Գլխավոր » Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...
Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...
15:08
Մադրիդյան սկզբունքներն ընդամենը բանակցությունների օրակարգ են, որտեղ կա և՛ ամեն ինչ, և՛ ոչինչ։ Այս մասին հայտարարել է Տարածաշրջնային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։
«Դա խաղաղության ծրագիր չէ և դրանում ներառված ցանկացած դրույթ կարող է փոխվել։ Անգամ պայմանավորվածություն չկա բանակցությունների առարկայի մասին։ Եթե անգամ այդ հարցում համաձայնություն չկա, էլ ի՞նչ խաղաղ բանակցությունների ու խաղաղ համաձայնագրերի մասին կարող է խոսք լինել»,- նշել է նա։

Փորձագետի խոսքով, մադրիդյան սկզբունքներում արտացոլված են ինչպես ինքնորոշման, այնպես էլ տարածքային ամբողջականության սկզբունքները։ «Բայց դա կարևոր չէ, քանի որ մադրիդյան սկզբունքները հանդիսանում են ընդամենը խաղաղ համաձայնության ձև։ Շատ ավելի կարևոր են իրական խաղաղ համաձայնագրերը»,- ընդգծել է Կիրակոսյանը։

Մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցելությունը Երևան, Բաքու, ապա նաև Վաշինգթոն, երբ նա այդ մայրաքաղաքներ տարավ ԼՂ կարգավորման վերաբերյալ Մեդվեդևի առաջարկները, փորձագետը նշել է, որ այդ միտումը դրական բնույթ է կրում։ «Նախ այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսություն են վարում, արդեն դրական է։ Երկրորդ, դա վկայում է Մինսկի խմբում ռուսական դիվանագիտության նախաձեռնողականության մասին։ Դա շատ կարևոր է Ռուսաստանի համար, որը համագործակցում է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ։ Մինսկի խմբում միակ կողմը, որը կարող է փոխել իր դիրքորոշումը, դա Ռուսաստանն է»,- ասել է նա։

Ռ. Կիրակոսյանը նկատել է, որ ռուսական քաղաքականությունն արդեն սկսել է փոխվել. Մոսկվան անցել է ավելի «չեզոք» դիրքորոշման, ավելի շատ է համագործակցում Արևմուտքի հետ և ամրացնում իր հարաբերություններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։
«Ռուսաստանը կարող է իրեն դա թույլ տալ, քանի որ նա ուժեղ դիրքեր ունի Հայաստանում և Հայաստանն էլ շատ քիչ լծակներ ունի դրան ընդդիմանալու և համարժեք քայլեր անելու համար»,- ամփոփել է փորձագետը։




Ադրբեջանը տեսանելի ապագայում չի համարձակվի ռազմական ավանտյուրայի դիմել, քանի որ շատ լավ հասկանում է, որ այս անգամ պարտությունը կարող է կործանարար լինել,- օգոստոսի 5-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը։ Նրա խոսքով, երբեք չպետք է բացառել Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը, բայց հիմա դրա համար լավ պահ չէ։

«Ես նախադրյալներ չեմ տեսնում պատերազմի վերսկսման համար, հաշվի առնելով մի շարք գործոններ՝ միջազգային ասպարեզում առկա իրավիճակը, ԼՂՀ պաշտպանության բանակի գործողությունները»,- ասել է նա, հավելելով, որ այդ դեպքի համար Հայաստանը մի շարք պատրաստի պատասխաններ ունի։ «Օրինակ, կա պատրաստի սցենար, որի համաձայն, Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեպքում ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը կտրուկ առաջ կտարվեն ընդհուպ մինչև Կուր գետ։ Մեր բանակի մարտունակությունը թույլ է տալիս մշակել նման սցենարներ»,- ասել է նա։

«Ես առիթ եմ ունեցել լինել Պաշտպանության բանակի մի շարք առաջապահ դիրքերում և տեղում գնահատել իրավիճակը։ Մեր առաջապահ ստորաբաժանումները ակտիվ պաշտպանության մարտավարություն են վարում, համապատասխան արձագանք տալիս հակառակորդին։ Ավելին՝ Ադրբեջանի սադրանքներին ի պատասխան պատժիչ գործողություններ են իրականացվել, որոնք իրենց արդյունքը տվել են։ Դա թուրքի հոգեբանությունն է, նրան պետք է մի փոքր տրորել, որպեսզի հանդարտվի։ Բայց տրորել պետք է պարբերաբար»,- նշել է նա։

Ջամալյանն ընդգծել է, որ հայկական կողմը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ ընդունում է մադրիդյան սկզբունքները, սակայն չի գնա ԼՂ-ին հարակից տարածքների վերադարձման քայլին։ «Պետք չի դիվանագիտությունը խառնել իրական քաղաքականության հետ։ Այսօր Արցախի ցանկացած բնակիչ գիտակցում է, որ եթե Ադրբեջանին տրվի թեկուզ մեկ միլիմետր հող, պատերազմն անխուսափելի կդառնա։ Դա հասկանում են նաև մեր իշխանությունները»,- ասել է նա ու հավելել, որ դիվանագիտությունը ճշմարտությունը թաքցնելու արվեստ է։

«Ադրբեջանում պետք է հասկանան, որ 86 հազար քառակուսի կմ-անոց տարածքը, որը հատկացվել էր Ադրբեջանի ԽՍՀ-ին, արդեն անցյալում է։ Բայց այսօր Ադրբեջանում հրաժարվում են դա ընդունել, և դա վերաբերում է ոչ միայն իշխող ալիևյան կլանին, այլ նաև ընդդիմությանը։ Նրանց հակասություններն այլ հարթության վրա են։ Այդ պատճառով դեռ շուտ է խոսել ղարաբաղյան հակամարտության որևիցե լուծման մասին»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ այդ ամենից զատ, բանակցային գործընթացը ոչ մի արդյունք չի ունենա, մինչև ղարաբաղյան կողմը չնստի բանակցությունների սեղանի շուրջ։ «ԼՂՀ-ն պետք է որոշի՝ անել զիջումներ Ադրբեջանին, թե՝ ոչ։ Մենք դա չենք կարղ անել, դա կլինի մեր կողմից ծայրահեղականության դրսևորում»,- համոզված է նա։




2010 թ. վերջից սկսած Իրաքի իշխանությունները սկսել են լրջորեն հետաքրքրվել վերանորոգման նպատակով 80-ականներին Բաքու ուղարկված ռազմական օդանավերի ճակատագրով, հաղորդում է ադրբեջական «Մուսավաթ» լրատվականը։

Աղբյուրը հայտնում է, որ ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ իրաքյան կողմը հայտնել է, որ իրենք ցանկանում են հետ վերադարձնել Սադամ Հուսեյնի կառավարման ընթացքում Սերբիա, Իտալիա, Ռուսաստան, Ուկրաինա և Չինաստան ուղարկված ռազմական օդանավերը, նավերը, զրահատանկային տեխնիկան։ Բացի այդ, հավելել են, որ օդանավերի մի մասը 1992 թ. Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնի «ջենտլմենական համաձայնությամբ» ադրբեջանական կողմը վերանորոգելուց հետո կիրառել է ղարաբաղյան պատերազմի ընթացքում, սակայն, տարածքները լքելու ժամանակ, դրանք, ամենայն հավանականությամբ, անցել են հայկական կողմի վերահսկողության տակ, հաղորդում է «Մուսավաթ»-ը։

Նշենք, որ դեռ խորհրդային շրջանից Ադրբեջանի և Իրաքի միջև համաձայնություն էր ձեռք բերվել մոդեռնիզացման և վերանորգման համար Բաքու բերվող օդանավերի վերաբերյալ։ Իրաքն այժմ պահանջում է հետ վերադարձնել 22 տարի առաջ՝ 1989 թ., ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի Նասոսնի ավանում տեղակայված Ավիացիայի վերանորագման գործարան ուղարկված օդանավերը։ ԽՍՀՄ գոյության վերջին շրջանում վերոնշյալ գործարանի վերանորոգմանն են հանձնվել Իրաքին պատկանող «ՄԻԳ-21» և «ՄԻԳ-23» մակնիշի մի շարք օդանավեր։

2010 թվականին Ուկրաինան Ադրբեջանին է վաճառել 71 զրահամեքենա, իսկ Հայաստանին՝ 16,5 հազար ինքնաձիգ։ Այս մասին հաղորդում է Eurasianet.org-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի կոնվենցիոնալ զենքի ռեգիստրի տվյալները, որտեղ անդամ երկրները պարտավոր են տեղեկություններ ներկայացնել զենք-զինամթերքի առք ու վաճառքի մասին։ Հոդվածում նշվում է, որ Ուկրաինան, հին ավանդույթի համաձայն, զենք է մատակարարում հակամարտության երկու կողմերին էլ։

Մասնավորապես, Ադրբեջան է ուղարկվել 71 զրահամեքենա՝ ԲՏՌ-70, 7 ինքնագնաց հրետանային սարք՝ 122 մմ տրամագծով, 1 ռազմական ուղղաթիռ (ՄԻ-24R), 3 հազար ավտոմատ և 1 հակատանկային հրթիռային սարքավորում։
Հայաստանին է վաճառվել հրթիռային ավիացիայի օդաչուների համար նախատեսված 2 վարժանքային օդանավ (L-39), 230 ատրճանակ, 60 հրացան ու կարաբին, 16,5 հազար ինքնաձիգ և 2,501 թեթև գնդացիր։




Հայաստանը պետք է Ղարաբաղի ադրբեջանական նախկին բնակչության նկատմամբ նույնպիսի իրավական լուծումներ կիրառի, ինչպիսիք ժամանակին Ադրբեջանը կիրառեց Նախիջևանի հայերի նկատմամբ։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Լևոն Շիրինյանը մամուլի ասուլիսում։

Նրա կարծիքով, անհրաժեշտ է կրկին բարձրացնել Նախիջևանի կարգավիճակի հարցը։ «Մոսկվայի և Կարսի պայմանագրերով, Նախիջևանը հանձնվել է Ադրբեջանին պրոտեկտորատի պայմաններով, այսինքն՝ ոչ մշտական կառավարման։ 1926 թ. Ադրբեջանի ղեկավարությունը որոշում կայացրեց, որն արգելում էր այդ տարածքների բնիկներին վերադառնալ հայրենիք։ Հայաստանը ևս կարող է նման որոշում կայացնել ադրբեջանցիների նկատմամբ, ովքեր ավելի վաղ ապրել են Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Շիրինյանը։

«Բազմամշակութայնության մոդելը չի արդարացնում իրեն Եվրամիությունում, իսկ Հարավային Կովկասում ապրող ժողովուրդները մշակույթով և կրոնով իրար հետ չեն համընկնում»,- նշել է նա։ Այդ պայմաններում առանձնացված միավորումները պետք է հռչակվեն անկախ պետություններ։ «Խոսքը Արցախի, Աբխազիայի, Հարավային Օսիայի մասին է։ Դրա մեջ անսովոր ոչինչ չկա, քանի որ ցանկացած առանձնացված միավորում նպատակ ունի ի վերջո հասնելու անկախության»,- նկատել է Շիրինյանը։




Ազգային պետության և ազգային ինքնագիտակցության ձևավորման գործընթացն Ադրբեջանում իրականացվել է հայերին ոչնչացնելու ճանապարհով. ըստ «Երկրամասի»՝ Ղրիմի լրագրողների հետ անցկացված դասընթացների ժամանակ հայտարարել է տնտեսագետ, քաղաքագետ, լրագրող Միխայիլ Լեոնտևը։

«Էթնիկ պետությունը վտանգավոր բան է։ Այդ հիմնախնդրի հետ նույն կերպ բախվում են Գերմանիան, Իտալիան, Ուկրաինան, սկզբունքորեն ցանկացած ժամանակակից երկիր։ Տառապում են, չեն կարողանում հաղթահարել։ Հիշենք, թե ինչպես էր տեղի ունենում ազգային ինքնագիտակցության գործընթացը ոչ թե եվրոպացիների, այլ ավելի քիչ քաղաքակիրթ ժողովուրդների մոտ։ Օրինակ՝ Ադրբեջանում՝ հայերի ոչնչացման ճանապարհով։ Դա շատ տիպիկ եղանակ է»,- ասել է նա։
NEWS.am


Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ