Գլխավոր » ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ
ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ
15:20
Թուրքերի դեմ ոչ մի հալածանք չսկսվեց,
հալածում էին միայն հայերին

(Սկիզբը՝ նախորդ համարներում)

Առաջին իսկ հայացքից դեկտեմբերի 27-29-ի հայտարարությունը ցույց էր տալիս, որ երիտթուրքերի կուսակցությունն անշարժ կանգնած էր այն տեղում, ուր 1876-ին հաստատվել էր նրա նախահայրը՝ Միդհատ-փաշան: Ոչ մի քայլ դեպի առաջ, կարծես 30 տարվա ընթացքում կարելի չէր եղել որևէ նոր բան սովորել: Այժմ էլ, ինչպես և 1876-ին, ամենափրկիչ միջոց համարվում էր պառլամենտարիզմը: Կարծում էին, թե բավական է բաց անել Կ.Պոլսում պառլամենտ, հայտարարել բոլոր հպատակների հավասարությունն օրենքի առաջ, և Թուրքիան կփոխի իր կերպարանքը, կդառնա քաղաքակիրթ ու բարեկարգ երկիր...

Միակ խոշոր քաղաքական կազմակերպությունը երիտթուրքերի կուսակցությունն էր, որ հենց իր սկզբնավորության օրից հայտնի էր դարձել իբրև եվրոպական պառլամենտարիզմը ծածկոց դարձրած հետադեմ իսլամական միտք, որի իդեալներն են պանիսլամիզմը, խալիֆաթը, շարիաթը, համաշխարհային տիրապետությունը: Նա ներկայացնում էր նույն տիրապետող և շահագործող դասակարգերը՝ կալվածատիրությունը և առևտրական բուրժուազիան... Դուրս էր գալիս, որ երիտթուրքերի ողջ ցանկությունն էր տապալել Աբդուլ-Համիդի բռնակալությունը՝ տիրող դասակարգերի բռնակալությամբ այն փոխարինելու համար…

Տարբերությունը, ինչպես ցույց տվեց ապագան, շատ էլ մեծ չպիտի լիներ: Շատ խոշոր հարցերի մեջ (օրինակ, հայերի վերաբերմամբ) երիտթուրքերն իրենց հանդես հանեցին նույնիսկ իբրև Աբդուլ-Համիդի ջերմեռանդ աշակերտներ:
...Եվ պետք է ասել, որ երիտթուրքերն այդ միջոցին վերին աստիճանի ուշադիր էին հայ ժողովրդի վերաբերմամբ և ամեն կերպ փայփայում էին Դաշնակցությանը... Երբ Դաշնակցությունը հոգեհանգիստ նշանակեց հայ հեղափոխական զոհերի հիշատակին, այդ հանդեսին ներկա գտնվեցին դարձյալ բարձրաստիճան երիտթուրքեր, որոնք իրենց ճառերի մեջ մեծարեցին ընկած հերոսներին: Ավելի մանր, առօրյա փաստերը շատ բազմաթիվ էին:

Եվ այսպես, Դաշնակցությունը, մոտենալով երիտթուրքերին, հանդիսանալով նրանց բարեկամն ու գործակիցը, այնպիսի ազդու և կարևոր դիրք էր բռնում Թուրքիայում, որի մասին նա մտածել անգամ չէր կարող առաջներում, անգամ եթե հաջողություն գտնեին նրա հայդուկային-դիվանագիտական անհուսալի արկածները: Նոր դրություն էր ստեղծվում Թուրքիայում: Դաշնակցությանը մնում էր թողնել հին մոլությունները, ոտքից մինչև գլուխ վերանորոգվել և որդեգրել գործունեության նոր եղանակ: Երիտթուրքերի ռեժիմը, ամեն տեսակ ազատություններ տալով հայերին դաստիարակության, պրոպագանդայի շրջաններում, դժկամություն էր հայտնում միայն այն դեպքում, երբ Հայոց հարցն էր հրապարակ բերվում իր հայդուկային գրականության հետ: Հեղափոխության երրորդ օրն էր, կարծեմ, որ «Արևելք» լրագիրը սկսեց արտատպել իր թերթոնի մեջ Րաֆֆու «Խենթը»: Այս բանը նկատվեց, դժգոհության առարկա դարձավ թուրք թերթերի մեջ, և «Արևելքը» շտապեց դադարեցնել վեպի տպագրությունը՝ ներողություն խնդրելով, որ ազատությունից արբեցած ժամերին այսպիսի մի անպատեհություն էր գործել: Բայց այս, իհարկե, չէր նշանակում, թե «Խենթը» և Րաֆֆու ուրիշ վեպերը ազատ մուտք չունեին Թուրքիա: Նշանակալից էր և մի ուրիշ փաստ: Թե՛ թուրք մամուլի և թե՛ ղեկավարող շրջանների մեջ արծարծվում էր այն միտքը, թե պետք է ոչնչացնել Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածը: Ուզում էին ասել, թե Հայոց հարց չկա, թե նա լուծում է ստանում Թուրքիայի ներքին բարեկարգությունների մեջ. բայց առավելապես անհանգստացնում էր այն, որ այդ հոդվածը կարող էր եվրոպական պետությունների միջամտության առիթ դառնալ. մի բան, որ չէր կարող տանել վերանորոգված Թուրքիան: Սակայն այս առաջարկությունն անկատար մնաց: Հայերը չուզեցին զրկվել իրենց արյունոտ ժառանգությունից:

Սա նշանակում էր, թե կողմերի մեջ կատարյալ անկեղծություն, այնուամենայնիվ, չկար: Իզուր էին մատնանշում, թե թուրքական սահմանադրության վերականգնումից հետո ավելորդ է դառնում [այն], որ Դաշնակցությունը շարունակում է կրել «հեղափոխական» անունը: Դաշնակցությունը չընդունեց այդ և ահա մի նոր առիթ, որ երիտթուրքերը ծուռ աչքով նայեն նրան: Սառնության պատճառ վերջիվերջո պիտի տար և այն հանգամանքը, որ Դաշնակցությունը Թուրքիայում սկսում էր սոցիալիստական գործունեություն, թեև նրա սոցիալիզմն այն էր, որ անմահացրել է Երվանդ Օտյանն իր «Առաքելություն մը ի Ծապլվար» կծու երգիծաբանության մեջ: Երիտթուրքերի կուսակցությունը չէր կամենա, իհարկե, որ իր աջակից և բարեկամ կուսակցությունը նույնիսկ այդքանն էլ անե, այլ կկամենար, որ նա իր պես զուտ օսմանյան-նացիոնալիստական ներշնչումներով լինի տոգորված: Դրությունն անհամության էր հասնում մանավանդ այն դեպքում, երբ դաշնակցականներին հաջողվում էր գործադուլներ կազմակերպել այս կամ այն ձեռնարկության մեջ և այսպիսով գլխացավանք պատճառել երիտթուրքերի կառավարությանը:

Եվ այսպիսով, ապագայի համար հուսատու հանգամանքներ շատ չէին երևում: Դաշնակցությունը չէր գիտակցում, թե ինչ ահագին պատասխանատվություն է վերցրել իր վրա՝ իբրև միակ խոշոր քաղաքական կազմակերպություն, որ իր ձեռքն էր առել ամբողջ հայության ճակատագիրը: Ստեղծագործ միտք նա առաջ չբերեց և այս անգամ, երբ նորից ու նորից հայ ժողովրդի մահվան և կյանքի առեղծվածն էր դրված: Նա էլի շարունակեց հինը՝ հայդուկային կազմակերպությունը և Եվրոպայի՝ արդեն հարյուր անգամ արատավորված պաշտամունքը: Դաշնակցականները (նրանցից ետ չէին մնում և հնչակյանները) զինում էին հայ ժողովրդին, շարունակ պահանջում էին, որ ամենքը զենք ունենան: Եվ այս, իհարկե, տեսնում էին թուրքերը: Ժնևից՝ «Դրոշակի» խմբագրությունից բեռներով Կ.Պոլիս էին ուղարկվում հայդուկային գրականություն և նկարներ: Այս ապրանքը տարածվում էր մայրաքաղաքում և գավառներում, վերանորոգվում էր հինը, անջատ ազգային ինքնուրույնության գաղափարը ոչ թե չէր թուլանում, այլ ընդհակառակը՝ ավելի և ավելի ուռճանում էր: Դաշնակցությունը մտել էր ամեն տեղ, տիրացել էր բոլոր ազգային, հասարակական, կրթական հաստատություններին: Ազգային ժողովի մեջ նա էր ուղղություն տվողը: Եվ նրա ուժը առաջվա պես հենվում էր զինվորական կազմակերպության վրա: Հաջողություններից ամբարտավանության ծայրը հասած՝ նա երևակայում էր իրեն ռազմական մեծ կարողության տեր, պատրաստ՝ կռիվ սկսելու ամեն տեղ: Ես հիշում եմ այն վրդովմունքը, որ պատճառեց Մալումյանը նույնիսկ Ժնևի դաշնակցական շրջաններին, երբ նա Կ.Պոլսի Ազգային ժողովի նիստում, ողջունելով նորընտիր Իզմիրլյան կաթողիկոսին, խորհուրդ էր տալիս նրան Ռուսաստան գնալուց հետո, կռվել ռուսական բռնակալության դեմ. ասում էր, թե այդ կռվի համար նրա տրամադրության տակ կլինեն Ռուսաստանում եղած դաշնակցական բոլոր ուժերը: Ճիշտ որ, դոնքիշոտությունն ավելի հեռուն գնալու տեղ չուներ:

...Իբրև հայդուկային աշխարհավարության մի բարձր հիմնարկություն՝ «Դրոշակի» խմբագրությունն ամբողջապես իմ աչքի առջև էր: Ես տեսա անհավասար, հուսահատական կռվի շատ դրվագները՝ ոգևորություն, հերոսություն, ապարդյունություն: Եվ սա գալիս-հասնում էր այն դիվանագիտական «ռեդինգոտին», որ տանում էր այս փոքրիկ տնակից չափահաս և խելահաս համարված մարդկանց՝ իմպերիալիստական գայլերից ողորմություն մուրալու…
Դաշնակցության այս դեմքը միանգամայն լավ լուսավորված էր: Հետաքրքրական էր տեսնել մյուս դեմքը՝ սոցիալիստականը: Ես այդ էլ տեսա: Դաշնակցությունը մտել էր Երկրորդ ինտերնացիոնալի մեջ՝ ռուսական էսէռների փեշի տակ: Երաշխավոր-հսկողի հարկավորություն կար, և այդ դերը կատարում էր Ժնևում ապրող հայտնի էսէռ Վ. Լունկևիչը: Հենց որ նկատում էր, թե «տղերքը» հակասոցիալիստական շեղումներ են անում, իսկույն գնում էր «Դրոշակի» խմբագրություն և, շեմքից դեռ ներս չմտած, ասում էր երևանցու շեշտով. «Էս ի՞նչ ա»: Բացատրություններ, մեկնություններ… Լունկևիչը ծանր շարժում էր գլուխը, իր պահանջներն էր դնում և հիշեցնում, որ էսէռական կուսակցությունն է երաշխավորը Ինտերնացիոնալի առաջ: Եվ այսպես մտրակելով էր նա պահում Դաշնակցությանը սոցիալիզմի հարթոցի վրա...

Բայց ինչ էլ լիներ, սոցիալիզմը չէր բռնում դաշնակցական հողի վրա, և շուտով էլի Լունկևիչն ավելի մի ծանրակշիռ առիթ էր ունենում իր «Էս ի՞նչ ա»-յով գնալ «Դրոշակի» խմբագրատուն: Բուլղարիան օգուտ քաղելով թուրքական հեղափոխությունից՝ իրեն անկախ հռչակեց: Մի օր Ժնևի լրագրերում տեղեկություն տպվեց, թե հարաբերություններն այս առիթով այնքան լարվել են Թուրքիայի և Բուլղարիայի միջև, որ պատերազմ է սպասվում, և Դաշնակցությունը խոստացել է թուրք կառավարությանը՝ նրա տրամադրության տակ դնել իր բոլոր զինված ուժերը: Տեղեկության այս երկրորդ կեսը սաստիկ զայրույթ պատճառեց Ժնևի բուլղար ուսանողությանը: Լրագրերում սաստիկ հարձակողական հոդվածներ տպվեցին հայերի և նրանց հեղափոխական կուսակցության դեմ: Այս բավական չէր, կայացավ բողոքի միտինգ. Դաշնակցությունը դատապարտվում էր մանավանդ այն պատճառով, որ իրեն սոցիալիստական կուսակցություն է անվանում և, սակայն, պատրաստվում է կռվել մի ուրիշ ազգի ազատության դեմ:

Աղմուկը շարունակվեց՝ մինչև որ հետագա լուրերը եկան հանգստացնելու բուլղար ուսանողներին: Ո՛չ Թուրքիան պատերազմ հայտարարեց Բուլղարիային, ո՛չ էլ Դաշնակցությունը միացրեց իր զինական ուժերը թուրքական բանակին:
...Թուրքական հեղափոխությունից ամիսներ առաջ, 1907-1908-ի ձմռանը, հարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի մեջ այնքան էին լարվել, որ պատերազմը գրեթե անխուսափելի էր համարվում: Թուրքական զորքերը կուտակվում էին սահմանի մյուս կողմում, ռուսներն էլ մեծամեծ պատրաստություններ էին տեսնում Ալեքսանդրապոլի և Կարսի երկաթուղիների վրա: Այդ ժամանակ էլ հայտնի դարձավ, որ թեև ռուս կառավարությունը մի կողմից աշխատանք էր թափում Դաշնակցությանը ոչնչացնելու, բայց մյուս կողմից՝ կովկասյան բանակի շտաբն իր ռազմական ծրագրերի մեջ ունի որոշում՝ օգտվելու, պատերազմի դեպքում, դաշնակցական զինվորությունից՝ առաջապահ-հետախուզական ծառայության համար: Շտաբն, իհարկե, միշտ գտնվում էր միայն Թիֆլիսում պահված 7 հազար զինվորների առասպելի ազդեցության տակ: Բայց բանն այդ չէր: Կարսից Թիֆլիս եկավ շտաբի սպաներից մեկը՝ հատկապես Դաշնակցության հետ բանակցություններ վարելու: Ինձ շատ լավ հայտնի էր, որ այդ սպան դաշնակցական շեֆերի հետ իր ունեցած առաջին տեսակցության միջոցին ասել էր. «Պարոններ, ես զինվոր եմ, քաղաքական հարցերի հետ առնչություն չունեմ և բացարձակապես հայտնում եմ, որ ձեր մարտական ուժերի աջակցությունը մեզ անհրաժեշտ է և շատ ցանկալի: Խոսենք, թե ինչ պայմաններով կարող եք դուք օգնել մեր զորքին»: Սակայն շեֆերն այս անգամ գովելի խոհեմություն էին ցույց տվել՝ ասելով, թե պատերազմի դեպքում Դաշնակցությունը չեզոք դիրք կբռնի, որովհետև Թուրքիայում ունի մի անպաշտպան ժողովուրդ, որ սրի կքաշվի, և ոչ ոք չի լինի, որ բռնի թուրքի ձեռքը, ինչպես որ չի եղել մինչև այսօր: Համաձայնություն չկայացավ: Ինձ այն ժամանակ մի իրազեկ հայ սպա պատմում էր, թե պատերազմի դեպքում ռուսական ծրագրի առաջին կետերից մեկն է՝ առատությամբ զենք մտցնել Թուրքահայաստան, անթիվ ու անհաշիվ բաժանել հայերին և ապստամբեցնել նրանց:

Այս հանգամանքները թելադրում էին հավատալ, որ Դաշնակցությունը, ինչ էլ լինի, հայտնի դեպքերում պետքական պիտի համարվի ռուսաց կառավարության համար: Այս տեսակետից էր ինձ փոքր-ինչ անբացատրելի երևում այն հալածանքը, որ հարուցվում էր Դաշնակցության դեմ... Ձերբակալվեցին Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը և ուրիշ շատերը: Դաշնակցության արգանդից դուրս եկած միհրանականությունն այժմ սպառնում էր ամբողջապես լափել նրան: Միհրանը բանտարկված էր և մեկիկ-մեկիկ մատնում էր իր նախկին կուսակցական ընկերներին: Բայց չարիքի աղբյուրը միայն նա չէր: Ստոլիպինն արդեն չափազանց հղփացած էր ռեակցիայի հաջողությամբ և վճռել էր տեռորի ենթարկել հայ ժողովրդին... Խուզարկությունները շատացան մանավանդ 1909-ի գարնանը, երբ ձերբակալվեցին Ահարոնյանը և ուրիշ շատերը: Թվում էր, թե այդ մի ընդհանուր հալածանք է հայ ինտելիգենցիայի դեմ, որովհետև դաշնակցականների հետ ձերբակալվում էին և շատ ոչ դաշնակցականներ, նույնիսկ և Դաշնակցության հակառակորդներ: Խուճապը կատարյալ էր: Գիշերները մարդիկ հանգիստ քուն չունեին: Յուրաքանչյուր ձայն ու թխկոց կարծել էր տալիս, թե եկան խուզարկելու, տանելու: Ամեն մեկը շտապում էր իր գլխի ճարը տեսնել: Կային և այնպիսինները, որոնք դիմում էին անում «հայոց պաշտպան» Վորոնցով-Դաշկովին, որը, սակայն, պատասխանում էր, թե այդ գործի մեջ ինքը որևէ մասնակցություն չունի: Բայց ոչ ոք, իհարկե, չէր հավատում այս չքմեղությանը:

Եվ գիտե՞ք ինչ մեղադրանքով էին այնքան կալանավորություններ կատարվում: Հայ-թուրքական կռիվներին մասնակցելու համար. այն կռիվներին, որոնք ամբողջովին ռուս կառավորության գործն էին և որոնց համար, սակայն, ոչ մի չինովնիկ պատիժ չէր կրում: Թուրքերի դեմ ոչ մի հալածանք չսկսվեց, հալածում էին միայն հայերին, թե ինչու նրանք զենք են վերցրել և իրենք իրենց պաշտպանել: Այսքան ահա անառակ էր Նիկոլայ Բ-ի կառավարությունը: Ինչ խոսք, որ եթե կառավարությունն այդպիսին էր, պատճառն այն էր, որ հենց ինքը Նիկոլայն էլ այդպիսին էր...

Սարսափ և հուսահատություն էր Կովկասի հայության մեջ: Իսկ սահմանից այն կողմ՝ Թուրքիայում, հանդարտություն և ազատություն էր: Դիրքերը փոխվել էին: Մինչ այդ Թուրքիայից հալածվածները Ռուսաստան էին փախչում, այժմ Ռուսաստանից խմբերով փախչում էին Թուրքիա և այնտեղ ապահովություն և պաշտպանություն գտնում: Կ.Պոլիսը լցված էր զանազան տեղերից գնացած հեղափոխականներով, ուսանողներով և այլն: Թիֆլիսից փախած մի խումբ դաշնակցական մտավորականներ հաստատվել էին Էրզրումում և եռանդով գործում էին. բավական ազդեցիկ «Յառաջ» թերթն էին հրատարակում, իրենց ձեռքն էին առել դպրոցական գործը: Էրզրումը կուլտուրական կենտրոնի նշանակություն էր ստացել:

Բայց հանկարծ, անսպասելիորեն, այս գարնանային գեղաժպիտ օրը մթագնեց. սարսափի ձայնն է բարձրանում Կիլիկիայից: 1909-ի գարնանը Աբդուլ-Համիդը հեղաշրջում էր կատարել Կ.Պոլսում՝ ոտքի կանգնեցնելով երիտթուրքերի թշնամի պահպանողական տարրերին, որոնց միացել էին և Կ.Պոլսում գտնված թուրքական զորքերը: Այս լուրն առնելուն պես Սալոնիկի բանակն արշավանք սկսեց Կ.Պոլսի դեմ, եկավ-գրավեց մայրաքաղաքը, վերականգնեց սահմանադրությունը: Աբդուլ-Համիդն այս անգամ գահընկեց եղավ և աքսոր ուղարկվեց Սալոնիկ: Բայց մինչև այդ, քանի դեռ իր արյունոտ գահի վրա էր, այդ հրեշը կատարեց իր վերջին հրեշային ոճիրը՝ հրամանագրելով հայերի ջարդ Ադանա քաղաքում և շրջականերում. մի ջարդ, որին զոհ գնաց մոտ 30 հազար անմեղ մարդ:

Այսպիսով սաստիկ վարկաբեկվում էր Թուրքիայում հաստատված ռեժիմը: Բանից դուրս էր գալիս, որ հեղափոխական մեղրալուսինը լոկ խոսքերից և ծեսերից էր բաղկացած, որ պառլամենտական Թուրքիայում էլ հայ ժողովուրդն ապահով չի կարող համարվել ջարդերից: Երիտթուրքերի կուսակցությունն ամեն ջանք գործադրում էր ցույց տալու համար, որ Ադանան ամբողջովին հին ռեժիմի ոճիրն է: Բայց այս ջանքերը չպսակվեցին կատարյալ հաջողությամբ: Մնացին շատ կասկածներ, որոնք ապացուցում էին, թե երիտթուրքերն էլ անմեղ չեն: Այս ապացույցների շարքին էր պատկանում նախևառաջ այն, որ երիտթուրքերը, նորից իշխանության տիրանալով, ամեն կերպ աշխատում էին խեղդել Ադանայի գործը... Կար և հետզհետե աճում էր այն սոսկալի ողբերգական դրությունը, որ հայերը չէին հասկանում իրենց դիրքը նոր, վերանորոգվող, սահմանադրական Թուրքիայում: Նրանք ազատություն էին ստացել և կարծում էին, թե այդ անծայր և անսահման մի ազատություն է: Երիտթուրքերին նրանք լավ ճանաչել չէին կարողանում...

(շարունակելի)

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ