Գլխավոր » Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...
Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...
21:45
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը կարծում է, որ առաջիկա մեկ տարում ղարաբաղյան պատերազմը չի վերսկսվի, սակայն միաժամանակ գտնում է, որ պատերազմին պատրաստ լինելն ավելի լավ է, քան մնալ հանգստության մեջ։ 
«Հայտնի է, որ ղարաբաղյան հիմնախնդրի վերահսկման գործառույթները ո՛չ Հայաստանում են, ո՛չ էլ Ադրբեջանում։ Այս գործընթացը կառավարվում է արտատարածաշրջանային ուժերի կողմից։ Պարզապես հակամարտության կողմերը չեն կարող հաշվի չառնել Մոսկվայի և Վաշինգթոնի կողմից իրենց պարտադրված տեսակետները։ Հետևաբար, պատերազմի վերսկսման հավանականությունը ևս պետք է կապել դրսից եկող ազդակների հետ։ Առայժմ, իմ կարծիքով, պատերազմի վերսկսման նախադրյալներ չկան։ Ինչ վերաբերում է հակամարտության լուծմանը Հայաստանի անմիջական մասնակցությանը, ապա մենք այսօր չունենք մեր արտաքին քաղաքականությունը։ Մինչև մենք չունենանք մեր սեփական առաջարկները, կունենանք այն վիճակը, որն ունենք այսօր։ Գուցե սա գործող իշխանությունների համար առավել անվտանգ տարբերակն է, սակայն չեմ կարծում, որ ամենաօգտակարն է երկրի համար»,- գտնում է Արման Մելիքյանը։

Անդադառնալով ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի տարած հաղթանակին՝ ԼՂՀ նախկին արտգործնախարարը նկատեց, որ այդ հաղթանակը հայ մարդու ազգային արժանապատվության միակ իրական վկայությունն է։ «Եթե այդ հաղթանակն էլ տանք, հայ մարդը այս պետությանն իրեն կապող որևէ բան այլևս չի ունենա։ Վերջին 20 տարիներին Հայաստանն ընդհանուր առմամբ ձախողել է պետականության և այն պետության կառուցում, որը կերաշխավորեր հայ ժողովրդի՝ հավուր պատշաճի անվտանգությունն ու բարգավաճումը»,- նկատել է Մելիքյանը։

Ամփոփելով՝ նախկին պաշտոնյան անդրադարձավ նաև ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ Ռուսաստանի դիրքորոշմանը և հռետորական հարց հնչեցրեց. «Իսկ ո՞վ է ասում, որ Ռուսաստանի դիրքորոշումը այս հարցում մեզ համար նպաստավոր է։ Ռուսաստանը նույնպես կողմ է, որ տարածքները հանձնվեն, և եթե Ադրբեջանը համաձայնի Ռուսաստանի պայմաններին, վերջինս մեծ ուրախությամբ կաջակցի, որպեսզի տարածքները հանձնվեն։ Մեծ հաշվով, Ռուսաստանի ձեռամբ տարածքների հանձնումն այն գինն է, որը Հայաստանը պիտի վճարի, որպեսզի Ռուսաստանն Ադրբեջանում իր դիրքերը վերականգնի»։



Մոսկվայի գրախանութներում ոչ մի գիրք հնարավոր չէ գտնել Հայաստանի և Ղարաբաղի մասին: Նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ, Սևծովյան և Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը՝ հայ պատմաբան Ռուբեն Գալիչյանի «Պատմության առասպելականացում. Ադրբեջան, Հայաստան, հորինվածքներ և փաստեր» գրքի շնորհանդեսի ժամանակ:
Միաժամանակ, ըստ նրա, գրադարակների վրա բավականին մեծ քանակությամբ ադրբեջանական գրականություն կա:

«Մեր ինստիտուտում երկու գիրք կա Նախիջևանի և երկուսը՝ Ղարաբաղի մասին, ընդ որում՝ նրանցից մեկը՝ քառասուն տպագիր էջ է կազմում: Հարկավոր է գումար՝ դրանք հրատարակելու համար: Սակայն քանի անգամ էլ դիմել եմ հայ գործարարներին՝ անիմաստ է եղել: Ադրբեջանական գրականության լիությունը բացատրում են «նավթատարի» առկայությամբ: Իսկ դուք բնակարաններ մի նվիրեք Քսենիա Սոբչակին և այլոց, ու այդ գումարները դրեք հրատարակչության մեջ»,- խորհուրդ է տվել Զախարովը հայ գործարարներին:
Հայաստանում, ըստ նրա, հրաշալի հետազոտություններ են կատարվում, սակայն հայերենով: «Ռուսաստանում, ցավոք, ոչ բոլորն են հայերեն կարդում: Դուք դա հրատարակում եք ձեզ համար, սակայն փորձեք հրատարակել աշխարհի համար»,- ավելացրել է քաղաքագետը:



Հնարավոր է, որ Ադրբեջանին սկզբնական շրջանում բլիցկրիգը հաջողվի, բայց այդ քայլի հետևանքները ողբերգական են լինելու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Քաղաքական և ռազմական վերլուծության Ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը:
Պատասխանելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերաբերյալ հարցին՝ փորձագետը նշել է, որ Ադրբեջանի բյուջեն զուգորդելի է Հայաստանի բյուջեի հետ:
«Դրա համար ես չէի խոսի ուժերի հավասարակշռության մասին»,-նկատել է փորձագետը: Նա նշել է, որ վերջին շրջանում Ադրբեջանը անընդհատ խոսում է այն մասին, որ կգործադրի բոլոր ջանքերը, այդ թվում ռազմական ուժերը, 90 թվականի դրությունը վերականգնելու համար: Եւ դրանում է գլխավոր խնդիրը»: Փորձագետի խոսքով, Ադրբեջանի ռազմական դոկտրինն այնքան էլ պատշաճ չէ: Ադրբեջանը որպես գլխավոր վտանգ դիտարկում է Հայաստանը: Երկրորդ վտանգը Ռուսաստանն է: Փորձագետի խոսքով, դա շատ սխալ է: Ադրբեջանի սպառնալիքների կոնտեքստում նա հիշեցրել է նավթի գործոնը և Իրանին, մասնավորպես Իրանի դիրքորոշումը Ադրբեջանի և Իսրայելի կապերի հարցում:

Սպառնալիքների կոնտեքստում Ադրբեջանի համար Հայաստանի դեմ ռազմական ուժ կիրառելու վերաբերյալ մյուս կարևոր հարցը, դա միջազգային հանրության դիրքորոշումն է: Ադրբեջանի համար գլխավոր հարստությունը նավթն է, որում մեծապես հետաքրքրված է ԵՄ-ն. «Ո՞վ թույլ կտա նրանց: Ինչ էլ որ ասենք, նրանց համար գլխավորը նավթն է»:
«Եթե Ադրբեջանը համարձակվի ռազմական գործողություններ սկսել, ապա պարտություն կկրի բոլոր դիրքերում»,-շեշտել է փորձագետը՝ հավելելով, որ նա այդ դեպքում չի բացառում իշխանափոխություն Ադրբեջանում: «Ոչ ԵՄ-ն, ոչ ՄԱԿ-ը, ոչ ՆԱՏՕ-ն չեն համաձայնվի, որ հակամարտությունը լուծվի ռազմական ճանապարհով»,- հիշեցրել է փորձագետը:
NEWS.am


Թուրքական «Գյուրբուզ» հրատարակչատան կողմից տպագրված Թուրքիայի ֆիզիկական քարտեզում Աղրը Դաղըն (Արարարտ լեռ) պատկերված է Հայաստանի սահմանում։ 
Այս մասին Haberiniz.com կայքում լույս տեսած իր հոդվածում գրում է Ֆահրեթթին Օզթոփրաքը՝ նշելով, որ այդ քարտեզների հրատարակությանը, որոնք ներառված են տարրական և միջնակարգ դպրոցների դասագրքերում, հավանություն է տվել Թուքրիայի կրթության նախարարությունը։
«Ո՞վ է վերջ դնելու կրթության նախարարության դավաճանությանն ու անբարոյականությանը» խորագրով հոդվածում Օզթոփրաքը գրում է. «2011-2012թթ. ուսումնական տարում «Գյուրբուզ» հրատարակչատունը տպագրել է Թուրքիայի ֆիզիկական քարտեզը, որտեղ Աղրը Դաղըն պատկերված է Հայաստանի սահմանում։ Մի՞թե սա հայրենիքի և պետության դավաճանություն չէ։ Մի՞թե սա չի նշանակում աղբարկղը նետել 1920թ. ստորագրված Ալեքսանդրապոլի պայմանագիրը»։

Նշենք, որ Թուրքիայում 2007թ. պատրաստված և հրատարակված 11-րդ դասարանի համար նախատեսված աշխարհագրության դասագրքում բիբլիական լեռը ներկայացվում էր ոչ թե «Աղրը Դաղը», այլ հենց «Արարատ» անունով: Սակայն ազգայնական շրջանակների ճնշումների արդյուքնում Թուրքիայի կրթության նախարարությունը հավաքել էր դասագրքերը և «Արարատ» անվանումը փոխարինել «Աղրը Դաղը»-ով:


Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ