Գլխավոր » Ջեմիլ բեյ. «Արդեն 20-30 տարիեն ամբողջ երկիրը ձերը պիտի ըլլար»
Ջեմիլ բեյ. «Արդեն 20-30 տարիեն ամբողջ երկիրը ձերը պիտի ըլլար»
12:53

Կիրակնօրյա նոթեր

Իմ խորագիրը կոչվում է «Կիրակնօրյա նոթեր», բայց մեկ տարվա հետահայաց «հեռվից» տեսնում եմ, որ հաճախ լավ էլ «լուրջ-լուրջ» հոդվածներ եմ գրել։ Մինչդեռ իրոք սովոր եմ նոթեր գրելու՝ գիրք կարդալուց, նույնիսկ կինո նայելուց, սեփական մտքերս չհաշված։

Վերջերս նկատեցի, որ ամենաշատը նշումներ արել եմ Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիներ» վեպից («Նաիրի», 2004 թ.)։
Օտյանը անցյալ դարասկզբի արևմտահայ աստղաբույլի հատուկենտ մտավորականներից է, ում թուրքերը չեն սպանել։ Չորս տարվա աքսորի թափառումներին դիմանալով՝ հանճարեղ երգիծաբանը 1919 թ. «Ժամանակ» թերթում շարունակաբար տպագրել է տարտարոսի իր հուշերը, որոնք հայ բանասիրությունը «հաջողել» էր կորուսել և գտավ միայն 2000-ականների սկզբին։

Ահա իմ մեջբերումներից մի մասը, տեղ-տեղ՝ մեկնաբանություններով (և անհարմարության զգացումով, որ հիշեցնում եմ ցեղասպանության մասին Ապրիլի 24-ից հետո)։

1914-ի զորակոչին «Երիտասարդներ, հայ, հույն, հրեա և թուրք, տուներուն մեջ փակված կմնային։ Ուրիշներ այլևայլ միջոցներու կդիմեին խուսափելու համար վտանգեն։ Այդ միջոցներեն լավագույնը համարված էր կաշառել զինվորական բժիշկները»։ (Էջ 103)։

1915 թ. հունիսի 15-ին Պոլսի Բեյազիդ հրապարակում կախաղան են բարձրացվել 20 հնչակյաններ, որոնց թվում՝ բժիշկ Պետրոս Թորոսյանը, «տոքթոր Պեննեն»։  «Տոքթոր Պեննե... հայտարարած է, որ նույն օրը մեծ հրդեհ մը Պոլսո մեծ մասը մոխիր պիտի դարձնե, և թե այդ հրդեհին զոհ պիտի երթան միմիայն թուրքերը ի պատիժ այս անիրավ դատապարտության... Ուշ ատեն... հրդեհ ծագած էր Ֆիրուզ աղա թրքական թաղեն... տասը հազար տուներ մոխիր դարձնելով»։ Մարգարեությունը Օտյանին չի զարմացնում, «որովհետև խե՜ղճ նահատակ բժիշկը շատ կզբաղեր հոգետեսությամբ, ինքնաթելադրությամբ ու այս կարգի գաղտնի գիտություններով»։ (107-8):

«Զիս առաջնորդեցին քոմիսերին քով։ Շիք երիտասարդ մըն էր»։ (117)
«Կառավարությունը առանց ոևէ որոշ ամբաստանության կձերբակալեր ու մենե կառներ ոչ թե միայն մեր ուղևորության ծախքերը,- ինչ որ արդեն անլուր անիրավություն  մըն էր,- այլ նաև ոստիկաններու ճամփու ծախքը և օրականները»։ (140)

Դեր-Զորի մոտակայքում, հայ տարագիրների վրանախումբը։ «Վրաններու մեջեն… հայկական երգեր կլսվեին։ Ոմանք ջութակը, քանոնը կամ կիթառը բերած էին ու կնվագեին… Տղաքը միասին բերած էին իրենց դասագիրքերը, և հուզիչ տեսարան մըն էր՝ դիտել փոքրիկ աղջիկները, որոնք իրենց վրանին քովիկը, հողին վրա նստած դասերնին կսերտեին, չմոռնալու համար»։ (162)։

«Եթե Կիլիկիան անկախ Հայաստանին միացվի, ինչպես կհուսանք և կհավատանք, պիտի նախընտրեի երթալ Տարսոն բնակիլ»։ Գրում է Օտյանը 1919 թ.։ (178)։

«Քաղաքին մեջ ուրիշ գրաշար չկա, ուստի ստիպված են զիս պահելու»։ Պատմում է Տարսոնից չաքսորված միակ հայ Ջոն Մարտիկյանը։ (182)։

«Չորս հինգ օր ետքը Համա գտնվող հինգ հազար տարագիր հայերը… իսլամացան… Խնդիր մը մեծ մտատանջություն կպատճառեր ամենուս. արդյոք մեզ պիտի թլպատեին»։ (234)։ Օտյանն ինքը իսլամացել և ընդունել է Ազիզ Նուրի անունը… Բայց շուտով բռնի իսլամացած հայերին նույնպես ուղարկում են մահվան աքսոր։

«Գիտեինք, որ ոսկեզօծ ակռաները շատ վտանգավոր են, որովհետև արաբները (վրանաբնակ ցեղերի – Վ. Մ.) զանոնք միաձույլ ոսկի կարծելով կքաշեն կհանեն հայերու բերնեն։ Մեր մեջ մեկ քանի հոգի կային, որոնք դեռ Դեր-Զոր չեկած իրենց ակռաներու վրայեն ոսկին քերել տված էին»։ (303)

«Պոլիս գոնե հաց կուտան բանտարկյալներուն, գավառները ոչինչ, այնպես որ շատ հայեր անոթի մեռած են բանտերու մեջ»։ (324)

«Մեծն Ֆրետերիքեն ի վեր ծեծը վերացած է գերման բանակին մեջ, բայց թուրքերը առանց ծեծի կարելի չէ կրթել»։ Սա շվեդական ծագումով գերմանական սպա Էդվալի համոզումն է։ (356)։

Արաբ Սեյիդ Համիդ բեյը «աշխատանոց» ունի Հալեպում, որտեղ բազմաթիվ հայերի է կարողացել գործի տեղավորել, իսկ հարևանությամբ, նույն փողոցում թուրքերը հասարակաց տներ են բացել։ «Պետք է խոստովանիլ, որ մեկ քանի հայուհիներ նախընտրեցին… հրաժարիլ պարկեշտ հացեն ու երթալ աղտոտ հեշտության մեջ փնտրել իրենց ապրուստը»։ (361)։

«Ի՞նչ պետք ունեիք հեղափոխական շարժումներու, արդեն 20-30 տարիեն ամբողջ երկիրը ձերը պիտի ըլլար։ Հարստություն, ուսմունք, գիտություն՝ ամեն ինչ ձեր ձեռքն էր»։ Սա Վանի թուրք, Հալեպի ոստիկանական պաշտոնյա Ջեմիլ բեյը կարծիքն է։ (433)։

«Այս մարդը ազգին մեջ հայտնի է երկու բանով, նախ իբրև հակահեղափոխական և երկրորդ իբրև խմող»։ (437)։ Այսպես է Օտյանին բնութագրում հայ մատնիչ Արշավիրը, որ իբր ազատի սպասվող պատժից։

«Քու մասիդ հեռագիր մը եկած է ներքին գործոց նախարարութենե, նույնինքն Թալեաթ փաշայի ստորագրությամբ, որուն մեջ ըսված է. «Երվանդ Օտյան Պոլիսեն աքսորված է իբրև վտանգավոր (մուզիր) և աննկարագիր (ախլաքսզ) մեկը»։ (448)։ Սա Օտյանին հայտնում է վերահիշյալ հայ մատնիչը։ Արդեն 1918-ն է, բայց Թալեաթը դեռ պահանջում է կա´մ ռազմական տրիբունալին հանձնել, կա´մ իր աքսորավայրը վերադարձնել հայ գրողին։

Սուլթանիե քաղաքում «Առաջ հինգ վեց հազար հոգի կային, բայց հետո մեկիկ մեկիկ փախան և հիմա հազիվ 5-6 հարյուր հայ մնացած է»։ (465)։ Սարսափելին այն է, որ փախչելու տեղ չկար, թուրքերն ամեն տեղ որսում էին հայերին։
«Գալով Սուլթանիեի՝ շատ ողորմելի տեղ մըն էր… Ո´չ սրճարան, ո´չ զբոսատեղի մը կար»… (488)։ Բա´։

«Սուլթանիեի մեջ կային մեկ քանի հարյուր քուրդ փախստականներ ու թերևս քիչ մը ավելի հայ տարագիրներ… Քրդերը… անգործ կյանք մը կանցունեին և բոլորովին բեռ էին թուրքերուն վրա, որոնք ստիպված էին կերակրել զանոնք։ Հայերը ընդհանրապես մեյ-մեկ գործ գտած էին ապրուստնին ճարելու, նույնիսկ դրամ շահելու համար»։ (492)։ Եվ մանրամասն նկարագրում է ժրաջան հայերի գործունեությունը։

«Ինչ որ տղաքը օդանավ կանվանեին, երկու զինվորական օթոմոբիլներ էին»։ (500)։ Գերմանացիների։ Թուրքիան այնքան հետամնաց էր, որ Առաջին աշխարհամարտի վերջին հայ մանչուկները դեռ ավտոմեքենա չեն տեսել։
«Մեր վագոնը գտնվող ոստիկանները երբ իմացան, թե աքսորված հայ խմբագիր մըն եմ ու Պոլիս կդառնամ… սկսան հարգանքներ շռայլել ինծի, նույնիսկ ձեռքս համբուրել։ Ամենքն ալ ինքզինք ցույց կուտային իբրև մեյ-մեկ պահապան հրեշտակներ, որոնք հարյուրավոր հայեր ազատած էին մահվնե»։ (522 –523)։ Սա արդեն՝ պատերազմում Թուրքիայի պարտությունից անմիջապես հետո։
ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Գրող, հրապարակախոս
Lragir.am


Որոնում

Օրացույց

«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Արխիվ