Գլխավոր » ՀԱՅԵՐԵՆԸ ՄԱՏԱՂԱՑՈՒ ՉԷ
ՀԱՅԵՐԵՆԸ ՄԱՏԱՂԱՑՈՒ ՉԷ
17:12

Գնացեք Եռաբլուր: Այնտեղ մեր միջի լավագույններն են թաղված: Գուցե նրանցից շատերը մեզանից քիչ գիտեին, գուցե նրանց ռուսերենը կաղում էր, անգլերեն էլ չգիտեին: Սակայն հայ էին: Հայ էին, որովհետև հայերեն էին մտածում: Լեզուն առաջին հերթին մտածողություն է, հետո միայն խոսք: Եռաբլուրի տապանաքարերից վերցրեք պատահական հարյուր անուն և ապա ստուգեք, թե քանիսը հայկական կրթություն ունեին, քանիսը՝ օտար: Թվերը չեն խաբում:

Ամաչում եմ, որ նման տարրական բաներ պիտի գրեմ: Կարդացեք Լյուդվիգ Վիտգենշտեյնի լեզվի փիլիսոփայությանը նվիրված աշխատությունները, և ամեն ինչ պարզ կլինի: Մի՞թե առանց Վիտգենշտեյնի էլ հասկանալի չէ, որ հայերեն հաց և ռուսերեն хлеб բառերը նույն նշանակությունն ունեն, սակայն էապես տարբեր ընդգրկումներ: Մի՞թե պարզ չէ, որ Պուշկինի հեքիաթներով մեծացած հայ մանուկը և Թումանյանի հեքիաթներով մեծացած մարդը տարբեր հայեր են: Կեղծ են այն պնդումները, որ իբր միայն օտար լեզվով է կարելի բարձրորակ կրթություն ստանալ: Սովորողը սովորում է, չսովորողը պատճառ է ման գալիս իր անկրթությունը հիմնավորելու համար: Եթե գիտելիքը վտարված է, օրինակ, խորհրդարանից, աշակերտն ինչո՞ւ պիտի ընդհանրապես սովորի: Ճիշտ ասած, զարմանում եմ, որ դեռ այսքան էլ սովորում են: Ապահովեք գիտելիքի արդար մրցակցություն աշխատանքի շուկայում, և ամեն հայ առնվազն երեք օտար լեզու կիմանա:

Պետք չէ կրթական համակարգի թերությունները և նրա ղեկավարի ապիկարությունը կոծկել Հայկական աշխարհում (սույն արտահայտության հեղինակային իրավունքը վարչապետինն է) հայերենին տնվորի կարգավիճակ տալով: Իհարկե օտար և խուճուճ բառերով միշտ էլ ավելի դյուրին է սեփական տգիտությունը շղարշել: Ես հայկական կրթություն ունեմ, սակայն աշխատանքս սկսել եմ մի օտար լեզվից մեկ այլ օտար լեզու թարգմանություններ անելով: Դա իմ կյանքի այդ հատվածի պահանջն էր:

Հայաստանն առաջին հերթին հայերենն է: Առանց հայերենի չկա Հայաստան: Պետք չէ ուրանալ սեփական Հայրենիքը, պարզապես պետք է բոլոր դպրոցներում բարելավել օտար լեզուների դասավանդումը: Հասկանում եմ, որ դա անելն ավելի դժվար է, քան հայերենը մատաղացու դարձնելը:

 

ԱՐԱ ՊԱՊՅԱՆ
ՀՀ քաղաքացի*
13 մայիսի 2010 թ.

----------------------------------

* Հեղինակը նշանավոր քաղաքագետ է,

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավարը


Որոնում

Օրացույց

«  Մայիս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ