Գլխավոր » ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐՆ ՈՒ ՆՐԱ ԶՈՀԵՐԸ
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐՆ ՈՒ ՆՐԱ ԶՈՀԵՐԸ
21:25
Շատ անգամ կարող ենք լսած լինել, թե ինչ անհեթեթ, դաժան ու անսպասելի ճակատագրի են արժանանում բազմաթիվ երեխաներ՝ ժամանակակից կինոնկարների և մուլտֆիլմերի պատճառով: Այդպիսի դաժան ճակատագրի զոհ դարձավ Երևանի բնակիչ 5-ամյա մի մանչուկ, որի երազանքը մայրն իրականացրեց՝ ամանորյա գիշերին տոնածառի տակ դնելով երեխայի սիրած մուլտֆիլմի՝ «Մարդ-սարդի» («Չելովեկ-պաուկ») գլխավոր հերոսի հագուստի նմանատիպը։ Եվ փոքրիկն առավոտյան հագնելով այն, սիրած հերոսի նման փորձեց թռչել 8-րդ հարկից... Եվ կատարվեց սարսափելին... 

Դաժան է, բայց փաստ, որ հենց դա էլ սպասելի էր։ Չէ՞ որ բոլոր երեխաներն էլ փորձում են նմանակել, կրկնել այն, ինչ տեսնում են, առավել ևս՝ խենթությունները: Եթե նախկինմում խորհրդային մուլտֆիլմերն իրենցից ներկայացնում էին լավի ու բարու քարոզ, ունեին պարզ ու երեխաներին մատչելի սյուժե, ապա այսօր այնտեղ կարող ենք տեսնել դաժան տեսարաններ, հակադաստիարակչական արտահայտություններ, հայհոյանքներ, երեխաների համար դժվարընկալ գաղափարներ, որն էլ պատճառ է դառնում երեխայի մտածելակերպի ոչ ճիշտ ձևավորման, ագրեսիայի առաջացման, անգամ՝ դժբախտ պատահարների: 

«Ինձ մոտ այցելած ծնողներին, որոնք համացանցի ու ներկայիս մուլտֆիլմերի նկատմամբ բեղոքներով են ներկայացել, ես խորհուրդ եմ տալիս իրենց զավակներին հեռու պահել դրանցից, որովհետև այնտեղ չկա նախկին պարզությունը, բայց հետաքրքրականն այն է, որ 21-րդ դարի երեխաներին հենց դրանք են դուր գալիս,- ասում է Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի բժիշկ-հոգենյարդաբան, ԼՂՀ հոգեբանների ասոցիացիայի նախագահ Էլֆրիդա Սարումյանը։- Այստեղ, իհարկե մեծ դերը ծնողներինն է, որովհետև հիմա շատ ծնողներ են ընտրում համակարգչի, ֆիլմերի միջոցով երեխաներին զբաղեցնելը, որպեսզի իրենք էլ իրենց աշխատանքով զբաղվեն: Երեխաներն էլ հնարավորություն են ունենում կտրվել իրական կյանքից, սկսում ապրել այն աշխարհում, որը տեսնում են, սկսում ընդօրինակել հերոսներին, նրանց բառապաշարը: Եվ արդյունքում՝ երեխան ձեռք է բերում տարօրինակ պահվածք, բնավորություն, որն ազդում է նրա ու մերձակիցների հարաբերությունների վրա, խնդիրներ են առաջանում ուսման մեջ...»: 

Նրա կարծիքով ծնողը չի կարող երեխային միանգամից բացահայտ կերպով ասել, որ այն, ինչ տեսնում է՝ իրական չէ, օրինակ՝ երեխան հավատում է Ձմեռ պապիկի գոյությանը և սկսում է ապրել այդ հավատով: Դա կախված է մտածողության զարգացման և տարիքի հետ: Իսկ ծնողը կարող է ուշադիր կերպով երեխային բացատրել այն երևույթները, որոնք վատ են անդրադառնում փոքրիկի պահվածքի վրա: «Ծնողները պետք է հետևեն, թե ինչ դիտում իրենց երեխան: Հիմա, երբ մուլտֆիլմերն այդքան դաժանություն են պարունակում, մենք անուշադրության պատճառով կարող ենք մեծ վնաս հասցնել երեխային: Ուշադրությունը և ճիշտ դաստիարակությունն առաջին պայմանն են երեխային ու նրա հոգեբանությունը չվնասելու»,- գտնում է տիկին Սարումյանը:   

ՄԱՐԻՆԱ ՍԱՖԱՐՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ