Գլխավոր » ԿԱՆԳՆԵՑՆԵՆՔ ՎԱՏ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀԵՏ ԿՌԻՎ ՏԱԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ԿԱՆԳՆԵՑՆԵՆՔ ՎԱՏ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀԵՏ ԿՌԻՎ ՏԱԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
21:30
Դասագիրքը ցանկացած ժողովրդի կամ երկրի համար հեռահար զենք է, մի զենք, որի այսօրվա կիրառությունը տարիներ հետո բումերանգի օրենքով ներգործելու է երկրի թե՛ ներքին կյանքի, թե՛ արտաքին աշխարհում գրաված դիրքի և հարաբերությունների վրա: Հետևաբար այսօր հայ դպրոցի համար ստեղծվող դասագրքերի ընտրության կազմակերպմանը, կարծում ենք, պետք է մոտենալ միայն ու միայն այս տեսանկյունից՝ մի կողմ դնելով դրամական շահը, հայկական իրականության համար բնութագրական խնամի-ընկեր-բարեկամ հարաբերությունները և բոլոր մյուս հանգամանքները, որոնք վերջին տարիներին գերակշռում են այդ դաշտում: 

1992 թվականից ընդգրկված եմ դասագրքաստեղծ գործընթացում. եղել եմ նախ՝ մեկ, այսօր՝ երեք դասագրքի համահեղինակ, մի հանգամանք, որն ինձ հնարավորություն է տվել ոչ միայն ականատեսը լինելու ու համեմատելու դասագրքերի մրցույթների կազմակերպման տարբեր սկզբունքները, այլև սեփական մաշկի վրա զգալու, թե ինչպես է քայքայվում այդ համակարգը: 
Իմ դիտարկումները թույլ են տալիս գալու հետևյալ եզրահանգման. մրցույթի անցկացման ցանկացած համակարգում կարևորագույն դերակատարումը հանձնաժողովինն է: Հետևաբար պետք է հիմնովին վերանայել մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության սկզբունքները, գուցե նաև դասագրքերի բաց քննարկումներ կազմակերպել հենց մրցույթի սահմաններում: 

Մեզանում դասագրքերի ընտրությունը կատարվում է փակ դռների հետևում. հանձնաժողովների անդամներն իրենց «սև կամ սպիտակ» գործն անում են և հանգիստ գնում իրենց տները՝ առանց որևէ մեկին բացատրություն տալու, առանց իրենց կատարած ընտրության համար ամաչելու կամ հպարտանալու, առանց լավ դասագրքերի համար խրախուսվելու, իսկ վատի պատճառով՝ պատժվելու…

Կարծում եմ, որ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ պետք է բաց քննարկման ժամանակ հեղինակներին (և գիտամանկավարժական հանրությանը) ներկայացնի, հիմնավորի և պաշտպանի իր կարծիքը: Այս դեպքում ոչ մի պատահական մարդ չի համաձայնվի ու չի համարձակվի դառնալ դասագիրք երաշխավորող հանձնաժողովի անդամ…

Այսօր գրեթե յուրաքանչյուր ընտանիքում դպրոցական կա, և գրեթե բոլորը շահագրգռված են, որ իրենց երեխաները լավ դասագրքեր ունենան, և ամեն տարի սեպտեմբերին չվերսկսվի վատ դասագրքերի հետ ընտանյոք, ազգուտակով «կռիվ տալու» գործընթացը... Այսօրվա սխալների արդյունքները հայտնի կդառնան միայն տարիներ հետո, երբ «գնացքն արդեն մեկնած կլինի»: Այլապես տարեցտարի ավելի ու ավելի վարկաբեկում ենք մտավորականին, դպրոցը, կրթությունը և վերջին հաշվով՝ մեր պետությունը:

ԼԻԼԻԹ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆ 
բանասիրական գիտությունների 
թեկնածու, դոցենտ
hraparak.am
Տպագրվում է կրճատումներով

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ