Գլխավոր » ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ
ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ
02:06

Դաշնակցական շտաբը ստանում էր ավելի մեծ նշանակություն, քան ընդհանուր կովկասյան բանակի շտաբը

(Սկիզբը նախորդ համարներում)

...Կազակները լավ թալանեցին բուրդյուչնի կլուբի հարուստ արդուզարդը, ապա և գրավեցին այն ու հաստատ բնակություն դրին մեջը: Այսպես էր Հայոց կլուբը: Իսկ նրա կողքին գտնված չինովնիկական «Կրուժոկին» մատ անգամ չդիպցրին: Այս, եթե կամենում եք, մի զավեշտ էր՝ ցարական համ ու հոտով: Բայց նրա կողքին… կսկծալի, արյուն-արցունքով լվացված մի դրամա՝ երեխաների կոտորածը Առաջին գիմնազիայում: Այստեղ էլ խուժել էին կազակները և, կրամոլնիկներ տեսնելով անմեղ խաղացող երեխաների մեջ, կոտորել շատերին: Այս գազանային վայրագությունները կատաղություն պատճառեցին ամենքին: Բայց ի՞նչ արժեք ուներ աննյութ կատաղությունը ոճրագործության իսկական հեղինակ Վորոնցով-Դաշկովի համար, որի մասին ասում էին, թե կանգնած էր իր պալատի պատուհանի առաջ և նայում էր սպանդանոց դարձած Գոլովինսկի պրոսպեկտին: Իսկ սպանված գիմնազիստներից շատերը հայեր էին…

Թանձր խավար իջավ քաղաքի վրա: Ոչ մի տեղ չպսպղաց ոչ մի ճրագ: Ոչ մի պատուհան չբացվեց: Ազգաբնակչությունը կուչ էր եկել մթի ծալքերի մեջ և ժամերի դանդաղ ընթացքն էր հաշվում մինչև… մինչև որ ի՞նչ լիներ... Մենք էլ, այո՛, վայելեցինք Նիկոլայի հոկտեմբերյան մանիֆեստի ազատությունները. իզուր չէին նրան «առատաշնորհ» անվանում նրա լակեյները: Եվ, իրավ, սա դեռ բոլորը չէր, այս միայն «սկիզբն էր երկանց»:

Վորոնցով-Դաշկովը չէր բավականացել հոկտեմբերի 22-ի «հաղթությամբ»: Նա կարծել էր, թե իրեն կհաջողվի բռնել դաշնակցական հիդրայի հազար գլուխներից գեթ մեկը, բայց չէր կարողացել նույնիսկ պոչի ծայրից բռնել: Եվ սա այն պարզ պատճառով, որ Դաշնակցությունը, վաղօրոք ինչ-որ հոտ առնելով, այդ օրն իրեն և իր 7000 զինվորներին փառահեղ մենության մեջ էր պարուրել՝ թույլ տալով, որ հայ ժողովուրդն ինչպես իմանում է՝ իր մեջքով պատասխան տա իրար գոտիներից բռնած 7000 զինվորի համար: Չէ՞ որ մի քանի ամիս առաջ նահատակված Քրիստափոր Միքայելյանը գրել և ապացուցել էր. «Միևնույն է, ձեզ առանց այդ էլ կոտորելու են, իսկ մենք չենք կարող հեղափոխություն չկատարել»:

Եվ ահա մի նոր տագնապ Թիֆլիսի հայության համար: Հոկտեմբերի 24-ի առավոտից մի աներևակայելի հուզմունք հազարավոր մարդկանց դուրս շպրտեց փողոց: Հուզմունքը տարածվում էր ավելի ու ավելի, և հայտնի չէր, թե ովքեր են տարածողները:

– Գալիս են,- ասում էին իրար:
– Ովքե՞ր:
– Բորչալվի թուրքերը, անթիվ, անհամար:
– Ո՞վ գիտե, ո՞վ իմացավ:
– Հրեն, մոտ են քաղաքին, շատերն են տեսել:

Եվ տագնապը մեծանում էր, կեսօրին իրարանցումն [արդեն] ալիքներ էր տալիս. կացությունը դառնում էր անհանդուրժելի: Եվ ահա քարեքար ընկած ամբոխի մեջ լուր է տարածվում, թե առաջնորդարանում հավաքվել են մեծերը: Խորհրդակցում էին, թե ինչ անեն ժողովրդի փրկության համար: Ժողովուրդը հավաքվում էր առաջնորդարանի մոտ՝ սպասելով, թե ինչ պիտի անեն մեծերը: Պատվիրակություն կազմվեց մոտ 30 հոգուց՝ եպիսկոպոսներ, վարդապետներ և ազգային ջոջեր: Գնացին ներկայանալու Վորոնցով-Դաշկովին: Ամբոխը շարունակում էր կուտակված մնալ առաջնորդարանի շուրջը՝ սպասելով պատվիրակության վերադարձին:

Իրիկնապահին շփոթմունքն արդեն խուճապի կերպարանք ընդունեց... Մի ընդհանուր հոտային բնազդով Թիֆլիսի արևելյան մասն իր դրությունը վտանգված էր զգում և հավատացած էր, որ վտանգից անպատճառ կազատվի, եթե տեղափոխվի արևմտյան մաս: Ով ծանոթ-ազգական ուներ այդ անվտանգ մասում, շտապում էր ժամ առաջ գնալ այնտեղ, տեղավորվել գոնե մի գիշեր, մինչև որ լույսը կբացվեր և կիմացվեր, թե ինչ է լինելու:
Եպիսկոպոսների և ջոջերի պատվիրակությունը պալատում իրեն տալիս է խորամանկության՝ իբր թե եկել է հավատարիմ հպատակական հրճվանք հայտնելու այն մեծ շնորհների համար, որոնք արված են հոկտեմբերի 17-ի մանիֆեստով: Բայց ցարի փոխանորդը այնքան էլ միամիտ չէր, որ չհասկանար եկած «ներկայացուցիչների» իսկական փորացավը:
Պատվիրակներից մեկն ինձ պատմել է, որ փոխարքայի օգնականն այդ միջոցին կանգնած էր պատշգամբում և նայում էր, թե ինչպես էին խուճապի բռնված հայերը կառքերով փախչում դեպի Վերայի կողմը՝ տանելով իրենց հետ անկողիններ, տնային իրեր, նույնիսկ օրորոցներ: Դուք երևակայո՞ւմ եք այնպիսի մի իշխանություն, այն էլ բարձր, ամբողջ երկրի տեր, որ նայում, զվարճանում է, թե ինչպես է իր պրովոկացիայից շշմած ժողովուրդն այս ու այն կողմ խփում իրեն:

Փոխարքան, որ չափազանց լավ էր տեղյակ, թե ինչ է կատարվում իր շուրջը, խորամանկների հետ է՛լ ավելի խորամանկ լինելու դիրք է ընդունում և ուրախություն է հայտնում պատվիրակությանը տեսնելու առիթով և ավելացնում, թե հայ ժողովրդի արտահայտած հպատակական հրճվանքն ինքն անմիջապես կհաղորդի թագավորին: Զրույց է սկսվում: Պատվիրակներից յուրաքանչյուրը խոսում է այն, ինչ վաղօրոք հանձնարարված էր իրեն: Մեկն ասում է, թե այս քանի օրերի դեպքերի պատճառով պատվիրակությունը չկարողացավ ավելի վաղ կատարել իր պարտականությունը, այսինքն՝ ներկայանալ կոմսին: Մի ուրիշը պատմում է, թե հայերը միշտ ձգտել են դեպի Ռուսաստան և ռուսաց ցարերի հավատարիմ հպատակներն են եղել: Բոլորին լսում է ցարական հին աղվեսը, բոլորի հետ էլ համաձայն է, ուրախ է, որ այդպես է և ոչ թե ուրիշ կերպ:

Միայն վերջում, իբրև թե իմիջիայլոց, Թիֆլիսի առաջնորդը խոսք է բաց անում ժողովրդի այդ օրվա հուզված դրության մասին: Վորոնցով-Դաշկովը հանգստացնում է, թե ոչինչ չի լինի, և իր օգնականին պատվիրում է հեռախոսով հրամայել ամեն կողմ, որ զորքեր ուղարկվեն ճանապարհները բռնելու և թուրքերին ետ քշելու համար: Իսկ պատվիրակներին խնդրում է չմոռանալ, որ այնուամենայնիվ հայ հասարակության մեջ գտնվում են տարրեր, որոնք արհեստ են դարձրել խռովությունները: Այդ և ուրիշ ակնարկությունները վերաբերվում էին Դաշնակցությանը:
Օգնականը ներս մտնելով՝ հայտնում է, թե բոլոր կարգադրություններն արված են: Եվ այդժամ ցարական փոխանորդը հրաժեշտ է տալիս պատվիրակությանը՝ ներշնչելով նրան այն զգացումը, թե ինքը մեծ բարերարություն արեց Թիֆլիսի հայ ժողովրդին:

Առաջնորդարանի մոտ, մթի մեջ սպասող բազմությունը սկսեց ցրվել: Դրությունը միայն համեմատաբար լավացավ: Ամենքը չհավատացին ցարական չինովնիկների խոստումներին, որոնք այնքան խաբեբայական էին դարձել, մանավանդ հայ-թուրքական կռիվների ընթացքում: Ես էլ, տեսնելով կնոջս և երեխաներիս անհանգստությունը, ուղարկեցի նրանց Վերա՝ մի ծանոթի մոտ, իսկ ինքս մնացի տանը՝ պառավ զոքանչիս մոտ: Մեր տունը պատկանում էր մի թրքուհու: Երեկոյան նա գնաց թուրքերի թաղը՝ խոստանալով մեզ այնտեղից հաղորդել, թե որքանով են ճիշտ տարածված լուրերը: Այդ տեղեկությանը հարկավոր եղավ սպասել երեք ժամ: Ես նստած էի հարևանիս մոտ, որը թուրքահայ էր՝ Տրապիզոնի կոտորածի ժամանակ իր բոլոր ունեցածն ու իր որդուն կորցրած, այն օրից ի վեր փախստական դարձած: Իր տխրամած պատմությունների ընթացքում հարևանս շատ փաստեր էր բերում, թե ինչպես դժբախտ ժողովուրդը շարունակ հանգստացնող, բայց իրապես զարհուրելիորեն դավաճան խոստումներ էր ստանում սուլթանական պաշտոնյաներից:

Իսկ ցարականնե՞րը: Միևնույն ծառի պտուղները չէի՞ն: Եկավ մեր տանտիրուհու ծառան: Նրա բերած թղթի մեջ մեզ հաղորդվում էր, թե ոչ մի վտանգ չկա, և ոչ ոք չի էլ մտածել հարձակում գործել հայերի վրա: Եվ սա միանգամայն ճիշտ դուրս եկավ:
Թիֆլիսն ազատված էր հայ-թուրքական խայտառակ արյունահեղությունից: Բայց… միայն այս անգամ և ոչ ընդմիշտ: Հոկտեմբերի 24-ի օրը շատ բացահայտ կերպով ցույց տվեց, թե որքան անհրաժեշտ են հայ-թուրքական կռիվները կովկասյան բյուրոկրատիային՝ հեղափոխական հրաբուխ դարձած Ռուսաստանում րոպեի պահանջած դիրքերն ստեղծելու համար: Հազիվ մի ամիս անցած՝ նորից հարկավոր եղավ [կովկասյան բյուրոկրատիային] այդ արյունոտ մղձավանջը օրերի իրականություն դարձնել:

Այլևս չէր կարելի պրովոկացիայով հուզել ժողովրդին, քարեքար գցել նրան: Անհրաժեշտ էր հայերին կռվեցնել թուրքերի հետ իրապես: Եվ դա՝ հակառակ նրանց կամքի: Ի՞նչ նշանակություն ուներ նրանց կամքը, երբ Ռուսաստանում գործադրվում էին դեռ ոչ մի տեղ չտեսնված հսկայական, համապետական գործադուլները: Մեկը կար արդեն՝ փոստ-հեռագրականը, պատրաստվում էր մյուսը՝ երկաթուղայինը՝ երկրորդ անգամ: Հեղափոխական շարժման մեջ էր ամբողջ արևմտյան Վրաստանը: Եվ ահա ամենայն պարզությամբ կարելի է ասել ամբողջ աշխարհի առաջ, օրն օրին, անդիմադրելիորեն, կարծես տարերային ուժով, պատրաստվում էր արյունահեղություն նաև Թիֆլիսում: Թուրքերը Թիֆլիսում հայերի համեմատությամբ աննշան փոքրամասնություն էին կազմում, և այս բանը, թվում էր, կկանգնեցներ նրանց թշնամական գործողությունների նախաձեռնությունից: Այսպես էլ համոզված էին ամենքը, և երկու կողմերի հասկացող շրջանները ջանք էին թափում խաղաղությունը հաստատ պահելու: Սակայն գրգռվող դեպքերը, պրովոկացիան շարունակվում էին անդադար՝ աճելով օրն օրի վրա: Սևհարյուրակային մեթոդն այս անգամ էլ կրկնվեց ճշտությամբ. մի օր սպանված գտնվեցին երկու թուրքեր, և իսկույն, իհարկե, լուր տարածվեց, թե հայերն են երկուսի սպանողները: Օդը հետզհետե էլեկտրականացավ:

Բռնկվեց մի հանկարծակի, անակնկալ հրդեհ: Նոյեմբերի երկրորդ կեսին Գանձակում, նոր միայն Վորոնցով-Դաշկովի հրամանով ընդհանուր նահանգապետ նշանակված գեներալ Տակայշվիլու բարեհաճությամբ և ակնհայտ աջակցությամբ, կոտորած սկսվեց, որի ժամանակ հայերը մեծամեծ վնասներ կրեցին:
Գանձակի կոտորածը նոր ուժով բորբոքեց երկու կողմերի կրքերը: Թիֆլիսի հասարակական կազմակերպությունները, քաղաքական կուսակցությունները, մամուլն ամեն ջանք թափում էին, որ հայերն ու թուրքերը հասկանան դրության լրջությունը, զսպեն իրենց թշնամական կրքերը: Քաղաքագլուխը հայ-թուրքական խորհրդակցություն գումարեց Դումայում, ուր երկու կողմերն էլ հավատացրին իրար, թե հարձակվելու ոչ մի դիտավորություն չունեն: Բայց այս հանդիսավոր խոստումներն արդեն վաղուց և ամեն տեղ փորձված էին իբրև եղբայրական ուխտի ողորմելի կոմեդիաներ, որոնք հենց այն էին ապացուցում, թե կոտորածներ կլինեն անպատճառ: Ոստիկանական սևհարյուրակային ագիտացիան անհաղթահարելի մնաց և այս անգամ: Նոյեմբերի 24-ին սկսվեց հրացանաձգությունը, ընկան առաջին զոհերը:

Ում համար ինչ էլ լիներ այս նոր ժողովրդական դժբախտությունը՝ Դաշնակցության համար դա մինչև այդ չեղած մի դիպված էր՝ ավելի ուժեղանալու, ավելի բարձր դիրք գրավելու համար: Ահագին ոստիկանություն, տասնյակ հազարներով հաշվվող զորք ունեցող կովկասյան մայրաքաղաքի մեջ մենամարտի դաշտ էր բացվում այն հին, ծուռումուռ ու նեղլիկ փողոցներում, որոնք պարփակվում էին Շեյթան-բազարից, բաղնիսների թուրքական թաղերից՝ Խարփուխից մինչև Հավլաբար: Թուրքերը գրավեցին իրենց դիրքերը, հայկական դիրքերի մեջ նրանց հանդիման կանգնեցին դաշնակցական զինվորները: Մասնակցում էին և հնչակյանները, բայց նրանց թիվը շատ չէր, և դրության տերը լիովին դաշնակցականներն էին: Դաշնակցական շտաբը ստանում էր ավելի մեծ նշանակություն, քան ընդհանուր կովկասյան բանակի շտաբը, որ գտնվում էր փոխարքայի պալատի մոտ: Սոլոլակի հայ բուրժուազիան, զգալով իր գլխին կախված թուրքական վտանգը, լավ իմանալով, մանավանդ, որ եթե հայկական դիրքերը լքվեն, թուրքերն ամենից առաջ իրենց հաստատությունները պիտի թալանեն, գգվում էին դաշնակցական կռվողներին՝ ամեն օր ուղարկելով նրանց մեծ առատությամբ հաց, միս, գինի, ծխախոտ և այլ նյութեր: Դաշնակցական շտաբը հրամաններ և կարգադրություններ էր արձակում, որոնց անպայման ենթարկվում էր ամբողջ հայ ազգաբնակչությունը: Փոխարքայական պալատը երկրորդական դիրք էր ստանում:

Առաջին անգամն էր, որ ես դժբախտություն էի ունենում գտնվելու հայ-թուրքական կռիվների դաշտում: Զարհուրելի էր այն հոգեբանությունը, որ ստեղծվեց փոխադարձ հրացանաձգության առաջին իսկ վայրկյանից: «Արյան ծարավից փոթորկված գազանային կրքեր»՝ սա՛ է ընդհանուր վերնագիրն այդ հոգեբանության, և նրա մեջ կարող են զետեղվել ամեն տեսակ հրեշավոր մանրամասնություններ: Ճիշտ է, ամեն մի պատերազմական դաշտ է այդպիսին լինում, և շատ լավ է մեր ժողովուրդը նկատել, որ «կռվի մեջ չամիչ չեն բաժանում», բայց այլ է պրոֆեսիոնալ սպանողների, պատերազմի համար հատուկ խնամքով մարզվող թնդանոթային մսի գազանացումը և այլ է, երբ այդ դրության մեջ ընկնողը խաղաղ քաղաքացին է, աշխատանքի և քրտինքի մարդը: Ի՜նչ զարհուրանքով ես իմացա, որ կռիվների հենց առաջին օրը հայերը մորթել էին 5 թե 10 խեղճ ու անմեղ պարսիկ բանվորի: Նույն օրն էր, թե մյուս օրը ես վերադառնում էի տուն: Մեր տան երկրորդ հարկում ապրում էր մի հույն ընտանիք, որ ոչ հույների հետ խոսում էր թուրքերեն: Այդ ընտանիքի պառավ տատը պատշգամբում մեկի հետ թուրքերեն էր խոսում: Երկու երիտասարդներ էին անցնում այդ միջոցին, ինչպես երևում էր՝ կռվողներից: Նրանք զայրացած կանգ առան, վեր նայեցին: «Այստեղ թուրքեր են ապրում»,- ասացին: Ես զգացի, թե ինչ պիտի լիներ այնուհետև և մոտենալով, ասացի նրանց. «Այն պառավը թուրք չէ, հույն է»: Երիտասարդները նայեցին ինձ տարակուսանքով: Լավ է, որ ինձ ճանաչեցին: «Դուք ասում եք, պրն Լեո, հավատում ենք Ձեզ, թեև մի քիչ դժվարությամբ: Թող ձեր գլխին ղուրբան լինի»: Ու նրանք գնացին՝ երկար մաուզերները կողքերից կախած: Դժվարությամբ բարձրացա սանդուղքներով: Սիրտս խեղդում էր զարհուրանքի զգացումը: Այս ի՜նչ օրեր են, այս ի՜նչ ժամանակներ: Եվ մա՞րդ ենք մենք: Եվ այդ դառնության մեջ, որով համակվել էր ողջ էությունս, փոքրիկ ճրագի պես առկայծում էր այն գիտակցումը, որ եթե ոչ մի ամբողջ ընտանիքի, գոնե մի առույգ ու հաղթանդամ պառավի կյանք եմ ազատել:

Եվ ահա այսպիսի հոգեբանության մեջ, երբ ամենքն ուզում էին սպանել և ամենքը վախենում էին սպանվելուց, միանգամայն բնական էր դառնում այն մեծ դիրքը, այն փառքը, որ ստանում էր դաշնակցական շտաբը: Դա գործողի, վճռական ոգու փառքն էր: Վորոնցով-Դաշկովն իր գեղեցիկ մայրաքաղաքում էլ չկարողացավ բյուրոկրատիկ գլուխկորցրածությունից ավելի մի բան ցույց տալ: Իր ձեռքն առնել դրությունը նա չուզեց, և նրա բազմաթիվ գեներալներն ու զորքերն անգործության էին մատնված, չեզոք հանդիսատեսներ էին՝ նստած իրենց զորանոցներում: Իսկ այնտեղ՝ դիրքերում, անընդհատ հրացանաձգություն էր, կյանքի և մահվան կռիվ: Եվ, ուրեմն, էլի Դաշնակցությունն էր հայ ազգի փրկիչը: Նրան էլ, ուրեմն, ամեն փառք ու պատիվ: 10-20 զինվոր ունեցող մի խմբապետ՝ հայի համար Վորոնցով-Դաշկովի յուրաքանչյուր գեներալից լավ էր: Այսպես էր դրությունն արտաքուստ: Կառավարական ծրագիրը մի անգամ ևս, փոխանակ հաջողվելու, բոլորովին հակառակ հետևանքներ էր տալիս: Ուզում էին ոչնչացնել Դաշնակցությանը, ընդհակառակը՝ ավելի ևս բարձրացրին, ուժ ու հեղինակություն շատ ու շատ տվին նրան:

Ես գործածեցի «գլուխկորցրածություն» բառը: Ավելացնեմ, որ այդ աղվեսային գլուխկորցրածություն էր: Վորոնցով-Դաշկովի կառավարությունն իհարկե այն մտքով չէր հայ-թուրքական արյունահեղություն մտցրել Թիֆլիսի փողոցներում, որպեսզի իր զորքերի եռանդուն շարժումներով այն իսկույն ևեթ դադարեցներ: Սկզբից ևեթ բանն այնպես էր դրվել, որ մարդկանց կոտորել տան, գյուղեր ու քաղաքներ այրեն ու ոչնչացնեն և այս բանից օգուտներ քաղեն: Այսպես պիտի լիներ և Թիֆլիսում:
(Շարունակելի)

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ