Գլխավոր » ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՈՒՅՍԻ ՏԱՐԱԼՈՒԾՈՒՄԸ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՈՒՅՍԻ ՏԱՐԱԼՈՒԾՈՒՄԸ
22:43
Տարիներ առաջ կուսակցությունների վերաբերյալ մի հոդված էի գրել։ Հետո շատ ջրեր են հոսել. ստեղծվել են նոր կուսակցություններ, որոշ կուսակցություններ միավորվել են, որոշները՝ լուծարվել։ Բայց, միևնույն է, պետական քաղաքականությունը կուսակցությունների հանդեպ չի փոխվել։ Կուսակցությունների մասին նոր թևավոր խոսքեր են ի հայտ եկել. «Իմ կուսակցությունը՝ իմ ժողովուրդն է», «Արցախի ժողովրդի ընդդիմությունը Ադրբեջանն է», «Քանի դեռ ԼՂՀ-ն միջազգայնորեն չի ճանաչվել, Արցախում կուսակցությունները անելիք չունեն» և այլն։ Իսկ մենք գտնում ենք, որ ժողովուրդը վեր է կուսակցությունից. Ադրբեջանը՝ ոչ ավել, ոչ պակաս, հայ ժողովրդի թշնամին է. առանց ազգային կուսակցությունների (այդ թվում՝ ընդդիմադիր) Հայաստանը (ՀՀ և ԼՂՀ) միջազգային քաղաքական ասպարեզում անելիք չունի։ Նաև համոզված ենք, որ առանց ազգային կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և լիարժեքորեն գործող «չորրորդ իշխանության» անհնար է ստեղծել քաղաքացիական հասարակություն, որին ձգտում է Հայաստանը։

Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչվել է՝ ՄԱԿ-ի անդամ է, իսկ ԼՂՀ-ն անգամ ՀՀ-ի կողմից չի ճանաչվել։ Թե ինչու է այդպես, թողնենք վիճաբանեն «Միացման»՝ Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու և «Անկախության»՝ ԼՂՀ-ն «ազատ ու անկախ պետություն» հռչակելու կողմնակիցները։ Միևնույն է, դրանից ոչինչ չի փոխվելու՝ այդ հաշվով, էն գլխից, գործարքի մեջ մտած կողմերն են հերթական անգամ մե՜ծ բավականություն ստանալու։ Եվ դա տևելու է այնքան ժամանակ, մինչև Հայաստանը ազգային և միասնական պետություն չդառնա։

Պետությունն՝ ինքնին ապազգային կառույց է, որը կարող է ծառայել արտաքին ուժերին կամ ներքին խմբավորումների շահերին։ Միայն ազգային պետության դեպքում է հնարավոր, հենվելով ազգային ռազմավարության և մարտավարության վրա, երկիրը փրկել գերտերությունների և այլ ուժերի ճորտացումից։ Հզոր է այն պետությունը, որի պետական քաղաքականությունը ստեղծվում և իրագործվում է ազգային գաղափարախոսությանը համապատասխան։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ բոլոր նորանկախ պետությունները, որպես կանոն, պետական քաղաքականության ուղղությունները ստեղծելիս հիմք են ընդունում իշխող կուսակցության գաղափարախոսությունը և «անկախացմանը» նպաստած արտաքին ուժի թելադրանքը։ Իշխող կուսակցությունը և նրա կողմից նշանակված իշխանությունները հաճախ չեն կարողանում զուգահեռաբար առաջ տանել և պաշտպանել երկրի պետական և ազգային շահերը։ Նշվածի օրինակ կարող է հանդիսանալ ՀՀ-ում իրականացված պետական քաղաքականությունը Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք։ Մասնավորապես, պաշտպանելով միայն պետական շահը, Հայաստանի Հանրապետությունը չկարողացավ Արցախյան պատերազմում տարած հաղթանակն օգտագործել դիվանագիտական ասպարեզում՝ այսպես կոչված «ղարաբաղյան հիմնահարցը» հայության օգտին լուծելու համար։ Դրա հաստատումն է Բիշկեկյան խայտառակ պայմանագիրը։ Այդ ամենի պատճառը՝ ազգային շահի «հիմնավորված» և «պատճառաբանված» անտեսումն էր, որը հետևանք է ազգային գաղափարախոսության բացակայության և արտաքին ուժի պարտադրանքին՝ հնազանդության։ 

Փաստն այն է, որ ազգային շահի հաշվին ՀՀ-ն՝ ի դեմս նրա իշխանության, ամեն գնով պաշտպանել է պետական կարգը, իշխանությունը, «ժողովրդավարությունը», «խոսքի և մամուլի ազատությունը», «խղճի և դավանանքի ազատությունը», 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքը...

Պետական քաղաքականությունը ստեղծելիս և իրականացնելիս, իհարկե, պետք է հաշվի առնել հարևան պետությունների և ազգերի (թուրք, ադրբեջանցի, քուրդ, պարսիկ և վրացի) հետ նորմալ փոխհարաբերություններ ունենալու կարևորությունը, երկրի աշխարհագրական դիրքը, միջազգային հանրության կարծիքը, գերտերությունների «ախորժակը», միջազգային մարդասիրական նորմերը, բայց ոչ ի վնաս և ի հաշիվ ազգային շահի։ Հակառակ դեպքում պետությունը դառնում է խաղալիք կամ խաղաքարտ գերտերությունների և միջազգային մի շարք կազմակերպությունների ձեռքին։ Քանի դեռ Հայաստանը (հայ ժողովուրդը ) չունի ազգային գաղափարախոսություն, և այդ ուղղությամբ պետականորեն հստակ աշխատանքներ չեն կատարվում, պետությունը, որպես այլընտրանքային տարբերակ,  օգտագործելով երկրում գործող ազդեցիկ քաղաքական կազմակերպությունների ներուժը, ճիշտ գնահատելով նրանց տեղն ու դերը, կատարելով համակարգողի գործառույթ, քաղաքական ասպարեզում կարող է հասնել զգալի արդյունքի։

Ցանկացած նորմալ, քաղաքակիրթ պետություն շահագրգռված է, որ երկրում գործեն առողջ քաղաքական ուժեր, կառուցողական ընդդիմություն, տարբեր քաղաքական ուղղություն ունեցող կուսակցություններ։ Կուսակցությունները, առաջին հերթին ունենալով համազգային խնդիրների լուծման նպատակ, բնականաբար, պետք է համագործակցեն պետության հետ (այստեղ համագործակցելը պետք չէ հասկանալ ենթարկվելու, հպատակվելու իմաստով), անկախ նրանից, դիմություն են, թե՝ ընդդիմություն, որպեսզի կարողանան մասնակից դառնալ պետության կողմից իրականացվող արտաքին և ներքին քաղաքականություններին։

Ընդհանրապես, կուսակցությունները իրենց ծրագրային դրույթները իրականացնում են երկրի խորհրդարանում ունեցած իրենց պատգամավորների, պետական ինքնակառավարման մարմիններում ընտրված կուսակցության անդամների կամ համակիրների, իշխանական այլ լծակներում գտնվող իրենց անդամների միջոցներով։ Դրանք արտոնված են երկրի Սահմանադրությամբ և օրենքներով։

Հայաստանը և Արցախը, բնականաբար, մասնակցում են աշխարհում տեղի ունեցող գործընթացներին, ուստի առաջնահերթ խնդիր է ճիշտ և հավասարակշռված պետական արտաքին և ներքին քաղաքականության իրականացումը։ Տվյալ խնդրում շատ կարևոր է երկրում գործող ազդեցիկ կուսակցությունների (այդ թվում՝ ընդդիմադիր) տեղի, դերի ճիշտ գնահատումը և նրանց ներուժի նպատակային օգտագործումը։

Հայաստանում և Արցախում գրանցված են 70-ից ավելի կուսակցություններ, որոնք բնակչության թվակազմի համեմատ, իհարկե, շատ են։ Դա հետևանք է «ժողովրդավարացում» հասկացության մեր յուրովի ընկալմանը, «Կուսակցությունների մասին» օրենքի թերությունների, ինչպես նաև արտաքին ուժերի կողմից մեր երկրի հեշտ «խոցելիության»։ Գաղտնիք չէ, որ գործող կուսակցությունների մեծամասնությունը հովանավորվում և ֆինանսավորվում է արտաքին ուժերի կողմից։ 
Այդ կուսակցություններն առաջին հերթին կատարում են «վերևների» պատվերները և պահանջները, հետո միայն ընթացքում լուծում «համազգային նշանակության խնդիրներ», իրագործում «ազգային վեհ գաղափարներ»։

Բարեբախտաբար, հայ իրականության մեջ գործում են մի շարք ազգային կուսակցություններ, որոնք, իրոք, մտահոգված են Հայաստանի Հանրապետության, Արցախի, Սփյուռքի ներկայով և ապագայով։ Հենց այդ կուսակցություններն են, որ պիտի արժանանան հայկական պետության ուշադրությանը և հոգատարությանը, այսինքն, նրանց հետ պետք է համագործակցի պետությունը, տրամադրի համապատասխան նյութական և ֆինանսական միջոցներ (օրենքով սահմանված կարգով), որպեսզի նրանք հնարավորինս զերծ մնան արտաքին ուժերի ազդեցությունից և կատարեն իրենց ազգօգուտ առաքելությունը։ 

Պետության և ազգային կուսակցությունների միջև փոխադարձ վստահության դեպքում պետությունը կարող է իրականացնել համակարգողի գործառույթը, այսինքն՝ հաշվի առնելով կուսակցությունների ուղղվածությունները, նպատակները, առանձնահատկությունները, հասարակության և միջազգային ասպարեզում նրանց ունեցած հեղինակությունը, նրանց մասնակից դարձնել քաղաքական կարևոր գործընթացներին, մարտավարական այս կամ այն խնդիրների լուծմանը։ Պետության կողմից իրականացվող այդ գործառույթը, պատկերավոր ասած, պետք է նման լինի դպրոցական ֆիզիկայից հայտնի լույսի տարալուծման (դիսպերսիա) երևույթին։ Ինչպես գիտենք, բնական լույսն անգույն է, սակայն անցնելով պրիզմայի միջով, տարալուծվում է, բաժանվում աչքի համար տեսանելի 7 գույների՝ կարմիրից մինչև մանուշակագույն։ Գույներից յուրաքանչյուրն ունի տարբեր ալիքի երկարություն, հաճախականություն, հզորություն և այլն։ 

Մեր պարագայում, պատկերավոր ասած, գույները փոխարինում ենք կուսակցություններով, իսկ պրիզման՝ պետական քաղաքականությամբ։ Պետությունը (ազգային էլիտան), հաշվի առնելով տվյալ կուսակցության հատկանիշները, նրան պետք է հատկացնի համապատասխան տեղ և դեր, այսինքն՝ գույն։ Պետության արտաքին քաղաքականությունը պետք է նման լինի լույսի, այսինքն, լինի անգույն։ Հակառակ դեպքում, ցանկացած գույնով հանդես գալու դեպքում, քաղաքական հակառակորդի համար կլինի տեսանելի և հեշտ խոցելի։

Վերը նշված մոդելը շահեկանորեն տարբերվում է գերտերությունների կողմից կիրառվող և այլ պետություններին պարտադրվող երկկուսակցական (սև-սպիտակ) մոդելից։ Իհարկե, Հայաստանում մի քանի տասնյակի հասնող կուսակցությունների առկայությունն էլ ազգային շահի տեսանկյունից անիմաստ է, պետք է գաղափարակից և նույնանման կուսակցությունները միավորվեն։ 

Մեր առաջարկած մոդելը պետք է կիրարկել հետևյալ կերպ։ Պայմանականորեն կարմիր գույնը հատկացնենք Կոմունիստական կուսակցությանը։ Բոլորին է հայտնի, որ նրանք Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում ազդեցիկ դեր ունեն։ Պետությունը պետք է նպաստի, որ ՀՀ և Արցախի Հանրապետության կոմունիստները ամուր կապեր հաստատեն ՌԴ կոմունիստների հետ և այն օգտագործեն մեր ազգային նպատակները իրագործելու համար։ 
Պայմանականորեն ՀՅԴ-ին հատկացնենք մանուշակագույնը։ ՀՅԴ-ն սոցիալիստական կուսակցություն է և Սոցինտերնի անդամ։ Իսկ Սոցինտերնի նման բարձր ամբիոնը պետականորեն չօգտագործելը, մեղմ ասած, ճիշտ չէ։ Չմոռանանք նաև ՀՅԴ հեղինակությունը Սփյուռքում և աշխարհում՝ ընդհանրապես։

ՀՀ-ում և Արցախում ազդեցիկ կուսակցությունների ստվար մասը աջ ուղղվածություն ունի։ Դրանց հատկացնենք՝ ծիրանագույնը։ Ողջունելի է վերջերս ՀՀ երեք կուսակցությունների՝ ՀՀԿ, ՕԵԿ և «Ժառանգության» մուտքը Եվրոպայի ժողովրդական կուսակցության մեջ։ Այն, իհարկե, նպաստելու է, որ ՀՀ հիշյալ քաղաքական ուժերը բարեփոխվեն և գործեն նաև ի շահ սեփական երկրի։ 
Եվրոպական մի շարք երկրներում իշխող կուսակցությունը սոցիալ-դեմոկրատականն է։ Դրանց էլ հատկացնենք դեղին գույնը։ 
Շարունակությունը, կարծում եմ, պարզ է։ 

Լույսի տարալուծման ժամանակ առաջացած գույների մասին նշեցինք, չնշեցինք աչքի համար անտեսանելի սպեկտրի վերին և ստորին գույները՝ ինֆրակարմիրը և ուլտրամանուշակագույնը. քաղաքական բառապաշարով ասած՝ «ծայրահեղական» գույները։ Այդ գունային երանգներին համարժեք կուսակցություններն ինքնին հասկանալի է ինչով պետք է զբաղվեն այսօր, երբ մեր թշնամին զօր ու գիշեր պատերազմի և հայատյացության կոչեր է հնչեցնում։

Հայ իրականության մեջ պետություն-կուսակցություն փոխհարաբերություններում համախմբող դերակատարություն կարող է ունենալ Հայ Եկեղեցին, որն, ինչպես հայտնի է, հանդես է գալիս որպես գաղափարաբանության և կազմակերպության ամբողջություն։ Գաղտնիք չէ, որ Հայ Առաքելական Եկեղեցին համահայկական ամենահզոր ազգային կազմակերպությունն է։ Ըստ Սահմանադրության և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին (Հայ Եկեղեցին) ճանաչվում է որպես հայ ժողովրդի ազգային Եկեղեցի, նրա ազգային մշակույթի զարգացման, ազգային ինքնության պահպանման, նրա հոգևոր շինության ու ազգապահպանության կարևոր պատվար։ Այսինքն՝ պետությունն իր բարոյական հիմքերի շինությունը վստահում է Հայ Եկեղեցուն և միասին իրականացնում ազգապահպանման սուրբ գործը։ 

Տրամաբանորեն, ՀՀ-ում և Արցախում գործող բոլոր կուսակցություններն առաջնորդվելով երկրում գործող Սահմանադրությամբ և օրենքներով, Հայ Եկեղեցու նկատմամբ պետք է ունենան իրենց հստակ դիրքորոշումը՝ ամրագրված կուսակցությունների ծրագրերում։ Բարեբախտաբար, հիմնականում, այդպես էլ կա, բայց թե ծրագրային այդ դրույթն ինչպես են իրականացնում կուսակցությունները՝ ցավալի է գրելը։
Հայ Եկեղեցին էլ, իր հերթին, կարող է և պետք է համագործակցի գործող ազգային կուսակցությունների հետ և իրականացնի հետևյալ գործառույթները.

ա. կուսակցության մարմիններում, ստորաբաժանումներում և կից կազմակերպություններում ներկայացնի Հայ Եկեղեցու դավանանքը, խնդիրները և նպատակները՝ քարոզի, դասախոսության և այլ ընդունելի ձևերով,
բ. նպաստի հայության բարոյական նկարագրի, մատաղ սերնդի, երիտասարդության կրթության և դաստիարակության գործին, ազգային և կրոնական ինքնագիտակցության ձևավորմանը,
գ. նպաստի ազգային և հոգևոր արժեքների պահպանմանը և քարոզմանը,
դ. նպաստի մատաղ սերնդի և երիտասարդության աշխարհայացքի ձևավորմանը,

ե. համատեղ պայքարի աղանդավորության և այլ խորթ կրոնական կազմակերպությունների դեմ, որոնք խաթարում են հայի ազգային նկարագիրը, վնասում պետական և եկեղեցական շինությանը, սպառնում ազգային անվտանգությանը,
զ. խթանի մշակույթի և արվեստի, հայոց լեզվի և գրականության, հայկական ավանդական արհեստների զարգացումը,
է. նպաստի ազգային ավանդույթների պահպանմանը և առողջ հայկական ընտանիքի ձևավորմանը,
ը. կազմակերպի համատեղ միջոցառումներ՝ նվիրված ազգային, եկեղեցական տոներին, մշակույթի և հոգևոր գործիչներին,
թ. կազմակերպի համատեղ ուխտագնացություններ, արշավներ և էքսկուրսիաներ։

Բացի վերը նշված գործառույթներից, ներկա իրավիճակում, երբ հայության առջև ծառացած են դժվարալուծելի քաղաքական մի շարք խնդիրներ, Հայ Եկեղեցին պարտավոր է իր ուժերի ներածին չափով նպաստելու դրանց լուծմանը։ 
Նորից հիշենք յոթ գույներ մասին և հուսանք, որ մի օր էլ, Աստծու կամոք, Հայկական բարձրավանդակի երկայքով՝ ծովից-ծով, մի հսկայական ծիածան կկապվի։

             ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ «Արցախի ժողովրդի ընդդիմությունը Ադրբեջանն է» արտահայտությունը ոչ միայն իրականության խեղաթյուրված պատկերացում է, այլև «ընդդիմություն» հասկացության, ընդդիմադիր ուժի առաքելության սխալ ընկալման հետևանք։ Օտարազգի թշնամին ինչպե՞ս կարող է լինել մի այլ պետության ու ժողովրդի ընդդիմությունը։ Ընդդիմությունը թշնամի չէ։ Այն նույն երկրի, նույն ազգի մի այլ հատվածն է, որ չի կիսում իշխող ուժերի վարած քաղաքականությունը, համառոտ և մեղմ ասած...

Որոնում

Օրացույց

«  Մարտ 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ