Գլխավոր » Հին ու նոր պատմություն կամ` երբ գիժը քար գլորեց ձորը
Հին ու նոր պատմություն կամ` երբ գիժը քար գլորեց ձորը
13:50

Մի հիմար, ավելի ճիշտ՝ ապուշի մեկը, քար գլորեց ձորը։ Մինչ ազգի խելոքները հավաքված, մտածում էին, թե ձորից ոնց հանեն սրա գլորած քարը, այս խելառը երկրորդ քարը գլորեց։ Նախորդից մեծ քար։

Ազգի խելոքները նորից սկսեցին գլուխ ջարդել, բայց արդեն ոչ թե մեկ, այլ երկու քարերը հանելու համար։ Ու մինչ ազգի իմաստունները նորից հավաքված, ծանր ու մեծ մտածում են, սա երրորդ քարը գլորեց՝ նախորդներից ավելի խոշոր մի քար։

Ազգի խելոքները խուճապի մեջ են. ո՞նց հանեն այդ անիծյալ քարերը։

- Ուրիշ ելք չկա,- ասաց իմաստուններից մեկը,- եկեք հանրահավաք անենք, հետո կերևա…

- Ի՞նչ հանրահավաք,- խոսեց երկրորդ իմաստունը, – մի քանի անգամ արդեն արել ենք, բայց որևէ օգուտ չենք ստացել դրանից։ Առաջարկում եմ հացադուլ անենք։

- Ոչ մի հանրահավաք, ոչ մի հացադուլ,- ասաց երրորդը։- Միակ ճանապարհը, միակ ելքը նամակ գրելն է։ Դուք այստեղ որքան ուզում եք՝ մտածեք, ես գնացի։ Գնում եմ նամակ գրեմ։

- Հռոմի պապի՞ն,- հարցրեց մեկը։

- ՄԱԿ-ի՞ն,- հարցրեց երկրորդը։

- Ոչ մեկին, ոչ մյուսին, Թագավորին,- ձեռքն հանդիսավոր ինչ-որ ուղղությամբ պարզելով, ասաց նամակագիրը, մյուսներից առանձնացավ, մի սալաքարի վրա նստեց ու հանեց նոթատետրը։

Իմաստուններից մեկը ձեռքը վեր պարզեց, բոլորը լռեցին։

- Մի՛ աղմկեք, տիկնայք ու պարոնայք,- ասաց նա, չնայած հավաքվածների մեջ միայն տղամարդիկ էին։- Մեր այս աղմուկով ջուր ենք լցնում թշնամու ջրաղացին։ Հետևեք ինձ։ Ես գիտեմ ինչ պիտի անենք։

 - Նախ ասա՝ ո՞ւր ես ուզում մեզ տանել, և ի՞նչ պիտի անենք,- հարցրին իմաստունները։

- Եկեք միասին գնանք աղոթենք…

Հավաքվածները սկսեցին դժգոհ աղմկել։ Արդեն իրար ձայն չէին լսում։ Կոպտում ու հայհոյում էին իրար, և չնկատեցին, թե որտեղից ու ինչպես իրենց առջև հայտնվեց բոլոր ժամանակների մեծագույն աշխարհակալը՝ Ալեքսանդր Մակեդոնացին։

Նա դանդաղ իր շորերից թափ տվեց հազարամյակների փոշին, հայացքով չափեց բոլորին ու հարցրեց.

- Տիարք, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք հավաքվել այս ձորի գլխին, ինչո՞ւ եք աղմկում։

- Մի հիմար, թանձրագույն ապուշի մեկը քարեր է գլորել ձորը, մտածում ենք, թե ինչպես հանենք,- միաձայն պատասխանեցին իմաստունները։

- Ահա թե ինչ,- Աշխարհակալը մի րոպե լռեց ու հարցրեց։- Տեսե՞լ եք, թե ես ինչպես եմ լուծել գորդյան հանգույցը։

- Չենք տեսել, բայց այդ մասին կարդացել ենք,- կրկին միաձայն պատասխանեցին իմաստունները։

- Այդ դեպքում ինչո՞ւ եք գլուխ ջարդում։ Ամեն ինչ չափազանց պարզ ու հասարակ է։ Պետք չի քարերը հանել։ Բռնեք այդ հիմարին՝ քարերը գլորողին, ձեռ ու ոտերը կապեք և այստեղից՝ ձորի գլխից ուղարկեք իր գլորած քարերի հետևից։

*   *   *
Այստեղ պատմությունն ավարտվում է։ Բայց մի խումբ ականատեսներ ասում են, որ պատմությունը շարունակություն ունի։ Լսենք նրանց պատմածը.

Մինչ Մեծ զորավարը շրջվել, ուզում էր հեռանալ, իմաստուններից մեկը նրա հետևից ձայնել է.

- Աշխարհակալ, բայց նրան ո՞նց բռնենք։

Մեծն Մակեդոնացին դանդաղ շրջվել, արհամարհանքով ոտից գլուխ չափել է իմաստուններին ու ասել.

- Եթե դուք այդ օրին եք արդեն, ձեզ համար մի պահեստային տարբերակ կա,- նա կրկին արհամարհանքով չափել է բոլորին ու մատնացույց արել անդնդախոր ձորը։ – Ինքներդ մեկնեք քարերի հետևից…

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Աղբյուրը՝ Անալիտիկոն


Որոնում

Օրացույց

«  Մայիս 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ