Գլխավոր » ԻՆՉՈ՞Ւ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԸ ՉԻ ՃԵՂՔՎՈՒՄ
ԻՆՉՈ՞Ւ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԸ ՉԻ ՃԵՂՔՎՈՒՄ
14:50
Արդարության և անարդարության հակամարտությունը գալիս է դարերի խորքից և, այնուամենայնիվ, հնարավոր չէ որոշել, թե դրանցից որն է հզորը։ Սակայն մարդ արարածը հակված է հավատալ արդարության հաղթանակին։

Ներկա ժամանակներում բազմաթիվ հաղորդումներ են հրապարակվում, թե ինչպես են նախկինում, հատկապես Խորհրդային Միության տարիներին բազմաթիվ անմեղ մարդկանց անհիմն մեղադրել, աքսորել կամ գնդակահարել՝ իշխող վարչակարգի առաջին դեմքի պաշտոնը հավերժացնելու համար։ ԽՍՀՄ պատմության ստալինյան շրջանը լի է նման բազմաթիվ քստմնելի դեպքերով։

Այսօր կատարված անարդարությունների վարագույրը բարձրացնելով, երևան է հանվում պատմական արդարությունը, որպեսզի նման սև արարքներն այլևս չկրկնվեն։ Զարմանալին այն է, որ բոլոր այդ բռնությունները սրբագրվել են ԽՍՀՄ ժողովրդական դատարանի վճիռներով։ Նշած բացահայտումներին զուգահեռ, այսօր շատ են խոսում հատկապես ժողովրդական դատարանների անկախ լինելու հանգամանքի մասին։ Այդ անկախությունը նշանակում է առաջին հերթին այն, որ դատարանը մեր ժամանակներում դադարել է պատվիրատուի գործիք կատարողի ֆունկցիայից՝ հենվելով միայն բացարձակ ճշմարտությունը պաշտպանելու վրա։

Այս դատողությունները նրա համար եմ կատարում, որպեսզի ինձ հետ կատարված բռնադատը չվերածվի արխիվային հետազոտության նյութի՝ որևէ պատմաբանի կողմից, երբ այլևս ես չեմ լինի։ Խոսքս վերաբերվում է 1981 թ. Ստեփանակերտի քաղաքային դատարանի Ադր. ԽՍՀ քրեական օրենսգրքով ինձ 8 տարով ազատազրկելուն և Չուվաշական Հանրապետության ուժեղացված գաղութներից մեկը աքսորելուն, որտեղ ես անցկացրել եմ 7 տարի, և միայն «վերակառուցումից» հետո վերադարձա ու կրկին աշխատանքի անցա Արցախի պետհամալսարանում՝ աշխատելով որպես «Համալսարան» թերթի խմբագիր, գիտքարտուղար, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ ու դասախոս։

Բազմաթիվ փաստեր կան այն մասին, որ ինձ դատապարտել են Ղարաբաղյան շարժման ակունքներում ծավալած հակաադրբեջանական և հակասովետական հայացքների պրոպագանդման համար։ Մասնակցել եմ 1960-ական թվականներին Ղարաբաղը Հայաստանին միացնելու ստորագրահավաքի կազմակերպմանը՝ Չափար և Գետավան գյուղերում (այդ մասին կա փաստաթուղթ)։

Անվանի գրող Սերո Խանզադյանի հորդորով Երևանից երբ տեղափոխվեցի Ստեփանակերտ՝ նախկին մանկավարժական ինստիտուտում աշխատելու, չէի կարող հաշտվել Ադրբեջանի կողմից կատարվող այն քաղաքականության հետ, որով տնտեսական թալան էր կատարվում Ղարաբաղից, մյուս կողմից՝ մարզը և հատկապես Ստեփանակերտը լցվում էին ադրբեջանցիներով։ Նրանք անմիջապես ստանում էին բնակարաններ, պաշտոններ և տեղավորվում էին ինստիտուտում, հատկապես այդ նպատակով բացված ադրբեջանական բաժնում։

ՊԱԿ-ի միջոցով ինձ վրա մեղադրանքներ բարդեցին, որ ես ուսանողներից կաշառք եմ վերցրել՝ նրանց գնահատական նշանակելու համար։ Հայտնի դարձավ, որ ՊԱԿ-ի այն ժամանակվա նախագահ Դուբրովինը Վանիկ Մկրտչյանի միջոցով մի քանի ուսանողների կանչել է անվտանգության կոմիտե ու ծեծի և սպառնալիքի միջոցով հարկադրել ստորագրել կեղծ ցուցմունքների տակ։ Այդ ցուցմունքների վրա հենվելով՝ Ստեփանակերտի ժողդատարանը (դատավոր Ռ. Սարգսյան) վճիռ կայացրեց ինձ ազատազրկել 8 տարով՝ առանց աքսորի։ Սակայն ՊԱԿ-ի նախագահ Դուբրովինը, խախտելով դատարանի վճիռը, հատուկ «նարյադ» պահանջեց և ինձ աքսորեց Չուվաշիա...

Իմ անարդարացի դատապարտելու փաստի մասին խոսում է նաև այն հանգամանքը, որ 1981 թ. մարտի 28-ին, երբ ինձ դատից հետո ուղարկեցին Շուշիի բանտ, մարզի դատախազ Սամվելովը հայտարարեց. «Գնա Շուշի և այնտեղ բանտում պոեմդ շարունակիր»։ Նշեմ, որ նշված պոեմը ՊԱԿ-ը բնակարանս խուզարկելու ժամանակ բռնագրավել էր...

Այս և բազմաթիվ այլ փաստեր ինձ հարկադրեցին, որ ես պահանջեմ ինձ տալ արդարացում և բռնադատվածի կարգավիճակ։ Այդ նպատակով բազմաթիվ անգամ դիմել եմ հանրապետության նախկին ղեկավարությանը, իրավապահ մարնիններին, բայց, ինչպես ասում են, արդարության պատը չի ճեղքվել։ Իրավապահ մարմինները հավատարիմ մնալով նախկին Ադրբեջանի քրեական օրենսգրքի տառին՝ խուսափեցին իմ նկատմամբ կայացնել արդարացի վճիռ։ Իմ հարցի մասին մտահոգվել են նաև իմ նախկին ուսանողները, որոնք այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում, և բարձրացրին նաև իրենց բողոքի ձայնը (այդ մասին կան նրանց բացատրությունները) ։

Հարցին լուծում տալու կապակցությամբ բացատրություններ տվեցին նաև ՊԱԿ-ի նախկին աշխատակիցներ՝ հանձին Հենրիկ Մովսիսյանի, որը բացատրում է, թե ինչպես նախկին ՊԱԿ-ը իրեն գործուղել է Երևան, որպեսզի կանխի իմ Ստեփանակերտ գալը՝ Արցախյան շարժման ցույցերին մասնակցելու համար։ Հենրիկ Մովսիսյանն իր բացատրության մեջ նշում է նաև, որ ՊԱԿ-ի նախկին աշխատակից Յուրի Գրիգորյանը երկու անգամ մեկնել է Չուվաշական գաղութ ու հանդիպել ինձ հետ։ Հարց է ծագում՝ այդ ո՞ր քրեական մեղադրյալի համար է այդքան երկար ճանապարհ անցնում ՊԱԿ-ի աշխատողը, եթե մեջտեղ չկա քաղաքական մոտիվ։

Ի պաշտպանություն ինձ ծավալուն հոդվածներ են հրապարակել հանրապետության անվանի լրագրողներ Վահրամ Աթանեսյանը, Գեղամ Բաղդասարյանը և ուրիշներ։
Հուսալով, որ ի վերջո արդարությունը հաղթանակ կտոնի, պետական համալսարանի ողջ կոլեկտիվը՝ ռեկտոր Ս. Դադայանի գլխավորությամբ, ս. թ. հուլիսի սկզբին դիմել է ԼՂՀ գերագույն դատարանի նախագահին՝ խնդրելով վերանայել իմ հարցը և ինձ տալ բռնադատվածի կարգավիճակ։

Արդարության հաղթանակին սպասող՝ Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ
15 օգոստոսի 2011 թ.

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ