Գլխավոր » ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ
ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ
21:13

(Սկիզբը՝ նախորդ համարներում)

Դաշնակցական–երիտթուրքական մտերմությունն, ինչպես ասացի, երկար չտևեց և չէր կարող տևել: Պատճառն այն էր, որ երկու կազմակերպություններն իրենց կազմվածքով և բովանդակությամբ կատարյալ հակառակորդներ էին: Երիտթուրք կառավարությունը միանգամայն անընդունակ հանդիսացավ բարեփոխություններ մտցնելու պետության ներքին կյանքի մեջ: Նա շարունակ տարված էր արտաքին քաղաքականությամբ և զգում էր, որ պառլամենտական ռեժիմը Թուրքիային այնքան ուժ ու հեղինակություն չտվեց, որ նա կարողանա այժմ, ավելի հաջող՝ քան առաջ, դիմադրել եվրոպական պետությունների ոտնձգություններին, ուստի և պարտություններ էր կրում պարտությունների ետևից: Նա աշխատում էր ավելացնել զինվորական ուժերը ցամաքում և ծովում. այս նպատակով զինվորագրության էր ենթարկում քրիստոնյաներին, բայց հենց դրանով մեծ դժգոհություն էր պատճառում նրանց: Անկարող լինելով տալ ազգային հարցին նպատակահարմար և բավարար լուծում՝ երիտթրքությունը մնում էր կաշկանդված այն նախապաշարմունքի մեջ, որ ստեղծվել էր նրանց նախահայրերի նեղմտությունից: Այդ այն էր, որ հավատում էին, թե Թուրքիայի դժբախտությունը նրա մեջ ապրող տարբեր ազգություններն են, ոչ միայն այլակրոն (ուրիշ խոսքով՝ ոչ մահմեդական), այլև կրոնակից, բայց այլացեղ (օրինակ՝ քրդերը, արաբները): Այդ պատճառով կուսակցությունը որոշել էր ամեն ջանք գործ դնել պետությունը միատարր թուրքական դարձնելու համար: Եվ այս ուղղությունը դարձնում էր երիտթուրքերի կուսակցությունն ավելի ևս թունդ, անհամբերող, նացիոնալիստական:

Արտաքին քաղաքականության մեջ ուժ ձեռք բերելու համար երիտթուրքերն ընկնում էին Գերմանիայի գիրկը և այդպիսով հեռանում Թուրքիայի ավանդական բարեկամը հանդիսացող Ֆրանսիայից: Գերմանական իմպերիալիզմը, տարված համաշխարհային տիրապետության և համագերմանականության ցնորքներով, Թուրքիան ավելի լավ իրեն հպատակեցնելու համար խրախուսում էր առանց այդ էլ երիտթուրքերի վաղեմի իդեալը կազմող համաիսլամական ձգտումները. այն տարբերությամբ միայն, որ այժմ կրոնակցության հետ միաժամանակ ուժգնորեն առաջ էր քաշվում և ցեղային սկզբունքը: Համաիսլամությունից ավելի հարգված և կարևոր նշանաբան էր դարձվում համաթրքությունը՝ բոլոր թուրք տարրերի միացումը: Այս միացման վրա գերմանական աշխարհակալ ամբարտավանությունը կառուցում էր Կովկասի, Միջին Ասիայի, գուցե նույնիսկ և Հնդկաստանի նվաճումը: Երազվում էր մի այնպիսի մեծ Օսմանյան կայսրություն, որի նմանը չէր եղել:

Այսպիսի ծրագրերով, համաթուրքական լայնատարած պրոպագանդայով էին զբաղված երիտթուրքերը, մինչդեռ պետության ներքին բարեկարգության մասին ոչ մի հոգս չէր տարվում: Այսպես, նրանք ոչ միայն չկարողացան, այլև չկամեցան փոքր-ինչ կարգավորել հողային հարցը Հայաստանում: Այս մի ցավոտ, կնճռալից հարց էր, որ 50-60 տարիներից ի վեր հայ ժողովրդի տառապանքների գլխավոր աղբյուրն էր կազմել և Հայոց հարցի հիմքը: Հողային հարցի մեջ խառնված էին քուրդ ավատական տերերի շահերը: Հին ռեժիմին հարկավոր էին այդ տերերն իբրև ռազմական ուժի ներկայացուցիչներ, և այդ պատճառով հայ գյուղացիության ձայնը խեղդվում էր, և նրա հողերին բռնի տիրացած քուրդ կալվածատիրությունը խրախուսվում և փայփայվում էր ամեն կերպ: Նոր պառլամենտական ռեժիմից սպասվում էր, որ նա այլ կերպ կվերաբերվի հարցին և աշխատավոր գյուղացիության շահերի պաշտպան կհանդիսանա: Բայց երիտթուրքերը շտապեցին ցույց տալ, որ քուրդ կալվածատերերն իրենց համար նույնքան թանկ են, որքան և հին ռեժիմի համար: 1911թ. ամռանը ամբողջ թուրքահայության մեջ մեծ հուզում տարածեց Մուշի Օսման-փաշան, որ Մուշի գյուղերից մեկում, դիմելով հավաքված քրդերին, ասաց, թե հայերը նեղում են նրանց, կողոպտում ու թալանում են, բայց կառավարությունը չի թողնի նրանց և երբեք թույլ չի տա, որ հայերը տիրանան նրանց հողերին: Սա մի պրովոկացիա էր, որ կատարվում էր կառավարության ներշնչումով և վերացնում հայ-քրդական հարաբերությունների լավացման ամեն մի հույս: Նույն ամռանը սկսեցին լուրեր տարածել, թե պատրաստվում են նոր հայկական ջարդեր Թուրքիայում: Ջարդեր չեղան, բայց հայտնի է, որ առանց կրակի ծուխ չի լինում: Գերմանական աղբյուրները հաղորդում էին, որ հենց այդ ժամանակ երիտթուրքերի կուսակցական ընդհանուր ժողովը որոշել էր իրագործել «Թուրքիան թուրքերի համար» սկզբունքը, այսինքն՝ Թուրքիայի ամբողջ իսլամ ազգաբնակչությանը թուրքացնել լեզվի միջոցով: Հայերի և ուրիշ այլակրոն ցեղերի մասին խոսք անգամ չէր կարող լինել, որոնք պիտի ջարդերի միջոցով վերացվեին մեջտեղից:

Ի՞նչ էր անում այդ ժամանակ Դաշնակցությունը: Տեղյա՞կ էր երիտթուրքերի գաղտնի ծրագրերին: Եթե տեղյակ էլ լիներ, դրանց վերաբերվում էր կատարյալ անտարբերությամբ և անհոգությամբ: Ընկած էր իր ծապլվարական սոցիալիզմի ետևից, գավառներում դպրոցական գործունեությամբ էր զբաղված, ինքնապաշտպանության համար զենքեր էր գնում և բաժանում, իսկ նրա ֆիդայիները պահում էին իրենց ինչպես նվաճողներ: Գրգռումը սաստկանում էր գավառներում, հարստահարությունները և մանավանդ հողերի բռնի հափշտակումները քրդերի և կառավարական պաշտոնյաների ձեռքով շատանում էին, և առաջվա նման Կ.Պոլսի հայոց պատրիարքարանն էր, որ այս առիթով գանգատներ էր ուղարկում թուրք կառավարությանը: Հետզհետե հիասթափություն էր մտնում հայ ազգաբնակչության մեջ: Ռուսաց զորքերը կանգնած էին Սալմաստում, Վանին այնքան մոտ և տեղական հայ ազգաբնակչությունը, միշտ անվստահ իր ապահովության համար, անհամբեր սպասում էր, թե երբ նրանք կգան իրենց երկիրը նվաճելու:

Իսկ արտաքին գործերը գնալով ավելի ու ավելի էին խճճվում: 1911թ. Թուրքիան պատերազմի է բռնվեց Իտալիայի հետ՝ Տրիպոլիի համար. մի պատերազմ, որ տևեց գրեթե մեկ տարի: Դաշնակցությունն անփոփոխ էր պահում իր բարեկամությունը երիտթուրքերի հետ: Բայց 1912-ի պառլամենտական ընտրությունները գալիս էին եթե ոչ իսպառ ավիրելու, գոնե սառնություն մտցնելու այդ հարաբերությունների մեջ: Խոստացված 20 պատգամավորների փոխարեն Դաշնակցությունն ստացավ միայն 12-ը: Սա պարզապես նշանակում էր, թե բարեկամները խաբել են բարեկամներին: Կուսակցական եսամոլությունը սաստկապես վիրավորված էր. թեև մալումյանները և թալեաթները դեռ շարունակում էին իրենց մտերմությունը, սակայն այլևս համերաշխ գործունեության, երկրի ընդհանուր շահերին նվիրվելու գաղափարներն արագ գունատվում էին, ցրտանում: Երկու կողմերն էլ մոռանում էին, որ նոր Թուրքիան հավասարության և ազատության սկզբունքներ է հայտարարել, և երկուսն էլ իրար հանդեպ ուրիշ մի բան չկարողացան անել, բացի միայն հին ռեժիմը կրկնել: Եթե երիտթուրքերը ջանում էին ընդհանուր համիդական ջարդերով ազատվել հայերից, դաշնակցականներն էլ մի նոր գործ էին սկսում՝ երիտթուրքերից Հայոց հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու միջոցով:

Նպաստավոր հանգամանք բերում էր այն, որ 1912-ի աշնանը Թուրքիային պատերազմ հայտարարեց Բալկանյան նորակազմ միությունը (Չեռնոգորիա, Սերբիա, Բուլղարիա և Հունաստան): Հազիվ էր վերջացել իտալական պատերազմը, և ջարդված ու թուլացած Թուրքիան միմյանց ետևից խիստ պարտություններ էր կրում այն փոքր ազգություններից, որոնք մի ժամանակ նրա հպատակներն էին եղել: Դաշնակիցներն իրենց հաղթական զորքերը բերել-հասցրել էին Կ.Պոլսին. և արդեն խոսվում էր այն կոնֆերանսի մասին, որ պիտի հավաքվեր հաշտության պայմաններ մշակելու համար: Եվ հասկանալի է, որ հայ դիվանագետների, ինչպես ասում են, «ջանը քոր է ընկնում»: Ինչպե՞ ս կարելի է, որ մի տեղ կոնֆերանս հավաքվի և հայն իսկույն չկտրի նրա դուռը՝ խնդրագիրը ձեռքին բռնած:

Դաշնակցությունն առանց այդ էլ ցուցադրել էր իր երկդիմությունը: Մինչ Կ.Պոլսի նրա օրգանը հայրենասիրական հոդվածներ էր տպում և պահանջում, որ ամենքը գնան հայրենիքը պաշտպանելու, նրա անվանի և փառավորված խմբապետ Անդրանիկն իր կամավորներով կռվում էր բուլղարական շարքերի մեջ և հաղթություններ էր տանում թուրքերի դեմ: Այս տեսակ մի գործ էր և այն, որ նա նախաձեռնություն հանձն առավ հարուցանելու Հայոց հարցը: Առաջին անգամ խոսք եղավ, ասում են, Կ.Պոլսի Ազգային ժողովի մեջ: Եվ իսկույն հայ դիվանագետները գործի կպան: Ամենից առաջ, իհարկե, Դաշնակցության արտաքին գործերի շրջիկ մինիստր դոկտոր [Հակոբ] Զավրիևը: Այս անգամ կարծում էին, թե Հայոց դատի պաշտպան կհանդիսանա Բուլղարիայի թագավոր Ֆերդինանդը: Նա էր հաղթողը և, բացի դրանից, նա իր մանիֆեստի մեջ ասել էր, թե Բուլղարիայի պատերազմը Թուրքիայի դեմ՝ խաչի պատերազմն է մահիկի դեմ: Եվ հավատացել էին մեր անուղղելի միամիտները և խաչի անունով մի խնդիրք էլ նրան էին տվել:

Բայց սխալ կլինի կարծել, թե նախաձեռնությունը Բոսֆորի ափերում բուսավ: Իսկական նախաձեռնողին, եթե ուզում ենք որոնել, գնանք Թիֆլիսի փոխարքայական պալատ, ուր «հայոց թագավոր» Վորոնցով-Դաշկովն էր նստած: Նիկոլայի կառավարության մեջ հասունացած էր Մերձավոր արևելքում ավելի կտրուկ քաղաքականություն վարելը՝ եվրոպական պետություններից ետ չմնալու համար: Եթե Վիլհելմ կայսրը, իբրև բարձրագույն շահ գերմանական կապիտալիզմի համար, ընտրել էր երեք տառ, երեքն էլ՝ Բ (Բրեմեն-Բեռլին-Բաղդադ երկաթուղի), ապա Նիկոլայն էլ ուներ իր երկու Պ-ն (Պետերբուրգ-Պարսից ծոց): Նա արդեն գտնվում էր այդ ճանապարհի վրա և հասել էր Սալմաստ: Բայց հին, նույնիսկ նախապատմական ժամանակներից մնացած մի ռազմագիտական այբուբեն էր՝ տիրել Հայկական բարձրավանդակին՝ Պարսից ծոցին տիրելու համար: Հարկավոր էր հարմար դիրքեր, համակրություններ ստեղծել այդ լեռների վրա: Եվ Նիկոլայի կառավարությունը մտածում էր ձեռք վերցնել այն ապուշ քաղաքականությունից, որին կպած էր 1890-ական թվականների հայկական ճգնաժամին: Լոբանով-Ռոստովսկին կամենում էր Հայաստանի լեռնադաշտը, բայց նախապես մաքրված հայերից: Չէր կարող լինել իմպերիալիստական Ռուսաստանի և ոչ մի հատ պաշտոնյա, որ Հայաստան չկամենար: 1877-1878թթ. պատերազմը վերջանալուց հետո արդեն երեխաների համար էլ պարզ էր, որ այնուհետև Ռուսաստանի առջև մի ճանապարհ է մնում դեպի Միջերկրական ծովը՝ Հայաստան: Բեռլինի կոնգրեսի ժամանակ կոմս Լոռիս-Մելիքովը, որ Բեռլինի վրայով անցնում էր արևմտյան Եվրոպա, տեսակցություն ունեցավ հայ պատվիրակների հետ, ասաց նրանց. «Ի՛նչ պահանջելու եք՝ պահանջեցեք Կիլիկիայում: Այս կողմը (Հայաստանը) մեզ թողեք, այս մեր ճանապարհն է»: Հայերն այս բանը չհասկացան և ամբողջ ժամանակ կանգնած էին ռուս կառավարության դիմադրության առաջ: Այժմ գալիս էին այնպիսի ժամանակներ, երբ քաղաքական հանգամանքները ստիպում էին, որ ռուսաց կառավարությունն իր դիվանագիտական միջոցներից մեկը դարձներ Հայոց հարցը:
 
Կովկասի փոխարքային մնում էր այնպես մշակել հայերին, որ ռուսական դիվանագիտությունն իր միջամտությունը խարսխեր հայերի հատուկ դիմումների վրա: Այստեղ էլ Վորոնցով-Դաշկովի համար հլու գործիք էր դառնում հայ պալատականների շրջանը: Դեռ 1908-1909թթ., երբ Պետական դումայում քննվում էր Կովկասյան համբավավոր հարցապնդումը և աջակողմը կատաղորեն հարձակումներ էր գործում Վորոնցով-Դաշկովի վրա այն պատճառով, որ նա իբր թե հենվում է ոչ թե պետության հլու հավատարիմ թուրքերի, այլ անվստահելի, անջատական ձգտումներով ապրող հայերի վրա, նույնիսկ այս պալատականների նախաձեռնությամբ հայերը մի շարք հեռագրերով և ուղերձներով ցույցեր արեցին ի պատիվ Կովկասի զրպարտված փոխարքայի: Այժմ նրանք տեղեկանալով, որ Վորոնցով-Դաշկովն արդեն հարց է հարուցել Պետերբուրգում, որ փոխվի վերաբերմունքը դեպի Հայկական հարցը, ձեռնարկեցին մի ավելի մեծ գործի՝ ստեղծեցին համբավավոր Ազգային բյուրոն:

Բյուրոյի պաշտոնական արձանագրությունների մեջ այսպես է պատմված այդ հիմնարկության ծննդաբանությունը.
«1912 թվի աշնանը՝ Բալկանյան պատերազմը սկսվելուց հետո, թուրքահայ ժողովրդի վիճակը նորից և բուռն կերպով հայ հասարակության զանազան խավերի մտահոգության առարկա դարձավ: Մի կողմից՝ հնարավոր ջարդերի սպառնալիքը և մյուս կողմից՝ Թուրքիայի գործերը վերջնականապես կարգավորելու համար հրավիրվելիք միջազգային կոնֆերանսի վրա դրված հույսերն առիթ տվին հայ մտավորականության զգայուն մասին՝ ըստ կարելույն համախմբել իրենց ջանքերը՝ ավելի լավ կերպով օգտագործելու հարմարավոր պատմական մոմենտը, նամանավանդ որ կողմնակի կերպով հաստատապես հայտնի էր դարձել ռուս կառավարության շատ նպաստավոր տրամադրությունը դեպի թուրքահայերի դատը»: Միաժամանակ Բաքվում և Թիֆլիսում միտք ծագեց հրավիրել զանազան հայաբնակ վայրերի ներկայացուցիչներից մի համագումար՝ խորհրդակցելու համար օրվա այդ հրատապ խնդրի մասին:

Առաջին խորհրդակցական ժողովը տեղի ունեցավ Թիֆլիսում, 1912 թվի հոկտեմբերի վերջերին: Ժողովին ներկա էին պատգամավորներ Բաքվից, Երևանից, Ախալցխայից, Նոր Նախիջևանից, Արմավիրից, Բաթումից և այլ տեղերից, իսկ Թիֆլիսից՝ զանազան կուլտուրական հիմնարկությունների ներկայացուցիչներ: Ժողովն ունեցավ երկու նիստ և որոշվեց՝
1) հրավիրել մոտ ապագայում ավելի լայն կազմով մի նոր համագումար՝ ըստ կարելվույն բոլոր հայաբնակ կարևոր վայրերի ներկայացուցիչներից՝ ընտրելու համար մի լիազոր մարմին՝ Հայկական հարցի շուրջն աշխատելու համար և
2) դիմել Ամենայն հայոց կաթողիկոսին և խնդրել, որ նա հանուն հայության մի դիմում անի Նորին մեծություն ռուսաց կայսեր՝ օգնության հասնելու թուրքահայ ժողովրդին այս տագնապալից օրերում: Ժողովը մշակեց այդ մտքով մի բանաձև և հատուկ պատգամավորության ձեռքով այն ներկայացրեց Վեհափառ կաթողիկոսին:
Նույն ժողովում խնդիր եղավ նաև թուրքահայերի ինքնապաշտպանության մասին, բայց մեծամասնությունը որոշեց սահմանափակվել դիվանագիտական դիմումներով:
Ընտրվեց մի ժամանակավոր բյուրո, բաղկացած 7 հոգուց՝ Ս. Հարությունյան, Ալ. Խատիսյան, Ա. Քալանթար, Հ. Առաքելյան, Ա. Պողոսյան, Հովհ. Թումանյան և Ն. Աղբալյան: Բյուրոն պիտի զբաղվեր ընթացիկ գործերով և պատրաստություն տեսներ հրավիրելու Թիֆլիսում նոր, ավելի բազմամարդ համագումար»:
Այս պաշտոնական կոկիկ նկարագրությունը ես պետք է լուսաբանեմ իմ մի քանի հիշողություններով: Առաջին համագումարը կայացավ Թիֆլիսի առաջնորդարանում, Կոստանդին Խատիսյանի նախագահությամբ: Ժողովը սակավամարդ էր: Որ դաշնակցականներ կային, այդ ցույց է տալիս հենց այն, որ հարց էր բարձրացվում թուրքահայերի ինքնապաշտպանության մասին, այսինքն՝ զենքեր գնելու և Թուրքիա փոխադրելու մասին: Իսկ այս, ինչպես հայտնի է, Դաշնակցության մշտական գործն է եղել տարիներից ի վեր՝ փող պահանջել զենքեր առնելու համար: Փողեր ստանում էին, բայց թե դրանից ո՞ր մասն էր զենք դառնում և թուրքահայերի ձեռքն անցնում, այդ կորած է անհայտության խավարի մեջ: Վիճաբանությունների ժամանակ բյուրո հիմնարկելու գաղափարը հակառակություն գտավ իմ կողմից միայն: Ես ավելորդ էի համարում կաթողիկոսի միջոցով դիմում անելը և դրա համար մի ամբողջ բյուրո հիմնելը, որովհետև, ասում էի, Ռուսաստանն առանց մեր կանչելու էլ կերթա Թուրքահայաստան, երբ այդ հարկավոր դատի իր շահերի համար: Եվրոպական գրականությունից վերցրած վկայություններով ես փորձեցի հասկանալի դարձնել այն հանրածանոթ իրողությունը, որ Թուրքահայաստանը ճանապարհ է Ռուսաստանի համար և վաղ թե ուշ պիտի լինի նրա ձեռքին: Մեր դիմումը կարող է պատրվակ դառնալ այդպիսի մի գրավման, բայց կարող է և չդառնալ՝ եվրոպական պետությունների խիստ մրցակցության պատճառով: Այդ ժամանակ ի՞նչ կլինի մեր դրությունը:

Իմ խոսքն իհարկե ոչ ոքի չհամոզեց: Ես հիշում եմ մի հին դաշնակցականի, որ պատասխանեց ինձ հեգնորեն՝ անվանելով իմ խոսքերը «18-րդ դարու պատմություն»...

(շարունակելի)

Որոնում

Օրացույց

«  Դեկտեմբեր 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ