Գլխավոր » Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...
Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...
22:47
Ադրբեջանն ու Հայաստանը դեռ պատրաստ չեն լուծել Ղարաբաղի հարցը։ Ադրբեջանական APA գործակալությունը հաղորդում է, որ այդ մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան։
«Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի։ Դրա համար երկու երկրների ղեկավարների սեղանին դրված է շրջանակային համաձայնագիրը։ Այդ հարցի լուծման համար երկու երկրների նախագահները պետք է իրենց վրա վերցրեն խնդիրը լուծելու պատասխանատվությունը և վստահեն իրար։ Դա մեծ քաղաքական ռիսկ է, քանի որ Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունները պատրաստ չեն ընդունել ԼՂ խնդրի լուծումը։ Անհրաժեշտ է, որպեսզի երկու հասարակությունները փոխեն իրենց տեսակետը կամ նախագահները պետք է իրենց վրա մեծ քաղաքական ռիսկ վերցնեն»,- ընդգծել է Բրայզան։



Փարիզի հեղինակավոր «Անթրըպո» կինոթատրոնում մարտի 25-ին կայացել է «Եթե բոլորը...» ֆիլմի ֆրանսերեն տարբերակի պրեմիերան։
Ցուցադրությանը ներկա են եղել ֆիլմի ռեժիսոր Նատալիա Բելյաուսկեն, գլխավոր պրոդյուսեր և դերասան Միքայել Պողոսյանը, դիվանագետներ, մշակութային գործիչներ, լրագրողական շրջանակների ներկայացուցիչներ։
Ֆիլմը պատմում է Արցախյան պատերազմի, նրա հետևանքների, մարդկային ճակատագրերի մասին, որոնց շուրջ ծավալվում են գլխավոր իրադարձությունները։ Հերոսուհին Արցախում զոհված ռուս զինվոր Ալեքսանդր Մասլենկովի աղջիկն է։ Քսան տարի անց նա գալիս է Հայաստան, գտնում է հոր հայ ընկերներին՝ խնդրելով նախկին ազատամարտիկներին օգնել իրեն ծառ տնկելու հոր գերեզմանին, առանց իմանալու, որ հոր աճյունը գտնվում է շփման գծից այն կողմ՝ ներկայումս հակառակորդի վերահսկողության տակ գտնվող ղարաբաղյան գյուղերից մեկում...
Ֆիլմը խանդավառությամբ է ընդունվել ֆրանսիացի հանդիսատեսի կողմից, ինչը դրսևորվել է նաև ցուցադրմանը հաջորդած քննարկումների ընթացքում։



Թուրքական Hurriyet-ի  լրագրող  Ուղուր Էրգանի այն հրապարակմանը, թե Հայաստանն օրեր առաջ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Տուվալուի հետ, որպեսզի որոշակի քայլերի դիմաց  նրան դրդի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, արձագանքել են Hurriyet-ի սյունակագիր Յըլմազ Օզդիլը և Radikal-ի լրագրող Դենիզ Զեյրեքը։
Hurriyet-ի սյունակագիր Յըլմազ Օզդիլն անդրադառնալով Hurriyet-ի «Հայաստանի տուվալական խաղը» հրապարակմանը, հիշեցրել է, թե այնտեղ նշված է, որ Տուվալուն «մաղարիչի» դիմաց ամեն ինչ էլ անում է. օրինակ, նախորդ տարի Ռուսաստանի տված գումարի դիմաց այդ երկիրը ճանաչել է Աբխազիան և Հարավային Օսիան։
Յըլդըզ Օզդիլը նշում է, թե Տուվալուին ինչ-որ բանի դիմաց առաջին «մաղարիչը» Թուրքիան է տվել, որից հետո մյուսներն էլ Թուրքիայից սովորեցին անել նույնը։ «Նախորդ տարիներին Տուվալուի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո հարցրեցինք, թե ինչի՞ կարիք ունեն և ստացանք. «եվրոպական չափանիշներով ֆուտբոլի գնդակ չունենք» պատասխանը։ 100 հատ գնդակ ուղարկեցինք»,- նշել է թուրք լրագրողը։
Տուվալուի ձայնը գնելու համար առատաձեռն վերաբերմունք ցույց տված Անկարան ինչպես է արձագանքելու, եթե Տուվալուն գումարի դիմաց ճանաչի Լեռնային Ղարաբաղը։ Անկարան Տուվալուից հե՞տ է ուզելու գնդակները»,- նշվել է Radikal-ի հրապարակման մեջ։ Թուրքական Hurriyet-ի  լրագրող  Ուղուր Էրգանի հրապարկման մեջ նշվել էր, թե Անկարային խիստ անհանգստացրել է, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Տուվալուի հետ, քանի որ մտավախություն ունի, թե Հայաստանը Տուվալուին կստիպի ճանաչել Ղարաբաղի անկախությունը։



Ֆրանսիայի նախագահի թեկնածուներ Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ արագորեն ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ։ Այդ մասին նրանք ասել են Nouvelle» d՝Armenie հանդեսին տված հարցազրույցում։
«Ես պարտավորություն եմ վերցրել և կկատարեմ այն։ Դա իմ պարտականությունն է որպես հանրապետության նախագահ՝ պաշտպանել ֆրանսիական քաղաքացիներին, որոնց ժխտում է  սպառնում»,- ասել է Նիկոլա Սարկոզին և հավելել. «Կառավարությունն արդեն աշխատում է նոր օրինագծի վրա… Տեքստը կարող է ընդունվել խորհրդարանի լիազորությունների հաջորդ ժամկետի սկզբին»։ Նա նշել է, որ հաշվի է առնվելու Սահմանադրական խորհրդի որոշումը։
Նրա մրցակիցը՝ Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդը հաստատել է, որ իրականում ցանկանում է «ժամկետի սկզբում, հանգիստ պայմաններում իրականացնել ցեղասպանության ժխտման քրեականացումը»։
«Ես համոզված եմ, որ դա պետության պարտքն է՝ ճանաչել ցեղասպանությունները, որոնք ապացուցված են պատմական հետազոտություններով, իսկ ժխտումը բռնության դրսևորում է, որ տեղ չունի մեր հանրապետությունում»,- նշել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEW».am-ը, փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը ցեղասպանությունների, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության, ժխտման քրեականացման մասին օրենքը հայտարարել էր  ոչ սահմանադրական։
Նշենք, որ ցեղասպանությունների ժխտման քրեականացման օրենքը, որը հայտնի է որպես Բուայեի օրենք, ընդունվել էր  Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 22-ին, իսկ այնուհետև վավերացվել Սենատում հունվարի 23-ին։
Մի խումբ ֆրանսիացի սենատորներ բողոքարկել էին այն Սահմանադրական խորհրդում, որն էլ հակասահմանադրական էր ճանաչել։



Ապաստանի տրամադրման վերաբերյալ միջնորդությունների թիվը զարգացած երկրներում 2011 թ. կտրուկ աճել է։ Նման տվյալներ են հրապարակվել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից։ Ինչպես հաղորդում է «lesnouvelles»NEWS.fr»-ը, Եվրամիության երկրներում ապաստանի հայցման 327 հազար միջնորդություն է եղել, տարվա ընթացքում ցուցանիշն աճել է 19%-ով։
ԱՄՆ-ից հետո ապաստան փնտրողների հայցերի թվով Ֆրանսիան երկրորդն է։  2011 թ-ին Ֆրանսիան ստացել է ապաստանի տրամադրման 51 900  նոր դիմում. այս թիվն աճում է չորրորդ տարին անընդմեջ։
Ֆրանսիայում ամենաշատն ապաստան են փնտրում Ռուսաստանի քաղաքացիները (4000՝ 2011 թ-ին)։ Այնուհետև հաջորդում են Կոնգոյի (3800 դիմում) և Հայաստանի (3600 դիմում. այս թիվը կրկնակի աճել է տարվա ընթացքում) քաղաքացիները։ 



Իսրայելը իրավունք է ստացել օգտվել Ադրբեջանի ավիաբազաներից, որտեղ կարող են վայրէջք կատարել իսրայելական օդանավեր՝ Իրանին հարվածելուց հետո։ Այս մասին նշվում է Foreign Policy ամսագրում, հաղորդում է Eurasianet.org-ը։
«Չորս բարձրաստիճան պաշտոնյաների և հատուկ ծառայությունների դիվանագետների խոսքով, ԱՄՆ-ը եկել է եզրակացության, որ Իսրայելը վերջերս իրավունք է ստացել օգտվել Իրանի հյուսիսային սահմանների մոտ գտնվող ավիաբազաներից։ Նման քայլի կոնկրետ նպատակը դեռ պարզ չէ։ «Իսրայելցիները գնել են ավիաբազան և այդ ավիաբազան կոչվում է Ադրբեջան»,- փետրվարի սկզբին ինձ հայտնել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։
Մի քանի շաբաթ առաջ, երբ հայտարարվեց Ադրբեջանի կողմից Իսրայելից 1,6 մլրդ դոլարի զենք գնելու մասին, ես տվյալ բլոգում կասկած հայտնեցի, որ Ադրբեջանը ցանկանում է ներգրավվել Իրան-Իսրայել հնարավոր հակամարտության մեջ, քանի որ ռիսկը Բաքվի համար չափից դուրս մեծ կլիներ, իսկ հնարավոր օգուտը՝ անորոշ։ Բացառություն կարող էր լինել միայն այն դեպքը, եթե Ադրբեջանին հաջողվեր ամեն բան այնքան գաղտնի պահել, որ Իրանը պատճառ չունենա Ադրբեջանի վրա հարձակվելու համար։
Foreign Policy-ի հոդվածի համաձայն, Իսրայելի կողմից Ադրբեջանի ավիաբազաների օգտագործման ամենահավանական տարբերակն այն է, որ այնտեղ վայէջք կատարեն իսրայելական օդանավերը՝ Իրանին հարվածելուց հետո։ Նմանատիպ ավիաբազաներ մուտք գործելը շատ կարևոր է Իսրայելի համար, քանի որ դա իսրայելական կործանիչ-ռմբակոծիչներ F-15I-ին և F-16I -ին թույլ կտա իրանական միջուկային օբյեկտների վրա գրոհելիս կես ճանապարհին չվերալիցքավորվել, այլ պարզապես ևս մի փոքր հյուսիս թռչել և վայրէջք կատարել Ադրբեջանում։
Ես վստահ չեմ, որ Ադրբեջանին կհաջողվի նման բանը գաղտնի պահել, որպեսզի կարողանա խուսափել Իրանի կողմից պատասխան հարվածից։ Իրանն, իհարկե, կտեսնի, թե ուր կթռչեն իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածելուց հետո։
Ադրբեջանի պաշտպանության նախարարն այս ամսվա սկզբում  Թեհրան է այցելել և վստահեցրել, որ Ադրբեջանը որպես  Իրանի դեմ հարձակումների հրապարակ չի օգտագործվի։
NEWS.am



Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը մոտ ապագայում կընդլայնվի։ Այդ մասին հայտնել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում՝ խոսելով օրերս Միացյալ Նահանգներ կատարած այցի արդյունքների մասին։
«Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունն այսօր նորմալ հունով է զարգանում, կարելի է նույնիսկ ասել, որ այն կատարելագործման փուլում է, տարեցտարի ընդլայնվում է, հատկապես բարեփոխումների իրականացման, բոլոր հարցերում փորձագիտական աջակցության առումով, և այդ իմաստով ես երախտիքի խոսքեր եմ հայտնել։ Մենք կընդլայնենք համագործակցությունը առկա ծրագրերի շրջանակներում»,-ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 21-22-ին ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում գտնվել է Նյու Յորքում։

Այցի շրջանակներում Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ տիկին Անգելա Քեյնի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են հակաահաբեկչության ռազմավարության, սովորական զինատեսակների, այդ թվում՝ Զենքի առևտրի պայմանագրի, ռազմական ծախսերի և բյուջեի, փոքր զենքի և թեթև սպառազինության անօրինական վաճառքի կանխարգելման և վերացման, ինչպես նա և տարածաշրջանային զինաթափման հարցերի առնչությամբ Հայաստանի մոտեցումները։ Երկուստեք կարևորվել են Հայաստանի կողմից ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի ներքո ազգային զեկույցների պարբերաբար ներկայացման և զինաթափման հարցերով համաժողովներին հայկական կողմի ակտիվ մասնակցության հարցերը։
Նյու Յորք կատարած այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Որոնում

Օրացույց

«  Մարտ 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ