Գլխավոր » ԿԱՐԾԻՔ. Արցախյան հակամարտությունը բանակցային լուծում չունի
ԿԱՐԾԻՔ. Արցախյան հակամարտությունը բանակցային լուծում չունի
13:00

Բավականին հաճախ կարելի է ականատես լինել, թե հայկական մամուլում, հասարակական ու քաղաքական շրջանակներում ինչպես են լավատեսական ակնկալիքներ ու գնահատականներ բարձրաձայնվում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումներից առաջ, ափսոսանքով լի վերլուծական հոդվածներ եւ հարցազրույցներ հրապարակվում այդ հանդիպումների անհաջող ավարտից հետո: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե հայկական զույգ պետությունների հասարակայնությունն անկեղծորեն հետաքրքրված է բանակցությունների հաջող ավարտով: Դա երեւի բնական երեւույթ է, քանի որ status quo-ի անորոշությունից, շրջափակման տնտեսական հետեւանքներից հոգնած հասարակությունները, տենչում են տեսնել Արցախյան հակամարտության վերջնական լուծում, որը տնտեսական եւ քաղաքական կայունության ժամանակաշրջանի սկիզբ կդառնար: Մարդիկ խաղաղ եւ բարգավաճ ապագա են ցանկանում իրենց երեխաների համար, եւ այդ խաղաղության հույսը կապում են բանակցային գործընթացի հետ:

Սակայն, ըստ իս, Արցախյան հակամարտությունը բանակցային լուծում չունի: Բանակցային գործընթացի հիմքում եղել եւ լինելու է տարածքային զիջումների սկզբունքը: Քաղաքական ուտոպիստներ կարելի է համարել բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե Ադրբեջանը երբեւէ կճանաչի Արցախի հանրապետության անկախությունը` նրա ներկայիս սահմաններով: Տարածքային զիջումների անընդունելիությունն իր հերթին ունի բարոյական եւ պրագմատիկ պատճառներ, որոնք հասկանալի պետք է լինեն մտածելու ունակությամբ օժտված յուրաքանչյուր անհատի համար: Դրանից բացի, Status quo ante bellum-ի /ստատուս քվոն՝ մինչեւ պատերազմ/ վերականգնումը ոչ միայն չի կարող խնդրի լուծում հանդիսանալ, այլեւ ավտոմատ կերպով հետ կմղի այդ լուծումը 25 տարով, եւ մենք կրկին կունենանք մի իրավիճակ, երբ արցախահայությանը կսպառնա ֆիզիկական ոչնչացման վտանգը: Ավելին՝ Ադրբեջանի տարբեր ժամանակաշրջանի քաղաքական իշխանությունները բազմիցս հայատարարել են նաեւ հայկական այլ շրջանների եւ նույնիսկ ողջ ՀՀ-ի նկատմամբ իրենց հավակնությունների մասին:

Բանակցային լուծման տրամաբանական ավարտն է հանդիսանում հաշտության պայմանագրի ստորագրումը: Բայց եթե քաղաքացիների միջեւ ստորագրվող պայմանագրերի պարագայում գոյություն ունի մի ինստիտուտ` ի դեմս պետության, որը երաշխավորում, իսկ հարկ եղած դեպքում, պարտադրում է կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը, ապա պետությունների պարագայում այդպիսի ինստիտուտ բացակայում է: Ժամանակակից միջազգային հարաբերությունները կարելի է համեմատել հոբսյան բնական վիճակի հետ, երբ պետության բացակայության պայմաններում, մարդկային հանրույթն իրենից ներկայացնում էր իրար դեմ պայքարող եւ պատերազմող անհատների կոնգլոմերատ: Ամերիկացի քաղաքագետ Քեննեթ Օյը (Kenneth A. Oye) սուբյեկտների հարաբերակցությունը միջազգային ասպարեզում անվանում է համագործակցություն անարխիայի ներքո (cooperation under anarchy), քանի որ գոյություն չունի որեւէ վերազգային կառույց, որը կկարողանար պարտադրել համաշխարհային դերակատարներին հավատարիմ մնալ իրենց կողմից ստանձնած պարտավորություններին եւ հետեւել միջազգային իրավունքի տառին: Միջազգային իրավունք կոչվածը ինքնին ֆիկցիա է, մի խումբ իդեալիստների երեւակայության արգասիք: Հռոմեական հեգեմոնիայի դարաշրջանից ցայսօր աշխարհում գոյություն է ունեցել միջազգային մեկ իրավունք` ուժեղի իրավունքը: Այդ իսկ պատճառով, չկա ոչ մի երաշխիք, որ խաղաղության պայմանագիրը խաղաղություն է բերելու: Ընդհակառակը, այն կարող է դառնալ ԼՂՀ եւ ՀՀ կործանման սկիզբը, տակտիկական քայլ Ադրբեջանի կողմից` ապագայում հակառակորդին լիովին ջախջախելու մտադրությամբ:

Արցախյան հակամարտության միակ լուծումը կարող է լինել կողմերից մեկի ջախջախիչ պարտությունը, մասնատումը կամ վերացումը: Սա մի իրողություն է, որին անհրաժեշտ է հարմարվել: Պետք է ոչ թե հույսեր կապել բանակցային գործընթացի հետ, այլ հմուտ կերպով օգտագործել այն` վերջնական նպատակին հասնելու համար: Պետությունները մարդկանց պես ունեն ինքնապահպանման բնազդ, եւ եթե մենք ցանկանում ենք պահպանել Արցախի հայկականությունը, ապա պետք է միջոցներ ձեռնարկենք հակառակորդին մասնատելու կամ վերացնելու ուղղությամբ: Անհրաժեշտ է օգտագործել Ադրբեջանում գոյություն ունեցող էթնիկական, կրոնական եւ սոցիալական հակասությունները: Պետք չէ փախչել պատերազմից: Ինչպես ասում էր Մաքիավելլին. «պատերազմից չի կարելի խուսափել, այն կարելի է միայն հետաձգել ի օգուտ ուրիշների»: Տարածքային վեճերը հազվադեպ են լուծվում խաղաղ ճանապարհով: Շատերի կողմից օրինակ բերվող գերմանա-ֆրանսիական եւ գերմանա-լեհական հաշտեցումները հնարավոր դարձան միմիայն ֆաշիստական Գերմանիայի ջախջախման եւ կապիտուլյացիայի արդյունքում: 
Չափազանց կարեւոր է, որպեսզի արցախյան հասարակությունը գիտակցի այդ փաստը: Մոտ ապագայում հնարավոր է, որ ԼՂՀ-ն փորձեն ներգրավել բանակցային գործընթացի մեջ` ստորագրվելիք հնարավոր փաստաթուղթը լեգիտիմացնելու համար: Դրա անուղղակի հաստատումը կարող է լինել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կատարած գրառումն իր միկրոբլոգում. «Կիպրոսի հույները եւ թուրքերը հայտարարեցին, որ ձենամուխ են լինում կարգավորման լայն ձեաչափի բանակցություններին: Իսկ ինչու նույն բանը չի կարող տեղի ունենալ նաեւ Լեռնային Ղարաբաղում»:

Պատկերացնելու համար ինչ փաստաթուղթ է ենթադրվում ստորագրել, նշեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնավոր զրույցներից կարելի է հասկանալ, որ Սերժ Սարգսյանը բավականին դրական է տրամադրված պայմանագիրը մոտ ապագայում ստորագրելու հնարավորությանը: Ազատագրված տարածքների հարցը նույնիսկ չի քննարկվում: Բանակցում են միայն Լաչինի միջանցքի լայնության հարցի եւ Ղարաբաղի ապագա կարգավիճակի շուրջ: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը սկզբունքային համաձայնություն է տվել հանձնել տարածքները, բայց դեռ չի կարողացել ստանալ նույնիսկ ինքնորոշման իրավունք Արցախի ժողովրդի համար: Եկեք ենթադրենք, որ Հայաստանի նախագահին հաջողվում է ստանալ այդ իրավունքը եւ ստորագրվում է պայմանագիր, որով Արցախն անկախություն է ստանում մոտավորապես նախկին ԼՂԻՄ-ի սահմաններով: Հարց՝ ադրբեջանական հերթական ագրեսիայի դեպքում, քանի՞ ժամ հետո է ԼՂՀ-ն շրջափակման մեջ հայտնվելու եւ արդյո՞ք ունենալու է հնարավորություն հետ մղել առաջին հարվածը եւ անցնել հակահարձակման: Հարցի պատասխանը թողնեմ ընթերցողի մաթեմատիկական ունակություններին:

Արցախյան հասարակությունը պետք է նույնիսկ ենթագիտակցական մակարդակում բացառի հակամարտության բանակցային լուծման տարբերակը: Պետք է ցույց տալ բոլորին, որ բանակցային գործընթացը վիրտուալ ռեալություն է եւ որեւէ առնչություն չունի Արցախի ապագան կանխորոշող իրականության հետ: Այդ իրականության հետ ամենաուղղակի կապն ունեն այնպիսի գործոններ, ինչպիսիք են արդյունավետ վերաբնակեցման քաղաքականությունը, հզոր տնտեսությունը եւ հայ զինվորի բազկի զորությունը:

ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան
karabakh-open.info


Որոնում

Օրացույց

«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Արխիվ