Գլխավոր » Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...
Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...
23:04
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ճանապարհը խաղաղ ճանապարհն է,- գտնում է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը՝ ընդգծելով, որ այդ մասին բազմիցս հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
«Մենք դատապարտում ենք հրադադարի ռեժիմի խախտումները: Մենք նաև դատապարտում ենք որոշ առաջնորդների հռետորաբանությունը: Ինչպես նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների հայտարարություններում, անհրաժեշտ է պահպանել հրադադարի ռեժիմը, ռազմական հռետորաբանությունն անթույլատրելի է, անհրաժեշտ է վերահսկողություն զենքի ձեռքբերման առումով և անհրաժեշըտ է փնտրել հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհներ»,-հայտարարել է ամերիկացի դիվանագետը:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա սկզբից Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 4600 անգամ՝ գերազանցելով նախկին «ռեկորդները»: Ապրիլի վերջին օրերին շփման գծում որոշ աղաղակող փաստեր էին արձանագրվել. ադրբեջանական ԶՈՒ-ն ԼՂՀ-ի ուղղությամբ գնդակոծել էր սանիտարական մեքենան, իսկ Հայաստանի հետ շփման գծում գնդակոծվել էր Դովեղ գյուղի մանկապարտեզը:



Հայաստանում ոչ մի այլ քաղաքական ուժ չի պաշտպանում ազգային շահերն այնպես հետևողականորեն, ինչպես ՀՅԴ-ն: Մայիսի 2-ին Ազատության հրապարակում ՀՅԴ ամփոփիչ հանրահավաքում հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով, ՀՅԴ-ն հետևողականորեն հանդես է եկել ազգային արժեքների և նրանց պաշտպանության օգտին, որովհետև հավատում է իր ճշմարտացիությանը:
«Ուստի Դաշնակցությանը պետք չէ գնալ փոխզիջումների. լինի Թուրքիան, թե՝ Ադրբեջանը: Մենք ասում ենք. «Ղարաբաղը հանրապետություն է, ոչ թե՝ ինքնավար մարզ»: Մենք ասում ենք. «Չենք վերադարձնի ազատագրված տարածքները, քանի դեռ չեն վերադարձրել մեր օրինական հողերը»: Մենք ասում ենք. «Մի՛ մոռացեք, որ Նախիջևանը Հայաստանի պատմական մասն է» և մենք ասում ենք. «Մենք պարտավոր ենք և կպայքարենք Ջավախքի հայերի իրավունքների համար, նրանց մշակույթի և լեզվի իրավունքի իրացման համար»: Էլ ո՞վ է բացի ՀՅԴ-ից ասում դա: Ոչ ոք: Այ այստեղ էլ երևում է, թե ով է ազգային, ով՝ ոչ»,- ասել է Ռուստամյանը, Ազատության հրապարակից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Քաղաքական գործչի խոսքով, որպեսզի Հայաստանն իսկապես ազատ ու ժողովրդավարական լինի, պետք է ոչ միայն փոխել այս իշխանություններին, այլև ձևավորել պետական իշխանության ինստիտուտը, նախագահական կառավարման ձևից անցում կատարել դեպի խորհրդարանական: «Մենք չենք ուզում նմանվել հեքիաթի վիշապին սպանող հերոսին, ով հետո ինքն է հրեշ դառնում: Թող նախագահական աթոռն այդպիսի գայթակղություն չստեղծի, որն ի հայտ է գալիս, երբ մեկ մարդն այդքան մեծ լիազորություններ է ստանում: Հենց այդ պատճռով հանրապետությունը պետք է լինի խորհրդարանական, իսկ ընդդիմությանը պետք է իշխանության վերահսկման գործուն մեխանիզմներ տալ: Եթե այլ քաղաքական ուժեր խոսում են ժողովրդավարությունից, ինչու նրանք դա չեն անում»,- իր խոսքն է ամփոփել Ռուստամյանը:



Եվրախորհրդարանի՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ վերջին բանաձևերից պարզ է, որ Եվրամիությունը կանգնել է վերջինիս կողմը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության ԱՊՀ և Ռուսաստանի հետազոտական ծրագրերի տնօրեն Ալեքսանդր Ռարը: Նրա խոսքով՝ միակ պատճառը, որ ԵՄ-ն ղարաբաղյան հակամարտության գոտուց հայկական զորքերի դուրս բերում չպահանջեց, այն էր, որ ԵՄ-ն ձգտում է հարցի խաղաղ կարգավորման հակամարտության մասնակից կողմերի միջև:
Հարցին, թե ինչու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համապատասխան գնահատական չտվեցին սահմանամերձ գոտում Ադրբեջանի գործողություններին, մասնավորպես մանկապարտեզի գնդակոծմանը, երեք հայ զինվորների սպանությանը, փորձագետն ասաց. «Խնդիրն այն է, որ ղարաբաղյան հակամարտությունը մասնավորապես, և ընդահուր առմամբ այն, ինչ կատարվում է Հարավային Կովկասում, Եվրոպայում այսօր առանձնապես չի քննարկվում: Հիմնական իրադարձությունները ծավալվում են կողքին՝ գոյություն ունի Իրանի հետ պատերազմի վտանգ: Բացի այդ, այսօր ամերիկյան ազդեցությունը Հարավային Կովկասում բավականին ուժեղ է: Ուստի ԵՄ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով բավարարվեց դժգույն հայտարարությամբ, որով մտահոգություն հայտնեց ստեղծված իրավիճակի առնչությամբ»,- նկատեց Ռարը:



Ադրբեջանական կողմը տարեցտարի ավելացնում է հրադադարի ռեժիմի խախտումների թիվը: Այդ մասին Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցիչ գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովին և Իրժի Աբերլեին՝ նախօրեին կայացած ԵԱՀԿ-ի դիտարկման ընթացքում:
Ընթացիկ տարվա սկզբից մինչև ապրիլի 30-ը ադրբեջանական ԶՈՒ-ն հրադադարը խախտել է շուրջ 4600 անգամ: Հակառակորդի սադրիչ գործողություններին հայկական կողմը պարբերաբար ստիպված է լինում պատասխանել: «Մեր կողմից հրաձգությունը ճնշելու համար շուրջ 450 անգամ պատասխան կրակ է բացվել՝ ուղիղ տասն անգամ ավելի քիչ: Թվերն ամեն ինչ ասում են»,- նշել է Անդրանիկ Մկրտումյանը:
Հակառակորդի կողմից հրադադարը խախտելու արդյունքում ընթացիկ տարվա սկզբից զոհվել են 5, վիրավորվել՝ 7 հայ զինծառայողներ: ընդ որում՝ միայն ապրիլ ամսին՝ 4 հոգի վիրավորվել, 3-ը զոհվել են: «Բոլոր սպանվածները Տավուշի ուղղությամբ են եղել»,- նշել է գլխավոր շտաբի ներկայացուցիչը:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, օրերս ադրբեջանական կողմը մի շարք սադրիչ գործողություններ է ձեռնարկել. Ղարաբաղյան ուղղությամբ ապրիլի 24-ին հրաձգության էր ենթարկվել սանիտարական մեքենան, ապրիլի 25-ին կրակել էին Դովեղ գյուղի ուղղությամբ, ընդ որում՝ 40 րոպե շարունակ՝ որպես թիրախ ընտրելով մանկապարտեզը, ապրիլի 26-ին Հայաստան ներխուժած ադրբեջանցի դիվերսանտները հրաձգության էին ենթարկել ռազմական մեքենան՝ սպանելով երեք զինծառայողների:
2011թ. Ադրբեջանը հրադադարը խախտել է ավելի քան 12 600 անգամ, 2010թ.՝ 7200, 2009թ.՝ 4600 անգամ: 2008թ. արձանագրվել էր 3500 խախտում, 2007թ.՝ շուրջ 1400: 2006թ. ադրբեջանական կողմը հրադադարը խախտել էր շուրջ 600 անգամ:



«Հայ դատի» վաշինգթոնյան գրասենյակի մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է ԱՄՆ-ի հայերի՝ Ալիևի այցի օրերին բողոքի ակցիա կազմակերպելու մտադրությունը: «Անկասկած, ԱՄՆ-ի հայկական համայնքը պատրաստ է Ալիևին «դիմավորել» և քննարկել Հայաստանի և Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սադրանքների հարցը: Այդ այցն առիթ է մեզ համար զրուցելու լրատվամիջոցների և մեր քաղաքական առաջնորդների հետ»,- նշել է Չուլջյանը: «Ի վերջո, ԱՄՆ-ի ղեկավարությունը և Կոնգրեսը պետք է հստակ զգուշացնեն Ադրբեջանին այն մասին, որ Հայաստանի և Ղարաբաղի նկատմամբ հարձակողական քաղաքականությունը պարզապես անընդունելի է»,- ընդգծել է նա:
Իլհամ Ալիևը Նյու Յորք կայցելի մայիսին: Այցը կապված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի նախագահության հետ:



ԵԱՀԿ Մինսկի խմբի հրապարակային դիվանագիտական հայտարարությունները պետք է «լղոզված» լինեն, բայց Ադրբեջանի հետ իրական խոսակցությունը տարվում է կուլիսների ետևում: Այս մասին ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ մեկնաբանելով Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպտորեն խախտման վերաբերյալ:
«Դիվանագիտական հայտարարությունը մի բան է, լուրջ «խոսկակցությունը»՝ մեկ այլ, որը համոզված եմ, որ տեղի է ունեցել,- նկատեց Մինասյանը:- Պետք է ռեալ գնահատել իրավիճակը: Նման միջադեպեր կարող են լինել այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանն ունակ է ցուցադրել իր դժգոհությունն ու անհամաձայնությունը ձևավորված իրողության հետ: Սակայն ավելի հեռուն նա չի համարձակվում գնալ, ինչը պայմանավորված է երկու գործոնով՝ հակամարտության գոտում ռազմաքաղաքական հավասարակշռության և միջազգային հանրության, մասնավորապես, ԵԱՀԿ ՄԽ-ի, դիրքորոշմամբ: Բոլորի համար ակնհայտ է, որ կա սահման, որը Բաքուն անցնել չի կարող»:
News.am

Որոնում

Օրացույց

«  Մայիս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ