Գլխավոր » ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ
ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ
23:47
(Սկիզբը՝ նախորդ համարներում)

Դեկտեմբերի 26-27-ին, այո՛, կայանում էր մի խոշոր համաձայնություն: Ի՞նչ էր դա նշանակում:
Պալատական շրջանը տանում էր մի հաղթություն, որ պիտի միանգամայն գոհացներ ժողովրդի մասին չմտածող կամ բոլորովին քիչ մտածող ազգասիրական ռոմանտիզմը: Ռուսական դիվանագիտությունը կամենում էր իր և թուրքերի մասնավոր հարաբերությունների հոգս դարձնել թուրքահայ ժողովրդի ապահովությունը: Եթե նա մտներ այդ ճանապարհի մեջ, գործեր փոքրիշատե ուշադրությամբ, հայ ժողովուրդը, եթե չստանար երազական ռեֆորմներ կամ, պարզ ասած, ինքնավարություն, գոնե փոքրիշատե մարդավայել կայունության երաշխիք կունենար: Վերին աստիճանի բնորոշ է այն տեղեկությունը, որ տվին կաթողիկոսի պատգամավորները կոմս Վորոնցով-Դաշկովին: Նրանք ասացին, թե ասիական Թուրքիայի վալիները, վախենալով ռուսական միջամտությունից, զսպում էին հայերին կեղեքող քրդերին և թուրքերին: Հայ ժողովրդի համար այն էլ մեծ բախտ կլիներ, եթե այդ փրկարար վախը երկար պահպանվեր կառավարող օսմանների շրջանում՝ ռուսաց դիվանագիտության անդադար պահանջներով:
Պե՞տք է ավելացնել, որ հայերի պաշտպանության այս եղանակն ավելի քիչ աղմկավոր կլիներ, ավելի քիչ գրգռիչ, քանի որ հարց չէր դրվում Հայաստան ստեղծելու, Թուրքիայի մարմնից մի նոր չաղ կտոր խլելու մասին, այլ պահանջվում էր միայն բարեկարգել նահանգական և գավառական վարչությունները: Հետո կլիներ այն, ինչ Վորոնցով-Դաշկովը ավելորդ համարեց թաքցնել: Նա մի քանի անգամ կրկնեց պատգամավորներին, թե Ռուսաստանն այժմյան աննպաստ պայմանների մեջ չի կարող գնալ և գրավել Թուրքահայաստանը: Սա, իհարկե, չէր նշանակում, թե նպաստավոր պայմաններ երբեք չեն գալու: Նվաճումը պետք է լիներ. դա միայն ժամանակի հարց էր: Մնացածն արդեն չափազանց հեշտ կարելի էր գուշակել՝ թուրքահայոց հարց այլևս չէր լինի:

Բայց հենց այս բանն էր, որ սարսափեցնում էր թուրքահայոց դատն իրենց համար մենաշնորհ դարձրած հեղափոխական կուսակցություններին և նրանց ենթարկված բուրժուական մտայնությանը:
ԻЇնչ հարկավոր են այսպիսի մասնավոր համաձայնություններ, մանավանդ, ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ հյուսիսային արջը միայնակ դնի իր թաթը Հայաստանի վրա: Եվ հրապարակում շար ընկան հազար անգամ ծամծմած, արտաքուստ փայլուն, բայց ներքուստ ողորմելի և անբովանդակ կանչվռտոցները՝ «Մեր հարցը միջազգային հարց է, և այն լուծողները պիտի լինեն բոլոր պետությունները: Տվե՛ք մեզ եվրոպական կոնֆերանս, պատգամավորություններ, պրոպագանդա, խնդրագիր և այլն, և այլն»: Եվ նորից, այս էլ քանիերորդ անգամ՝ վեճեր, թե ով պիտի լինի ինքնավար Հայաստանի ընդհանուր նահանգապետը, ի՞նչ սահմաններ պիտի ունենա այդ Հայաստանը... Այս անգամ ավելացել էր մի նոր գայթակղություն՝ Պողոս-փաշա Նուբարը: Անհատնում հարստության տեր է, մեծ պետական մարդու որդի է, կապեր ունի, ծանոթ է անգլիական, ֆրանսիական և շատ այլ մինիստրների հետ: Ինչպե՞ս նրան անգործ թողնել այժմ, երբ Թուրքիան ջարդված է և նորից բաժան-բաժան է դառնում...

Ռուսաց դիվանագիտությունը չպիտի լիներ խաչվողը ցույց տալու համար, որ իր առաջարկած եղանակը համաշխարհային աղմուկ բարձրացնելու եղանակից նախընտրելի է: Հայերի առաջարկած նախաձեռնությունն ու կոնտրոլը՝ նրա առջև բաց էին անում գործողության նոր հորիզոններ: Բալկանյան պատերազմն ու սլավոնական պետություններից ջախջախվելն անհանդուրժելի չափերով մեծացրել էին Գերմանիայի և առհասարակ եռյակ նիզակակցության ազդեցությունը Թուրքիայում: Հայկական հարցը բաց էր անում միջազգային մի մրցաշար, ուր Ռուսաստանը՝ իբրև եռյակ համաձայնության վարիչ՝ պիտի կռվի բռնվեր հակառակորդների հետ և հաղթեր նրանց հենց նույն Արևելյան հարցի մեջ: Միակ բանը, որի մեջ զիջում չարեց Ռուսաստանը, այն էր, որ Հայոց հարցը չդրվեց Լոնդոնի կոնֆերանսում: Նա հարուցվեց իբրև առանձին հարց՝ երկարատև դիվանագիտական բանակցությունների միջոցով, որոնց մեջ մասնակցում էին բոլոր մեծ պետությունների մայրաքաղաքներում գտնվող դեսպանները...

Ամենուրեք կազմվել էին հայկական կոմիտեներ (Լոնդոն, Փարիզ, Բեռլին, Պետերբուրգ), որոնք անմիջապես կապված էին իրար հետ, իրար աջակցում էին փոխադարձաբար: Մեծ դիվանագիտական կենտրոն էր դարձել Էջմիածինը, ուր Գևորգ կաթողիկոսը տեղեկություններ և տեղեկագրեր էր ստանում աշխարհի բոլոր կողմերից և իսկույն դրանց պատճեններն ուղարկում էր Թիֆլիսի իր խորհրդականին և օգնականին՝ Ազգային բյուրոյին: Կ. Պոլսի պատրիարքն էլ իր զեկուցումներն էր ուղարկում բյուրոյին, հրահանգներ խնդրում: Նրա գրագրությունների մեջ երբեմն պատահում էին չափազանց կարևորները: Այսպես բյուրոյի քննությանն էին ենթարկվում ռեֆորմների այն ծրագրերը, որոնք կազմվում էին հայկական շրջաններում (նախևառաջ Դաշնակցության Կ.Պոլսի մարմնի մեջ): Բայց ի՞նչ քննություն կարող էր լինել այդտեղ: Այդ ժամանակ ես էլ ընտրվել էի բյուրոյի անդամ և կարող եմ վկայել, որ այդ մարմինը միանգամայն անձեռնահաս էր այդպիսի մի խոշոր դիվանագիտական առաքելություն կատարելու համար: Ամենքն էլ, ինքնըստինքյան, բարի ցանկություններով օժտված մարդիկ էին, բայց միանգամայն բոբիկ՝ Արևելյան և Հայկական հարցերի ըմբռնողության կողմից: Ո՛չ պատմություն գիտեին, ո՛չ ծանոթ էին անհուն գրականության գեթ մի մասին: Գոնե կազմվեին ենթամասնախմբեր՝ հարցերը (տնտեսական, քաղաքական, վարչական, դիվանագիտական) մանրամասն քննելու և վերլուծելու համար: Բայց այսպիսի աշխատանքների անընդունակ էին նրանք: Ամենքը չափազանց զբաղված էին այս «ազգասիրական» գործով իմիջիայլոց՝ մի քիչ ժամանակ գողանալով իրենցից...
Չէր լսվում երկրի ձայնը: Լուռ էր մեծ նահատակը՝ իր արյուն գետերով իր դաշտերը ոռոգող աշխատավոր, խավար ու անգրագետ հայ գյուղացիությունը: Եվ իբրև թե նրա անհուն ցավերով էին տարված բոլորը՝ թե՛ Թիֆլիսի բուրժուական ինտելիգենտը, թե՛ Ներսիսյանի լճի քարափներից ավելի բան չտեսած կաթողիկոսը...

ԽեЇղճ ժողովուրդ, անտեր ժողովուրդ: Ոչ ոք չէր մտածում, թե ինչ կլինեն դիվանագիտական շքերթները: Հայ ժողովրդի արմատական դժբախտությունն այն է եղել, որ նրա մեջ դիպլոմատ, դիվանագետ տարրը միշտ եղել է հոգևորականությունը: Այս ինձ համար ապացուցված փաստ է հազարավոր օրինակներով՝ սկսած մեծահռչակ Ներսես Մեծից ու Սահակ Պարթևից և եկած մինչև Հովսեփ Արղությանը, Ներսես Աշտարակեցին, Մատթեոս Չուխաճյանը, Գևորգ Բրուսացին, Մկրտիչ Խրիմյանը, Ներսես Վարժապետյանը, Մատթեոս Իզմիրլյանը, Մաղաքիա Օրմանյանը և վերջացրած մեր երեկվա դիպլոմատներով՝ Գևորգ Սուրենյանցով, Մեսրոպ Տեր-Մովսեսյանով, Բագրատ Վարդազարյանով, [Հովհաննես] Արշարունի և Զավեն [Տեր-Եղիայան] պատրիարքներով, եթե կամենում եք, նաև Խորեն Մուրադբեկյանով: Ոչ ոք խելահասություն չունեցավ գեթ անցյալի հետ մի թեթև համեմատություն դնելու: Ոչ ոք չասաց իրեն, թե 1895-1896-ին Անգլիան պակաս ուժեղ և հեղինակավոր չէր, քան Ռուսաստանը 1912-1913-ին, և այնուամենայնիվ նրա պաշտպանած հայերը ջարդվեցին հարյուր հազարներով: Ոչ ոք միտը չբերեց, որ բավական չէ նույնիսկ այն, որ սուլթանը ստորագրում է հայկական դժբախտ ռեֆորմները: Ապացույց՝ 1895-ի հոկտեմբերը, երբ Աբդուլ-Համիդը ստորագրեց մայիսյան ռեֆորմները, որպեսզի իսկույն այդ թղթի կտորը հայ կարմիր արյան լճի մեջ ընկղմի: Ոչ ոք չուզեց իմանալ, որ Բեռլինում բանկիրները, մետաղագործական կապիտալիստներն ավելի գիշատիչ էին դարձել՝ գազանային անկշտությունից բորբոքված, իսկ նրանց ծառա Վիլհելմ Հոհենցոլեռնը՝ ավելի ևս աներես, ավելի ևս ցինիկ...

Ահա ինչեր չիմացան մեր վեղարավոր և անվեղար դիպլոմատները: Եվ արդյո՞ք պակասում էին փաստեր, որոնք հարկադրեին փոքր-ինչ ուղեղ շարժել: Ինձ մոտ կա մի նամակ, որ գրված է դեկտեմբերի 26-27-ի տեսակցությունից հետո անմիջապես...
«Պետերբուրգից Ղուկասյանը և Սաղաթելյանը ներկայացել են Կոկովցևին, սա ասել է. «Կայսրը հաճ է դեպի հայերը, ռուս կառավարությունը հայկական խնդիրը կպաշտպանի ոչ թե Լոնդոնի, այլ հետո կայանալիք կոնֆերանսում»: Պետք է աշխատել Անգլիայում և Ֆրանսիայում տրամադրություն ստեղծել, մի խոսքով՝ կրկնել է մոտավորապես այն, ինչ որ ինձ էր ասել:

Սազոնովը հայտնել է, [թե] Տաճկաստանում հայեր չկան, նույնիսկ Վանում նոցա տոկոսը 16 է. ռուսները կամենում են այդտեղ ունենալ բուֆեր, և այդ նպատակի համար նոքա գերադասում են քրդերին: Սազոնովին այդ գաղափարը ներշնչել է Միլլերը՝ Թավրիզի նախկին հայատյաց կոնսուլը, որ այժմ նշանակված է Թիֆլիսում խորհրդատու փոխարքային:
Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, Միլլերին այլ կերպ տրամադրելու՝ համոզելով և խնդրելով: Կաթողիկոսը եթե թույլ տա, տոներից հետո ես կգնամ Թիֆլիս և այնտեղ էլ կմնամ և կաշխատեմ:

Պոլսի նամակում պատմված է. Նուբարը յուրովի հրավիրել է Օրմանյանին, տեսակցություն է ունեցել Փարիզի տաճկաց դեսպանի հետ և խնդիր է ուղղել Քյամիլ-փաշային: Այդ բոլորը նա անում է Նորատունկյանի թելադրությամբ և խորհրդով: Նամակագրի ասելով՝ դրությունն այնպես է, որ նա երկուսից մեկին պիտի վաճառի՝ տերությունը կամ ազգը, և վաճառում է ազգը: Իբրև ապացույց բերում է այս փաստը. Օրմանյանը դեռ ամբաստանված, դատի տակ է, Նորատունկյանի թելադրությամբ Քյամիլ-փաշան նրան հրավիրում է իբրև «երևելի» խորհրդակցության՝ արհամարհելով Ազգային ժողովի որոշումը: Երկրորդ՝ չորս երևելիները նախքան ժողովի գնալը եղել են Նորատունկյանի տանը, լսել են նրա ցուցմունքները և խորհուրդները, բայց հարկ չեն համարել պատրիարքարանին մինչև անգամ տեղեկացնելու իրենց միսիայի մասին: Նորատունկյանի ցանկությունն է, նամակագրի ասելով, տապալել ներկա վարչությունը և իր ցանկացած կազմը ստեղծել տալ, որով իր ձեռքին կունենա թե՛ ազգային վարչությունը և թե՛ Պողոս-փաշային: Գրողն է Վահան Փափազյանը....

Ես վերևում ասացի, որ հայ ժողովրդի հնագույն դժբախտությունն այն է եղել, որ նրա դիվանագիտական գործերը գտնվելիս են եղել հոգևորականության ձեռքում: Տեսեք Էջմիածնի գլխավոր դիվանագիտական ղեկավարին այս նամակի մեջ: Առաջին օրինակ՝ Թավրիզի ռուսական հյուպատոսը, ոչ իհարկե առանց թվական հիմքերի, հաստատում էր, թե հայերը Թուրքիայում մեծամասնություն չեն կազմում, թե Վանում անգամ նրանց թիվը 16 տոկոսից ավել չէ: Վիճակագրությունը կա՛մ պետք էր հերքել, կա՛մ ընդունել: Մեսրոպ եպիսկոպոսն այնպես էր հասկանում դրությունը, որ եթե հյուպատոս Միլլերն այդպես է ասում, պատճառն այն է, որ նա «հայատյաց» է: Եվ առաջարկում է աշխատել, որ նրա տրամադրությունը փոխվի, իսկ այդ կարելի է նրան համոզելով և խնդրելով: Խնդրանքի վրա հոգևորական դիպլոմատիան այնքան մեծ հույսեր ուներ, որ կարծում էր, թե խնդրելով թվանշաններն անգամ կկորցնեն իրենց բովանդակությունը և միանգամայն «հայասիրական» կերպարանք կառնեն:

Երկրորդ օրինակ՝ Կ.Պոլսի պատրիարքը և Էջմիածնի դիպլոմատները հաստատ վճռած են, որ Հայոց հարցի լուծման մեջ ոչ մի մասնակցություն չունենա թուրք կառավարությունը. այսինքն՝ որ Եվրոպան հրամայի, իսկ թուրքը ձեռքը կրծքին դրած անմռունչ կատարի այդ հրամանը: Հնարավո՞ր էր այդ: Էլ ի՞նչ ազատ ու անկախ պետություն էր նա, որ այդպես պիտի վարվեին նրա հետ: Թուրք կառավարությունը եթե կատաղում էր հայերի վրա էլ, Հայոց հարցի վրա էլ, պատճառը հենց օտար միջամտությունն էր: Ամեն մի միջամտությունից թուրքը սարսափում էր, որովհետև ամեն մի միջամտություն նշանակում էր նրանից մի չաղ կտոր պոկել: Ճիշտ է, Թուրքիային հարկադրեցին չմասնակցել դեսպանական թարգմանների խորհրդակցության մեջ, բայց այդպիսի վիրավորանքները հե՞շտ են մոռացվում: Ջեմալ-փաշան իր հուշերի մեջ մեծ դառնությամբ է խոսում 1913 թվականի մասին, երբ Հայոց հարցն արծարծվում էր մի այնպիսի ժամանակ, երբ Թուրքիան ծանր դրության մեջ էր գտնվում՝ ստորագրած լինելով Լոնդոնի դաշնագիրը, որը խլել էր նրա գրեթե բոլոր եվրոպական հողերը: Եվ հիշելով ռեֆորմների այն ծրագիրը, որ մշակել էր ռուսաց դեսպանությունը, նա բացականչում է. «Կարելի՞ է մի մեծ կայսրության ազգային փոքրամասնության պաշտպանության պատրվակով անամոթաբար առաջարկել մի անկախ պետության այստեսակ մի ծրագիր»….

Այս խոսքերը ցույց էին տալիս, թե երիտթուրքերը, թեև տկարացած և պարտված, դյուրագրգիռ էին իրենց պետության իրավունքներն ու պատիվը պաշտպանելու համար:
Մենք կարծում էինք, թե կարելի է մի պետության՝ ուժով, ստիպողաբար հարկադրել բարեկարգվել: Հարց է, որ եթե ինքը՝ Կ.Պոլսի հայոց պատրիարքը, ունենար մի անկախ Հայաստան, չէ՞ր վրդովվի և չէ՞ր ասի, թե այդ ո՞ր արդարությամբ է, որ իմ երկրի մեջ կարգադրություններ եք անում՝ առանց ինձ հարցնելու:
Բայց մեր վեղարավոր դիպլոմատներն ասում էին, թե թուրքին չպետք է հավատ ընծայել: Հավատ ընծայել դիվանագիտական գործերի մեջ ո՞ւմ կարելի է արդյոք՝ Վորոնցով-Դաշկովի՞ն, Նիկոլայի՞ն, Լլոյդ Ջորջի՞ն, թե՞ Բրիանին կամ Կլեմանսոյին, կամ նույնիսկ պոռոտախոս Վիլսոնի՞ն: Սրանց հավատ ենք ընծայել ավելին, քան հարկավոր էր. անսահմանորեն, երեխայի սրտաբացությամբ և անկեղծությամբ: Բայց ի՞նչ է նստել մեզ այդ հավատը: Հաշվեցեք մեր զոհերը: Հաշվելն անգամ անհնար է: Ո՞վ այսօր չի ասի, թե ոչ մի Քերզոն, ոչ մի Պուանկարե լավ չէ մի Թալեաթ-փաշայից կամ Ջեմալ-փաշայից: Եթե մենք համայնական խելք ունենայինք, այս կասեինք ոչ թե այժմ, այլ 1913-ին՝ մեծ աղետների նախօրյակին, որովհետև Հայոց հարցի պատմությունը վաղուց է այս ապացուցել մեր մեծ ջարդերի դասերով:

Մեր վեղարավոր դիպլոմատներից ծածուկ չմնաց և այն սոսկալի, հավիտյան ապրող ճշմարտությունը, թե Հայոց հարցը կարող է առևտրի առարկա դառնալ մյուս պետությունների համար: Ոչ թե կարող էր դառնալ, այլ պիտի անպատճառ դառնար, ինչպես դարձել էր Սան-Ստեֆանոյի առաջին իսկ օրերից: Բայց Էջմիածնի, պատրիարքարանի և այլ վանքերի անուղղելի միամիտները հավատացած էին, թե Հայոց հարցն առևտուր չեն շինի ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Անգլիան և ո՛չ Ռուսաստանը, այսպես անվանյալ, եռյակ համաձայնության պետությունները: Ինչո՞ւ: Որովհետև սրանք շատ են սիրում հայերին: Հենց միայն տեսեք, թե Ֆրանսիայում ինչ ահագին հայասիրական գրականություն է կազմվել: Պոլ Դեշանելը՝ ֆրանսիական պատգամավորների պալատի նախագահը, ջերմ հայասեր է և ամեն մի միտինգում ճառեր է արտասանում, թե հայերը Թուրքիայում անպատճառ պիտի ազատություն ստանան: Այո՛, այս բոլորը կա՝ և՛ գիրք ու երգ, և՛ նվագ ու ճառ, և՛ զեղմունք ու խանդաղատանք… բայց այս բոլորը ոչինչ է: Եվ հրամայողը կծծի, գրոշանոց շահն է...

Թուրքիայում գտնվեց մի հատ պետական մարդ, որ փորձեց թուրք կառավարության հետ խոսել, համաձայնություն որոնել: Դա Գաբրիել Նորատունկյանն էր՝ Թուրքիայի այն ժամանակվա արտաքին գործերի մինիստրը: Նա շատ աշխատեց, որ հայերը Եվրոպային չդիմեն: Բայց հայտնի է, թե ամբոխային դատողությունն ինչպես է վերաբերում այդպիսի մարդկանց՝ «Նորատունկյանը դավաճան է, վաճառում է ազգը»: Բռնությամբ հեռացնում էին այդ չորս հայերին, ովքեր կառավարության կողմից հրավիրված էին բանակցությունների համար: Եվ վեղարավոր դիպլոմատները հրճվանքի մեջ էին, որ մեկուսացրին իսկական դիվանագետին, որի կարողությունները խոստովանում էին նույնիսկ և եվրոպացի դիվանագետները:
Կատարյալ հաղթանակը մնում էր եվրոպապաշտությանը: Ցարական կառավարության հրատարակած «Նարնջագույն գրքի» մեջ բերված են բոլոր մանրամասնությունները: Ես այդ ռեֆորմների վերջին ծրագրի պատմությունը չեմ գրում:

1914-ի գարնանը կոմս Վորոնցով-Դաշկովը պաշտոնական նամակով շնորհավորեց Գևորգ կաթողիկոսին՝ հայտնելով, որ թուրքաց կառավարությունը հաստատել է ռեֆորմների ծրագիրը և նշանակել է այն երկու եվրոպացի վերատեսուչներին, ովքեր հայկական վիլայեթներում պետք է հսկեին օրենքների գործադրության վրա: Գևորգ կաթողիկոսն էլ, իհարկե, ռուսներին շնորհավորեց: Ռուսական դիվանագիտությունն իրեն համարում էր խոշոր հաղթանակ տարած:
Աչքը լույս հայ ժողովրդի… 1915-ի բնաջնջման հաստատ հիմունքներն էին դրվում:
(շարունակելի)

Որոնում

Օրացույց

«  Հունվար 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ