Գլխավոր » Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է. Արիության դաս «Մեր գալիքի գլխավոր երախտավորը» թեմայով
Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է. Արիության դաս «Մեր գալիքի գլխավոր երախտավորը» թեմայով
15:56

Ոչ հեռավոր՝ 1990-ական թվականների սկզբին, երբ ազերի թուրքերը չբավարարվելով Սումգայիթում, Գանձակում, Բաքվում և այլուր հայկական ջարդեր և բռնագաղթ կազմակերպելով, հարյուրավոր արկեր էին արձակում Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի սահմանների ուղղությամբ, ավերում հայաբնակ քաղաքներ ու գյուղեր, ոչնչացնում հարազատ հողի վրա բնակվող հազարավոր անմեղ հայ մարդկանց, կազմավորվեց և ստեղծվեց Հայոց ազգային բանակը։

Ահա ինչու Հայկ Նահապետի հայրենասիրական քաջագործություններից մինչև Սարդարապատ և Արցախյան հերոսական մարտերը համաշխարհային հանրությանը միշտ զարմացրել է հայ զինվորի կռվելու և հաղթելու գաղափարը, և ազգին անմնացորդ նվիրումը, որը դարձել է ամեն հայի պարծանքն ու հպարտությունը:

22-ամյա կենսագրություն ունեցող մեր բանակը պատահական չէ, որ այսօր դարձել է մեր ազգային ինքնության խթան և անհատի կայացման մի դարբնոց, ուր պատանիները դառնում են իսկական տղամարդ:

Թե մեր դաշնակիցները, թե թշնամիները չեն կարող չխոստովանել, որ Հայաստանի զինված ուժերը ամենամարտունակն են ամբողջ տարածաշրջանում: Ընդ որում, մարտունակ բոլոր առումներով. մենք ունենք ցամաքային, ռազմաօդային, հակաօդային պաշտպանություն և այլ կարգի ստորաբաժանումներ, որոնք, անհրաժեշտության դեպքում, պատրաստ են արժանի հակահարված հասցնել նախահարձակ լինող ցանկացած թշնամու: Գաղտնիքը ոչ միայն զենքի ուժի մեջ է. մեր զինվորն օժտված է ոգու անխորտակ հզորությամբ:

Մենք` հայերս, երկար ենք երազել պետություն ու այն պաշտպանող բանակ ունենալու մասին: Այսօր այն արդեն իրականություն է: 1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» արդեն պատմական դարձած որոշումը` դրանով իսկ ազդարարելով հայոց բանակի կազմավորումը: Այսօր արդեն այն մեր անվտանգության ու խաղաղության երաշխիքն է:
Արդեն ավանդույթ են դարձել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերի հրամանատարության ու սպայական անձնակազմի հանդիպումներն ուսումնական հաստատություններում:

Հանդիպումների նպատակն բանակաշինության այս փուլի ու Հայաստանի Զինված ուժերի վերաբերյալ աշակերտների և ուսանողության հետ անկեղծ երկխոսությունն է, ինչպես նաև զինված ուժերում ղեկավարած ոլորտների աշխատանքի հետ ծանոթացնելը:

Այս առիթով սույն թվականի հունվարի 20-24-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերից մեկի սպաներից ավագ լեյտենանտ Գարիկ Ավետիսյանը «Մեր գալիքի երախտավորը» թեմայով արիության դաս անցկացրեց Երևանի մի քանի հանրակրթական ու ավագ դպրոցներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության եարցերի նախարարության Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում:

Դասը սկսվեց հայ ռազմարվեստի պատմության ու մեր երկրի անցած պատմական փուլերի վերաբերյալ հարց-պատասխան զրույցով:
Այնուհետև աշակերտները ծանոթացան Արցախյան գոյամարտի ու հայկական նորաստեղծ բանակի անցած ուղու հետ։ Բանախոսն ընթացքում մեջբերումներ էր անում մեր մեծ զորավարների խոսքերից ու հուշերից, որ գրել են պատերազմ գնալուց առաջ կամ մարտի դաշտում, իսկ վերջում աշակերտները «Ինչպես եմ տեսնում ինձ հայրենիքի պաշտպանի կարգավիճակում» թեմայով շարադրություններ ներկայացրեցին:

 Այսպիսով`Հայոց բանակը հունվարի 28-ին բոլորեց 22-ամյակը:
Դժվարին է եղել ազգային բանակի ծնունդը: Հանուն մեր երկրի անկախության, հանուն ազատ և ինքնիշխան Արցախի իրենց կյանքը զոհաբերեցին շատ հայորդիներ:

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հունվար 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ