Գլխավոր » Հայաստանի զենքը, որ անհանգստացրել է Մոսկվային
Հայաստանի զենքը, որ անհանգստացրել է Մոսկվային
17:38

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում, որին մասնակցում էր ընդամենը մեկ-երկու տասնյակ մարդ, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները Հայաստանին հակատանկային զենք են նվիրել՝ 16 միլիոն դոլարի, ինչի մասին սակայն հանրությանը որեւէ տեղեկություն չի հաղորդվել, իսկ փոխարենը անընդհատ կրկնում են, թե Ռուսաստանը Հայաստանին էժան զենք է վաճառում:


Պարույր Հայրիկյանը հավանաբար նկատի ունի գերմանա-ֆրանսիական արտադրության MILAN հակատանկային հրթիռները, որոնք իրենց տեսակի մեջ ամենաարդյունավետներից են աշխարհում, ըստ ռազմական փորձագետների: Հայաստանի տրամադրության տակ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտադրության այդ սպառազինությունն անհանգստացրել էր նույնիսկ ադրբեջանցիներին, որոնք բողոք էին հղել Հայաստանին այդ զենքի տրամադրման կապակցությամբ:


Սակայն, Հայաստան ՆԱՏՕ-ի զենքի մատակարարման փաստը երեւի ոչ այնքան ադրբեջանցիներին, որքան ռուսներին է անհանգստացրել: Այստեղ խնդիրն այն է, որ տվյալ փաստը կարող է քանդել մի շատ էական կարծրատիպ՝ ռուսական էժան կամ նվեր զենքի, եւ ընդհանրապես Ռուսաստանի՝ որպես Հայաստանի անվտանգության միակ մատակարարի կարծրատիպը, որը Հայաստանում ռուսական ազդեցության հենասյուներից մեկն է:


Եթե Հայաստանի հասարակությունը գործնականում համոզվի, որ մեզ զենք կարող է էժան գնով վաճառել կամ նույնիսկ անվճար տրամադրել նաեւ ՆԱՏՕ-ն, ապա Ռուսաստանի քարոզչության առաջամարտիկներին դժվար կլինի խաղացնել «միակի ու անկրկնելիի» խաղաքարտը: Այստեղ խնդիրը միայն զենքի մատակարարումը կամ նվիրումը չէ: Խնդիրն ավելի լայն է, թեեւ մինչ դրան հասնելը արժե անդրադառնալ մատակարարման առումով մի կարեւոր հանգամանքի:

Պուտինի Հայաստան կատարած այցի արդյունք որպես հայտարարվեց, թե Հայաստանը կարող է սրանից հետո Ռուսաստանից զենք ձեռք բերել արտոնյալ պայմաններով՝ որպես ՀԱՊԿ անդամ:


Այս հայտարարությունը պարզ հարց է առաջացնում. բայց չէ որ Հայաստանը նոր չէ ՀԱՊԿ անդամ, ուրեմն ինչու է արտոնյալ պայմանով զենքի ձեռքբերման համաձայնություն կամ պայմանագիր նոր ստորագրվում: Իսկ մինչեւ հիմա Հայաստանն ինչպե՞ս է զենք ձեռք բերել Ռուսաստանից: Այստեղ իհարկե իրավիճակը հետաքրքիր է, որովհետեւ իրավիճակին լավատեղյակ անձինք նշում են, իհարկե պաշտոնի բերումով ցանկանալով մնալ անանուն, որ Ռուսաստանը Հայաստանին էժան գնով տրամադրել է միայն հնացած զինատեսակները, իսկ նոր սպառազինությունները, որ նա օրինակ վաճառում է Ադրբեջանին, Հայաստանին եւս առաջարկվում է միայն շուկայական գնով: Փոխարենը, բոլոր հնարավոր աղբյուրներով գեներացվում է իբր զենքի էժան մատակարարի կամ նվիրատուի միֆը:


Այժմ, ՆԱՏՕ-ի սպառազինության պարագայի ավելի լայն համատեքստի մասին: Խնդիրն այստեղ միայն մատակարարման ռուսական միֆերի անէացումը չէ: Խնդիրն այստեղ ընդհանրապես առնչվում է Հայաստանի անվտանգությանը եւ այն դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությանն ու հնարավորություններին:


Հայաստանում սեպտեմբերի 3-ից հետո հաճախ կարելի է լսել՝ դեմքի տարաբնույթ արտահայտությամբ գործիչներից, թե Հայաստանի համար առաջնայինն անվտանգության հարցն է, իսկ Եվրամիությունը Հայաստանին անվտանգության որեւէ առաջարկ չի արել, այդպիսի առաջարկ Հայաստանը միայն Ռուսաստանից է ստանում:

ՆԱՏՕ-ի սպառազինության փաստը կոտրում է հենց այդ միֆը, ինչը էապես փոխում է իրերի վիճակը թե հայ-ռուսական հարաբերության, թե կովկասյան զարգացումների առումով:


Շատերը դեմքի նույն տարաբնույթ արտահայտությամբ պնդում են, թե Եվրամիությունն ինքը անվտանգության սպառող է եւ բնականաբար չէր կարող Հայաստանին ոչինչ առաջարկել: Այդ հայտարարությունն իրականում պարզ դասագրքային մանիպուլյացիա է: Եվրամիությունն անվտանգության սպառող չէ, Եվրամիությունն անվտանգության համակարգի տնտեսա-քաղաքական բաղադրիչներից մեկն է՝ այն համակարգի, որը կոչվում է ՆԱՏՕ: Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն հանդիսանում են եվրատլանտյան հանրույթի կառուցվածքային մի ամբողջություն: Դրանք կարելի է զատել դասագրքերում եւ ուսումնական ձեռնարկներում, սակայն ոչ իրական քաղաքականության մեջ:


Իսկ թե ինչու Հայաստանի հանդեպ չեն հնչեցվել անվտանգության առաջարկներ, երեւի թե դժվար չէ հասկանալ: Նախ, դրանց ժամանակից շուտ հրապարակայնացումը Հայաստանի համար ավելորդ խնդիրներ էր ստեղծելու Ռուսաստանի հետ հարաբերության առումով: Բացի այդ, խնդիրը չափազանց լուրջ էր անլուրջ մոտեցման ենթարկելու համար, եւ քանի դեռ Հայաստանն ինքը գործնական մեսիջով չի հայտնել Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հետ քաղաքական նոր որակի հարաբերության հաստատման քաղաքական որոշման մասին,- իսկ այդ մեսիջը լինելու էր Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը,- եվրատլանտյան հանրույթի համար Հայաստանի հետ անվտանգության որակապես նոր նախագծեր քննարկելը հավասարազոր կլիներ խաղաքարտերը ժամանակից շուտ բացելուն:


Ամենեւին պատահական չէ, որ Ռուսաստանը սեպտեմբերի 3-ից հետո կովկասյան քաղաքականության մեջ ավելացրել է ռազմական շեշտադրումները, իսկ Պուտինը Հայաստան այցելեց հենց միայն դրա համար: Նա Գյումրիից բռունցք էր ցույց տալիս հենց ՆԱՏՕ-ին, ոչ թե Թուրքիային կամ Ադրբեջանին, որոնց հետ եղբայրական ռազմավարական հարաբերություն է կառուցում: Պուտինի այդ ռազմական արձագանքը բոլորովին պատահական չէր եւ վկայում էր, որ Հայաստանին իրականում եղել են անվտանգության առաջարկներ եվրաատլանտյան հանրույթից, եւ հենց այդ պատճառով է Պուտինը Երեւանից հրթիռներ թափահարել Արեւմուտքի ուղղությամբ՝ թե այստեղ իր հրթիռներն են եւ թույլ չի տա, որ տեղակայվեն այլոց սպառազինությունները:


Ի դեպ, հենց այդ առումով նաեւ ամենեւին պատահական չէ, որ Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակում պարտադրված համաձայնագրով արգելափակել է Հայաստանի որեւէ ենթակառուցվածքային հարաբերություն երրորդ երկրների հետ: Այդ ամենի պատճառն այն է, որ եվրատլանտյան ուղղությամբ Հայաստանի համար գծագրվել են միանգամայն իրատեսական անվտանգության հեռանկարներ եւ այլընտրանք ռուսական մոնոպոլիային:

Այնպես որ, հայտարարությունները, թե Հայաստանն իր որոշումը կայացրել է անվտանգության գերակայությունից ելնելով, անգամ ամանորյա հեքիաթ լինելու համար պիտանի չեն: Հայաստանի իշխանությունն իր որոշումը կայացրել է բացառապես անձնական անվտանգության նկատառումներով, որեւէ այլ հարց այդ իշխանությանը չի հուզել:


ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ


Որոնում

Օրացույց

«  Դեկտեմբեր 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Արխիվ