Գլխավոր » ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
20:56
Ժողովրդական դիվանագիտությունը կիռարվում և կիռարելի է ամբողջ աշխարհում: Դիվանագիտության պատմությանը հայտնի են ժողովրդական դիվանագիտության այնպիսի դրվագներ, որոնց վերջինիս շնորհիվ կանխվել են պատերազմներ, պահպանվել են մշակույթային հուշարձաներ, մարդկային նյութական և բնական արժեքներ: Ներկայումս ժողովրդական դիվանագիտությունը պետություների արտաքին քաղաքականության մեջ նշանակալի գործոն է:

Բազմիցս վկա ենք եղել արտասահմանյան մի շարք երկրների պետական թե հասարակական կազմակերպությունների իրենց իսկ նախաձեռնությամբ մեր տարածաշրջանում դիվանագիտական առաքելություններին: Անշուշտ այդ առաքելությունների ակունքում առաջնակարգն իրենց պետության շահերն են: Դրա ապացույցը, թերևս այն է, որ նրանց տարաբնույթ հանդիպումների ընթացքում նկատելի էր տվյալ պետության արտաքին քաղաքականության ռազմավարությանը բնորոշ դրսևվորումներ: Անկասկած, այդպիսի քաղաքական դիրքորոշումն արդարցված է նրանց պետության կողմից:

Ինչքանո՞վ է անհրաժեշտ ժողովրդական դիվանագիտությունը ԼՂՀ-ին, ինչպիսի՞ նպատակներ պետք է դրվեն նրա առջև: Ակնհայտ է, առաջնայինը միջազգային հանրության կողմից ԼՂՀ անկախության իրավաբանորեն ճանաչմանը նպաստելն է: Կարծել, թե ԼՂՀ ժողովրդական դիվանագիտությունը անկարող է ամրապնդել ԼՂՀ քաղաքական դիրքերը կամ նպաստել անկախության ճանաչմանը, մեղմ ասած, զավեշտալի է: Որոշ սկեպտիկներ բավականին հոռետեսորեն են վերաբերվում ժողովրդական դիվանագիտության ռեսուրսին՝ հակամարտությունների կարգավորման գործընթացում:

Նրանց հիմնավորումը, որպես կանոն, արհեստավարժ քաղաքական-պետական գործիչների արդյունավետությունն է,այդ իսկ պատճառով կասկածի տակ են դրվում ժողդիվանագետների ներուժն ու հնարավորությունը հակամարտությունների կարգավորման ու խաղաղության հաստատման գործում: Թերահավատության հաջորդ հիմնավորումը կայանում է քաղաքականության ոլորտում որոշումների ընդունման հիմնախնդիրի հետ: Կարծում եմ, որ ինչքան էլ ժողովրդական դիվանագիտության ներկայացուցիչները հանդիպեն միմիանց, ընդհանուր հայտարարի գան, մեծացնեն փոխադարձ շփումների մակարդակը, այնուամենայնիվ, քաղաքական որոշում ընդունողներին է վերապահված վերջնական համաձայնությունների կնքման բացառիկ իրավունքը:

Ժողովրդական դիվանագիտությունն արտահայտվում է ոչ թե հակամարտող կողմերի ներկայացուցիչների հանդիպումներով, այլ դրանք ունեն բազմաթիվ ձևաչափեր, որոնք մասնավորապես կարող են դրսևորվել այլ պետության ներկայացուցիչների հետ հանդիպումներով, քննարկումներով և այլն:
Պատմական իրողություները հավաստիացնում են, որ քաղաքական հաջողությունները ձեռք են բերվում քաղաքական իշխանության և հասարակական դիվանագիտության համագործակցության արդյունքում: Կարթագենի զորավար Հանիբալը պարտությունից հետո տարեգրության մեջ նշել էր, որ Հռոմը ոչ թե հաղթել է իր «փառավոր լեգեոնների, այլ դիվանագիտության միջոցով»: Նա իր մեղքը տեսնում էր նրա մեջ, որ ռազմական հաջողողությունները չամրապնդվեց քաղաքականապես:

Պատմությանը հայտնի են դիվանագիտության այնպիսի դրվագներ, որոնք իրենց ճկունությամբ կարողացել են մի ողջ ժողովրդի փրկել բնաջնջումից, կամ հաղթանակները քաղաքականապես ամրագրվել են ժողդիվանագիտության ճանապարհով: Իրավամբ արդարացի է ասված, որ «ռազմական հաջողությունն ավելի քան ողբալի է, եթե այն չի ամրագրված քաղաքականապես»:
Անվիճելի է, որ մենք գտնվում ենք պատերազմի մեջ: Չնայած նրան, որ մարտական գոտում հարաբերական անդորր է, սակայն դա բնավ չի նշանակում, թե պատերազմն ավարտված է: Ադրբեջանի սպառազինության համալրումն թերևս դրա վառ ապացույցն է: Իմ խորին համոզմամբ, մեր գերխնդիրը ոչ միայն բանակի ուժեղացումն է, այլև անհրաժեշտ է հզորացման պարամետրերն ուղղել նաև դիվանագիտության վրա՝ ոչ միայն ձեռք բերվածը ամրապնդելու միտումով, այլ հնարավոր զարգացումներում քաղաքական բարենպաստ պայմաներում գտնվելու նպատակով:

Մեր բաղձալի նպատակին հասնելու համար բավարար չէ միայն պաշտոնական դիվանագիտությունը, այն քաղաքական գավաթի մեջ, հազիվ մի գդալ ջուր է կազմում: Այստեղ ես տեսնում եմ մեր ողջ կարողությունների համալրումը, որոնք անշուշտ պետք է մարտավարորեն խելացի զուգակցվեն քաղաքական դիվանագիտության հետ: Ժողովրդական դիվանագիտությունը հզոր գործոն է քաղաքական իշխանության ձեռքին: Դրա վառ ապացույցը ԼՂՀ այցելած նշանավոր անձանց կապակցությամբ Ադրբեջանի իշխանության հիստերիկ արձագանքն է:

Սակայն առայսօր «ժողդիվանագիտություն» հասկացությունը ԼՂՀ-ում գոյություն չունի կամ եղածն առերևույթ է ու չունի մշակված ռազմավարություն:
Ժողդիվանագիտությունը սոցիալական նշանակություն և անհրաժեշտություն է, իսկ դրա կենսագործումը քաղաքական իշխանության, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, կրթության, մշակույթային, սպորտի, գիտության, տնտեսավարող սուբյեկտների և այլ կազմակերպությունների պարտավորությունն է: Հատկապես մեծ է այն հասարակական կազմակերպությունների դերը, որոնց համանուն կազմակերպությունները գոյություն ունեն արտասահմանում: Որպես օրինակ նշենք ԼՂՀ սպաերի միությունը, որը բացի իր իսկ անդամների շահերի իրագործումից, կարող է նաև հանդես գալ ժողդիվանագիտության ոլորտում:

Այսօր նախկին խորհրդային տարածքում գոյություն ունեցող համանուն կազմակերպություններում ընդգրկված են մի շարք խորհրդային նշանավոր գեներալներ, որոնք իրենց իսկ պետությունների քաղաքական համակարգում ծանրակշիռ դիրք ունեն, իսկ ոմանք իրենց գիտելիքներն ու փորձն են փոխանցում մեր հակառակորդին: Այդ իսկ պատճառով հարց է առաջանում՝ ինչո՞ւ չօգտագործել նաև այդ ռեսուրսները: Մի՞թե հնարավոր չէ ժողդիվանագիտության ուղղիններով նրանց հրավիրել և դասընթացներ կազմակերպել ռազմական ուսումնական հաստատություններում: Չէ որ Ղարաբաղի հաղթանակը ոչ միայն հայ զինվորի ոգու, այլև մեր հրամանատարության մի մասի խորհրդային բանակից ժառանգած փորձի արդյունք էր:

Այսօր էլ, չնայած ոմանք անցել են կենսաթոշակի, այնուամենայնիվ նրանց կարողությունները մեր սրբազան գործում չեն նվազել: Բացի բանակային սպայական ռեսուրսներից անչափ կարևոր են նաև ազգային անվտանգության և ներքին գործերի ռեսուրսները: Նախորդ դարի առաջին քառորդում Հայաստանի առաջին հանրապետության ազգային անվտանգությունը չկարողացավ կանխատեսել և բացահայտել Թուրքիայի հարձակումը: Անուրանալի է, որ պետական անվտանգության բնագավառում մեծ է հատկապես թվարկված մարմինների դերը: Սակայն ինչքան էլ նրանք փորձեն լիարժեք կատարել իրենց առջև դրված խնդիրները, այնուամենայնիվ, այն ամբողջական չի կարող դիտվել, եթե չենօգտագործվում ժողդիվանագիտության բոլոր պաշարները:

Մի պահ պատկերացնենք, թե ԼՂՀ սպաների միությունը, այլ հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ մշակույթային օջախներ, ձեռնարկատիրական միություններ, բուհեր և այլն, ԼՂՀ տարածքում անց են կացնում տարաբնույթ գիտաժողովներ ու այլ միջոցառումներ։ Ինչպիսի՜ արձագանք կլինի հարևան երկրում: Պարզ է, որ նրանց միջոցով աշխարհին հայտնի կդարձնենք մեր ինքնիշխանության իրողությունը:

Այստեղ պետք է հիշել, որ վերոնշյալ միջոցառումները բնորոշ են միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետություններին: Հատկանշական է, որ միջազգային իրավունքը չի նախատեսում դիվանագիտական ծավալներ, որոնք հիմք են հանդիսանում պետություններին անկախ պետություն ճանաչելուն, սակայն, նախատեսում են այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու փաստական հնարավորություններ: Իսկ հասարակական հարաբերությունների մակարդակով ժողդիվանագիտությունը միջազգային իրավունքի սուբյեկտ պետությունների դիվանագիտության, միջպետական հարաբերությունների բաղկացուցիչ մասն է կազմում, ինչը նշանակում է, որ ԼՂՀ-ն ընդունակ է անկախ պետություն դառնալ և դրանում վճռական Է:

Ժողդիվանագիտությունը ոչ միայն լուծում է քաղաքական խնդիրներ, այլև ստեղծում է պետության և հասարակության միջև կապ, որն, վերջին հաշվով, պետության ներքին քաղաքականության պարտադիր պայմանն է ու անհրաժեշտություն է: Իր հերթին այս փոխկապվածությունն ու համագործակցությունն են ծնում լիարժեք իշխանավարություն՝ թե՛ արտաքին և թե՛ ներպետական հարաբերությունների ոլորտում: Սակայն այս ամենը հնարավոր չէ իրագործել, եթե մշակված չեն ծրագրեր և այն իրականացվում է մեկուսի՝ առանց զուգակցելու պետական իշխանության արտաքին և ներքին քաղաքականության հետ:

Գ. Գ. ՄՈՎՍԵՍՅԱՆ
ԼՂՀ սովետական սպաների
միության նախագահ

Որոնում

Օրացույց

«  Փետրոար 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Արխիվ