց ինչո՞ւ համար, ինքս էլ չգիտեմ։ Սիրում եմ ատելով, սիրում եմ զզվելով... բայց սիրում եմ...
 
- Սիրելուց բխած այդ զզվանքը, այգ դառն ատելությունը, շատ բնական է,- ասաց սրբազանը՝ կտրելով իշխանի խոսքը։ - Դա սիրող մարդու արդար վրդովմունքն է, որ առաջ է գալիս նրանից, երբ իր սիրած առարկայի մեջ գտնում է մի որևիցե արատ... Ձեր ատելությունը դեպի այն ազգը, որին դուք շատ իրավացի կերպով պոռնիկ կնոջ հետ համեմատեցիք, ես բոլորովին բաժանում եմ։ Այդ ատելությունը ցույց է տալիս, իշխան, ձեր չափազանց բարի ցանկությունները, որով փափագում եք պոռնիկը դուրս քաշել իր բարոյական ցեխից և նրան օրինավոր, պատվավոր կյանքի սովորեցնել։ Բայց երբ նկատում եք, որ նա ուղղվելու ոչ մի ընդունակություն չէ ցույց տալիս, սկսում եք բարկանալ, սկսում եք ատել, բայց չդադարելով միևնույն ժամանակ սիրելուց...

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Արխիվ