Գլխավոր » ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ
ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ
23:40
Դաշնակցությունը սառն էր պահում իրեն... Քրիստափոր
Միքայելյանը մեծ կարծիք չուներ երիտթուրքերի վրա...

(Սկիզբը՝ նախորդ համարներում)

Սա, սակայն, չէր փոփոխում Դաշնակցության հիմնական բնավորությունը։ Թուրքերը լավ էին հասկանում, որ իրենց համար Դաշնակցության հարցը Թուրքիայի հարցն է։ Իսկ ռուս բյուրոկրատիան տեսնում էր իր առջև բացարձակ հակապետական, ցարիզմի թշնամի մի կազմակերպություն։ Ինձ մի լավատեղյակ աղբյուրից այն ժամանակ հաղորդեցին, որ Կովկասյան զինվորական շտաբի ընդհանուր ժողովին բավական մտահոգություն էր պատճառել Դաշնակցության հանրապետական դավանանքը։ Վրացական սոցիալ-դեմոկրատիան համարվում էր թույլ և նրա հետ հեշտ կարելի էր հաշիվ տեսնել։ Մինչդեռ Դաշնակցությունն ուներ ուժեղ զինվորական կազմակերպություն։ Յոթ հազար զինվորի առասպելը դեռ ապրում էր շտաբային շրջանակներում։ Եվ այդտեղ տրամադրություն էր ստեղծվում բանակցություններ սկսելու Դաշնակցության հետ՝ որոշ համաձայնության հանգելու համար...

Հայ-թուրքական համագումարը վերջացավ 8-9 օր նիստեր գումարելուց և վիճելուց հետո... Բայց հայ-թուրքական ընդհարումները շարունակվեցին այնուհետև վեց ամսից ավել։ Իսկ ռուս բյուրոկրատիայի ձեռնարկած նոր միջոցն այն էր, որ պատժիչ արշավախումբ ուղարկվեց Ղարաբաղի Վարանդա գավառը՝ բացառապես հայերին պատժելու համար։ Թե ինչու էին միայն հայերը պատիժ կրում, իսկ մյուս թշնամի կողմը բոլորովին հանգիստ էր թողնվում, սա ցարական չինովնիկների մեկ այլ գաղտնիքն էր։ Ընդհարումները վերջանալուց հետո՝ անգամ դատաստանական գործեր սկսվեցին դարձյալ միայն հայերի դեմ, որոնցից շատերը Սիբիր աքսորվեցին, մինչդեռ թուրքերն ազատ մնացին պատիժներից։ Գաղտնիքը շատ հեշտ է բացվում։
Պատժիչ արշավախումբը մի նոր աղետ դարձավ Վարանդայի համար։ Ցարի զորքերը գազանություն չթողեցին, որ չկատարեն հայ գյուղերում։ Կողոպուտը, էկզեկուցիան, տուգանքները, ծեծերը, նույնիսկ պառավ կանանց բռնաբարումը սովորական բաներ էին այդ «քրիստոսասերների» համար։ Այս դժբախտությունները կատարվում էին հայ-թուրքական համագումարից անմիջապես հետո։ Ահա մի կտոր այն հեռագրից, որ Շուշիի կանայք ուղարկեցին Նիկոլայ Բ-ի կնոջը։

«Մի ամբողջ տարվա հայ-թուրքական կոտորածի արյունահեղ սարսափներից հետո մեզ՝ հայերիս վրա պայթեց մի նոր և ավելի ահեղ արհավիրք, որի նմանը մեր պատմությունը չի հիշում նույնիսկ մահմեդական տիրապետության ժամանակներից։ Մեր գավառն է ուղարկված կազակների թռուցիկ խումբը, իբրև թե հայերին և թուրքերին խաղաղեցնելու և նրանց մեջ կարգը և հանգստությունը վերականգնելու համար։ Այս զորախուբը, որի հրամանատարն է փոխգնդապետ Վիվերինը և որի գործողությունները ղեկավարում են գավառապետ Ֆրեյլիխը և հաշտարար միջնորդ Երմոլաևը, գավառի խաղաղ հայ ազգաբնակչության վրա այնպիսի սարսափելի բաներ է գործադրում, որոնց նկարագրելը մարդու երակների մեջ արյուն է սառեցնում։ Զինաթափ անելու պատրվակով կազակները մտնում են անպաշտպան ազգաբնակչության տները, կողոպտում են բոլոր արժեքավոր իրերը, ոչնչացնում և անպետք դարձնում ժողովրդի վերջին ստացվածքը, թափում են հացահատիկների ամբողջ պաշարը ցեխի մեջ և հենց այստեղ էլ ոտնահարում, տրորում են։
 
Գյուղացիներին գանակոծում են և ենթարկում ամենասոսկալի տանջանքների, որոնց պատճառով մահվան դեպքերը հազվագյուտ չեն, և կատարում են այնպիսի շատ ուրիշ բաներ, որպիսիները չեն կատարվել նույնիսկ թշնամու երկրում։ Եվ ահա դեռևս թուրքերի ձեռքով հրդեհված գյուղերի և քաղաքների մխացող ավերակների առաջ երևում են նոր ավերակներ՝ կազակների ձեռքով կատարված, և թուրքերի ձեռքից ընկած զոհերի դեռևս թարմ գերեզմաններին կից ավելանում են նորերը՝ կազակների շնորհիվ։ Եվ այդ բոլորը կատարվում է նրանց հրամանատարների ներկայությամբ։ Բայց որ ամենասարսափելին է և, որ կարող է խորապես վրդովեցնել ամեն մի կնոջ, դա այն է, որ պղծվում է ամեն մի կնոջ համար ամենանվիրական սրբությունը՝ նրա կուսությունը։ Իրենց ամուսինների, եղբայրների և հայրերի աչքի առաջ բռնաբարվում են կանայք, քույրերը և աղջիկները, սկսած 60 տարեկան պառավներից մինչև 11 տարեկան աղջիկները։ Չեն խնայում անգամ երկունքով բռնված կանանց անկողինները»...

Ղարաբաղի խժդժություններն այնքան զարմանալի չէին, որքան զարմանալի է այն հանգամանքը, որ Վորոնցով-Դաշկովը՝ այն մարդը, որի պաշտոնյաներն էին կատարում այդ վայրագությունները մարտիրոս հայ գեղջկուհիների վրա, համարվում էր հայասեր, հայերին հովանավորող.. Մինչդեռ իրողությունն ահա՝ Ղարաբաղի 60-ամյա պառավները՝ բռնաբարված կազակների ձեռքով։ Հետագայում մենք պիտի տեսնենք վորոնցովդաշկովյան այնպիսի «բարերարություններ», որոնց առաջ միանգամայն պիտի նսեմանան ու գունատվեն Վարանդայի գազանությունները։ Եվ, այնուամենայնիվ, «հայոց թագավոր» էր Վորոնցով-Դաշկովը մինչև Կովկասից հեռանալը...

Իշխան Գոլիցինը հայության անհաշտ թշնամին էր և իր այս գիծը տանում էր բացահայտ, ամենքի համար պարզ քաղաքականությամբ։ Կասկածի որևէ տեղիք չէր մնում, սխալվել կամ մոլորվել չէր կարելի։ Մարդը կանգնած էր բաց դեմքով, իր ամբողջ հասակով և հարվածներ էր տալիս։ Վորոնցով-Դաշկովի քաղաքականությունն այդպես չէր, այլ վարագուրված, մշուշապատ և հետևաբար՝ դավաճանական, գաղտնի թակարդներով լցված։ Այս երկու դիրքերի համեմատությունը հարկադրում է ասել բացարձակորեն, որ Գոլիցինն իր բաց ու պարզ թշնամական քաղաքականությամբ պակաս վնասակար եղավ հայության համար, քան Վորոնցով-Դաշկովն իր «հայասիրությամբ»։ Այս հայասիրական քաղաքականությունը կերտելու և հյուսելու մեջ մեծ դեր էր կատարում կոմսուհի Վորոնցովա-Դաշկովան՝ փոխարքայի կինը։ Սա մեկն էր այն կանացի բնավորություններից, որոնք կառավարում են աննկատելի կերպով, մատների վրա ամբողջ աշխարհներ են խաղացնում...

...1906թ. աշնանից, ամեն տեղ և միանգամից, կասես կախարդական գավազանի մի շարժումով, դադարեցին հայ-թուրքական կռիվները։ Դրանք այլևս հարկավոր չէին ամրացող ռեժիմին, և հազարավոր ավերակներ, հազարավոր գերեզմաններ երկնքի տակ անշարժանում էին իբրև հրեշ-հուշարձաններ նիկոլայյան ոճրագործ ու հրեշ կարգի։ Կյանքն այսպիսով նորից մտցվում էր լծի տակ...

Սուլթան Աբդուլ-Համիդի խելացնոր բռնակալությունից արտասահման վտարված թուրքական «Երիտասարդ Թուրքիա» կուսակցությունը, որ իրեն անվանում էր «Առաջադիմության և միության կուսակցություն» (Իթթիհատ վե թերաքե), առանձնապես ուժեղացրեց իր գործունեությունը մասնավորապես այն ժամանակից, երբ Փարիզ փախան նաև սուլթանի փեսա Դամադ-փաշան և նրա որդին՝ իշխան Սաբահեդդինը։ Երիտասարդ թուրքերը, ինչպես վայել է մի պետական հայրենասիրական կուսակցության, չէր ընդունում, որ Թուրքիայում գոյություն ունենան առանձին ազգային հարցեր, ինչպիսն են, օրինակ, Հայոց հարցը և այլն։ Հակառակ լինելով այդ հարցերին, որոնք միայն եվրոպական միջամտությունների դուռն էին բաց անում և թուլացնում Թուրքիան, երիտթուրքերը քարոզում էին, որ Թուրքիայի բոլոր անբավական տարրերը, բոլոր հեղափոխական կազմակերպությունները պիտի միանան Աբդուլ-Համիդի դեմ, որ բոլոր չարիքների պատճառն է, հեռացնեն նրան իշխանությունից և հաստատեն ազատ սահմանադրական ռեժիմ, որ կբարեկարգի երկիրն ընդհանուր իրավահավասարության սկզբունքի վրա, և այսպիսով կվերանա ամեն մի անհատական-ազգային դժգոհություն։

Իշխան Սաբահեդդինն այդ ընդհանուր խոսքերի վրա ավելացնում էր և այն, որ ազատագրված Թուրքիայի վարչական ռեժիմը պիտի հաստատված լինի ապակենտրոնացման սիստեմի վրա, որ տանում է դեպի տեղական ինքնավարությունների ցանցը։ Նա և նրա հայրը մի քանի անգամ փորձեր արեցին այս իմաստով միություն ստեղծելու Թուրքիայի բոլոր ընդդիմադիր հոսանքների միջև, բայց հաջողություն չունեցան։ Հավաքվեցին, խոսեցին, համձայնության չեկան և էլի հեռացան, անջատ գործողությունների ճանապարհն ընտրեցին։ Հատկապես Դաշնակցությունը սառն էր պահում իրեն այդ միության գաղափարի դիմաց, որովհետև Քրիստափոր Միքայելյանը մեծ կարծիք չուներ երիտթուրքերի վրա և չէր կարծում, որ այդ կուսակցությունը կարող կհանդիսանա հեղափոխություն կատարելու։

Սակայն իր շեֆի մահից հետո Դաշնակցությունը, կորցնելով դավադրական և դիվանագիտական մարզանքների նախկին թափը, կամաց-կամաց սկսեց թեքվել դեպի իշխան Սաբահեդդինի առաջարկությունը։ Սա, իհարկե, մի դրական քայլ էր, և այս ուղղությամբ գործելու անհրաժեշտությունը վաղուց հրամայողաբար թելադրում էր Եվրոպայի պաշտամունքի կատարյալ սնանկությունը։
Եվ ահա, 1907թ. վերջին օրերին Փարիզի մեջ կայացավ վաղուց սպասված միությունը։ Հայ կազմակերպություններից Փարիզի ժողովին մասնակցում էին միայն Դաշնակցությունը և Մարսելի «Արմենիայի» խմբագրությունը։ Հնչակյան կուսակցությունն իրեն հեռու պահեց միությունից։ Փարիզի ժողովը կամ կոնգրեսը հրատարակեց մի հայտարարություն, որից բերում եմ մի քանի կտոր։

«Թուրքիայում գործող կուսակցությունների կոնգրեսը՝ դեկտեմբերի 27-29-ին գումարված Եվրոպայում, հայտարարում է, որ ընդունում է թուրք կայսրության բոլոր ժողովուրդների համերաշխությունը, որոնք հավասարապես տառապում են երկրի վրա ծանրացող բռնակալ ռեժիմից, որը գարշելի է դարձել ամբողջ աշխարհի աչքին ներկա վեհապետի՝ Աբդուլ-Համիդ II-ի հրեշային ոճիրներով։

Այդ երեսուն տարվա գահակալությունն աղետաբեր է եղել, ինչպես սխալմամբ կարծում են, ոչ միայն քրիստոնյա ժողովուրդների համար, որոնց հալածում և կոտորում էր սուլթանը իր սեփական շահերից դրդված, այլև հենց մահմեդականների համար, որոնք կործանվել են, ստրկացվել, բերդարգելության դատապարտվել, մորթոտվել, վերջապես, անարդար կերպով մեղադրվել քաղաքակիրթ ժողովուրդների հասարակական կարծիքի առաջ, որ նրանց պատասխանատու է կարծել այն հակամարդկային ոճիրների համար, որոնք գործվել են վեհապետի և նրան շրջապատողների կողմից։ Կայսրության բոլոր ազգությունները հաջորդաբար զոհ էին դարձել Աբդուլ-Համիդի ոճրագործ խենթության։ Նա հաջորդաբար արձակել է նրանց իրար վրա՝ ցեղերի և կրոնների միջև արհեստական ատելություններ գրգռելով ու սնուցելով. թուրքերը, հայերը, հույները, բուլղարները, վալաքները, արաբները, հրեաները, գյուրջիները, քրդերը ենթարկվել են հալածանքի, աքսորի, բերդարգելության ու կոտորածի, և հայկական ջարդերը, պսակելով անցյալ այդ բոլոր չարագործությունները, կնքել են նրանց հեղինակին, որ շարունակում է տակավին իր ոճրագործ արարքը Արաբիայում, մեծ մարդասպան և կարմիր սուլթան անուններով»։

Թվելով այնուհետև Աբդուլ-Համիդի համեմատաբար ավելի խաղաղ չարագործությունները, հայտարարությունը շարունակում էր.
«Մինչև այժմ, իրերի այս դրությունից ծագող հեղափոխական շարժումները վարվում էին առանձին-առանձին. այսօր մահմեդականների և քրիստոնյաների համագործակցությունը շատ տեղերում ապացուցել է, որ կայսրության բոլոր ժողովուրդները, վերջապես, հոգնել են տառապելուց և ըմբռնում են, որ իրենց վեհապետը տանում է իրենց դեպի անդունդ։

Այսօր, մտածելու ընդունակ ամեն մարդ շատ պայծառ կերպով տեսնում է, որ կայսրությունը վերջնական կործանումից և քայքայումից կարելի է ազատել՝ անմիջապես փոխելով միայն կառավարությունը։ Պետք է տապալել, որքան կարելի է շուտով և բոլոր հնարավոր միջոցներով, մի ռեժիմ, որը պատճառել է այնքան աղետներ։
Ահա ինչու մենք պահանջում ենք՝ 1) Աբդուլ-Համիդի գահընկեցությունը, 2) Ներկա ռեժիմի արմատական փոփոխությունը, 3) Մի ներկայացուցչական ռեժիմի հաստատումը (պառլամենտ)։

Ներկա բոլոր չարիքների գլխավոր հեղինակի անհետացումը առաջին պայմանն է ամեն բարելավման։ Նրա հետ կանհետանան նաև վարչական ու քաղաքական բռնակալ սիստեմը, ոստիկանական տեռորն ու դիվանագիտական չարամտությունը։ Այնուհետև կհիմնվի մի ներկայացուցչական ռեժիմ, որով կայսրության բոլոր ժողովուրդները, հավասար պարտականություններով և իրավունքերով կարտահայտեն իրենց կարիքներն ու կամքը, ռեժիմ, որ մի խաղաղ ներդաշնակության մեջ կապահովի բոլորի համար արդարությունն ու ազատությունը։

Ահա՛ այս կոնգրեսի միակ նպատակակետը, համաձայն մեր երկրի բոլոր ժողովուրդների կամքի, որոնք միևնույն երկրի զավակներ՝ մշակում են միևնույն հողը, տառապում են միևնույն տառապանքով և համերաշխ գործակցությամբ վճռել են նվաճել իրենց երջանկության և ազատության բաժինը։

Ձեռք ձեռքի ենք տալիս մի ընդհանուր կռվի համար՝ հարգելով յուրաքանչյուր կազմակերպության ինքնավարությունը, [ձեռք] ձեռքի ենք տալիս անկեղծորեն, եղբայրաբար և կռիվն սկսելուց առաջ՝ հանդիսավոր խոսք ենք տալիս՝ չդրժել մեր հանձնառությունները և հայտարարում ենք սուլթանին, որ վայր չենք դնի մեր զենքերը, մինչև չենք բաց անի Թուրքիայի համար մի նոր դարագլուխ։
Կոչ ենք անում բոլորին՝ աջակցելու մեզ այս դժնդակ և փառավոր ձեռնարկության մեջ, որը կպահանջի աննկուն կորով և ծանր զոհաբերություն։ Կոչ ենք անում բոլորին՝ գիտության և մտածումի մարդկանց, որոնց արգելված է ամեն անկախ ուսումնասիրություն, դաշտերի և քաղաքների աշխատավորներին՝ զրկված հողից ու հացից, ընկճված ապօրեն հարկերի տակ, տանջված և թալանված հարկահաններից, վաճառականներին, որոնք անկարող են գործ դնել իրենց առևտուրը կատարյալ անդորրությամբ, չվճարված, քաղցած, մերկ զինվորներին, որոնց ստիպում է իրենց տերը գնալ իրենց հայրենակիցների դեմ. մեկ խոսքով՝ կայսրության բոլոր ազգություններին, որոնք ջախջախված են մի անարգ բռնակալությունից...

Երեսուն տարվա փորձառությունը չափազանց ցավագին կերպով ապացուցել է բոլորին խաղաղ միջոցների անբավականությունը բռնության մի հսկայական ուժի դեմ։ Իր հպատակների բոլոր խնդիրներին, բոլոր պաղատանքներին սուլթանը պատասխանել է միշտ ուժով, բանտով, աքսորներով և ջարդերով։
Կոնգրեսը միաբերան հռչակում է, ուրեմն, որ ընդդիմադիր բոլոր խմբերը պետք է այսուհետև դիմեն հեղափոխական միջոցների, որոնք տվել են քաջալերական արդյունքներ, ինչպես ցույց է տալիս հեղափոխական գործունեությունն ընդհանրապես և թուրք ու հայ խառն խմբերի վերջին գործունեությունը մասնավորապես։ Ասիական նահանգների բազմաթիվ քաղաքներում հեղափոխական միջոցները դառնում են անհրաժեշտ և արդարանալի հենց իշխանության բռնությունների պատճառով։ Ներկա ռեժիմն է, որ իր ոճիրներով մղել է մեզ հեղափոխության։

Հայտարարում ենք, ուրեմն, որ պատրաստ ենք մղելու կռիվը՝ ընդունելով և հանձնարարելով հետևյալ միջոցները.
1. Զինված դիմադրություն կառավարության գործողությունների դեմ,
2. Ոչ զինված դիմադրություն քաղաքական և տնտեսական գործադուլով. գործադուլ պաշտոնյաների, ոստիկանության և այլն,
3. Հարկերի մերժում,
4. Պրոպագանդա զորքի մեջ. զինվորները պիտի հրավիրվեն չգնալ ո՛չ ժողովրդի և ո՛չ էլ հեղափոխության դեմ,
5. Ընդհանուր ապստամբություն,
6. Գործողության ուրիշ միջոցներ՝ համաձայն պայմանների և հանգամանքների»։
Սա, ընդհանրապես, հոյակապ մի երևույթ էր, որ առաջին անգամն էր հանդես գալիս օսմանյան պատմության մեջ՝ բոլոր տառապող տարրերի ընդվզում արնախում սուլթանիզմի դեմ։ Միանում էին մինչև այդ իրարից կրոնական և ազգային նախապաշարմունքներով անջատված, իրար թշնամի խավերը։ Սկսվում էր մի նոր դարագլուխ՝ համապետական հեղափոխական կյանքի շրջանը...

(Շարունակելի)

Որոնում

Օրացույց

«  Սեպտեմբեր 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ