Գլխավոր » Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...
Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...
18:56
Փետրվարի 12-ին Հադրութում տեղի է ունեցել Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված հանրահավաք։ Տեղի մշակույթի տան դիմացի հրապարակում հավաքված հանրության առջև ելույթ են ունեցել Արցախյան շարժման ակունքներում կանգնած մարդիկ, որոնք ընդգծել են Միացման գաղափարի արդիականությունը և այն ի կատար ածելու անհրաժեշտությունը։

Հանրահավաքի ընթացքում ելույթ են ունեցել Նախախորհրդարանի ներկայացուցիչներ Ալեք Ենիգոմշյանը, Ժիրայր Սէֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը, ինչպես նաև «Սահմանադրական Արցախ» շարժման անդամներ Վիտալի Բալասանյանը և Գրիգորի Հայրապետյանը։ Նրանք կարևորել են հայության առջև ծառացած համակարգային հիմնախնդիրների լուծման հրամայականը։

Մասնավորապես՝ Ժիրայր Սէֆիլյանը նշել է, որ արտաքին թշնամուց Արցախը ազատագրելուց 25 տարի անց առաջացել է Հայաստանը և նրա ժողովրդին կեղեքող համակարգից ազատագրելու ու նոր որակի պետություն ստեղծելու անհրաժեշտություն։ Նա հավաստիացրել է, որ ինչպես Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ժամանակ, այնպես էլ ներկայումս մեր ժողովրուրդը հասնելու է հաղթանակի։

Հանրահավաքի ընթացքում հրապարակվել է Նախախորհրդարանի և «Սահմանադրական Արցախ» շարժման հայտարարությունը։



Հայաստանի Նախախորհրդարանը և «Սահմանադրական Արցախ» շարժումը հայտարարություն են տարածել, որտեղ նշում են, որ 25 տարի առաջ սկիզբ առած արցախյան շարժումը պետք է ավարտվի Հայաստանին Արցախի դե յուրե միավորմամբ։
Հայտարարությունում մասնավորապես, ասվում է.

«25 տարի առաջ՝ 1988 թ. փետրվարի 12-ին, Հադրութում ծնունդ առավ Արցախյան շարժումը, որն օրերի ընթացքում հասավ Ստեփանակերտ, ապա Երևան ու վերածվեց հուժկու համաժողովրդական շարժման՝ որպես արդյունք արձանագրելով երկու մեծագույն ձեռքբերում։ Դրանցից մեկը Արցախի պատմական տարածքների մի զգալի մասի ազատագրումն ու փաստացի միացումն էր Հայաստանին, իսկ մյուսը՝ Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը։
Սակայն, դրա հետ մեկտեղ, ձևավորվեցին ազգային շահերի հաշվին անձնական և կլանային շահերի իրացմանը ծառայող պետական կառավարման համակարգ ու վերնախավ, որոնց գործունեության հետևանքով հայությունը հայտնվել է Արցախյան շարժման ձեռքբերումները կորցնելու վտանգի առջև։

Հայաստանի Նախախորհրդարանը և «Սահմանադրական Արցախ» շարժումը, առաջնորդվելով Արցախյան շարժման ձեռքբերումներն ամրապնդելու ու զարգացնելու հրամայականով, հայտարարում են, որ.
1. մեր ժողովրդի արյան ու պայքարի գնով ձեռք բերածն անսակարկելի է, 
2. ազատագրված տարածքները պետք է վերաբնակեցվեն և զարգացվեն,
3. Արցախյան շարժումը պետք է ավարտվի Հայաստանին Արցախի դե յուրե միավորմամբ,
4. Արցախի հարցի վերջնական ու հայանպաստ լուծումը հնարավոր է միայն համահայկական համատեքստում՝ Հայաստանում (ներառյալ Արցախը) ազգային նպատակներ և խնդիրներ առաջադրելու ու իրականացնելու ունակ կառավարման համակարգ ունեցող պետության միջոցով,
5. 25 տարի անց, հանուն ազգային վերածննդի՝ հայությունը վերսկսում է ինքնիշխանության, քաղաքական ազատության ու սոցիալական արդարության հաստատման համար իր պայքարը»։                   
News.am

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Արցախյան շարժումը Հադրութում չի ծնունդ առել։ Եթե 88-ի փետրվարի 12-ին Հադրութում հանրահավաք է կայացել, իսկ փետրվարի 13-ին՝ Ստեփանակերտում, ամենևին չի նշանակում, որ Հադրութից «Արցախյան շարժումը օրերի ընթացքում հասավ Ստեփանակերտ»։ Մարզկենտրոնում հավաքված հազարավոր քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը գաղափար չուներ Հադրութում կայացած հանրահավաքի մասին։ Դեռևս 1987-ի վերջերից հազարավոր ստեփանակերտցիների ստորագրությամբ նամակներ են հղվել Մոսկվա։ Պետք չէ Արցախյան շարժումը խեղաթյուրել, սեփականաշնորհել։ Առանց այդ էլ այն բազմիցս խեղաթյուրվել ու խեղվել է։



Իրանը համոզմունք է հայտնում, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով,- փետրվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մուհամեդ Ռեյիսին։ Դեսպանի խոսքով, հակամարտության կարգավորման գործընթացում անհրաժեշտ է բացառել լարվածություն ստեղծելու բոլոր հնարավորությունները։ Հարցին, թե Իրանն ինչ կարող է առաջարկել այդ կապակցությամբ, եթե ընդգրկվի որպես միջնորդ, դիվանագետը նկատել է. «Իրանը լավ հարաբերություններ ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ։ Մեզ համար բոլոր հարևանները հավասար են, և բոլորի հետ էլ ձգտում ենք լավ հարաբերություններ հաստատել։ Սակայն որոշ հարևանների, այդ թվում Հայաստանի հետ մենք ռազմավարական հարաբերություններ ունենք։ Հետևաբար, ոչինչ չի կարող ազդել մեր սկզբունքային դիրքորոշման վրա այդ հարցում»,- ասել է դեսպանը։
News.am



Սույն թվականի փետրվարի 24-ին Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի ակումբի դահլիճում կմեկնարկի «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադիր համագումարը, որի օրակարգում են կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերի հաստատումը, կուսակցության մարմինների ձևավորումը։ Հիմնադիր համագումարի անցկացման վայրը պայմանավորված է կուսակցության ծրագրում գյուղին, շրջանների զարգացմանը և ապակենտրոնացմանը տրվող մեծ դերով։ Կուսակցության անդամների մեծամասնությունը շրջաններից են։
Համաձայն «Կուսակցությունների մասին» ԼՂՀ օրենքի, հիմնադիր համագումարի մասին հայտարարությունն առնվազն մեկ ամիս առաջ տարածվում է ԶԼՄ-ներով։ Համագումարի պահին կուսակցությունը պարտավոր է ունենալ առնվազն հարյուր հիմնադիր անդամ։ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը (ԱՎԿ) իր գաղափարախոսությամբ ազգային, սոցիալ-դեմոկրատական կուսակցություն է։ Կուսակցության գերնպատակը միացյալ Հայաստանի ստեղծումն է։ 
Ներկա փուլում կուսակցության նպատակներից են՝ Արցախի Հանրապետությունում հասնել իշխանության և բիզնեսի տարանջատմանը, հնարավորինս բնապահպանական ուղղվածության տնտեսության ստեղծմանը, գյուղի զարգացմանն ու գյուղական աղքատության վերացմանը, ապակենտրոնացմանը, շրջանների զարգացմանը, մրցունակ տնտեսական համակարգի կայացմանը, համայն հայությանը Արցախի կյանքում առավել մեծ ներգրավմանը, բարեկեցության մակարդակով աշխարհում առաջատար դիրքերին, կառավարման արդյունավետության բարձրացմանը։ Կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրն ամբողջապես կներկայացվեն կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ։
Կուսակցության նախաձեռնող խմբի անունից՝
Վարդան Առուստամյան (ուսուցիչ)
Հայկ Խանումյան (միջազգայնագետ)
Լեոնիդ Հայրապետյան (ուսանող)



Ադրբեջանցի գրողն իր վեպի պատճառով հարձակումների թիրախ է դարձել,- գրում է «Hurriyet Daily News» պարբերականը. «Հայտնի ադրբեջանցի վիպասան Աքրամ Այլիսլին իր վերջին «Քարե երազանքներ» գրքի հրապարակումից հետո և՛ պետության, և՛ հասարակության կողմից հարձակումների թիրախ է դարձել։ ԴՆԹ թեստ պետք է անցկացվի՝ պարզելու գրողի էթնիկ պատկանելիությունը։ Աքրամ Այլիսլին 1987 թ. հռչակվել է «Ադրբեջանի ազգային գրող», նա բազմաթիվ ազգային և միջազգային մրցանակների դափնեկիր է, սակայն Ադրբեջանի նախագահը զրկել է վերջինիս բոլոր մրցանակներից։ Գրողը կարող է նաև զրկվել քաղաքացիական իրավունքներից»։
«Hurriyet Daily News»-ը Այլիսլիի հետ էլեկտրոնային փոստով հարցազրույց է վարել։ 
«Ես երբեք նման բանի ականատես չեմ եղել։ Այս ամենը Սովետական Միության գաղափարախոսության վատթարագույն ձևերից է։ Իշխանությունները հոգևոր ահաբեկչության արշավ են իրականացնում իմ դեմ։ Նրանք անգամ հարձակում են գործել իմ ընտանիքի վրա։ Նրանք ովքեր քննարկում են իմ ազգության հարցը, պետք է իմանան, որ ես հայկական ծագում չունեմ»,- նշել է ադրբեջանցի գրողը։
Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ հարցի հետ կապված վերջինս նշել է. «Մի երկրում որտեղ արվեստագետները նման խնդիրների առջև են կանգնում, անիմաստ է խոսել մարդու իրավունքների մասին։ Նրանք փորձում են լռեցնել ընդդիմադիր տեսակետներ ունեցող մարդկանց և դրանից բավականություն են ստանում։ Իմ վեպի հիմնական նպատակն է՝ կոչ անել հայերին և թուքերին միասին ապրել։ Իմ վեպը քաղաքականության հետ կապ չունի»,- նշել է նա։
«Այլիսլիի որդուն, ով մաքսայինում պաշտոն էր զբաղեցնում, հրամայել են ազատման դիմում գրել, իսկ նրա կնոջը՝ Գալինա Ալեքսանդրովային ազատել են գրադարանի տնօրենի պաշտոնից։ Ամառանոցը, որը պետության կողմից նվիրել էին մեծանուն գրողին, նույնպես հետ են վերցրել»,- գրում է «Hurriyet Daily News»-ը։

Որոնում

Օրացույց

«  Փետրոար 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Արխիվ