Գլխավոր » ԿՈԼՈՐԱԴՅԱՆ ԲԶԵԶՆԵՐԻ ԵՎ ԱՂԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԿՈԼՈՐԱԴՅԱՆ ԲԶԵԶՆԵՐԻ ԵՎ ԱՂԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
21:22
Աստվածաշնչում գյուղատնտեսության վերաբերյալ բազմաթիվ բաներ կան գրված՝ ցորենի և որոմի մասին, այծերի և ոչխարների մասին, էլ չենք ասում վնասատուների, կրծողների, մորեխների, կարկուտի ու երաշտի մասին: Բայց ինձ ավելի հոգեհարազատ է «Պողոսը՝ ցանեց, Ապողոսը՝ ջրեց, Աստված՝ աճեցրեց» ասացվածքը, որովհետև այն, ըստ իս, հանդիսանում է գյուղատնտեսության զարգացման փիլիսոփայությունը և անմիջական կապ ունի աղանդավորների հետ: Կասեք՝ գյուղատնտեսությունը, փիլիսոփայությունը՝ ուր, աղանդը՝ ուր։ Դրանք իրար հետ ի՞նչ կապ կարող են ունենալ: Բացատրեմ՝ կհամոզվեք, որ դրանք բոլորն էլ իրար հետ սերտ կապ ունեն:

Այ օրինակ, ենթադրենք ուզում եք կարտոֆիլ ցանել: Դրա համար պետք է հողը փխրեցնել, պարարտացնել, լավ սերմացու գնել ու ցանել, ժամանակին ջրել և այլն: Եթե կարկուտ ու երաշտ չլինի, թվում է, թե ամեն ինչ բարեհաջող կլինի, բայց... Բայց Աստված չանի ձեր բոստանը մտնեն կոլորադյան բզեզները: «Դաչնիկները» դրանց համեմատ հրեշտակներ են: Այդ անտեր (ի՞նչ անտեր, հաստատ տե՛ր կունենան) բզեզները անխտիր խժռում են կարտոֆիլի տերևներն ու ծաղիկները, իսկ ցողունները տնազի համար թողնում ցից կացած: Հիմա էլ կասեք՝ բա աղանդներն ուր մնացին: Ասե՛մ: 

Կարտոֆիլ ցանելու կամ ընդհանրապես սերմանելու մասին մի գեղեցիկ առակ կա Աստվածաշնչում՝ «Սերմնացանի առակը»: Իհարկե, այնտեղ կոլորադյան բզեզների մասին չի գրված, բայց ակնարկ կա: Առակի իմաստն այն է, որ երբ Աստծո խոսքը քարոզվում է, մարդկանց կողմից տարբեր ձևով է այն ընկալվում: Առակի մեկնաբանությունը մի կողմ թողնենք, անցնենք գյուղատնտեսությանը:

Ախր այդ կարտոֆիլ ցանողն ի՞նչ իմանա, որ կոլորադյան բզեզները հեռավոր ԱՄՆ-ի Կոլորադո նահանգից կտրելով մի քանի հազար կիլոմետր ճամփա, օրինական և անօրինական ճանապարհով գալու են հասնեն Արցախ ու բերքը փչացնեն: Այ ուրիշ բան, եթե դրանք մեր տեղական բզեզները լինեին: Տեղականները մի քանի հազարամյակ մեզ մոտ ապրելով, ընտելացել են ու համարյա վնաս չեն տալիս. իրենց փայը ուտում, հեռանում են... Հա, չմոռանամ ասել, որ ամերիկյան ծագում ունեն նաև արցախյան բոլոր աղանդները: 

Խեղճ հողագործն այդ կոլորադյան բզեզների դեմ պայքարելու համար պետք է ընտրի հարմար եղանակը՝ սկսած մեկ-մեկ կամ բուռ-բուռ հավաքելու և ոչնչացնելու նախնադարյան միջոցից, վերջացրած՝ ժամանակակից թունիքիմիկատները: Կոլորադյան բզեզների հարցը նման եղանակներով կարելի է լուծել, բայց, ահա, աղանդավորների հարցը մի քիչ բարդ է, վերջին հաշվով դիմացինդ մարդ է, չէ՞: Հո թունաքիմակատներ չես շաղ տալու նրանց վրա...

Պետությունը գտնում է, որ կոլորադյան բզեզների, ներեղություն, աղանդների դեմ, առաջին հերթին, պետք է պայքարի Հայ Առաքելական Եկեղեցին, իսկ Եկեղեցին էլ ասում է, թե՝ քանի որ այդ աղանդները կոլորադյան բզեզների նման «ներմուծովի են», ուրեմն դրանց դեմ պետք է պայքարի և դրոշակակիրը լինի հենց պետությունը, քանի որ նրանք վնասում են բերքատվությանը, ներողություն՝ ազգային անվտանգությանը, հասարակության առողջությանը, կարգ ու կանոնին, հասարակության բարոյականությանը: 

Բա ասում եք աղանդավորներն ու կոլորադյան բզեզներն իրար հետ կապ չունեն: Կապ ունեն, այն էլ՝ վտանգավոր ու քայքայիչ կապ:

 ԱՐՏԱՇ ԱՂԱՆԴՈՒՆԻ

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ