Գլխավոր » ԻՍԿ ԼԵԶՎԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ Է ՕԴՈՒՄ
ԻՍԿ ԼԵԶՎԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ Է ՕԴՈՒՄ
16:51

Այնպիսի կարևոր ոլորտ, ինչպիսին պետական լեզվաքաղաքականությունն է, ԽՍՀՄ-ում խիստ նպատակաուղղված էր և վերահսկվում էր թե՛ կադրային, թե՛ բովանդակային առումով: ՀՀ լեզվի պետական տեսչությունը ստեղծվեց համապետական մարմնի կարգավիճակով՝ համապատասխան գործառույթներով, առանց ավանդույթի ու մասնագետների՝ ժառանգություն ստանալով լեզվամտածողությամբ պառակտված հանրություն...

Չհաշված բազմաթիվ ու բազմաբնույթ շեղումները՝ ՀՀ-ում սովորողների ճնշող մեծամասնությունը հայախոս է: Իսկ լեզվաքաղաքականությունը կախվել է օդում և իր տեղը չի գտնում: Ո՞վ է մեղավոր: Նրա՞նք, ովքեր չհասկանալով լեզվի տեսչության դերը, կառույցն ամլացրին, խցկեցին կրթության նախարարության մեջ, թե՞ նրանք, ովքեր նեղ մասնագիտական խնդիրները չտարբերելով համապետականից, թշնամի դարձան իրենց զորացնողներին...

Լեզվի տեսչության գործը ո՛չ լեզվի ուսուցումն է, ո՛չ լեզվագիտական խնդիրների լուծումը, ո՛չ էլ նույնիսկ լեզվի կանոնարկումը: Լեզվի տեսչության գործառույթներն իրավական-վերահսկողական, կառավարման-հասարակագիտական բնույթի են՝ համապետական, նույնիսկ՝ համահայկական մակարդակի: Եզրակացությունը պարզ է՝ լեզվի տեսչության պետի պաշտոնը քաղաքական պետք է լինի: Բայց մեր քաղաքական խնդիրների ցանկում լեզվաքաղաքականությունը տեղ չի զբաղեցնում: Տարօրինակն այն է, որ մեզանում քաղաքական պաշտոն ասելով հասկանում են քաղաքական ուժի տնօրինմանը հանձնվող պաշտոն՝ առանց սահմանափակումների: Քաղաքական ուժերն էլ մեկը մյուսից արտառոց որոշումներ են կայացնում...

Լեզվի տեսչությունը նման է քավարանի: Այս կառույցում ապազգայինը, կեղծարարը, անդիմագիծը, անգրագետը աշխատել չի կարող, առավել ևս՝ ղեկավարել, էլ չենք խոսում քաղաքական պատրաստվածության մասին: Ժամանակին ազգայնականները առաջարկում էին ստեղծել Լեզվի նախարարություն, իսկ հետո՝ Հայապահպանության նախարարություն, որը բոլոր հայկական ազգային խնդիրները կբարձրացներ համապետական և համազգային մակարդակի և այդ որակներով էլ կլուծեր դրանք:

Մարդկության պատմությունը սովորեցնում է, որ պետությունն ազգին դարձնում է հզոր ու ապահովում հարատևումը: Սակայն, որպեսզի պետությունը չայլակերպվի և թշնամի չդառնա սեփական ազգին, անհրաժեշտ պայման է պետության բնույթի ներդաշնակությունը պետություն ստեղծած ազգի շահերին: Այսինքն՝ հայոց պետության բնույթը հայկականությունը պետք է լինի: Պետության բնույթն էլ պայմանավորված է հոգևոր-մշակութային քաղաքականությամբ: Այդ քաղաքականությունն է որոշում՝ ազգը, իր արժեքային համակարգով, կապրի՞, թե՞ կկորչի, կանհետանա: Լեզվաքաղաքականությունը՝ պետության լեզվի անմրցակից գործառությամբ, լուծում է ազգային անվտանգության, ազգապահպանության խնդիրները, և առանց սեփական լեզվաքաղաքականության Հայոց պետությունը ազգայնորեն չի զարգանա: Լեզվաքաղաքականությունն այն միջնաբերդն է, որի հանձնելուց հետո իր հաղթարշավն է սկսում ապազգայնացումը...

Ապազգային ղեկավարների լուռ համաձայնությամբ ու հանցավոր գործունեությամբ անուղղակիորեն (արտաքին միջամտությամբ՝ նաև նպատակայնորեն) ոչնչացման է դատապարտվել Ոսկեղենիկ, Արարչածին Հայոց Լեզուն: Այսպես օտար զավթիչներն էլ են փորձել ոչնչացման դատապարտել մեր լեզուն, քանզի ԼԵԶՎԻ մահը ԱԶԳԻ մահն է: Իսկ իշխանությունների կողմից հայերենը այնքան թույլ է պաշտպանվում, որ պետության լեզուն հայտնվել է երկրորդականի կարգավիճակում՝ ռուսերենի ու անգլերենի մրցակցության պայմաններում: Երկլեզվության խորհրդային վտանգը վերածվել է «եռալեզվություն» կոչվող մի այլ չարիքի, այս պայմաններում այն կարող է դառնալ «բազմալեզվություն», իսկ հայերենին կմնա միայն բարևելու և կենցաղում մի կերպ գոյատևելու հեռանկար...

Մեր պետական այրերից շատերը, օտար կրթության իրենց կարոտաբաղձությամբ, նաև՝ իբր գիտատեխնիկական հայալեզու գրականության բացակայությունը շեշտելով, ամուր են պահում ռուսերենի դիրքերը, իսկ համակարգիչների ներմուծման պատրվակով՝ ուղղակի փորձ է արվում անփոխարինելի դարձնել անգլերենը...

Հայոց Լեզուն, Հայոց Այբուբենը Հայ Արյամբ գրվելով է փոխանցվել սերնդեսերունդ և պաշտպանվել նույնիսկ ջարդի ու գաղթի ճանապարհներին, իսկ այժմ այն բացարձակապես անպաշտպան է հատկապես հանրակրթական դպրոցներում: Ազգային պետության լեզվի շահերը օտար լեզուներին ստորադասելը հանցագործություն է, ազգադավություն: Այլալեզու դարձած հայը պատրաստի թեկնածու է օտար մտածողության թափանցման, այլ երկրների լրտեսական գործակալությունների համար, իսկ սա արդեն լուրջ և անհետաձգելի պատժամիջոցներ է ակնկալում... Մշակութային ներխուժման, լեզվափոխության պարագայում որևէ զենք, զորք անհրաժեշտ չէ Հայաստանը գրավելու, հայությանը ոչնչացնելու համար: Ազգն ու պետությունը կքայքայվեն ներսից՝ ինքնաոչնչացումով:

Հայոց Լեզուն ՀԱՅ ԳԵՆԻ ինքնաարտահայտման միջոցն է, ասել է թե՝ հենց ԳԵՆՆ է, ուստի Մայրենիի (Հայրենիի) իմացությունը պարտադիր է բոլորի, հատկապես ղեկավար, պետական պատասխանատու այրերի համար: Սակայն, միայն թղթե օրենքներով լեզուն հնարավոր չէ պաշտպանել. անհրաժեշտ է պաշտպանել գործնականում, բոլոր ոլորտներում...

Հայի սուրբ պարտականությունն է նախևառաջ ուսում ստանալ, կրթվել հայերենով, մտածել ու խոսել հայերեն, արարել հայերեն: Ահա այս դեպքում երկփեղկվելու վտանգ չկա, և մյուս լեզուների իմացությունը դառնում է պարզապես հոգևոր հարստություն, իսկ ազգային նկարագիր ունեցող, բանիմաց մարդն ինքնին արժեք է: Միայն այս սկզբունքով հանրակրթություն իրականացնելով պաշտպանված կլինենք ներքին և արտաքին թշնամուց, իսկ Ազգն ու Հայրենիքը կստանան ապահովության լուրջ երաշխիքներ:

                        ԱՐԱՄ ԱՎԵՏՅԱՆ

 

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ: Մեր պարագայում, կարծում ենք, նպատակահարմար կլինի ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի փոխարեն ստեղծել ԼՂՀ կառավարությանն առընթեր Ազգային արժեքների պահպանման վարչություն՝ «Լեզվի պետական տեսչության» և «Ազգային փոքրամասնությունների ու կրոնի» բաժիններով: Այլապես, ստացվում է, որ մեր երկրում ազգային մեծամասնության լեզուն՝ հայոց լեզուն, որ օրենքով համարվում է պետական լեզու, շարունակում է մնալ որբի կարգավիճակում...

 

------------------------------------------------

Հոդվածը տպագրվում է կրճատումներով


Որոնում

Օրացույց

«  Մայիս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ