Գլխավոր » ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ
ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ
22:10
Սա այլևս հիմարություն չէ, անմտություն չէ, սա եղեռն է…

(Սկիզբը՝ նախորդ համարներում)

...Արդեն եկել հավաքվել էին դաշնակցական բոլոր հռչակավորները: Երբ ես Թիֆլիս եկա, արդեն այնտեղ էր բազմահռչակ Անդրանիկը, որ հետո մի ժողովի մեջ, զինվորի պարզամտությամբ պատմում էր, թե ինքը Վառնայի մոտ իր փոքրիկ հողամասն էր մշակում, երբ առաջարկություն ստացավ Կ.Պոլսի դաշնակցական կոմիտեից՝ անմիջապես մեկնել Կովկաս և իրեն դնել Թիֆլիսի կոմիտեի տրամադրության տակ: Թիֆլիսում էին Քեռին և ուրիշները, շուտով եկավ և Համազասպը, որ Սիբիր էր աքսորված: Կ.Պոլսից եկավ նաև Գարեգին Փաստրմաճյանը (Արմեն-Գարո)՝ օսմանյան պառլամենտի անդամը: Այս մարդուն շատ լավ էինք ճանաչում Թիֆլիսում: Մի համեստ, շատ սիրելի և անուշ բնավորության տեր էր՝ չօժտված առանձին մեծ արժանավորություններով: Բախտը տվել էր նրան իբրև տեռորիստ հայտնի դառնալու մի հաջող դեպք. նա 1896-ին Բանկ-Օտոմանը գրաված հերոսներից էր: Եվ ահա մոտ 20 տարի այդ փառքի օրից անցնելուց հետո՝ Արմեն-Գարոն թողնում էր պառլամենտական խաղաղ նստարանը, նորից ընդգրկելու արյան արհեստը: Նա Թիֆլիս էր եկել կամավորական խմբերից մեկի գլուխն անցնելու համար:

Ավելի մեծ անտակտություն Դաշնակցությունն իր կյանքում չէր արել: Ոչ մի բան այնքան չկատաղեցրեց երիտթուրքերին, որքան այն հանգամանքը, որ թուրքական պառլամենտի անդամն անցնում է Թուրքիայի դարավոր ոխերիմ թշնամու կողմը՝ Թուրքիայի դեմ կռվելու համար: Հայերի պետական դավաճանության ապացույց է այն լուսանկարը, որ ներկայացնում է պառլամենտի այդ անդամին՝ իր զինվորների հետ: Եվ այդ փոքրիկ մարդն իր փոքրիկ փառասիրությամբ, ով գիտե, որքան ուժ է տվել այն ձեռքին, որ ստորագրում էր թշվառ թուրքահայության բնաջնջման վճիռը: Զարհուրելի է այս մասին մտածելն անգամ:

Ամեն ինչ վճռված, վերջացած էր: Մնում էր միայն Պետերբուրգի կառավարության պատասխանն այն նոր առաջարկների առթիվ, որոնք արված էին կաթողիկոսի գրության մեջ: Այս պատասխանին սպասում էին ինչպես երկնային մանանայի: Այս պետք է լիներ մի տեսակ զինակցության պայմանագիր, մի տեսակ պարտաթուղթ, մուրհակ, որ պիտի տար ռուսաց ցարի կառավարությունը հայ ժողովրդին: Եվ եկա՜վ այդ պատասխանը: Փոխարքա Վորոնցով-Դաշկովը 1914թ. սեպտեմբերի 2-ին գրեց Գևորգ կաթողիկոսին.

«Իմ քաղցր պարտականությունն եմ համարում տեղեկացնել Ձեզ, որ Ձեր օգոստոսի 5-ի թիվ 1131 նամակը, որով Դուք միջնորդում էիք թուրքահայերի հովանավորության և պաշտպանության և նրանց վիճակի բարվոքման մասին, ես ներկայացրեցի նախարարների խորհրդի նախագահին: Այժմ ստատս-սեկրետար Գորեմիկինը տեղեկացնում է ինձ, որ ռուս կառավարությունը ոչ մի դեպքում ոչ մի զիջում չի անի Հայկական հարցի հողի վրա այն մտքով, որ ռեֆորմները Թուրքիայի հայկական նահանգներում մտցվելու են ռուսաց սկզբնական ծրագրով և Ռուսաստանի բացառիկ հսկողության տակ:

Նախարարների խորհրդի նախագահի վերոբերյալ հավաստիացման շնորհիվ բոլորովին համոզված լինելով հայերին հուզող խնդիրների նպաստավոր լուծման մեջ՝ ես պարտք եմ համարում, այնուամենայնիվ, նախազգուշացնել Ձեզ, որ թե՛ մեր կողմերի և թե՛ սահմանի մյուս կողմի հայերի գործողությունները ներկա րոպեում պետք է խստիվ համաձայնեցված լինեն իմ ցուցումների հետ, որովհետև Թուրքիայի և Ռուսաստանի միջև ներկայումս տիրող լարված դրության պատճառով, ընդհանուր քաղաքական տեսակետից, ինչպես և նույնպես ընդունում են մեր դաշնակից պետությունները, շատ կարևոր է, որ Թուրքիայի դեմ պատերազմի առիթը տա ինքը՝ Թուրքիան, և ոչ թե որևէ գործողություն մեր կողմից, ուստի շատ անցանկալի կլինի, և նույնիսկ վտանգավոր, առաջ բերել որևէ ապստամբություն Թուրքիայի հայերի մեջ:

Միևնույն ժամանակ ես խոնարհաբար խնդրում եմ Ձերդ Սրբությանը, վերոհիշյալ նկատումներից դրդված, գործ դնել Ձեր բարձր հեղինակավոր ազդեցությունը Ձեր հոտի վրա այն մտքով, որպեսզի մեր հայերը սահմանի մյուս կողմի հայերի հետ պատրաստ լինեն ինչպես այժմ, Թուրքիայի անորոշ դրության միջոցին, այնպես էլ ապագայում, ի դեմս մեր պատերազմի նրա հետ, կատարել այն հանձնարարությունները, որ ես ըստ ժամանակի պահանջման կարևոր կհամարեմ և կառաջարկեմ նրանց ի կատարում»:

Սուտը, ինչպես ասում են, երկնեց և ծնեց… մի մուկ: Նորից կարդացեք կաթողիկոսական թուղթը: Ի՞նչ էր իբրև պատասխան ասում ռուս կառավարությունն այդ պարզորոշ առաջարկություններին. օրինակ՝ ընդունո՞ւմ էր Թուրքահայաստանի կատարյալ ավտոնոմ անջատումը սուլթանի իրավասությունից: Ո՛չ, չէր ընդունում այդ առաջարկներից և ոչ մեկը: Եվ ի՞նչ էր առաջարկում իր կողմից: Ոչ մի նոր բան, այլ միայն այն, ինչ առաջարկել էր Թուրքիային 1913-ին և կրճատվել էր Գերմանիայի և նրա դաշնակիցների միահամուռ դիմադրության շնորհիվ: Ռուս կառավարությունն իսկապես իր համար էր շահավետ դիրք ստեղծում՝ կոնտրոլի բացառիկ իրավունք: Եվ հայերը, այդ հաջողացնելու համար, պիտի կռվի մեջ նետվեին ամենաանմիտ, ամենահիմար կերպով:

Ես զուր չեմ դիմում խիստ խոսքերի: Ռուսաց կառավարության խոստումն անորոշ էր, մշուշային, ինչպես էր 1878 թվականին: Եվ միայն մենք էինք, որ դրական, խրախուսիչ բովանդակություն էինք դնում վարչապետ Գորեմիկինի մանվածապատ, գրասենյակային տողերի մեջ, ինչպես մի ժամանակ դնում էինք 61-րդ հոդվածի մեջ: Եվ այսօր էլ մենք, մեր սեփական մեկնաբանություններով մեզ շպրտված հինգ-վեց տողերը զարդարելով, հայտարարում էինք մեզ լիովին բավարարված. ասում էինք, թե ռուս կառավարությունը գրավոր կերպով խոստացել է այն, ինչ մենք ենք ցանկացել, և ասում էինք՝ «Դե, հայ ժողովուրդ, մարդիկ բեր, փող բեր, որ մենք կամավորական խմբեր կազմենք»: Ինձ հաստատ աղբյուրներից հայտնի են շատ փաստեր, երբ Ազգային բյուրոյի կողմից ուղարկված ինտելիգենտ գործակալները փող շատ հավաքելու, կամավորական տրամադրություն ստեղծելու համար անպատկառորեն հավատացրել էին, թե Գորեմիկինն այդ թղթում հաստատ խոստացել է անգամ անկախ Հայաստան:

Բայց սա դեռ քարը գլուխը: Վորոնցով-Դաշկովի գրության նշանակությունն առաջին մասի մեջ չէ՝ անորոշ ու խուսափուն այն մի քանի զույգ բառերի մեջ: Պարզ է, զարհուրելի պարզ այդ նամակի երկրորդ մասը, որից երևում է, որ կառավարության դրած պայմաններից մեկը եղել է հայկական ապստամբություններ հարուցանելը Թուրքահայաստանում, և այս պայմաններն ընդունել են հայերը: Պատմությունը զարհուրանքով կարձանագրի այս փաստը և կասի, որ սա այլևս հիմարություն չէ, անմտություն չէ, սա եղեռն է… Պատերազմի ժամանակ ապստամբեցնել մի ժողովուրդ՝ նշանակում է պարզապես բոլոր իրավունքները տալ պատերազմող երկրի կառավարությանը, որ նա հրով և սրով ոչնչացնի այդ ապստամբած ժողովրդին: Այս պարզ է ամենքի համար, բայց պարզ չէր այդ ոճրագործ ժողովներում, որոնք տեղի էին ունենում ցարական գեներալների հետ միասին, և որոնք չէին բավարարվում կամավորական զորք տալով, այլև դնում էին ռուսահայերին էլ, թուրքահայերին էլ Վորոնցով-Դաշկովի տրամադրության տակ, որ ինչպես ուզի՝ խաղացնի, ինչպես ուզի՝ ապստամբեցնի…

Ահա՛ թե ուր էին մեզ հասցրել փրկիչները: Մինչև սպանդանոց, մինչև ոչխարային ողջակիզման Գողգոթա: Այլևս հեռու գնալու տեղ չէր մնում: Ի՞նչ կարող է ունենալ մի ժողովուրդ ավելի թանկ, քան իր կյանքը: Եվ երբ այդ մեծագույն բարիքը, այդ ամենաթանկ ստացվածքն էլ ինքնաբերաբար տրվում է ամբողջովին՝ առանց վերապահության, այլևս ո՞ւր գնալ, ի՞նչ անել…

...Ազգային բյուրոն բարեհաճել էր ինձ էլ, մի քանի ուրիշ մարդկանց հետ միասին, կոոպտացիայի իրավունքով իր նիստերին հրավիրելու... Բավական բազմամարդ էր բյուրոյի այն նիստը, որին առաջին անգամ ներկա էի և ես: Առաջնորդական առանձնասենյակը լեցուն էր: Հիշում եմ այդտեղ Հովհաննես Թումանյանին, մի երեք-չորս հատ ջոջ վաճառականների՝ Մկրտիչ Քալանթարյան, Խաչատուր Ափրիկյան, Սերովբե Կյուլբենկյան, Ավետիս Պողոսյան, մի շարք դաշնակցական շեֆերի՝ Հովսեփ Արղության, Արշակ Ջամալյան, Ավետիք Սահակյան: Բայց գլխավոր, կենտրոնական անձնավորությունը, որին ամենքը վերաբերվում էին մեծ հարգանքով, Անդրանիկն էր:

Իմ բախտից բյուրոյի այս նիստն այնքան էլ հետաքրքրական չէր: Քննվում էր կամավորներին հագցնելու հարցը, և Անդրանիկը հեղինակավոր ցուցումներ էր տալիս, թե ինչ տեսակ ոտնամաններ, վերարկուներ, գլխարկներ և այլն են պահանջվում: Ինձ տարօրինակ թվաց այն հանգամանքը, որ մենք այսպիսի հապճեպով պատրաստություններ ենք տեսնում, մինչդեռ Թուրքիան իրեն պահում էր հանդարտ և մինչևիսկ, նայելով լրագրական տեղեկություններին, կարող էր պատահել, որ նա պատերազմի մեջ չմտներ: Եվ արդյո՞ք վաղաժամ չէին այս խոշոր ծախսերը: Եվ վերջապես, հայտնի՞ էին այն պայմանները, որոնցով մենք մտնում էինք այս ծանր բեռան տակ: Ինձ պատասխանեց Խաչատուր Ափրիկյանը.
- Է՜հ, պարոն Լեո, ի՜նչ միամիտն եք եղել… Ամեն ինչ արդեն վերջացել, պրծել է:

Ես, ճիշտ որ, միամիտ էի: Եվ այդպիսի միամիտ էլ մնացի բյուրոյի կազմի մեջ: Ընտրյալներից չէի: Կառավարության մարդիկ առաջին իսկ հանդիպումներից նկատել էին, որ հայերն առհասարակ շատ բերան պատռած մարդիկ են, գաղտնապահություն չգիտեն, ուստի դրել էին իրենց պայմանները: Ահա գաղտնապահությունը փրկելու համար բյուրոյի անդամներից կազմված էր մի առանձին գործադիր մարմին, որի մեջ մտնում էին նախևառաջ, իհարկե, այն չորս հոգին, ովքեր սկզբից էին բանակցություններ վարում կառավարության հետ՝ Մեսրոպ եպիսկոպոս, Սամսոն Հարությունյան, Ալեքսանդր Խատիսյան և բժ. Զավրիև. դրանց վրա ավելանում էին 6-7 հոգի բյուրոյի անդամներից: Այս գործադիր մարմինն էր, որ վարում էր, գաղտնի իհարկե, բոլոր պատասխանատու բանակցություններն ու գործերը: Կար և մի ուրիշ, շատ գաղտնի (ինձ նման անդամների համար միայն, իհարկե) մարմին՝ զինվորականը՝ ամբողջովին բաղկացած դաշնակցականներից, որոնց երեսը մենք նույնիսկ չէինք տեսնում, ուր մնաց անուններն իմանայինք: Եվ այսպիսով մենք կազմում էինք անգիտակ մասը, ամբոխը, եթե կարելի է այսպես ասել, և մեզ բարձրերից՝ գործադրից և զինվորականից, հաղորդվում էր միայն այն, ինչ կարելի էր համարվում...

Չնայած այս կաստայական կացությանը, երբեմն մեր առջև էլ պատռվում էր այն խորհրդավոր վարագույրը, որի ետևն անցնել մենք չէինք կարող: Պատռվում էր, ճիշտ է, պատահաբար, շատ նեղ ճեղք տալով և շատ կարճ ժամանակով, բայց և այնպես մենք բավական լույս էինք առնում մի քանի բաների վրա: Այսպես, մի երեկո Ալեքսանդր Խատիսյանը պատմեց գործադիր մարմնի անդամներից մի քանիսի խոսակցությունը գեներալ Մշլաևսկու հետ, որ փոխարքայի զինվորական օգնականն էր: Նա պատմել էր, թե ինչ ծրագիր է ինքը կազմել Էրզրումի վրա հարձակվելու համար և իր այս պատմությունը վերջացրել էր այսպիսի մի անտեղի, հեգնական և շնական հարցով. «Ասացեք, երբ դուք ձեր հանրապետությունն ունենաք Էրզրումում, ինձ ի՞նչ պաշտոն կտաք»…

Խատիսյանը սա պատմում էր իրբրև զվարճալիք, իբրև ջոջ մարդու հանաք, բայց երևույթն ամենևին այդ հանգամանքը չուներ: Այն սուր խայթոցներով հիշեցնում էր, թե ինչ ողբերգություն է ապրում հայ ժողովուրդը: Մենք զոհում էինք ամեն ինչ, մեր ֆիզիկական գոյությունն անգամ՝ ինչ-որ մշուշային բառերի, ինչ-որ մութ ակնարկների ի փոխարինություն. և մեզ դարձյալ քամահրում էին՝ «լայաղ» չէին անում գեթ հասարակ քաղաքավարությամբ, առանց ծամածռությունների ընդունել մեր զոհը… Մշլաևսկին մի հատիկ չէր, ինչպես կտեսնենք:

Առայժմ ուզում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել բյուրոյի մի նիստը, որ ինձ համար անմոռանալի է: Այդ նիստին, որ նույնպես տեղի ունեցավ առաջնորդարանում, ներկա էր Հովհաննես Քաջազնունին, դաշնակցական էմիգրանտ, որ եկել էր Վանից և բյուրոյին զեկուցելու համար իր հետ պաշտոնական հանձնարարություն էր բերել: Վանի դաշնակցական կենտրոնական կոմիտեն էր նրա միջոցով խոսողը: Քաջազնունին ասաց, որ թե՛ Վանի և թե՛ երկրի այլ դաշնակցական մարմինները դեմ են Կովկասում սկսված կամավորական շարժմանը, այն համարում են մի ձեռնարկում, որ չափազանց վտանգավոր է թուրքահայերի համար: Հիմնվելով, բացի դրանից, նաև Էրզրումի ընդհանուր ժողովի որոշման վրա, Վանի կոմիտեն պահանջում էր անմիջապես վերջ տալ այդ շարժմանը՝ թուրք կառավարության կասկածները զուր տեղից հայերի դեմ չգրգռելու համար: Երկրի ինքնապահպանման բնազդն էր խոսում… վերջին անգամ: Բայց մի անգամ էլ, դարձյալ վերջին անգամ, նրան բռնաբարում էր ռուսահայերի էգոիզմը: Սկսվեցին վիճաբանություններ: Այս մարդիկ, Կուրի ափին նստած, որտեղի՞ց էին վերցրել այն հեռավոր աշխարհի բախտը տնօրինելու իշխանությունը...

Փաստը փաստ է: Ազգային բյուրոն չափազանց խելոք էր, չափազանց լավատեղյակ՝ Մշլաևսկու նման աղբյուրներից, և գիտեր, որ կամավորական շարժումը ոչ մի վտանգ չի կարող սպառնալ թուրքահայ ժողովրդին նախևառաջ այն պատճառով, որ ռուսական բանակը արագ պիտի գրավի ամբողջ Թուրքահայաստանը: Պայքարը մի քանի ամսվա հարց է, և այսպիսի հավանականության մեջ անթույլատրելի կլինի լոկ երկյուղի թելադրությամբ լքել մի ձեռնարկում, որի հետ կապված են այնքան խոշոր ազգային շահեր: Դաշնակցականների կողմից վանեցիներին պատասխանեց Արշակ Ջամալյանը՝ ասելով, թե Վանի ընկերները լավ չեն հասկացել Էրզրումի ընդհանուր ժողովի որոշումը: Ինքը մասնակցել է այդ ժողովին և լավ գիտի նրա իսկական տրամադրությունները: Իզուր Քաջազնունին, իբրև ականատես և ականջալուր, բացատրություններ էր տալիս երկրի դրության մասին, և թե որքան անտանելի վիճակ էր ստեղծել «սեֆերբերլիքը» հատկապես հայ ժողովրդի համար: Եվ արագ, գրեթե րոպեական էր վճիռը: Մերժվեց պահանջը. ինքը՝ Քաջազնունին, համակերպվեց այդ վճռին և այնուհետև դարձավ բյուրոյի դաշնակցական անդամներից և աշխատակիցներից մեկը:

Վե՞րջ տալ կամավորական շարժմանը: Իսկ ի՞նչ ասել Վորոնցով-Դաշկովին, Գորեմիկինին, ի՞նչ ասել հենց իրեն՝ Դաշնակցությանը, որ այնքան գեղեցիկ առիթ էր գտել իր կուսակցական եսամոլությունը ծավալելու համար: Վերադարձել և վերադառնում էին այնքան փախած և աքսորված ընկերներ, տեղ էր գրավված փոխարքայական պալատի մեջ, առատ դրամական միջոցներ կային ընկերներին զանազան պաշտոններում տեղավորելու համար: Կարելի՞ էր թողնել մի դիրք, որ ըստ ամենայնի հրամայողական էր:

Կամավորական շարժումըօր օրի վրա ընդունում էր աղմկաշատ, շռնդալից բովանդակություն: Շուտով Թուրքիան պատերազմի մեջ ընկավ, կովկասյան ճակատի վրա հրազենները ճարճատեցին, դաշնակցական խմբապետները ուղևորվեցին ռազմաճակատ, կամավորները սկսեցին գործել՝ Թիֆլիսի փողոցներում երևացին հայրենասիրական ցույցեր. հայերն ուզում էին գերազանցել ամենքին...

Կամավորները գալիս էին, գալիս հեռու տեղերից՝ Ամերիկայից, Եգիպտոսից, Բուլղարիայից: Կային և ռուսահայեր՝ աղմկարար տարրեր, մանավանդ ուսանողներից: Նրանք հայրենասիրական ցույցեր էին անում, ուր որ հարմարություն էին գտնում՝ Պետերբուրգում, Նոր Նախիջևանում, Թիֆլիսում՝ փոխարքայի պալատի առաջ, և ամբողջ տարածության վրա՝ մինչև սահմանագլուխները, թեև տեղացիներից շատերը ճանապարհին կորցնում էին իրենց ամբողջ ավյունը և սուսիկ-փուսիկ սլլում էին իրենց տները:

Խոստովանում եմ՝ ես երբեք սիրտ չեմ արել գնալ տեսնել այդ հայրենասիրական ցույցերը՝ նվագածության, շողուն զենքերի, «Մեր հայրենիքի» միաբան հնչյունների խառնուրդով: Միշտ զգում էի, որ այդ բոլոր հրճվանքը արհեստականորեն մշակված և ուռցված է... Ես միայն մի հարց էի տալիս՝ ի՞նչ տպավորություն է թողնում այս բոլորը մեր հարևանների՝ վրացիների և թուրքերի վրա, որոնք պահում էին իրենց մեկուսի, զսպված, բայց, իհարկե, ոչ միանգամայն անտարբեր: Այս հարցը հեգնանք ու արհամարհանք կարող էր ազդել ռուսական սվինների վրա նստած մեր ազգասերներին: Բայց մի օր սվինները պիտի հեռանային Կովկասից, և այն ժամանակ հայերը պիտի իրենց տեսնեին միանգամայն մեկուսացած:

(շարունակելի)

Որոնում

Օրացույց

«  Մարտ 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ