Գլխավոր » ԼԵՈ
ԼԵՈ
16:46

ԱՆՑՅԱԼԻՑ

 

Հայ-թուրքական ընդհարումները դեռ

հարկավոր էին ռուս կառավարությանը

 

(Սկիզբը նախորդ համարներում)

 
«Կովկասը,- ասում էին ռուս բյուրոկրատները,- պետք էր նորից նվաճել»: Եվ նվաճող խոստացավ լինել Վորոնցով-Դաշկովը, բայց ոչ թե զենքով, այլ քաղաքականությամբ: Միամտություն կլիներ կարծելը, թե ցարի ձեռքի տակ հնարավոր էր, որ նոր փոխարքան տար այն ամենը, ինչ խոստանում էր...

Նախևառաջ նա դեն քշեց գոլիցինյան քաղաքականությունը և ժպիտներ շնորհեց հայերին: Փոխանակ այդ տնտեսապես ուժեղ ժողովրդին հալածանքներով խրտնեցնելու և հուսահատ հեղափոխականներին գետնահարկերը քշելու՝ ավելի լա՞վ չէր թեթև, հաճախ կարծեցյալ զիջումներով նվաճել նրան՝ իր ամբողջ կազմակերպված հեղափոխությամբ հանդերձ: Եվ իրավ, նրա այս քաղաքականությունն առաջին իսկ քայլից հաջողություն գտավ: Հայերն իրենց զգացին հովանավորված և ոչ թե առաջվա պես պետության և բախտի խորթ զավակներ: Այս հանգամանքը գրգռեց կովկասյան մյուս ազգերի և մասնավորապես վրացիների նախանձն ու չարակամությունը: Բայց սա ավելի ևս լավ: Սրանով ավելի հեշտ էր իրարից բաժանած դրության մեջ  պահել կովկասյան ազգերին, քան արյան ու բոցերի միջոցով կիրառվող բաժանումը: Դաշկովը Գոլիցինից պակաս չէր ըմբռնում, թե ինչ է հարկավոր Ռոմանովներին՝ մի վատիկանյան ինքնակալություն պահպանելու համար: Բայց իր նախորդից տարբերվում էր նրանով, որ Գոլիցինը՝ կոպիտ ու դյուրագրգիռ մի զինվոր, ամեն ինչ անում էր պարզ ու արագ՝ արջի պես կոխկրտելով, իսկ Վորոնցով-Դաշկովը գործում էր իբրև հին ու փորձված աղվես:

Հայերը մեծ ակնկալություն ունեին, թե նոր բարձր պաշտոնակալը կտրուկ միջոցներով և անհապաղ վերջ կդնի հայ-թուրքական կռիվներին: Բայց սխալվում էին. նրանք չէին հասկանում դրությունն ու  քաղաքականությունը... Ամեն տեղ և ամենքին Վորոնցով-Դաշկովը հուսադրեց, թե հայ-թուրքական կռիվները չեն լինի այլևս, քանի որ այդպես է կամենում իրեն ուղարկած կայսրը: Սակայն մնում էր, որ միայն մի քանի օր անցնի, որպեսզի ամենքի համար ակնառու լինի, թե ո՛չ կայսրն է կամենում, ո՛չ էլ նրա փոխանորդ Վորոնցով-Դաշկովը: Հազիվ մի շաբաթ անցած վերջինիս Թիֆլիս մտնելուց՝ հայերի մեծ կոտորած տեղի ունեցավ Հին Նախիջևանում և նրա շրջակա գյուղերում: Իսկ մի քանի օր հետո էլ՝ երկրորդ անգամ հայ-թուրքական կռիվ սկսվեց Երևանում: Հայկական մի պատվիրակություն ներկայացավ փոխարքային և խնդրեց վերացնել այդ ժողովրդական դժբախտությունը: Վորոնցով-Դաշկովը սիրալիր ընդունելություն ցույց տվեց պատվիրակությանը, ասաց, թե իրեն հայտնի է, որ հայերն իբրև կուլտուրական մի ժողովուրդ, նախահարձակ չեն լինում, բայց առաջարկեց ներգործել հեղափոխական կոմիտեների վրա, որ նրանք դադարեցնեն իրենց տեռորիստական գործունեությունը: Այսպիսով, ուրեմն, նոր փոխարքան էլ հայ-թուրքական կռիվներին նայում էր իբրև հեղափոխության և, իհարկե, գլխավորապես Դաշնակցության դեմ կռվելու միջոցի: Այս կողմից Կովկասի նոր գլխավոր վարչապետը շարունակում էր իր նախորդի՝ Գոլիցինի քաղաքականությունը: Հայ պատվիրակները ստիպված եղան պատասխանել, թե իրենք անկարող են ներգործել կոմիտեների վրա, որոնց գոյությունը գաղտնի է և տեղն անհայտ, և որոնք, եթե ճիշտ որ խոշոր նշանակություն են ստացել հայ ժողովրդի համար, [ապա] կալվածքների գրավելուց հետո է, որ թողել են իրենց գործունեությունը Թուրքիայում և ձեռք են առել ռուսահայերի ազգային շահերի և ֆիզիկական գոյության պաշտպանությունը:

Փոխարքան իհարկե շատ լավ գիտեր, որ ներկայացուցիչների հայտարարությունն իրենց անկարողության մասին՝ բոլորովին անհիմն էր, քանի որ Դաշնակցությունը գործում էր միանգամայն բաց ու ակներև, և նրան տեսնում էին ամեն տեղ՝ և՛ հրամայելիս և՛ կարգադրելիս: Իբրև պատասխան այդ ժխտողական պատասխանի, որով հայ բուրժուական ինտելիգենցիան հրաժարվեց աջակցություն ցույց տալ ցարական կառավարությանը, կոմս Վորոնցով-Դաշկովը մի քանի օրից հետո ավելի ևս սիրալիր կերպով ընդունեց թուրքական պատվիրակությանը, որը նրան գրավոր զեկուցում տվեց մահմեդական ազգաբնակչության կարիքների և պահանջների մասին, որի երկրորդ մասն ամբողջովին նվիրված էր հայ-թուրքական կռիվներին և իր մեջ պարունակում էր խիստ հարձակումներ հայերի և, մասնավորապես, հայ ինտելիգենցիայի դեմ: Այդտեղ բոլորովին ժխտվում էր, թե մահմեդականները որևէ տեղ նախահարձակ են եղել հայերի վրա և ամենայն լրջությամբ և հաստատուն շեշտերով հայտարարվում էր, թե մահմեդականները միայն պաշտպանել են իրենց, թե ամբողջ մեղքն ընկնում է հայ կոմիտեների վրա, որոնք գործադրում են ոչ միայն կատարելագործված զենքեր, այլև պայթուցիկ ռումբեր, և շարունակ տեռորներ են կատարում...

Դաշնակցականները, ճիշտ է, տեռորներ կատարում էին, բայց բացառապես պետական պաշտոնյաների վրա: Այսպես, նրանց ռումբից փողոցի մեջ ոչնչացել էր Բաքվի նահանգապետ Նակաշիձեն, որը փետրվարյան կոտորածի ժամանակ այնքա՜ն աղաղակող օրինակներով ցույց էր տվել, թե ինքը թուրքերի կողմն է, նրանց կազմակերպողը հայերի դեմ: Բեկերն իրենց պաշտպանության տակ առնելով ռուսական ոստիկանությանը՝ դրանով իսկ փակում էին ցարական բյուրոկրատիայի աչքերը՝ Ստամբուլից իրենց ստացած համաիսլամական ներշնչումներն իրագործելու համար: Ուրիշ կերպ անկարելի է բացատրել նրանց կատաղի թշնամությունը Դաշնակցության դեմ, որովհետև մինչև հայ-թուրքական կռիվները Դաշնակցության տեռորն ուղղված էր բացառապես ռուսական չինովնիկության դեմ և ոչ մի վնաս չէր տվել թուրքերին:

Վորոնցով-Դաշկովը, նորից կարդալով թուրքական զեկուցումը, հայտարարում է պատվիրակներին, թե ինքը միանգամայն համաձայն է բոլոր կետերի հետ, թե ռուսական իշխանությունները շատ լավ գիտեն հայ-թուրքական կռիվների բուն պատճառը, իսկ ինքը համոզված է, որ թուրքերը ոչ մի տեղ նախահարձակ չեն եղել...

Այս հայտարարությունները շատ լավ բնորոշում են Կովկասի այս նոր սատրապի աղվեսային դեմքը: Հայերին ասում էր, թե նրանք սկսողներ չեն. թուրքերին ասում էր, թե նրանք չեն սկսողները, իսկ Նիկոլայ ցարին գրում էր, թե սկսողները տեղ-տեղ թուրքերն են եղել, տեղ-տեղ՝ հայերը:

Ըստ երևույթին, այսքանը բավական պիտի լիներ Վորոնցով-Դաշկովին լավապես ճանաչելու և նրա նենգավոր քաղաքականությունից պաշտպանվելու համար: Բայց հայ բուրժուական իրականությունը ե՞րբ է կարողացել քաղաքական հեռատեսություն, շրջահայեցություն և նրբամտություն ցույց տալ: Հենց այս աղետավոր օրերից էր սկսվում այն անպայման վստահությունը դեպի Վորոնցով-Դաշկովի «հայասիրությունը», որ տարիների ընթացքում ուռչելով դարձավ մի ամբողջ պաշտամունք, և այդ պաշտամունքն էլ հայ ժողովրդին անհուն աղետների խորխորատը գլորեց:

Դաշնակցության վերաբերմամբ Վորոնցով-Դաշկովի քաղաքականությունը տվեց նույն հետևանքները, ինչ արդեն տվել էր Գոլիցինի քաղաքականությունը: Եթե ուզում էին, որ Դաշնակցությունը կորցնի իր նշանակությունը, պիտի ամեն միջոց գործ դնեին, որ վերջանային հայ-թուրքական կռիվները, և հայ աշխատավոր ժողովրդի կյանքն ապահովված լիներ: Բայց համիդյան մտայնությունը չափազանց շատ էր հափշտակել ռուս բյուրոկրատիայի փայտե ուղեղը: Հայ-թուրքական կռիվները չվերջացան, անցան Գանձակի և Թիֆլիսի նահանգներն էլ, և մահվան վտանգին մատնված ժողովուրդը հոժարությամբ ինքն իրեն ենթարկեց Դաշնակցության դիկտատուրային: Ֆիդայությունը դարձավ իդեալ: Թուրքահայ գաղթականները՝ անտուն, անտեր, հողազուրկ թափառականներ, մինչև պռունկները լցված  վրեժխնդրության զգացումով՝ դաշնակցական խմբերի մեջ խոշոր թիվ էին կազմում և այնպիսի խժդժություններ էին կատարում, ուր թուրք ժողովրդի համար սարսափ արտահայտող մի հնչյուն էր դարձել «թաղթաղան» (գաղթական) բառը:

Եվ բոլորովին չի կարելի ասել, թե Վորոնցով-Դաշկովին անհայտ էր այդ հանգամանքը: Իմ գրադարանում պահվում է նրա առաջին «ամենահպատակ հաշիվը» Նիկոլայ Բ-ին, որի մեջ նա պատմում է, թե ինչպես հայ-թուրքական կռիվները բարձրացնում են դաշնակցականների հեղինակությունը հայ ժողովրդի մեջ, թե ինչպես նրանք կանոնավոր կերպով հարկեր են հավաքում գյուղացիներից, հարկավոր դեպքում նույնիսկ ծախում են նրանց անասունները՝ զենք գնելու և ամենքին զինելու ու զինվորագրելու համար: Ռուսաց կառավարությանը հայտնի էր դարձել և այն հանգամանքը, որ Դաշնակցությունն այլևս չի բավարարվում հայ ժողովրդի ինքնապաշտպանության գործով, այլ կյանքի ու մահվան պայքար է հայտարարել անդրկովկասյան թրքության դեմ: Միատարր հայ ազգաբնակչություն ունեցող շրջաններ կազմելու և ապագա ինքնավար Հայաստանի հողը պատրաստելու համար Դաշնակցությունը ձեռնարկում է բնաջինջ անելու թուրքերին այնտեղ, ուր նրանք փոքրամասնություն են կազմում... Լևոն Աթաբեկյանը, որ հետո միայն թողեց Դաշնակցության շարքերը և դարձավ սոցիալիստ-հեղափոխական, 1905-ին Շուշիում սկսված կռիվների գլխավոր ղեկավարներից մեկն էր հայերի կողմից, Թիֆլիսի դաշնակցական կոմիտեի նիստում պարծենում էր, թե իրենք Ղարաբաղում զբաղված են «հայաստանցիներ» ստեղծելով...

Պատերազմը կատաղության ծայրին էր հասնում Ղարաբաղում և մանավանդ նրա մայրաքաղաք Շուշիում: Այս քաղաքի ճակատագիրը շատ տարօրինակ էր: Թեև նա առանձին մի գործոնի դեր չէր կատարում հայ հեղափոխական իրականության մեջ, բայց Գոլիցինի համար դարձել էր աչքի փուշ: Այդ, որպես թե ամենահայ մի կենտրոն էր համարվում, հայ նացիոնալիզմի միջնաբերդ: Հայտնի էր, որ Գոլիցինը ծրա-գրել էր քանդել Շուշիի հայկական մասը և հայերին գաղթեցնել Սիբիր՝ այնտեղ բնակեցնելու համար: Այս վայրենությունը, սակայն, թույլ չտվեց նրան Պետերբուրգը: Այն ժամանակ Գոլիցինն ուրիշ ուղղությամբ տարավ գործը: Հայերին քաջապես սանձահարելու համար Գանձակի նահանգապետ նշանակեց իր նման խելացնոր մի ռուսացնողի՝ գեներալ Կիրեևին, որ մաքրեց Շուշին հայ չինովնիկներից՝ ուղարկելով նրանց ծառայելու Ռուսաստանի խորքերում: Հայ դպրոցներ առանց այն էլ չկային, մնացել էր 50 տարիներից ի վեր գոյությունը պահպանած թեմական դպրոցը, որ նույնպես փակվեց:

Երբ սկսվեցին հայ-թուրքական կռիվները, Ղարաբաղի հայ և թուրք ազգաբնակչության ներկայացուցիչները հավաքվեցին Թիֆլիսում, իրար խոսք տվին ամեն միջոց ձեռք առնել, որպեսզի կոտորածները մուտք չգործեն Ղարաբաղ: Երկու կողմերն էլ այն համոզմունքին էին, որ կռիվներն առանձնապես կատաղի և առանձնապես շատ ավերիչ կլինեն Ղարաբաղում այն հանգամանքի պատճառով, որ տեղի թե՛ հայ և թե՛ թուրք ժողովուրդներն աչքի են ընկնում իրենց խիզախ և քաջ բնավորությամբ: Սա շատ ճիշտ էր, և մենք՝ հայ պատվիրակներս, բաժանվեցինք մեր աչքի ընկնող և ազդեցիկ հայրենակից բեկերից՝ գրեթե հավատացած, որ երկու կողմերս էլ ցույց կտանք, թե «վաթան գարդաշի» (հայրենիքի եղբայրակիցներ) էինք: Եվ իրավ, գրեթե ամբողջ ամառն անցնելու վրա էր, հայ-թուրքական կռիվները ծավալվում էին Երևանի նահանգի շատ տեղերում, ուրիշ նահանգներում ևս ստանում էին համատարած ժողովրդական դժբախտության կերպարանք, իսկ Ղարաբաղը լուռ և հանդարտ էր:

1905թ. օգոստոսի 1-ը ռուսահայ ժողովրդի համար դարձավ մի կատարյալ ազգային տոն: Այդ օրը հրապարակվեց Նիկոլայի ուկազը, որով հայերին վերադարձվում էին երկու  տարի առաջ այնպիսի խայտառակություններով խլված եկեղեցական կալվածքները: Բացի դրանից՝ թույլատրվում էր դպրոցներ բացել ավելի լայն իրավունքներով, քան գոյություն ուներ 1884թ.-ից ի վեր: Չնայած հայ-թուրքական արյունահեղությունների մղձավանջին, չնայած որ հայ աշխատավոր զանգվածն իր սգի մեջ էր նստած՝ իր կրած անփոխարինելի կորուստների պատճառով, շատ տեղերում աղմկալի ցույցեր էին կատարում ի պատիվ ցարի, և հրապարակավ շեշտվում էր մի նոր երևույթ՝ եղբայրացում ռուս զորքերի և հայերի միջև: Այսպիսի հանդիսավոր ցույցեր տեղի ունեցան, օրինակ, Շուշիում: Բայց մի երեք ժամ հազիվ անցած, կոտորածը սկսվեց և Շուշիում: Եվ «հայաստանցիներ» ստեղծող Լևոն Աթաբեկյանը, տեսնելով, որ թուրքերը զոռ են անում և արդեն հայկական քաղաքամասն են խուժում Քոհնա հանգիստարանի կողմից, վազում է իրենց տուն և հայտարարում, թե իրեն մի ճանապարհ է մնում՝ ինքնասպանություն գործել: Իսկույն վեր են կենում, եթե չեմ սխալվում, 1000 ռուբլի են հավաքում, տանում տալիս Շուշիի ռուս զորքերի գլխավորին, որը զինվորներ է հանում և հրացանային կրակով ետ մղում թուրքերին: Բայց հայկական թաղի մի խոշոր մասը՝ կենտրոնականը՝ ավելի քան 400-500 տներ, այրվում են: Եվ որ զարմանալին է, այդ հրդեհումների և կողոպուտների մեծագույն մասը կատարվում էր հենց իրենց՝ հայերի քաղաքային և գյուղական տականքների ձեռքով: Առհասարակ գաղափարական տեսակետից չէր կարելի ամբողջ Շուշին համարել դաշնակցական ծուխ: Այդտեղ շատ կային տարրեր, որոնք հակառակ էին դաշնակցական հախուռն (քյալլագյոզ) գործողություններին, ընդդիմանում էին նրանց գրգռիչ և միամիտ վարմունքին: Բայց ի՞նչ անես. անճարությունը և կառավարության կողմից լքվածության վիճակը ստիպում էին, որ դժգոհներն էլ հպատակվեն ֆիդայական դիկտատուրային:

Շուշիի արյունահեղությունը դեռ չվերջացած՝ նույն ամսին երկրորդ կոտորածը սկսվեց Բաքվի մեջ, ավելի ահավոր չափերով: Այդ միջոցին Կիսլովոդսկում գտնվող և Թիֆլիսից հատուկ հանձնարարությամբ այնտեղ գնացած հայերից մի պատվիրակություն ներկայացավ կոմս Վորոնցով-Դաշկովին և նրան մի ջերմ շնորհակալական ուղերձ մատուցեց՝ եկեղեցական կալվածքների և դպրոցների վերադարձման առիթով:

Նիկոլայն, ուրեմն, անձնատուր էր եղել հայերին: Դաշնակցությունն, իհարկե, ամեն տեղ խաչփողանում, ծեծում էր իր կուրծքը և ասում, թե դա բացառապես իր հաղթությունն է, թե ինքն է հարկադրել Նիկոլային՝ չոքել հայ ժողովրդի առջև: Բայց սա, իհարկե, սովորական լոպպազություններից մեկն էր: Նիկոլայ Բ-ին ոչ միայն հայության, այլ ամբողջ աշխարհի և մանավանդ ռուս ժողովրդի առջև չոքեցրել էր ճապոնական մարշալ Օյաման: Եվ հետո, մեծ դեր էր կատարել  այն հանգամանքը, որ Վորոնցով-Դաշկովը Գոլիցինից խելոք էր: Խելառ հայակերը մի հիմար  թեթևամտությամբ հափշտակել էր հայ ժողովրդի կալվածքներն ու դրամագլուխները՝ նույնիսկ չկարողանալով հաշվի տակ գցել, թե հափշտակված գույքն ինչ հարստություն պիտի մտցնի պետական գանձարանի մեջ: Ռուս բյուրոկրատները ֆանտաստիկ պատկերացում ունեին հայ եկեղեցական հարստությունների մասին: Ես ինքս կարդացել եմ «Новое Время»-ի մեջ, որ ռուս կառավարչական շրջաններում տարածված էր այն համոզումը, թե միայն անգլիական բանկի մեջ հայ հոգևորականությունն ունի 30 մլն ռուբլի՝ ոսկով: Միայն այն ժամանակ, երբ խլվեց ժողովրդական կարողությունը, հաշվի նստեցին և տեսան, որ պետությունը ոչ միայն օգուտներ չպիտի ստանա իր հափշտակություններից, այլև իրենից մեծ գումարներ պիտի ծախսի կալվածքները և դպրոցները պահպանելու համար...

Իսկ թե կառավարությունը երբեք իրեն պարտված չէր համարում Դաշնակցությունից, այդ ապացուցողը հենց այն է, որ նա շարունակում էր իր քաղաքականությունը հայ-թուրքական կոտորածների վերաբերմամբ: Օգոստոսի 1-ի ուկազով կառավարությունը կարծում էր, թե իր կողմն է գրավում հայ չափավոր տարրերին, որոնք կարող էին եթե ոչ ոչնչացնել, գեթ փոքրացնել ռումբերով և տեռորներով գործ տեսնող հեղափոխական կոմիտեներին: Բայց այդ բանը տեղի չէր ունենում այն պարզ պատճառով, որ Դաշնակցությունն ուժեղ էր զինված և իշխանություն էր կազմում: Ֆիդայիները Զանգեզուրի և այլ գավառների գյուղացիների մեջ կատարում էին այնպիսի սանձարձակ բռնություններ, որոնք հիշեցնում էին նրանց նմանօրինակ սխրագործությունները Սալմաստում և Թուրքահայաստանում: Եվ կառավարությունն անժամանակ էր համարում դադարեցնել կռիվը նրանց դեմ թուրքական հրոսակախմբերի միջոցով... Հայ-թուրքական ընդհարումները դեռ հարկավոր էին ռուս կառավարությանը, շատ էին հարկավոր...

(Շարունակելի)


Որոնում

Օրացույց

«  Մայիս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ