Գլխավոր » ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ
ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ
21:56

(Սկիզբը՝ նախորդ համարներում)

Հինգ-վեց օր տևեց հրացանաձգությունը, որին հետևեցին մի շարք հրդեհներ: Եվ արյան ու կրակի այս ծովը փռվեց փոխարքայի առջև իբրև հենք, որի վրա կարելի էր շահավետ ձեռնարկումներ կառուցել:

Թիֆլիսի ընդհարումների սկզբից փոխարքան մի քայլ արեց, որ զարմացրեց ամենքին: Նա դիմեց վրաց սոցիալ-դեմոկրատների կուսակցությանը և առաջարկեց նրան խաղաղարարի դեր հանձն առնել: Բանվորական կուսակցությունն անտարբեր չէր մնացել դեպի ժողովրդական այն մեծ դժբախտությունը, որ ներկայացել էր հայ-թուրքական կռիվների կերպարանքով: Թիֆլիսում բարձրացած հրացանաձգությունը զայրույթի և ահազանգի արձագանքներ էր տալիս երկաթուղու գլխավոր արհեստանոցների շչակի երկարատև սուլոցների մեջ, որոնցով բանվորները կանչվում էին վերջ դնելու նոր սկսված եղեռնին: Կայացավ միտինգ, որ պահանջեց գործադուլ հայտարարելով դադարեցնել անմիտ արյունահեղությունը: Կազմվեց թափոր, որ սպիտակ դրոշակներով ուղևորվեց պատերազմի դաշտ դարձած թաղերով դեպի Նավթլուղ՝ հրավիրելով կռվող կողմերին գնալ այնտեղ՝ հաշտության և եղբայրության միտինգին մասնակցելու համար: Բանվորների հետ մեն-մենակ, ոտքով գնում էր և Թիֆլիսի նահանգապետ Րաուշը: Երբ միտինգը վերջանում էր, երբ բոլոր ճառախոսներն անխնա դատապարտել, անարգանքի սյունին էին գամել կառավարությանը՝ ասելով, որ նա է հանդիսանում հայ-թուրքական պատերազմի միակ պատճառը և դրդիչը, նահանգապետը ձայն խնդրեց նախագահից և առաջ դուրս գալով ասաց, թե ահա ինքը բանվորների ձեռքին է, թող այստեղ իսկ պատառ-պատառ անեն, բայց ինքը հայտարարում է, որ իր համար ամենքը՝ հայ, թուրք, վրացի և ռուս հավասար են, ամենքն էլ կատարյալ իրավատեր քաղաքացիներ: Այս էլ հեղափոխական ժամանակի մի նոր հոյակապ տեսարան էր՝ նահանգապետը բանվորների մեջ, նրանց առջև խոնարհ գլուխ իջեցրած:

Բայց նահանգապետից ավելի փոխարքան էր խտացնում այդ նոր տեսարանի գույները: Ստանալով վրաց սոցիալ-դեմոկրատիայի համաձայնությունը հայ-թուրքական կռվի մեջ չեզոք խաղաղարար միջնորդի դեր կատարելու մասին՝ Վորոնցով-Դաշկովը կատարեց և նրա առաջարկած պայմանը. նա պետական պահեստներից բաց թողեց նրան [սոցիալ-դեմոկրատիային] 500 բերդան հրացան: Եվ զինված այդ զենքերով՝ բանվորները դուրս եկան փողոցները՝ կարգ և խաղաղություն պահպանելու համար: Նրանք կրծքի վրա կրում էին իրենց պաշտոնը երևութականացնող սպիտակ գույնի ժապավեններ և գրավեցին այն բոլոր փողոցները, որոնք պատերազմական դաշտի շրջանում էին գտնվում թե՛ հայոց և թե՛ թուրքաց թաղերի կողմից: Նրանք էին, որ թուրքերին կառքերով փոխադրում էին քաղաքի կենտրոնը և ուրիշ թաղեր, ուր նրանք գործեր ունեին:

Առաջին անգամն էր, որ բանվորական զինված և կազմակերպված ուժը հանդես էր գալիս մեր իրականության մեջ իբրև հասարակական կարգի տեր և տնօրեն: Ես ողջունեցի այդ նոր երևույթը «Մշակի» էջերից:

Այդ ուժն այնքան մեծ չէր, որ կարողանար ճնշման միջոցներով խաղաղեցնել երկու կռվող կողմերին, հաշտության բերել նրանց: Եվ սակայն Վորոնցով-Դաշկովը կարգադրություն էր արել, որով պաշտպանության համար զենք կրելու իրավունք տրվում էր միայն սոցիալ-դեմոկրատիային: Այս կարգադրության բուն միտքը շատ լավ էր ըմբռնում սոցիալ-դեմոկրատիան, որը և հայտարարեց իր թերթի մեջ, թե դրանով Կովկասի փոխարքան կամենում է խաղ պատրաստել հայերին զինաթափ անելու և հիմա էլ հայ-վրացական թշնամություն ստեղծելու համար, ինչպես արդեն ստեղծել էր հայ-թուրքական թշնամություն: Ուստի, սոցիալ-դեմոկրատիան պահանջում է ոչնչացնել այդ կարգադրությունը, հակառակ դեպքում ինքն ստիպված կլինի հրաժարվել իր ստանձնած դերից:

Խորամանկ ծրագիրը մերկացված էր և պետք էր այն թողնել: Փոխարքային օգնության հասավ նրա զինվորական շտաբը, որ ավելի ազդու ուղղություն էր տվել իր սևհարյուրակային գործունեությանը: Սպայակույտը, քննության առնելով իր հրամանատարի կարգադրությունները և մանավանդ այն, որ զինվել էր վրաց սոցիալ-դեմոկրատիան, գտավ, որ հասարակական կարգի պահպանությունը բանակի առաջին պարտականությունն է, մինչդեռ բանակը, բոլորովին բարձիթողի է արված այնպիսի մի ժամանակ, երբ անիշխանություն է ամեն տեղ, և օրն օրին բազմանում են վերին աստիճանի վտանգավոր հեղափոխական շարժումները: Այսպիսով զինվորությունը կկորցներ իր նշանակությունը, կդառնար ետ քաշված, գրեթե անպետք մի ուժ: Ուստի և ընդհանուր ժողովը պահանջեց փոխարքայից զինաթափ անել սոցիալ-դեմոկրատներին, հեռացնել ասպարեզից բոլոր գաղտնի ռազմական կազմակերպություններին և կանոնավոր կյանքի վերականգնումը հանձնել բանակին:

Եվ իր ձեռքն առնելով կարգի փրկության գործը՝ շտաբը զորաբաժիններ ուղարկեց հայ-թուրքական ընդհարումների շրջանում դիրքեր գրավելու համար, իսկ սոցիալ-դեմոկրատներից սկսեց հետզհետե խլել արքունի հրացանները: Վերջին օրերին Բորչալուից զինված թուրքական խմբեր էին մտել Թիֆլիս՝ առանց արգելքի հանդիպելու ճանապարհները պահող զորքերի կողմից: Կռիվն այս պատճառով սաստկացել էր: Համազարկերը շարունակ որոտում էին դժբախտ քաղաքամասի վրա, հրդեհված տները գիշերը տարածում էին իրենց չարագուշակ լուսավառությունը: Առանձին դիրքեր գրաված զորամասերն իրենց իսկ նախաձեռնությամբ հաճախ միանում էին հայկական դիրքերին՝ գրավված մանավանդ այն առատ ուտելեղեններով, որ թափում էին դաշնակցականների դիրքերի մեջ քաղաքացի հայերը: Լավ հյուրասիրվելով հայ զինվորների մոտ՝ կառավարական զորքերը վերջին օրերին շատ հաճախացրին իրենց կրակը թուրքերի դեմ, որոնց դրությունը կատարելապես անտանելի էր դառնում իրենց նեղ ու փոքրիկ տների մեջ: Զոհերի թիվն էլ այնքան էր մեծանում, որ նրանք, վերջապես, ըմբռնեցին կռվող կողմ դառնալու անմտությունն այդպիսի հանգամանքների մեջ և զենքերը ցած դրին: Թիֆլիսն ազատվեց մի մայրաքաղաքի համար ամոթալի և խայտառակ դրությունից:

Բայց մի՞թե բոլորովին անօգուտ էր անցնում Թիֆլիսի հայ-թուրքական պատերազմը ցարական բյուրոկրատիայի համար: Ո՛չ, ինչո՞ւ պետք է անօգուտ անցներ: Զբաղեցնելով վրաց սոցիալ-դեմոկրատներին Շեյթան-բազարում խաղաղեցնողների բավական զիզի-բիզի դերով՝ Վորոնցով-Դաշկովը պատրաստեց գեներալ Ալիխանով-Ավարսկու նվաճողական արշավանքը դեպի արևմտյան Վրաստան, որ ապստամբել և զինաթափ էր արել տեղական ռուս զորքերին՝ հաստատելով տեղական մանր հանրապետություններ: Եվ սկսվեց, ճիշտ որ, նվաճում բարբարոսության բոլոր միջոցներով՝ ջնջելով և ոչնչացնելով ամեն ինչ, որ հանդիպում էր ճանապարհին: Վրաստանը մենակ էր և մեկուսացված, նրան կարելի էր ջարդել բոլոր կողմերից: Ահա՛ հայ-թուրքական կոտորածների պատրաստած մի խոշոր արդյունքը: Վրաց ինտելիգենցիան և հատկապես սոցիալ-դեմոկրատիան նոր միայն տեսավ, թե ինչի համար էր և ինչի բերեց կովկասյան ժողովուրդների բաժանումը, որ ցարական քաղաքականության գլխավոր հիմքն էր կազմում տասնյակ տարիներից ի վեր:

Հայ-թուրքական կռիվը Թիֆլիսում, կարծեք, մի քիչ մերձեցում առաջացրեց վրաց սոցիալ-դեմոկրատների (մենշևիկների) և Դաշնակցության միջև: Նրանք համերաշխ էին գործում կռվից հետո Թիֆլիսում դեկտեմբերյան օրերին, երբ հեղափոխությունը կանոնավոր պատերազմ էր մղում կառավարության դեմ գործադուլների և տեռորիստական գործողությունների միջոցով: Բայց համաձայնությունը երկար չտևեց և չէր կարող տևել, որովհետև երկու կազմակերպություններն էլ իրենց էությամբ նացիոնալիստական էին:

1905-1906թթ. ձմեռն առհասարակ տանջալից էր հեղափոխական երկունքներով բռնված Ռուսաստանի համար: Տանջալից էր կյանքը նմանապես և Թիֆլիսում: Իսկ հայ-թուրքական կռիվների հրդեհով բռնկված գավառական վայրերի դրությունն անտանելի էր: Ամեն տեղից գալիս էին հուսահատական ճիչեր: Շուշին կատարյալ ճգնաժամ էր ապրում...

Դաշնակցությունն այնքան ուժեղացել էր, այնքան հարստացել, որ այդ ձմեռ հիմք դրեց իր լեգալ մամուլին՝ հրատարակելով «Յառաջ» անունով թերթը, որ լայն հիմքերի վրա էր դրված և այդ պատճառով դրամական առատ միջոցներ էր վատնում: «Մշակի» և նոր թերթի մեջ իսկույն սառնություն սկսվեց, որ շուտով փոխարկվեց թշնամության, թեև «Յառաջի» շուրջը խմբվածները, գրեթե առանց բացառության, «Մշակ»-ականներ էին և «Մշակի» աշխատակիցներ: Որոշվում էին նոր դիրքեր: Երկու թերթերը, մնալով բուրժուական մամուլի առաջավոր գծի վրա, իրար հանդեպ բռնեցին այդ գծի երկու ծայրերը. ձախը պատկանում էր դաշնակցական թերթին, աջը՝ «Մշակին», որի համար թե փառք ու պարծանք, եթե մնացել էր, այդ այն էր, որ նա ռուսահայերի մեջ ամենահին պարբերական թերթն էր: Ամենահինը լինելը վատ չէր, վատը՝ հնանալն էր: Իսկ որ «Մշակը» հնանում էր անողորմ կերպով, այդ բացահայտ էր դարձնում դաշնակցական թերթը, որ անկախ իր կուսակցական հանգամանքից՝ աչքի էր ընկնում և՛ գրական շնորհքով, և՛ ավելի արմատական գաղափարախոսությամբ, և՛, մանավանդ, պայքարի համարձակ թափով, որի պատճառով նա կառավարության կողմից փակման էր ենթարկվում և լույս էր տեսնում զանազան անունների տակ:

...Թիֆլիսում տեղի ունեցավ վաղուց սպասված մի հավաքույթ: Փոխարքա Վորոնցով-Դաշկովի կարգադրությամբ երկրի զանազան կողմերից հայ և թուրք ազգաբնակչության կողմից ընտրված ներկայացուցիչներ, թվով 60-62 հոգի, եկան Թիֆլիս, փոխարքայական պալատում նիստեր սկսեցին՝ խորհրդակցելու համար հայ-թուրքական կռիվների մասին: Բանալով համագումարը՝ փոխարքան հայտնեց, թե ինքը շատ է աշխատել դադարեցնել արյունահեղությունն ու ավերմունքը, բայց հաջողություն չի ունեցել, ուստի ահա կանչել է ժողովրդի ընտրյալ և գիտակ մարդկանց, որպեսզի նրանք խորհուրդ տան, թե ինչ պետք է անել...

Համագումարը կազմված էր բացառապես երկու ազգերի տիրող տարրերից: Հայերն ուղարկել էին իրենց բուրժուա ինտելիգենցիան, թուրքերը՝ իրենց կալվածատեր ինտելիգենցիան: Աշխատավոր ժողովուրդը՝ արյունահեղ կռիվների իսկական զոհն ու մարտիրոսը, ոչ մի հատիկ ներկայացուցիչ չուներ: Դաշնակցությունը չէր մասնակցում համագումարին, որին բացասաբար էր վերաբերվում: Եվ իրավ, դա մի բարձր պաշտոնական, միաժամանակ և շատ խղճուկ կատակերգություն էր: Այս տեսնում էր ամեն մեկը, որ թեկուզ հարևանցի կերպով ծանոթանում էր համագումարի մեջ տեղի ունեցած խոսակցություններին:

Ամենից բնորոշ և նշանակալից էր թուրք պատգամավորների դիրքը... Նրանք եկել էին այստեղ իբրև ռուս բյուրոկրատիայի հլու ծառաներ և նրան վերցնում էին իրենց պաշտպանության տակ: «Ոչ ոք,- ասում էին նրանք,- մեղավոր չէ այդ արյունահեղությունների համար իբրև սկզբնապատճառ: Թուրքերը ոչ մի տեղ նախահարձակ չեն եղել, այլ միայն պաշտպանվել են: Միակ պատճառը Դաշնակցությունն է, և, եթե հայերն ուզում են, որ խաղաղություն և հաշտություն լինի, նրանք պիտի ոչնչացնեն Դաշնակցությունը»: Այստեղ, ահա, պանթուրքիստ բեկերը և Նիկոլայի չինովնիկները մի սրտառուչ համաձայնությամբ իրար էին միանում… Զվարճալին այն էր միայն, որ թուրք բեկերի փորացավն ուրիշ էր, այսպես ասած՝ Օսմանյան էր, իսկ ռուս բյուրոկրատիան կարծում էր, թե ինքն է միայն նրանց ցավն ու հոգսը օր ու գիշեր: Եվ ինչպե՞ս չկարծեին խեղճ կառավարիչները, երբ կալվածատեր հռետորները պաշտպանում էին գավառական ռուս չինովնիկներին, որոնք ենթարկված էին դաշնակցականների տեռորին: «Մի՞թե նրանք մարդիկ չեն»,- հարցնում էին այդ խեղճ գառնուկների պաշտպանները: Բայց միևնույն ժամանակ նրանք դառնապես գանգատվում էին, թե մահմեդականները զրկված են իրավունքներից, նրանց մտավոր պահանջների վրա ուշադրություն դարձնող չկա: Ոչ ոք, իհարկե, չէր ասի, թե դրա պատճառը հայերն էին, ամեն մեկը գիտեր, որ դա հենց բեկական պաշտամունքի առարկա դարձած ցարական բյուրոկրատիան է, որ խտրությունների, անհավասարության, տգիտության և այլ այսպիսի անեծքների վրա է հիմնավորում իր բարօրությունը: Բայց համալսարանական բեկերը մի վայրենի միամտությամբ հայտարարում էին, թե հենց այս պատճառով էլ թուրքերը հարձակվում էին հայերի վրա: Աղաևն իրեն հատուկ ցինիկությամբ ասում էր հայերին. «Դուք զարգացած եք, հարուստ եք, առաջադեմ, մենք ձեր անեծքն ենք՝ երկաթի պես կախված ձեր վզից. դուք պետք է մեզ էլ ձեզ հետ առաջ տանեք: Դուք կազմակերպություն ունեք, մենք չունենք. կա՛մ մեզ էլ տվեք կազմակերպություն, կա՛մ ահա մենք կսպանենք ձեզ, կքանդենք, կհրդեհենք»: Եվ ո՛չ նա, ո՛չ ուրիշ հռետորներ երբեք ցույց չտվեցին, թե իսկապես ինչ վնասներ է կրել թուրք ժողովուրդը հայ ժողովրդից, թե կոտորածի, փոխադարձ ինքնաջնջման մեջ իսկապես ինչ կենսական անխուսափելիություն կա:

Այսպիսի անմտություններ էին արտասանվում, որովհետև խելոք, համոզիչ բան չունեին ասելու: Եթե չլիներ ռուս բյուրոկրատիան, չլիներ և պանթուրքական համածավալ պրոպագանդան, նայելով այդ խղճուկ ու երեխայական բացատրություններին, պետք կլիներ ասել, թե հայերն ու թուրքերը մի ամբողջ տարի է, իրար կոտորում են առանց պատճառի, սխալմամբ, մի վատ երազի տպավորության տակ, որ այդ բոլոր սարսափները պարզ թյուրիմացություններ են:
Այսպիսի բան, սակայն, աշխարհի երեսին չի կարող լինել: Ես արդեն վերևում բացատրեցի: Սուլթանականությունը և ցարականությունը մի հարթակի վրա էին կանգնած. կոտորածների միջոցով տկարացնել հայ ժողովրդին և այսպիսով ոչնչացնել հայերի հեղափոխությունը: Եվ եթե մի րոպե էլ չմոռանանք, որ հայ հեղափոխությունը, լինելով հանդերձ մի ճնշված ժողովրդի արդար դատ, հիմնված էր բոլորովին սխալ և անիմաստ ըմբռնողության, իլյուզիայի վրա, այն է՝ Եվրոպան պաշտամունք՝ ֆետիշական հավատ դարձնելու վրա, այնժամ միանգամայն պարզ կդառնա, որ Կովկասի հայությունն էլ նույն այդ մեծ ստությանը, նույն այդ բազմամյա ցնորքին էր զոհ բերվում: Ես կարող եմ վկայել, որ հայ-թուրքական կռիվների ամենակատաղի ժամանակ քչերը չէին գտնվում, որոնք ասում էին. «Թող Վեհափառը (կաթողիկոսը) դիմում անե Եվրոպային»: Դժբախտ ժողովուրդ, դժբախտ պաշտամունք:

Թուրք պատգամավորների հայտարարություններն այն աստիճանի սպառիչ լիակատարությամբ էին պարզում ժողովրդական մեծ դժբախտության ամբողջ բովանդակությունը, որ ես ավելորդ եմ համարում հայ պատգամավորների ճառերին դիմելը: Թուրքերն իրենց տակտիկային այնքան հավատարիմ մնացին, որ երբ հայերն առաջարկեցին վնասների հատուցման սկզբունքը դնել երկու կռվող ժողովուրդների վրա, նրանք սաստիկ ընդդիմացան այդ մտքին: Մերժվում էր նաև սկզբնապատճառ եղող և, առհասարակ, հանցավոր մարդկանց պատժելու առաջարկը: Բայց դրա փոխարեն թուրքերը նորից և նորից պահանջ էին մտցնում, որ հայերը ոչնչացնեն իրենց Դաշնակցությունը: Ի պաշտպանություն Դաշնակցության մի ճառ արտասանեց պատգամավոր Ալեքսանդր Խատիսյանը, որն այն ժամանակ այդ կուսակցության անդամ չէր, բայց երևի զգում էր, որ մի ժամանակ պիտի դառնա նրա շեֆը: Դա, ինչպես վկայում էին լրագրերը, մի շատ ազդու և տաղանդավոր ճառ էր, որ նվաճեց ամենքին, նույնիսկ և թուրք պատգամավորներին: Ասել էին, թե Դաշնակցությունը չարությամբ ու թշնամությամբ է լցված դեպի մյուս ազգությունները: Խատիսյանը հերքել էր այդ մեղադրանքը՝ բերելով մի կտոր Դաշնակցության նոր ծրագրից, որի մեջ պահանջվում էր Կովկասի համար ֆեդերատիվ կազմակերպություն՝ ռուսական սահմանադրական պետության մեջ:

(Շարունակելի)

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Արխիվ