Գլխավոր » ԼԱՎ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
ԼԱՎ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
23:52

Սիրելի ընթերցող, երբևէ մտածե՞լ ես այն մասին, թե շուկայական հարաբերություններն ինչքան ճոխ ու շռայլ դարձրին մեր կյանքը... Ուր որ նայում ես, խանութներ են՝ ամենատարբեր ձևերի, չափերի ու երանգների։ Տունդ հյո՞ւր է եկել կեսգիշերին, խուճապի մատնվելու կարիք չկա, մտի՛ր ուզածդ խանութն ու գնիր անհրաժեշտ ապրանքները։
Իսկ ինչի՞ էր նման մեր կյանքը խորհրդային տարիներին. ամեն մի թաղամասում կենտրոնացված էր ընդամենը մեկ մթերային խանութ, ուր մտնելն ու դուրս գալը մեկ էր լինում։ Էդ վաճառողուհիներն էլ այնքա՜ն կոշտ ու կոպիտ էին խոսում հետդ, որ երբեմն, երբ գնած ապրանքը չէր գոհացնում քեզ, և խնդրում էիր փոխել, այնպե՜ս ծույլ-ծույլ վեր էին կենում տեղից ու փնթփնթում, անիծում իրենց բախտը. հատկապես այն օրը, երբ առաջին անգամ կանգնեցին վաճառասեղանի հետևում։ Այդքանը դեռ ոչինչ, փողի մանրն էլ չէին վերադարձնում։
Հիմա, փա՜ռք Աստծո, ամեն շենք տասնյակից ավել մթերային խանութ ունի, որոնց հյուրընկալ դռները գիշեր ու զօր բաց են գնորդների առջև։ Մտնում ես խանութ ու նրա առատությունից մի պահ շվարում՝ մոռանալով, թե ինչու ես հայտնվել այստեղ։ Եվ մեկ էլ հանկարծ իսկույն դիմացդ հայտնվում է գեղեցիկ, ժպտադեմ երիտասարդ վաճառողուհին և ապրանքների ընտրության հարցում մի այնպիսի մեծ պատրաստակամություն է ցուցաբերում, որ եթե ապրանքը քեզ դուր էլ չգա, նրա խաթեր համար ստիպված ես գնել։

Եվ այնպես էլ գեղեցիկ է ժպտում, որ բոլորովին չես ուզում թողնել խանութը, այլ մտադրվում ես այսուհետ ավելի հաճախ այցելել նրան։ Բայց որքա՜ն խորն է լինում հուսահատությունդ, երբ հանկարծ մտնում ես կողքի խանութը, ու բանից պարզվում է, որ դրա վաճառողուհին ավելի սիրուն է և ավելի պատրաստակամ։

Մի կարևոր բան ևս. էդ վաճառողուհիների ազնվությունից քեֆդ գալիս է. էդ էր պակաս, որ նրանք փողի մանրը չվերադարձնեն։ Դե՝ նրանք ավելի շուտ կհրաժարվեն իրենց անունից, քան փոքրոգություն կանեն։ Եվ մեկ-մեկ էլ, երբ փորձում ես չնկատել մանրը, այնպես են վիրավորվում, որ...

Չէ՜, հիմա շատ լավ ժամանակներ են։ Խորհրդային տարիներին, օրինակ, մեր մայրաքաղաքում մի քանի գրախանութ կար և, ասում են նույնիսկ, որ այնտեղ հաճախ էին հերթեր գոյանում։ Այ, հիմա ուրիշ է. մեր ժողովրդին այլևս գրքերը չեն հետաքրքրում ու, «բնականաբար», փակվել են գրախանութները։

Ասացեք, խնդրեմ, արցախցու ինչի՞ն է պետք գեղարվեստական կամ գիտական գրականությունը, երբ ընթերցանության փոխարեն ի զորու է դիտել մեքսիկաբրազիլական դյուրամարս ու սրտաշարժ հեռուստասերիալներ։ Հետո էլ, այդ գրողներն ու բանաստեղծները ձևի հետևից ընկնելով՝ այնպես բարդ ու դժվարամատչելի բառեր են գործածում, որ դյուրությամբ չես ըմբռնում գրածը, և երբեք էլ չես համարձակվում գիրքը կեսից ընթերցել։ Բայց այ, այդ հեռուստասերիալները որ մասից ուզում ես համտեսիր՝ իսկույն ընկալում ես...

Միայն մի բան չեմ հասկանում, ինչո՞ւ են հիմա բոլորը գրիչ վերցրել ձեռները, երբ ժողովուրդն այլևս գիրք չի ընթերցում և, ի վերջո, գրախանութ էլ չկա։ Դժվար թե մեր օրերում հանդիպես մի ուսանողի, որն ուզենա Չարենցի, Իսահակյանի կամ Տերյանի հատընտիրը ձեռք բերել։ Իսկ ի՞նչ է, կարծում եք ուսանողները գրքեր չե՞ն գնում։ Է՛հ, ուսանողի օրն էլ սևանա... Խեղճերը դասերից հետո մի երկու կոպեկ են աշխատում, այն էլ դասախոսների ամենատես աչքից չի վրիպում. իրենց նոր լույս ընծայած գրքերը նրանց վրա են սաղացնում՝ պատճառաբանելով, որ մասնագիտական է։

Ուսանողն էլ գլխից ձեռ չի քաշել, որ իր «սեփական» դասախոսի գիրքը չգնի։ Է՛հ, ով ինչ ուզում է՝ թող ասի, հիմա երանելի ժամանակներ են։ Ինչի՞ էր նման մեր մայրաքաղաքը խորհրդային տարիներին. անշուք և անճաշակ շենքեր, նույնատիպ խանութներ, անբարեկարգ ճանապարհներ, հնաոճ ու հնամաշ ավտոմեքենաներ... Իսկ հիմա մեր քաղաքում այնպիսի շքեղ ու նորաոճ դղյակներ են կառուցվում, որ հաստատ արտասահմանյան հարուստ ձեռներեցների նախանձը կշարժեն։

Մի ամիս առաջ ծանոթս լուսանկարվեց մի շատ պերճաշուք խանութի առջև և այն ուղարկեց Ռուսաստան՝ իր սիրածին։ Եվ պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան տխուր պատմության մեջ ընկավ։ Սիրածը խռովեց նրանից՝ ասելով, թե ինչու է առանց իր թույլտվության Գերմանիա մեկնել։

Դե, ծանոթս էլ հեռախոսազանգերով հավաստել է, որ ոչ թե Գերմանիայում, այլ Ստեփանակերտում է լուսանկարվել։ Ի՞նչ օգուտ դրանից, լսողն ո՞վ էր։ Սիրածն այդպես էլ չհավատաց, ասում էր՝ Ղարաբաղն աղքատ երկիր է, այդքան փող որտեղի՞ց, որ իր ժողովրդին աղքատությունից փրկելու փոխարեն շքեղ դղյակներ ու խանութներ կառուցի...

Հա, ի դեպ, այդ ընտիր, ամենավերջին մակնիշի արտասահմանյան ավտոմեքենաներն էլ են Արցախը հարուստ երկիր դարձնում։ Եթե խորհրդային ժամանակներում հարուստները գերադասում էին ձեռք բերել միայն մեկը և ամենաընտիրը (խոսքս ոչ միայն ավտոմեքենայի մասին է, այլև՝ սիրուհու, բնակարանի, սեփական կնոջ և նմանատիպ այլ բաների), ապա այսօր ընտրությունը մեծ է, հնարավորությունը՝ շատ, ցանկություն էլ՝ կա ու կա։

Ասում են՝ խորհրդային տարիներին մարդ արարածին հատուկ էր երազելու ունակությունը։ Հիմա ո՞վ է երազում որ... Մի այնպիսի բան էլ չի մնացել, որ մարդ կամենա ձեռք բերել ու չհաջողվի...

Առաջներում մուրացկանները, եթե, իհարկե, կային, անլեգալ պայմաններում էին «աշխատում», հիմա մեծ համարձակություն են ստացել և օրը ցերեկով մեր դռներն են ծեծում, թե՝ հաց կամ փող։ Աստված չանի, մեկ էլ տեսար՝ մի գեղեցիկ օր ներխուժեցին մեր տները թե՝ կամ հաց, կամ՝ կյանքդ։
Մինչև մեր ժողովրդի վերածնունդը արցախցիները հասարակական վայրերում ռուսերեն լեզվով էին խոսում, իսկ շուկայում էլ՝ ճարահատ ադրբեջաներենով։ Հիմա ինչ հայերենը դարձել է պետական լեզու, մեր երիտասարդությունը սկսել է անգլերեն բլբլացնել...

Հետո էլ՝ նկատել եմ, մեկ-մեկ մարդիկ տրտնջում են, որ մ
եր հայ երգիչ-երգչուհիները անգլերենով են երգում։ Այդտեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում. նախ՝ «Ինչքան լեզու գիտես, այնքան էլ մարդ ես» կարգախոսը բոլորի համար է, հետո էլ՝ այդ անգլիացիներն ու ամերիկացիները թող նախանձից պայթեն ու համոզվեն, որ անգլերենը միայն իրենց լեզուն չէ և թե կարող են՝ թող իրենք էլ հայերեն երգեն...
Դե, այսքանից հետո ո՞նց ասես, թե վատ ժամանակներ ենք ապրում...

ՆՎԱՐԴ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
 

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ