Գլխավոր » ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ
ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ
20:49
Թուրքիայի հայության վիճակը որոշված էր…

(Սկիզբը՝ նախորդ համարներում)

1914թ. հուլիսի 20-ին (հին տոմարով) Դիլիջանի պետական հիմնարկությունների մեջ կախված էր հեռագիր՝ «Գերմանիան մեզ պատերազմ հայտարարեց. գեներալ-ադյուտանտ Սուխոմլինով»:
Ես ապրում էի մոլոկանների թաղում: Եվ տեսնում էի, թե քանի՜-քանի սայլեր, գերանդիներ, մանգաղներ անտեր մնացին, քանի՜-քանի բակեր փակվեցին ու խցվեցին...

Այսօր է, որ մենք հարյուր ու հազար գիտենք, թե ինչպես պատրաստվեց ու իրականացավ 1914-ի համաշխարհային ոճիրը՝ պատերազմը: Այսօր է, որ մենք հազար ու մի պատճառներ գիտենք, հարյուր ղեկավարներ ու դերակատարներ, որոնք գլորեցին մարդկությունը վայրենացման անդունդը և ահռելի, մինչև այդ երբեք չտեսնված, հունձ տվին մահին: Այն ժամանակ մենք դեռ միամիտ էինք, արքայական ոսկեզօծ պալատներում խնամքով թաքնված էին ոճրագործները, և պատերազմն ամենքիս երևում էր իբրև մի անակնկալություն: Անակնկալության մի խոշոր փաստ էր համարվում այն, որ փոխարքա Վորոնցով-Դաշկովն այդ միջոցին արձակուրդի մեջ էր և ապրում էր Ռուսաստանի իր կալվածքում: Պատերազմի հայտարարությունից անմիջապես հետո, ամառվա տապին նա վերադարձավ Թիֆլիս: Եվ իսկապես. Կովկասը թեև հեռու էր Գերմանիայից, բայց ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ Թուրքիան Գերմանիայի դաշնակիցն էր և թեև այսօր դեռ խաղաղ դրության մեջ էր, բայց ամեն րոպե կարող էր նետվել ռազմական կրակի մեջ, և այն ժամանակ Կովկասը կդառնար մի նոր ռազմաճակատ...

Պատրաստվելով թուրքական պատերազմին՝ Կովկասյան ռուս բանակի շտաբն առաջին հարցերից մեկն էր դարձրել հայերի մասնակցությունն այդ պատերազմի մեջ: Ես արդեն պատմել եմ, որ մի անգամ էլ, 1907-1908-ի ձմռանը, երբ ռուս-թուրքական պատերազմը շատ հնարավոր էր դարձել, Կովկասյան շտաբն իր սպաներից մեկի միջոցով բանակցություններ սկսեց Դաշնակցության հետ: Միևնույն տեսակ բանակցությունների անհրաժեշտություն կար և այժմ, բայց այս անգամ բանակցություններն իր վրա էր վերցրել ինքը՝ փոխարքան: Դաշնակցականներն արդեն մուտք ունեին փոխարքայական պալատ: Դաշնակցության արտաքին գործերի վարիչ բժ. Զավրիևը, որ կարողանում էր ամեն տեղ լինել և ամեն բանի հասնել, հայտնվեց Թիֆլիսում և, ներկայանալով Վորոնցով-Դաշկովին, մի շարք մեծամեծ խոստումներ արավ: Դաշնակցությունը նրա տրամադրության տակ կդնի իր ուժերը, հայ ժողովուրդը կարող է իր հաշվով կազմակերպել կամավորական խմբեր: Համաձայնությունն արդեն կիսով չափ կայացած էր, բայց Վորոնցով-Դաշկովը կամեցավ ավելի լայն ծավալ տալ այդ բանակցություններին: Նրա կողմից, բացի բժ. Զավրիևից, հրավիրվեց Թիֆլիսի պալատական շրջանը՝ Մեսրոպ եպիսկոպոս (որ արդեն Թիֆլիսի թեմակալ առաջնորդն էր), Սամսոն Հարությունյան և Ալ. Խատիսյան...

Կառավարությունն առաջարկում էր, որ Թուրքիայի հետ պատերազմ սկսվելու դեպքում չորս կամավորական խմբեր կազմվեն հայերից, յուրաքանչյուրը մոտավորապես 400 հոգուց, դաշնակցական խմբապետների հրամանատարությամբ: Այդ խմբերի անմիջական գործը պիտի լինի հետախուզողների, առաջնորդների, հարկավոր դեպքերում նաև առաջապահ պահակների դերը: Կովկասյան իշխանությունը թույլ կտա բոլոր փախստական դաշնակցականներին վերադառնալ Կովկաս, աքսորից կվերադարձնի մի քանի խմբապետների և խոստանում էր առհասարակ ընդհանուր ներում շնորհել Դաշնակցության գործով բոլոր դատվածներին և դատի ենթարկվածներին: Եվ քանի որ հայերը դժգոհում էին Թուրքահայաստանի համար մշակված և թուրք կառավարության կողմից նոր վավերացված ռեֆորմների նկատմամբ՝ ռուսաց կառավարությունը հանձնառու է լինում բոլորովին նոր կերպարանք տալ Հայոց հարցին՝ առաջարկելով, որ հայերի կողմից նոր ձևակերպված պահանջներ ներկայացվեն իրեն:

Բանակցություն վարողներն անմիջապես մշակում են մի նոր առաջարկություն. Սամսոն Հարությունյանը վերցնում է այդ թուղթը և ճանապարհվում Էջմիածին, ուր Գևորգ կաթողիկոսը շնորհում է իր ստորագրությունը: Եվ ահա Հայոց հարցի համար մի նոր կերպարանավորում: Պատմության համար այստեղ մի քանի հատված եմ դնում այդ դիմումից.

«Ներկայումս սկսված մեծ պատերազմը կրկին ենթարկում է թուրքահայերի վիճակը նորանոր փորձությունների: Այժմ, երբ յուրաքանչյուր ռուս քաղաքացու մտքերը անհանգստությամբ հետևում են դեպքերին, որոնք պահանջում են պետությունից ուժերի ու կամքի մեծ լարում, ես երջանիկ եմ հավաստիացնելու Ձերդ պայծառափայլությանը, որ հայ ժողովուրդը, մոռանալով սեփական վերքերից առաջ եկած ցավի զգացմունքը, իր բոլոր մտքերը կենտրոնացրել է մեծ հայրենիքի վրա, որի փառքի համար նա ոգևորությամբ արձագանք տվեց իր թագավորի կոչին՝ կատարել իր սուրբ պարտականությունը Նորին կայսերական մեծության և հայրենիքի առաջ…

Բայց, իբրև հովիվ իմ ժողովրդի, ես չեմ կարող առանց համոզմունքի չհայտնել Ձեզ, որ հայ ժողովուրդը Թուրքիայում ստիպված կլինի ապրել շատ ծանր օրեր, եթե միայն Ռուսաստանի ուշադրությունը դեպի հայկական խնդիրը, թեկուզ ժամանակավորապես, թուլանա…
Քանի դեռ Թուրքահայաստանը Թուրքիայի սահմաններում է, ամբողջ հայ ժողովրդի համար այդ ծանր հարցի վերջնական լուծման համար, իմ և ամբողջ հայ ժողովրդի կարծիքով, պետք է անել հետևյալը.

1. Կազմել հայկական 6 վիլայեթներից Անատոլիայում մի անբաժան նահանգ:
2. Այդ նահանգի կառավարիչ նշանակել բարձր տիտղոսով մի անձ Ռուսաստանի ընտրությամբ, անկախ Բ. Դռնից, քրիստոնյա դավանությամբ:
3. Մտցնել այդ նահանգում ներքին լայն ինքնավարություն՝ ընտրողական հիմունքներով և հավասար ներկայացուցչությամբ՝ քրիստոնյաների և մահմեդականների:
4. Որպեսզի հայ ազգաբնակչությունը հավատա նոր կազմակերպությանը և իրավակարգի կենսունակությանն ու հաստատությանը՝ ամբողջ ռեֆորմի գործադրության վերահսկողությունը հանձնել բացառապես միայն Ռուսաստանին...»։

Այս թուղթը Էջմիածնից Թիֆլիս բերվելուց հետո կարդացվում է փոխարքայի պալատի խորհրդակցական ժողովում: «Բոլոր կետերն ընդունելի են»,- հայտարարում է Վորոնցով-Դաշկովը և այդ հայտարարության, ինչպես նաև հայերի նոր դիմումին առանձին մի նշանակություն տալու համար՝ կարգադրում է կաթողիկոսի թուղթն ուղարկել Պետերբուրգ ոչ թե սովորական կարգով, այսինքն փոստով, այլ արտակարգ սուրհանդակի ձեռքով:
Հարցը վճռվում էր վերջնականապես, թեև պետք էր դեռ սպասել Պետերբուրգի կառավարության պատասխանին: Վճռվում էր չափազանց մեծ հապճեպով, տենդային արագությամբ, առանց շուրջը նայելու, առանց կշռադատելու դրությունն ու հնարավորությունները: Ասպարեզը հանձնվում էր Դաշնակցությանը, և հայ բուրժուազիան իրեն ամբողջապես դնում էր նրա տրամադրության տակ: Ազգային բյուրոն դառնում էր Դաշնակցական շտաբի համար մի վարագույր, որի ետևում նստած՝ նա կարող էր ահագին գումարներ պահանջել իր ռազմատենչ հախուռն կրքերը ծավալելու համար:

Սկսվում էր կամավորական շարժումը: Հայ ժողովուրդը ռուսական բանակի մեջ ուներ հարյուր հազարից ավելի զինվոր: Այս բավական չէր: Կազմվում էր առանձին և հատուկ հայկական կամավոր զինվորություն: Եվ այս նշանակում էր, թե հայ ժողովուրդն առանձին իր կողմից էր պատերազմ հայտարարում Թուրքիային: Այսպես էր քառորդդարյա հայդուկային դաստիարակությունը՝ միշտ հանդուգն, խիզախ, բայց և միշտ անիմաստ և երազական... Եթե 1914-ի ամառը չլիներ ՀՅ Դաշնակցությունը, կամ նրա նման մի այլ ֆիդայական հիմնարկություն, կարո՞ղ էր առաջանալ հայկական առանձին կամավորական շարժում: Երբե՛ք: Էջմիածնի վարդապետները կամ փոխարքայական պալատի հետ բանակցություններ վարող ինտելիգենտները չէին, որ խումբ կազմելու ու վարելու ընդունակությունը և մանավանդ հոժարությունն ունենային: Դրա համար կազմ ու պատրաստ կար Դաշնակցությունը՝ մի դեմքով համամարդկային-սոցիալիստական, մյուս դեմքով՝ դաժան-ազգայնական հախուռն ռազմատենչություն: Երևանի ո՞ր փողոցովն անցնեիր և չլսեիր մեծ թե փոքրի բերանից՝ Անդրանիկը քաջ, յուր ընկերներով, Կուզե պատերազմ, կսպասե գարնան…

Պատերազմ է ուզում, ահա՛ և պատերազմ… Ինչպե՞ս չգնալ, դաշնակցական մաուզերներն իրենք իրենց պայթում են:
Պատերազմի հայտարարումից մի քանի օր առաջ դաշնակցականների ընդհանուր ժողովն էր Էրզրումում: Երիտթուրքերի կուսակցության կողմից հատուկ ներկայացուցիչ է գալիս և առաջարկում Դաշնակցությանը՝ սկսվող պատերազմի ժամանակ միանալ թուրք-գերմանական դաշնությանը, Կովկասի հայության մեջ ապստամբություն հարուցել ռուսների դեմ: Փոխարենը խոստացվում էր հայկական ինքնավարություն՝ ռուսական Հայաստանի սահմաններում: Սա գերմանական ծրագիր էր, որի նպատակն էր Անդրկովկասյան բոլոր ազգությունների՝ վրացիների, հայերի և թուրքերի ընդհանուր ապստամբության միջոցով վտարել ռուսներին Կովկասյան գլխավոր շղթայի հյուսիսային կողմը, այնպես որ՝ այդ շղթան դառնար սահմանը Թուրքիայի և Ռուսաստանի միջև, իսկ երեք ապստամբած ազգությունները կկազմեին ինքնավար նահանգներ Թուրքիայի հովանավորության տակ: Վրացիների հետ բանակցությունները համարյա միաժամանակ էին սկսել, և նրանց մեջ գտնվեցին տարրեր, որոնք զույգ ձեռքով բռնեցին այդ առաջարկությունը և նույնիսկ դաշնադրություն կնքեցին Թուրքիայի հետ, որ հրատարակվեց ռուսական ցարիզմի անկումից հետո:

Էրզրումի կուսակցական ընդհանուր ժողովը երիտթուրքերի առաջարկության առիթով կայացրեց մի վճիռ, որ միակ կարելին էր սալի և կռանի մեջ տրորվող մի փոքր ազգության համար: Նա չընդունեց երիտթուրքերի առաջարկությունը՝ հայտարարելով, որ Դաշնակցությունը ծագող պատերազմի մեջ իրեն չեզոք կպահի: Բայց բարձր մարմնի այս որոշումը մնաց մեռած տառ թղթի վրա: Հարց վճռողներ հանդիսացան Կ.Պոլսի կոմիտեն և Կովկասի Արևելյան բյուրոն: Դաշնակցությունը չեզոք չմնաց, այլ միացավ ռուսներին և տվեց նրանց այն, ինչ մերժել էր թուրքերին՝ պատերազմ մղելու համար կամավորական խմբեր և ապստամբություն Թուրքահայաստանում:

Ես փաստեր շատ ունեմ պնդելու համար, որ այդ ոճրագործ որոշումը կայացել էր ոչ միայն առանց բուն երկրի գիտության, այլև հակառակ նրա ցանկության: Իր տեղում ես կպատմեմ այդ փաստերը, այստեղ միայն այն ասեմ, որ ժողովուրդը Կ.Պոլսի և Թիֆլիսի պոռոտախոսներից շատ լավ էր հասկանում իր դրությունը և միայն մի բան էր ցանկանում, որ իրեն թույլ տրվի անցկացնել պատերազմական փոթորիկը, ինչպես ինքը կարող էր: Այսպես չեղավ, դժբախտաբար: Այդ ժողովրուրդը՝ անմեղ և անլեզու մի ամբոխ, «փրկիչներ» չափազանց շատ ուներ, և դրա հետևանքով նրա համար փրկություն չէր մնում այլևս:

Հենց որ Գերմանիան և Ավստրիան մի կողմից, Ռուսաստանը, Ֆրանսիան և Անգլիան՝ մյուս կողմից մտան պատերազմի մեջ, Թուրքիան, իբրև առաջին երկուսի դաշնակից, հայտարարեց «սեֆերբերլիք», այսինքն՝ զորահավաք, և սպասում էր հարմար առիթի՝ նույնպես ռազմադաշտ իջնելու համար: Բոլոր տեղերում էլ զորահավաք նշանակում է պատերազմական վայրենությունների օրինականացման առաջին գործողություն: Թուրքիայում այն միշտ է սարսափելի եղել, առավելապես քրիստոնյաների համար, որովհետև պատերազմ գնացող ասկյարի համար ավելի ալլահահաճո բան չի եղել, քան գյավուրների գլուխները թռցնելը: Սակայն 1914-ի սեֆերբերլիքը բոլորովին բացառիկ մի բան էր հայ ժողովրդի համար: Նրա դեմ գրգռված էին ամենքը՝ կառավարությունը, ամբոխը: Մի ամբողջ տարի հայկական դժբախտ ռեֆորմները ընդհանուր դժգոհության և ագիտացիայի աղբյուր էին դարձել: Դժվար չէր այսպիսի պայմանների մեջ, ցույց տալով երկու եվրոպական վերահսկիչներին, ներշնչել խավար ամբոխին, թե հայերն են պատերազմի պատճառը և այլն: Եվ ահա, թեև Թուրքիան դեռ պատերազմող չէ և ռուսաց դեսպանը դեռ Կ.Պոլսում է, Թուրքահայաստանի զանազան տեղերից, մանավանդ այնպիսիներից, ուր հայերը աննշան փոքրամասնություն են կազմում, բարձրանում են հուսահատական աղաղակներ: Թուրքերը բացահայտորեն պատրաստվում են կոտորելու հայերին. այս են հաղորդում լրագրական թղթակցությունները գրեթե ամեն օր: Ապագա գոռ փոթորկի այս վաղահաս աղմուկներն են ահա, որ ստիպում էին Թիֆլիսի դիպլոմատներին կաթողիկոսի անունից գրված աղերսագրի մեջ մտցնել մի կետ ևս, այն մասին, որ ռուսական դիվանագիտությունը Կ.Պոլսում հարկադրի թուրք կառավարությանը լուրջ միջոցներ ձեռք առնել հայերի պաշտպանության: Իսկ եթե թուրք կառավարությունը մերժե՞ր այդպիսի մի պահանջ, ինչպես արդեն, պատերազմի պատրաստված, մերժել էր եվրոպական պետությունների դարավոր արտոնությունները, կապիտուլյացիաները: Կարծես թե երեխաներ էին Թիֆլիսի դիպլոմատները և չէին հասկանում, որ Թուրքիայում կոտորածները միշտ կառավարական հրամաններով էին տեղի ունենում: Եվ եթե դա այսպես է, ի՞նչ ուժ կարող էր գտնվել աշխարհի վրա, որ թշնամի նկատած լինելով հանդերձ, կարողանար արգելել թուրք կառավարությանը, որ նա կոտորածի հրաման չտա…
Եվ այսչափ ողորմելի դրության մեջ էր, որ մենք ուզում էինք պատերազմող կողմ դառնալ…

Թուրքիայի հայության վիճակը որոշված էր…
Չգիտեմ ուրիշների մոտ ինչպես, մեզանում տիրում էր այն մանկական հավատը, թե պատերազմը կվերջանա շատ շուտով, մի վեց ամսվա մեջ, որ անպատճառ կջարդվի Գերմանիան՝ Թուրքիայի հզոր պաշտպանը, և այնուհետև եռյակ համաձայնության պետությունները կիրագործեն իրենց ծրագիրը, որի մեջ կենտրոնական տեղը բռնում էր փոքր ազգությունների ազատությունը: Մենք էլ փոքր ազգություն ենք, չէ՞, և մեր ազատության համար կռվում ու ահռելի զոհեր ենք տալիս 30-40 տարուց ի վեր: Ուրեմն, այս համաշխարհային պատերազմը մեզ համար էլ է: Եվ եթե այսպես է, ինչպե՞ս կարող ենք մենք անտարբեր մնալ, չշարժվել…

Եվ իրավ, մեզ վրա զարհուրելի թունոտ ներգործություն էր անում այն հրեշավոր սուտ, հրեշավոր պերճաբան պրոպագանդան, որի մեջ եվրոպական իմպերիալիզմն աշխատում էր թաքցնել գայլի իր ճիրանները՝ ազգերին խաբելով ամենալկտի ճարտասանությամբ, թե այս վերջին պատերազմն է, որ սկսվում է ոչ թե բանկիրների, մետաղագործների, զինվորական և ռազմական արդյունագործության վիշապների կոկորդը լցնելու համար, այլ աշխարհի անարդարությունները ջնջելու, ճնշվածներին և տանջվածներին երջանկություն ու հանգիստ, անդորրություն բերելու համար...

Խաբվել էլ կա, խաբվել էլ: Նայած, թե ով է խաբվողը: Երեխա՞ն, թե խելահաս մարդը: Մենք երեխայի պես խաբվեցինք և տվինք, ինչ որ ունեինք, մինչև որ կատարելապես մերկ ու անոթի մնացինք: Մինչդեռ կային խելահասներ, որոնք շատ քիչ խաբվեցին, անգամ չխաբվեցին էլ: Հրեն՝ լեհերը: Դնենք մեզ նրանց կողքին: Նիկոլայ Նիկոլաևիչի մեծախոս դիմումը նրանց մեջ ընդունվեց առանց հորթային հրճվանքների, կարելի է ասել՝ սառն անտարբերությամբ: Ո՛չ հատուկ կամավորական խմբեր կազմակերպվեցին ռուսաց բանակի հետ միասին գործելու համար, ո՛չ ապստամբություններ հարուցվեցին Գալիցիայի կամ Պոզնանի մեջ…

Իսկ մե՞նք… Անշուշտ դաշնակցական կամ հնչակյան մամուլի սատարությամբ, կազմվեց մի հրեշավոր սուտ՝ իբր թե Նիկոլայ Բ-ն կոչ է ուղղել հայերին և նրա մեջ ասել՝ «Հայեր, եկել է ձեր տանջանքների վերջը» և այլն, և այլն: Այս սուտը երկու ձեռքով բռնեց թուրքական կառավարությունը և զետեղեց մեղադրական կետերի մեջ, որոնցով ամբողջ թուրքահայությունը դատապարտվում էր բնաջնջման:
Կոնսերվատիվ սենյակի ժողովուրդ չէինք, այլ կտուրի ժողովուրդ էինք, ինչ ունեինք՝ հրապարակի մեջ էր: Նույնիսկ ինչ չունեինք էլ, դարձյալ հրապարակի մեջ էինք դնում: Այս պատճառով էլ չափազանց հեշտ էր մեզ թակարդի մեջ գցելը, մեզ լավ ջարդելը և նույնիսկ արմատահան անելը:

(շարունակելի)

Որոնում

Օրացույց

«  Փետրոար 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Արխիվ