Գլխավոր » ԿՐԿԻՆ ՄԵՐ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
ԿՐԿԻՆ ՄԵՐ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
13:39
Փոքրիկ այս նյութը հրապարակվել է հայաստանյան blognews.am-ում և լայն քնարկման առարկա դարձել

Սկսվել է նոր ուսումնական տարին...
Հիշում եմ. երբ սովորում էի 9-րդ թե 10-րդ դասարանում, մտերիմ ընկերներով հաճախ էինք քննարկում, թե ո՞ւմ է պետք 10-ամյա ուսուցումը, երբ այդ 10 տարվա ընթացքում ստացած գիտելիքները կարելի է ձեռք բերել նաև 7-8 տարում։ Ինչո՞ւ ենք վատնում մեզ տրված թանկագին տարիները, ժամանակը...

Հիմա մեր երեխաները դպրոց են հաճախում 6 տարեկանից և 12 տարի շարունակ «գիտելիքներ են սերտում»՝ թեսթային համակարգով քննություն հանձնելու համար։ Նրանց գերակշիռ մասը Թումանյանի կամ Չարենցի մասին գիտե թեսթային հարցաշարերից, շատերը մազաչափ պատկերացում չունեն նրանց ստեղծագործությունների մասին... Այսօր նրանք դպրոցում գրեթե գիտելիք չեն ստանում, փոխարենը արտաժամյա վճարովի «դասընթացներ» են անցկացնում իրենց այդ նույն ուսուցիչների մոտ...

Նրանց կյանքից թանկագին 12 տարի ենք խլում, որպեսզի ապացուցենք, որ մենք էլ ենք «քաղաքակիրթ Եվրոպա»։ Ես չգիտեմ, թե եվրոպացի այդ ո՞ր շանորդին է հնարել 12-ամյա կրթական համակարգը։ Բայց հստակ համոզված եմ, որ նա ժամանակին անընդունակ, ապաշնորհ ու բթամիտ սան է եղել, 2-3 օրում սովորելիքը հազիվ մի շաբթում էր յուրացնում... Ու ահա, այդ ողորմելին դպրոցն ավարտելուց տասնամյակներ հետո հնարել է 12-ամյա այս անհեթեթությունը...

Հնարավոր է, որ մի քիչ այլ կերպ է եղել։ Հնարավոր է, մի քիչ գույները խտացրել եմ, բայց էականը դա չէ...
Ես ուզում եմ հարցնել, Հայոց կրթական համակարգի մեծ գլուխներին. «Բարոյական ի՞նչ իրավունքով եք խլում մեր երեխաների կյանքի թանկագին տարիները՝ փոխարենը գրեթե ոչինչ չտալով։ Այդ տխմարությունը կապկելուց առաջ դուք հարցրե՞լ եք ծնողների, մարդկանց կարծիքը»։ 

Սկսվել է նոր ուսումնական տարին։ Ես խորապես ցավում եմ մեր երեխաների կորսված տարիների համար։ Իսկ ավելի շատ ցավում եմ, որ հանգիստ թույլ ենք տալիս երևաններում բարձր պաշտոններ զավթած ինչ-որ տգետներ հիմարացնեն մեզ...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
blognews.am


ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ԿԱՐԾԻՔՆԵՐԻՑ

Մելանյա Պետրոսյանց (Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ) - Առիթ եմ ունեցել, ճիշտ է՝ ոչ խորությամբ, ծանոթ լինելու մի քանի երկրների, նաև ԱՄՆ-ի դպրոցական կրթական ծրագրերին: Համոզվել եմ, լավագույնը եղել են խորհրդային դպրոցի պլաններն ու ծրագրերը: Դրանք մերժեցինք՝ ցանկություն ունենալով ստեղծել մեր ազգայինը: Չկարողացանք ստեղծել ու տեղը դատարկ մնաց:

Լիլիթ Ումրշատյան - Ինչ ցավոտ հարց եք քննարկում... Ես չեմ կարողանում պատասխանել իմ 13 տարեկան տղայիս հարցին. «Մամ, ասա, ինչի՞ պիտի սա կարդամ սովորեմ»... Գո՞ւցե ժամանակն է բարձրաձայն ահազանգել, գո՞ւցե հատուկ են բթացնում երեխաների ստեղծագործական միտքը...

Բելա Լալայան - Մերժեցինք խորհրդայինը ոչ թե ազգայինը ստեղծելու, այլ «եվրոշեղվածություն» հիվանդության պատճառով, որոշ տհասների քաղքենիության պատճառով։

Նելլի Սարգսյան (Երևան) - ՀՀ կրթության և գիտության նախարարը մասնագիտությամբ բժիշկ լինելով, եթե չի հասկանում, որ մի ամբողջ կյանքն է ապականում, ապա նա բուժեղբորից ավելի չպիտի բարձրանար։ Բավական է երեխաներին զոմբիացնեն, ծնողներին էլ անհամար խնդրի առաջ կանգնեցնեն։ Մենք, 10 տարի սովորելով, այնքան բանիմաց ենք, որ այսօր ամեն անգամ ցնցվում ենք մեր երիտասարդների անգրագիտությունից...

Նարինե Բալասբեկյան - Դեպի համատարած բթացում ու անզգայացում։ Վերևներին պետք չեն խելացի ու տրամաբանող գլուխները... Որքան խոնարհ, այնքան խաղաղ...

Լիլիթ Աբգարյան (Երևան) - էդ փոփոխությունների միակ դրական կողմը 10 բալանոցի անցումն էր հենց: Ավելի հեշտ է գնահատել: Ենթադրենք էն ժամանակ մատյանում չէիր կարող գնահատել «4-», իսկ հիմա կարող ես «6» գնահատել։

Քրիստինա Բարսեղյան - Երևի օրենք ընդունողները 10 տարի սովորած գիտելիքներից շատ դժգոհ են, դրա համար 12-ամյա կրթություն են մտցրել։ Այն դեպքում, երբ խորհրդային 10-ամյա կրթական համակարգը լավ համարում ուներ աշխարհում...

Անահիտ Մեսրոպյան - Զոմբիացման, ուղեղների բթացման համակարգ են մշակել և փաթաթել են մեր վզին: Առանց 12-ամյա կրթության ծրագրի, կրթությունը 12-ամյա են դարձրել, արհեստական ուռճացրել են: Շատ կարևոր և ցավոտ թեմա է: Իսկ ամենավատն այն է, որ ոչինչ չենք կարող անել: Ես չեմ էլ ընդունում, թե ինչ անհեթեթություններ են գրված դասագրքերում, բա դրանցից ինչպե՞ս պաշտպանենք մեր երեխաներին։ ճիշտը ասես՝ երեխան բացասական թվանշան կստանա, թույլ տաս այդ անհեթեթությունները սովորի՝ վաղն անգրագետ է դառնալու: Մարդ չգիտի, որն է չարյաց փոքրագույնը:

Վարդան Խառատյան - Գրեթե համաձայն եմ հեղինակի հետ, բայց ունենք ուսուցիչներ, որ անկախ ամեն ինչից, գիտելիք տալիս են...

Աննա Մանուկյան - Ո՞վ հորինեց այդ 12 տարին և ինչո՞ւ չեն լսում ժողովրդի բողոքները։ Թե դրա համար էլ պիտի հանրահավաք անենք ու գոռանք՝ Աշոտյան, հեռացիր...

Լուսինե Գրիգորյան - Միանգամայն ճիշտ եք։ Ավագ դպրոցներում ու բազային քոլեջներում ուղղակի զբաղված են ժամավաճառությամբ։ Իրոք, ափսոս է ժամանակը...

Հասմիկ Աբրահամյան - Ես էլ եմ դժգոհ. անիմաստ կորցրած 2 տարի, նաև դժգոհ եմ արտաժամյա դասերը երեխաների վզին փաթաթելու սովորույթից։ Կարծում եմ՝ ցանկացած գրագետ ծնող գոնե այնքան տիրապետում է տարրական դասարանի գիտելիքներին, որ ինքը կարողանա պարապել իր երեխայի հետ։ Ի վերջո էլ ինչի՞ համար ենք երեխաներին դպրոց ուղարկում, որ դեռ մի բան էլ դասերից հետո դասատուների մոտ պարապելու տանք...

Որոնում

Օրացույց

«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Արխիվ