Գլխավոր » Հայաստանում առայժմ մկներն են թագավորում
Հայաստանում առայժմ մկներն են թագավորում
14:15

Հարցազրույց ՌԱՀՀԿ փորձագետ, պատմաբան Սարո Սարոյանի հետ

- Զորի Բալայանի՝ Պուտինին գրված նամակը առաջացրել է հանրության դժգոհություն-բողոքը: Կարծում եք՝ այս նամակը նա կարո՞ղ էր գրել առանց իշխանությունների թույլտվության: Հնարավո՞ր է՝ այն, ինչ կատարվեց սեպտեմբերի 3-ին, պետք է ունենար այսպիսի տրամաբանական շարունակություն:

- Այո, իսկապես այդ նամակը սեպտեմբերի 3-ին ի լուր աշխարհի հրապարակված կուրսի տրամաբանական շարունակությունն է: Իսկ սեպտեմբերի 3-ը վաղ թե ուշ պետք է լիներ: Պարզապես խնդիրն այն էր, թե Ռուսաստանը երբ կորոշեր դադարեցնել Հայաստանի մուկն ու կատու խաղալը Եվրոպայի հետ, ո՞ր պահին և ի՞նչ շահելու դիմաց Երևանին կհրահանգեր հրաժարվել եվրաինտեգրման հրապարակված կուրսից և թե ինչպես կփորձեր ջրից առավել չոր դուրս բերել Հայաստանը ներկայացնող իր կամակատար գործակալներին: Սեպտեմբերի 3-ին, երբ պարզ դարձավ, որ Կրեմլն այլևս ոչ հնարավորություն և ոչ էլ կարիք ունի մեր ու միջազգային հանրության առավել «կույր» հատվածներից թաքցնելու Հայաստանում մարիոնետ կառավարություն պահելու փաստը, Զորի Բալայանի «գրած» նման նամակի ի հայտ գալը սպասելի էր: Այն գրվել է ընդամենը Զորի Բալայանի խմբագրությամբ, բայց ոչ ցանկությամբ ու մտահոգությամբ: Նամակում լավագույնս պահպանված են ռուսական շահը ներկայացնող շեշտադրումները, տեքստը համեմված է հայի թույլ, կրտսեր եղբոր կայսերական քարոզչության բարբաջանքով և ունի հստակ կուրս: Այն է՝ ընդհանրապես ստեղծել պատրանք հայության (կամ նրա մի մասի) կողմից Ռուսաստանից ունեցած ակնկալիքների մասով, իսկ մասնավորապես Հայաստանի հանրային գիտակցության մեջ ամրագրել Ռուսաստանի հերթական մուտքի հնարավորությունը (անխուսափելիությունը) Արաքսի հովտում՝ օրհնելու համար այդ սհաթը: Նման նամակները գրվում են ոչ թե իշխանությունների թույլտվությամբ, այլ՝ պատվերով: Պարզապես մեր դեպքում Հայաստանի բարձրագույն իշխանություն ասվածը մեքենայի փոխանցման տուփն է հիշեցնում, քանզի կամքի իրական աղբյուրը նստում է հյուսիսում՝ իջեցնելով իր հրահանգները, իսկ ՀՀ իշխանություններն այն փոխանցում են ըստ հասցեականության:

- Արդյոք այսպես չի ստացվում, որ Ղարաբաղի լուծման հարցը Հայաստանը հանձնում է Ռուսաստանին: Բացի այդ, Զորի Բալայանի կարծիքը շարունակում են պնդել ընկերները, սա արդեն լուրջ մտահոգության առիթ չէ՞:

- Քրեաօլիգարխիայից ամեն ինչ սպասելի է, միայն թե փող լինի դրա հիմքում: Կենացների մակարդակով պետություն ու ազգ ճանաչող նման էակների մոտ ամեն ինչ գնվում և ամեն ինչ վաճառվում է: Նյութական շահ ստանալու ու ոհմակի անվտանգությունն ապահովելու համար այսօր բնակչությունն են արտահանում երկրից, վաղը անձնական կամ սեփական կլանի դիրքը պահելու համար հարկ լինի՝ իրենց կանանց ու երեխաներին էլ կվաճառեն: Հույս ունեմ, որ խնդրի լուծման իրավազորության գիտակցումը Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների սեփականությունն է, և նրանց փոխարեն լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ այլ կառավարությունները չեն կարողանալու որոշումներ կայացնել: Սակայն Ռուսաստանի հարցում միաժամանակ մի նկատառում կցանկանամ ներկայացնել: Վերափոխված ռուսական կայսրությունը՝ նոր կազմավորվող ԽՍՀՄ-ը, Ղարաբաղյան հիմնախնդիրը ժամանակին գործարկել էր հենց նրա համար, որպեսզի դրա միջոցով մշտապես իր ճիրաններում պահի Հարավային Կովկասում հայերի և թուրքերի (ադրբեջանցիների) միջև ընթացող քաղաքական գործընթացները:

Այսինքն՝ հիմնախնդիրը Ռուսաստանը ստեղծել է ոչ թե նրա համար, որ երբևէ դրա լուծմամբ շահեր ձեռք բերի կամ օգուտներ քաղի: Այն երկարատև ժամանակահատվածի համար, սակայն պարբերաբար գործարկման հեռանկարով մի ռումբ է եղել, որով տասնամյակներ շարունակ շահեր ձեռք են բերվել և օգուտներ քաղել են խնդրի հենց չլուծման միջոցով: Այսօր խոսել, թե Ռուսաստանը պատրաստվում է լուծել այդ խնդիրը, ինձ մոտ ծիծաղ է առաջացնում: Դա նույնն է, թե վարձակալության համար ստեղծված բնակարանի արծաթամոլ սեփականատերը հրաժարվի վարձից ու բնակարանի նպատակային նշանակությունից և հայտարարի, թե ուզում է բնակարանը բարեգործական նպատակներով թանգարանի վերածել: Ուստի բոլոր տկարամիտ հայերի վերջին «փափագը», թե թքած պետականության վրա, գոնե մեր բազմադարյա պատմության այս ժամանակահատվածի համար Ռուսաստանը կլուծի այդ խնդիրը ի շահ մեզ, սին է: Քանզի այդ խնդիրը լուծում չունի, եթե քեզ դնում ես 1994 թ. խնդրի քո իսկ ձեռքով կերտած լուծումից դուրս: Այդ խնդիրն ունի ընդամենը պերիֆերիան վերահսկելի ու կառավարելի դարձնելու հանձնառույթ, որից կարող են հրաժարվել (այսինքն՝ «խնդիրը լուծելու» տարբերակով ընթանալ, եթե հայտնվեն կայսրությունների ղեկին) քաղաքական այբուբեն չիմացող մեր ազգի տկարամիտները միայն:

- Այնուամենայնիվ, ի՞նչ զարգացման հեռանկար ունի Հայաստանը: Սեպտեմբերի երեքից հետո շատերն այլևս Հայաստանն անվստահելի և անհեռանկար երկիր են համարում: Ինչո՞ւ ի վերջո Հայաստանը մնաց այս մտայնության մեջ:

- Բոլոր ժամանակներում ու բոլոր դեպքերում հանրությունների զարգացման հեռանկարները մարդկանց ինքնուրույն գործելով ու արարելով են կյանքի կոչվել: Հայությունը ինչպես վերջին հարյուրամյակներում, այնպես էլ վերջին երկու տասնամյակում զարգացման որևէ շանս չէր կարող ունենալ, քանի որ ողջ քաղաքական մշակույթը էթնոսի մակարդակով խաթարված է եղել: Մինչև հիմա քաղաքական գործընթացը հայերը պատկերացնում են առևտրի կանոններով, նպատակադրությամբ ու սկզբունքներով: Եվ այն, որ Հայաստանի տնտեսությունը միմիայն առևտրով է ներկայանում, իսկ իշխանությունն էլ ուզուրպացրել է ազգի առևտրով զբաղվող առավել ընդունակ շերտը,- սա կարևոր ցուցիչ է Հայաստանի զարգացման խոչընդոտները հասկանալու համար: Առևտուրն ամենուր է և հատկապես քաղաքական դաշտում է: Իրական քաղաքականը՝ համակեցության կանոնավորմանն ուղղված քաղաքացու հանրային ինքնուրույն վարքը, ճզմվել է այդ մամլիչի տակ: Միաժամանակ դեր է խաղացել կայսրությունների տևական դիկտատը, որը հայի մեջ գիտակցված սերմանել է ներկայում անքննելի դարձած մի հիմարություն՝ թե քաղաքական հարցերը լուծվում են իրենցից դուրս՝ կայսրությունների մայրաքաղաքներում՝ Սպահանում, Ստամբուլում, Մոսկվայում, իսկ եթե դիկտատը բացակայում է՝ Մարսում, Լուսնի վրա: Այսինքն՝ ամեն տեղ, բացի իրենց ցուցաբերած վարքով պայմանավորված յուրաքանչյուրի զբաղեցրած տեղում:
Ներկա անհույս վիճակի ձևավորման վրա դեր է խաղացել ոչ այնքան երկրորդական մի հանգամանք ևս: Հայաստանի ներսում սեփական քաղաքական ամբիցիաները բավարարելու և մյուսներին վատաբանելու, ոչնչացնելու կատարյալ մի մեխանիզմի է վերածվել ամենուր դիտվող շպիոնոմանիան: Դրանում բացի ռուսական քաղաքական մշակույթը պատճենելուց, ըստ էության խնդիրների լուծումն իրենցից դուրս տեսնելու ազգի մղումն է արտահայտված: Տարօրինակն այն է, որ իրական գործակալները, պետական դավաճանները, ովքեր գտնվում են երկրի իշխանության ղեկին և սպասարկում են օտարերկրյա շահը, ավելի հանդուրժողական վերաբերմունքի են արժանանում, քան Սերժիկի, Ռոբիկի մտացածին կամ իրական հաճախորդները: Այսպիսով, կարող եմ հանրագումարի բերել, որ Հայաստանի փակուղին պայմանավորված է մեր քաղաքական մշակույթով, և վստահելի ու հեռանկարային երկրի իմիջի ձևավորման հարցում արտաքին աշխարհից ոչինչ կախված չէ: Իրենք արձանագրողի դերում են միայն:

- Իսկ այս անհուսությունը ինչպե՞ս կարելի է հաղթահարել:

- Շատ եմ կրկնել, նորից վերադառնամ զրադաշտականության այդ հիմնավոր բանաձևին՝ բարի միտք-բարի խոսք-բարի գործ: Քաղաքականությունը ինտելեկտուալ ու կամային գործունեության բարձրագույն աստիճանն է: Առանց գիտելիքի ցենզը ապահովելու՝ հնարավոր չէ պայքարի մեջ մտնել ու հաղթել քաղաքական հակառակորդիդ: Առավել ևս, որ դիմացդ փողոցային առևտրի կանոնները գերազանց սերտած (հոգեբան) կրիմինալ ստահակների մի ողջ ոհմակ է կանգնած, ովքեր պատրաստ են պատեհ ժամին ոչնչացնել քեզ ամեն հնարավոր ձևով: Եթե ոհմակի դեմ պայքարելու հայտ են ներկայացնում տգետները կամ կիսագրագետները, իրենք դատապարտված են մի որևէ փուլում անհետանալու: Սակայն հայաստանյան իրականությունում ոչ քիչ են մի այլ կարգի «տգետները», ովքեր ըստ էության ինտելեկտի բավարար պաշար ունեն միտք ու խոսք արտադրելու համար, բայց մեթոդական ու տեխնոլոգիական այբուբենից հեռու են կիլոմետրերով: Շատերի փրկօղակն էլ դարձել է ռեալպոլիտիկը՝ սեփական մտավոր ու կամային անզորությունը արտաքին ուժերով պայմանավորելը: Քաղաքացու համար կա մի ճանապարհ՝ նա իր վարքով պետք է ակտիվ ու պահանջատեր լինի: Իսկ քաղաքական գործչի համար, բացի ինտելեկտից ու որոշակի հռետորաբանությունից, պետք են նաև լրացուցիչ ձիրքեր՝ կազմակերպչական կարողությունը, «ռազմի դաշտում» իր բնական դաշնակիցների՝ մյուս ընդդիմադիրների նկատմամբ հանդուրժողականությունը, հակառակորդի հոգեբանական ու մտավոր կառուցվածքը ճիշտ հասկանալու և նրա քայլերը կանխատեսելու կարողությունը, իր պատասխանատվության չափի զգացումը, խորհուրդներ լսելու, թացը չորից տարբերելու ունակությունը և այլն:

Իսկ մենք ինչ ենք տեսնում մեր քաղաքական կյանքում, ընդդիմադիրները սկսում են ոչնչացնել վարչախմբից դուրս առաջին իսկ քաղաքական հայտ ներկայացնողին, բնական դաշնակցության գնալու որևէ նշույլ իսկ չկա նրանց վարքում, միայն ենթակայության պահանջ ինչ-ինչ հանգամանքներում լիդեր դարձած ընդդիմադիր գործչին, որոշումները կայացվում են միանձնյա, կամ շատ նեղ շրջանակում, պատասխանատվության ոչ զգացում կա, ոչ էլ պատասխանատվություն վերցնելու ցանկություն, կազմակերպվածության այնպիսի թույլ մակարդակ, որը ծիծաղ է առաջացնում օլիգարխների ու նրանց սպասարկու ուժային կառույցների մոտ և այսպես շարունակ: Հայաստանը կարոտ է մտքի, խոսքի ու գործի: Կարոտ է քաղաքացիների մի շրջանակի, ովքեր ավելի ինտելեկտուալ կլինեն, քան օլիգարխները, ավելի ճարտասան, քան օլիգարխները, ավելի կամային, քան օլիգարխները: Ինտելեկտուալներ, ովքեր բաց կլինեն ամեն նորի հանդեպ, ովքեր որոշումներ կկայացնեն միասնաբար, ովքեր պատասխանատվություն կվերցնեն ըստ իրենց կարողությունների ու ուժի և կասեն ու կանեն միայն այն, ինչ կարող են, ովքեր պատրաստ կլինեն հանուն նպատակի իրենց դիրքն ու տեղը զիջել ավելի ընդունակին ու կարողին, ովքեր կազմակերպված կլինեն առավել քան օլիգարխիկ բանդաները և ովքեր բաց կլինեն հանրության հանդեպ: Այս խնդիրը կարող է լուծել միայն իրական քաղաքացիական շարժումը: Իսկ Հայաստանում առայժմ մկներն են թագավորում:


Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ