Գլխավոր » ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ
ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ
09:49
Թիֆլիսում էլ այդ նույն մարդը արյան բաղնիք պատրաստեց իր այնքան սիրած հայերի համար

(Սկիզբը նախորդ համարներում)
Այսօր էլ իմ աչքի առջև է այն գեղածիծաղ, [բայց] արյունով ողողված՝ հոկտեմբերի 18-ի օրը՝ երկրորդը Նիկոլայի մանիֆեստից հետո: Թիֆլիսի փողոցները լցված էին զբոսնողներով, շատերի կրծքի վրա արդեն երևում էին կարմիր ժապավեններ:
...Մարդիկ այլևս չեն վախենում: Ո՞ւր մնաց ցարական Ռուսաստանը: Ո՛չ, նա դեռ կա: Նայի՛ր, դրագունների գումարտակներն են իրենց չաղ ու ուժեղ ձիերի վրա շրջագայում փողոցներում: Ճիշտ է, նրանք միայն շրջում են, ոչ ոքի չեն խանգարում, ոչինչ չեն արգելում և նույնիսկ ականջի մի ծայրով են լսում միտինգներում բարձրացող շանթալից զայրույթն ու զզվանքը ցարի ու ցարիզմի դեմ, բայց, այնուամենայնիվ, դա ցարի անունը կրող և ցարական շնորհներով հղփացած գնդից մի զինվորական ուժ է: Զարմանալի կապուտակ երկնքի տակ իրար հանդեպ են եկել երկու սկզբունքներ: Մի կողմը ազատություն որոնող, դարերից ի վեր ազատությունը երազ դարձրած ժողովուրդ, մյուս կողմից՝ այդ երազը կոպտորեն ջախջախող, ստրկության շղթաներով նրա կոկորդն օղակավորող բռնակալական բանակ...

Խիտ առ խիտ իրար շփվող խառնվածքների մեջ հանդիպեցի իմ մանկության ընկեր Հովնան Դավթյանին, որ Դաշնակցության գլխավորներից մեկն էր և Ժնևից եկել էր Կովկաս՝ այստեղ կուսակցական աշխատանքներ կատարելու համար:
– Հիմա ի՞նչ պիտի անեք, Հովնա՛ն:

Նա շատ լավ հասկացավ ինձ: Ուզում էի ասել, թե Հայոց հարց Ռուսաստանում այլևս չի մնում, ուրեմն և Դաշնակցությունն այստեղ այլևս անելիք չունի: Եվ երբ այսպես է, էլ ինչո՞վ պիտի նա պարապի:
– Դեռ Թուրքահայաստանը մնում է,- պատասխանեց նա իր սովորական անուշ ժպիտով:

Նա, ուրեմն, ընդունում էր, թե Դաշնակցությունը վերջացրել է ռուսահայերի մեջ իր «ազգային» գործը: Բայց նա սխալվում էր, իր ընկերների հետ դեռ չէր տեսնվել: Դաշնակցությունը, ինչ խոսք, Թուրքահայաստանը չէր թողնում, բայց բոլորովին միտք չուներ թողնելու նաև Ռուսաստանը: Եվ այստեղ, գոյության մի նոր իրավունք ստեղծելու համար նա մի գիշերվա մեջ դառնում է… սոցիալիստական կուսակցություն: Կախարդական գավազանի մի հարվածով ամբողջ այդ բազմատարր զանգվածը՝ բուրժուական ինտելիգենցիա, մանրավաճառներ, խմբապետներ, հայդուկ-ֆիդայիներ, խուժանավարներ և այլն և այլն, միասին թափվում էին Մարքսի ավազանի մեջ: Եվ հայ իրականությունը տեր էր դառնում մի տարօրինակ սոցիալիստական կազմակերպության, որի նմանը դուք իզուր կորոնեք սոցիալիզմի պատմության մեջ...

Ինչևիցե: Բանը կատարվել, պրծել էր: «Կովկասյան նախագիծ» անունը կրող մի որոշումով Կովկասի մեջ գտնվող դաշնակցականները, առանց համակուսակցական ընդհանուր ժողովի հաստատման, իրենց հռչակում էին սոցիալիստ: Ոչինչ անպատեհություն նրանք չէին էլ զգում: Դաշնակցությունը միշտ էլ, իր ծննդյան ժամից, եղել է սոցիալիստական: Ապացույց էին բերում առաջին ծրագրի ներածությունը, որ գրել էր «մարքսիստ» Ռոստոմը: Եվ այսպես, հիմնավորելով իրենց «դարձը»՝ դաշնակցականները աղանդավորի նոր մոլեգնությամբ սկսեցին ծառայել նոր պաշտամունքին, որ, իհարկե, սիրով, մտքով յուրացված մի վարդապետություն չէր, այլ մի ձևականություն, որ առանց դժվարության գալիս էր կենակցելու հայդուկային աշխարհայեցության հետ:

Հոկտեմբերի 18-ին և հետևյալ օրերին կայացան բանվորական կուսակցությունների ցույցեր: Չեմ մոռացել հնչակյանների փոքրիկ թափորը, որի պոչում գնում էին մի վարդապետ և ալեզարդ Ղազարոս Աղայանը: Հոկտեմբերի 20-ին դուրս եկան դաշնակցականները՝ ցույց տալու համար, թե ոչ մի կուսակցություն չի կարող հավասարվել իրենց՝ իբրև խոշոր կազմակերպություն: Վաղօրոք տեղական լրագրերում հայտարարված էր, թե այդ օրը Դաշնակցությունը փողոց պիտի հանի իր զինվորներից յոթ հազար հոգի: Ահագին պատրաստություններով երթն սկսվեց Հավլաբարից: Յոթ հազար զինվորները պարզապես քաղաքային դռնապաններ էին և փողոցից հավաքած այլ տեսակի մարդիկ: Երկար շարքերով, իրար գոտիներից բռնած, նրանք եկան հասան Գոլովինսկի պրոսպեկտ: Նրանց մեջ կարգ էր պահպանում մի ձիավոր, որ կրում էր կարմիր դրոշակ, և այդ դրոշակի վրա նկարված էր Քրիստափոր Միքայելյանի պատկերը. մի հանգամանք, որ ցույց էր տալիս, թե որքան անկեղծ ու ուղղահավատ սոցիալիստներ են այդ նորադարձները:

Գոլովինսկի պրոսպեկտի վրա չորս կարգ կանգնած էին զորքեր, որոնք այսպիսով փակեցին դեպի փոխարքայական պալատ տանող ճանապարհը: Դաշնակցական թափորը կանգ առավ այդ շարքերի առջև, բայց, իհարկե, ոչ նրանց պատվելու համար: Դուրս եկան հռետորներ, որոնք դիմադրեցին զինվորներին՝ հրավիրելով նրանց միանալ հեղափոխությանը և տապալել ցարիզմը: Գերեզմանային լռություն տիրեց զինվորների մեջ: Իր խիստ ճառերով աչքի ընկավ Թադևոս Խաշմանյան անունով մեկը՝ մականվանված Դև: Բարձրանալով մի պատշգամբ՝ նա սպառնալիքներ որոտաց ցարական Ռուսաստանի դեմ. Վորոնցով-Դաշկովին կախել, Նիկոլայ Բ-ին ոչնչացնել… Չխնայվեցին նաև կանայք, որոնց անունները մեկիկ-մեկիկ շարվեցին քաջ դաշնակցականի դատավճռի մեջ...

«Դաշնակցության ցույցը ամենից լավ հաջողված ցույցն էր»,- այսպես էինք գնահատում մենք՝ մայթերի վրա հավաքված հանդիսատեսներս: Մարդ շատ էին բերել իրենց հետ, արտաքուստ ուժի ներկայություն էր զգացվում: Երբ թափորն սկսեց վերադառնալ Բարյատինսկայա փողոցով, փոխարքայի պալատի կողմից առաջ եկավ մի փոքրիկ խումբ՝ զինվորական երաժշտության ուղեկցությամբ, որ տանում էր Նիկոլայ Բ-ի պատկերը: Ռուս պատրիոտների ցույցն էր: Մասնակցում էին գլխավորապես զինվորական դպրոցի (Կադետսկի կորպուսի) աշակերտները...
Սա, ուրեմն, մի հակացույց էր դաշնակցականների դեմ: Երկու ցույցերն էլ խաղաղ անցան, այնպես որ կարելի էր կարծել, թե նրանք ոչ մի հետք էլ չէին թողնի առօրյայում:

Բայց ոչ: Հենց այդ օրվանից էր, որ Նիկոլայի սահմանադրությունը, դեռ չծնված, արյունով էր լվացվում նաև Կովկասում: Եվ ամենից առաջ հայի արյունով: Միևնույն օրը դաշնակցականները ցույց կազմակերպեցին նաև Բաքվում: Կարմիր դրոշակներով նրանք գնացին թուրքերի թաղը. այն իսկ թուրքերի, որոնց հետ նրանք պատերազմական դրության մեջ էին ամիսներ ի վեր և որոնց այսօր կարծում էին, թե նվաճած կլինեն՝ «ազատություն» կանչելով: Բայց ուշ էր արդեն այդպիսի հասկացողությունները միության նշանաբան դարձնելը: Ռուսական ոստիկանությունն արդեն կարողացել էր լավ դաստիարակել թուրքական խուժանին: Իսկույն կազմ և պատրաստ փողոց դուրս եկավ ռուս սև հարյուրակը, որի հետ խառն էին մեծ քանակությամբ կազակներ և նույնիսկ զինվորներ: Նրանք հայրենասիրական երթ էին կազմել՝ տանելով իրենց ցարի նկարը: Եվ որովհետև ամբողջ Ռուսաստանում ոստիկանության դեպարտամենտը կարգադրել էր այդ «բարձրագույն» և «օգոստոսափառ» նկարի համար շրջանակ դարձնել այրվող տներ ու արյունոտ դիակներ, ուստի Բաքվում էլ այդ ինքնակալական սրբազան պոգրոմը գործադրվում էր թուրքերի աշխատակցությամբ, բայց այն բացառությամբ, որ Ռուսաստանի պոգրոմների զոհերը բացառապես հրեաներն էին, իսկ Բաքվինը՝ գրեթե բացառապես հայերը: Հինգ օր տևեց արնակեր վայրենության այդ խրախճանքը: Դարձյալ սարսափ, դարձյալ օգնություն կանչող աղաղակներ: Հրդեհվեցին հայերի խոշոր տները քաղաքի ամենալավ փողոցների վրա, կոտորածն աջ ու ձախ էր գնում: Եվ դարձյալ զորքերն իրենց չեզոք էին պահում, միայն նայում էին: Փետրվարին էլ այսպես էր: Բայց այն ժամանակ գոլիցինյան ռեժիմն էր: Իսկ այժմ… Վորոնցով-Դաշկովն է, չէ՞որ և՛ լիբերալ է, և՛ մասնավորապես «հայասեր»…

Թիֆլիսում էլ այդ նույն մարդը արյան բաղնիք պատրաստեց իր այնքան սիրած հայերի համար: Խաշմանյանի և նրա նման ուրիշ վայրահաչների սպառնալիքներից գրգռված՝ նա ասաց. «Տեսնենք՝ ինչպես պիտի հայերն ինձ կախեն»: Եվ մյուս օրը ևեթ նա Թիֆլիսում կազմակերպեց մի հսկայական կառավարական հակացույց: Այդ օրը ցարի գահակալության օրն էր՝ հոկտեմբերի 21-ը... Դուրս էին բերվել Թիֆլիսի ամբողջ կայազորը, ամբողջ հետևակազորը՝ կանոնավոր և անկանոն հեծելազորը, բոլոր թնդանոթները: Սրանք արդեն երեկվա հավլաբարցիները չէին՝ իրար գոտիներից բռնած մի մարդկային հոտ, այլ իսկական զորքեր էին՝ իրենց զենքերով և բոլոր հանդերձանքներով: Վորոնցով-Դաշկովը, որ սովորաբար չէր երևում այսպիսի հանդեսներին, ձի նստած՝ գնաց զորքերին ողջունելու: Բայց սրտի մեջ ասում էր հավաքված ահագին բազմությանը, որ լավ իմանան, թե ինքը ինչի տեր է: Եվ իսկապես, համեմատությունն ինքնըստինքյան էր առաջ գալիս. և եթե կար գոնե մի հոգի, որ հավատում էր, թե Դաշնակցությունն իսկ որ միայն Թիֆլիսում ունի 7000 զինվոր, այդ մի հատիկ անուղղելի միամիտն էլ պիտի համոզվեր, որ գտնվել է Դաշնակցությունից էլ ուժեղ մեկը, և դա կոմս Վորոնցով-Դաշկովն է: Օրն այսպես անցավ:

Մյուս օրը, եթե չեմ սխալվում, կիրակի էր: Մանր խմբերով հավաքված մարդիկ՝ հայ և վրացի, խոսում էին անհանգիստ, վիճում էին գրգռված: Տիրում էր մի անաղմուկ, բայց խիստ հուզում: Օդն էլեկտրականացած էր, ամեն մի չնչին կայծ կարող էր ահալի պայթյուն առաջացնել: Իմ աչքի առջև էր, որ կատարվեց հետևյալ դեպքը: Առաջին գիմնազիայից դուրս եկան մի խումբ աշակերտներ, որոնք «Մարսելյեզ» երգելով գնում էին դեպի պալատը: Նրանց առջևը կտրեց մի սպա՝ պահանջելով ընդհատել երգը և ետ դառնալ:
Հրամանը սաստկացնելու համար բռնեց իր սրից՝ կիսով չափ դուրս քաշելով պատյանից: Գիմնազիստները՝ ստորին դասարանների փոքրիկներ, վախից դես ու դեն փախան: Բայց զբոսնող հասարակությունը հարձակվեց սպայի վրա, շրջապատեց նրան երեք կողմից և այսպես քշեց-տարավ՝ սեղմելով «Փառքի տաճարի» պատերին: Սպան տեսնելով, որ իր համար ինքնադատաստան է պատրաստվում, հուսահատությունից մի անօրինակ ճարպկություն ցույց տվեց՝ ցատկելով բարձր երկաթե վանդակապատի վրայով այն այգին, որ կոչվում է Փոքր կամ Վերին Ալեքսանդրյան այգի:

Այնուհետև նրա համար փախչելը հեշտ էր: Իր կյանքը նա ազատեց: Բայց խեղճ գիմնազիստներից քանի՞սն ազատվեցին կոտորածից, որ գալիս էր սկսվելու մի քանի ժամ հետո… Կեսօրին մոտ էր, երբ ես իջնում էի Քաշվեթի եկեղեցու մոտով դեպի Բազարնայա փողոց: Ալեքսանդրյան ծառախիտ այգու ետևում՝ Կուկիայի կողմից լսվում էր զինվորական երաժշտություն, որ հաճախ ընդհատվում էր ուռաներով: Ուշադրություն չդարձրի: Արդեն լսել էի, որ այսօր սևհարյուրակային պատրիոտները ռուս տերտերների առաջնորդությամբ ցարասիրական երթ պիտի ունենան մինչև փոխարքայի պալատը:

Խմբագրատանը հավաքված էին բազմաթիվ մարդիկ: Նրանց մեջ էր և պաշտոնաթող սպա Նեմիրովիչ-Դանչենկոն (Հանդ), որ նոր էր վերադարձել Մանջուրիայի դաշտերից և «Русское слово»-ի թղթակցի պաշտոնով ճանապարհորդում էր Անդրկովկասում՝ գլխավորապես հայ-թուրքական կռիվների պատճառներն ուսումնասիրելու համար: Նստած խոսում էինք, մեկ էլ՝ փողոցում և տան բակում ձայներ բարձրացան, որոնք տարօրինակ չթվացին մեզ: Կարծեցինք, թե դա պարզապես երկաթե երկար շերտերի փոխադրություն է երկար սայլերով, երբ իրար վրա դարսված երկաթները ծեծվում են իրար և աղմուկ հանում: Միայն Հանդի՝ Մանջուրիայի դաշտերում և լեռներում փորձված ականջներն էին, որ իմացան, թե բանն ինչ է: Սաստիկ հուզված՝ նա տեղից վեր թռավ ու ասաց.

- Это - стрельба пачками...

Բոլորիս վրա ձյուն մաղվեց: Եվ ինքնապաշտպանության կենդանական բնազդն էր, որ հարկադրեց դես ու դեն վազել՝ մի քանի նախազգուշություններ ձեռք առնելու համար: Շտապով կողպեցինք բոլոր դռները, փողոցին նայող պատուհանների փայտե փեղկերը, շատացրինք մութ անկյունները և դարձանք մի պաշարված մարտկոց: Բաց էր մնացել միայն մի օդանցք, որ մեզ դրսի աշխարհի հետ էր կապում: Ի՛նչ էր կատարվում այնտեղ՝ չգիտեինք: Մեր ինքնակամ պաշարման անկյունն էին ներս թափվում միայն «Боже царя» երաժշտության հանդիսավոր հնչյունները և անընդհատ «ուռա՜» ձայները…

Հրացանաձգությունը և նրան եղբայրացած հաղթական երգն ու նվագը դադարեցին: Օրը ցերեկով մեծ քաղաքը գերեզմանոց է դարձել. ոչ մի տեղ չկա մեկ հատիկ բացված պատուհան... Բայց մինչև մթի ճանկն ընկնելը՝ դրսից մի բանբեր եկավ: Դա խմբագրատան աղախինն էր, մի, ինչպես անվանում են, «գզօղլան» խոխլուշկա, որ կորել էր երկու ժամից ի վեր: Սառնասրտորեն պատմեց, թե գալիս է վերևից՝ Գոլովինսկի պրոսպեկտից: Զինվորներն իրեն չարգելեցին, երբ իմացան, որ ինքն էլ զինվորի կին է:

Եվ պատմություններ արավ նա, ինչպես կարող էր անել Ուկրաինայի գեղջուկ դուստրը մի «չալ» ռուսերենով՝ իր մայրենի լեզվի շեշտերով և բառերով ողողված: Եվ ի՜նչ էինք իմանում: Մենք կարծում էինք, թե այնտեղ՝ դրսում կռիվ է տեղի ունեցել: Բայց այնտեղ կռիվ չի եղել: Այնտեղ եղել է սպանդանոց: Երեկվա իրար գոտիներից բռնած 7000 զինվորներից չգտնվեց գոնե մի 100 հոգի, որ Գոլովինսկի պրոսպեկտի ծայրը դարձներ մի փոքրիկ, խոշորացուցային Պրեսնյա և ընկներ բարիկադների վրա: Ո՛չ: Այդպիսի բան չի եղել: Եղել է միայն այն, որ Թիֆլիսի սիրտը կազմող մեծ և գեղեցիկ փողոցն ամբողջապես տրված է եղել զինվորներին: Եվ քանի որ այն «ազատության օրերին» ցարիզմն իր նոր նշանաբանն էր հռչակել՝ «Փամփուշտներ չխնայել», ուստի զինվորները լավագույն կերպով գնդակածեծ էին արել ամբողջ տարածությունն ըստ հին ավանդի՝ «Սահման քաջաց՝ զէնն իւրեանց»: Փողոցի երկու կողմին կանգնած հոյակապ տները մեծագույն մասամբ պատկանում էին հայերին: Եվ ահա զինվորները հանդիպակաց տներին մեջք տված՝ գնդակների տարափ էին ուղարկում տների ներսը՝ հուսալով, որ եթե տասից-քսանից մեկն անգամ դիպչի մի «արմյաշկայի», այդ էլ բավական է վրեժ հանելու համար այն 7000 զինվորի համար, որ երեկ իրար գոտիներից բռնած քայլում էին նույն այս փողոցով:

Զոհերի թիվը մեծ էր, պաշտոնական տեղեկություններով՝ 150-ից ավելի: Հետո մենք իմացանք, որ այդ կոտորածն սկսվել է այսպես: Երբ պատրիոտների թափորը, բարձրանալով Բարյատինսկայա փողոցով, մտել է Գոլովինսկի պրոսպեկտ և շուռ գալիս է եղել դեպի Վորոնցով-Դաշկովի պալատը, այդ ժամանակ բազմահարվածային ատրճանակից մի պրովոկատորական պայթյուն է լսվել, որ վիրավորել է թափորին մասնակցող զինվորական վարժարանի աշակերտներից (կադետներից) մեկին: Անկարելի եղավ ճշտել, թե որտեղից է եղել այդ կրակոցը: Ոմանք ասում են, թե խփել են Թիֆլիսի ժողովարանից (Հայոց, կամ ավելի հասարակորեն՝ «բուրդյուչնի կլուբ»), ոմանք թե՝ գիմնազիայի պարսպի գլխից, իսկ ոմանք էլ ցույց էին տալիս Գոլովինսկի պրոսպեկտի և Բարյատինսկայա փողոցի անկյունի տունը (այժմ Բանվորական պալատի անկյունը): Ինչևիցե: Կրակոցն ազդանշան էր դարձել, որ զինվորները կոտորած սկսեին: Ամենից առաջ կազակները թափվել էին «ապստամբության օջախ»՝ Հայոց կլուբ, և ի՜նչ տեսնեն այնտեղ, որ լավ լինի: Աչքդ բարին տեսնի: Կանաչ սեղաններ և նրանց շուրջը հայ բուրդյուչնի բուրժուաները թուղթ են խաղում: Մի քանիսը դես ու դեն են փախել և սպանվել կազակների ձեռքով: Մյուսներին հավաքել են, երկկարգ շրջապատել հրացանները պատրաստ բռնած կազակներով, «առոք-փառոք, կառոք և երիվարոք» փոխադրել մոտակա զինվորական պահականոցը (հաուպտվախտ), ուր մեր բուրդյուչնիների ճարպոտ մարմինները մի լավ ծեծել և հետո բաց են թողել: Նրանցից մի քանիսն իմ ծանոթներն էին: Չորս-հինգ օր անցնելուց հետո էլ նրանց խեղճ ուղեղները դեռ չարաչար աշխատում էին այն հարցերի վրա, թե այն ի՞նչ էր և ինչո՞ւ այդպես եղավ: Իրենց բութ դեմքերի վրա մի զարմանք ու մտահոգություն ներկայացնելով՝ նրանք հարցնում էին.

– Ա՛յ տա, էս մեզ ինչո՞ւ ծեծեցին։
(Շարունակելի)


Որոնում

Օրացույց

«  Հունիս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Արխիվ