Գլխավոր » ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ
ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ
21:19

(Սկիզբը՝ նախորդ համարներում)

Այսպես թե այնպես, ռուս-թուրքական պատերազմի սկզբում սահմանագլուխների վրա կազմ ու պատրաստ հայ կամավորական չորս խումբ կար: Ամենից խոշորն Անդրանիկինն էր, որ գտնվում էր Սալմաստում, ռուսական այն զորաբաժնի հետ, որ պիտի գործեր Վանի դեմ: Այդ խումբը բաղկացած էր, ինչպես երևում է Ազգային բյուրոյի հաշիվներից, մոտավորապես 1200 հոգուց: Այդքան զինվոր կար մյուս երեք խմբերի մեջ, այնպես որ՝ հայ կամավորների ընդհանուր թիվը 2500-ից չէր անցնում: 1915-ին բյուրոն ավելացրեց այդ թիվը՝ իդեալ դարձնելով հրացանի տակ ունենալ գոնե 10 հազար կամավոր: Սա հաջողվեց նրան, բայց շատ կարճ ժամանակով. այնպես որ՝ կամավորական կազմի միջին թիվը կարելի է վերցնել 6-8 հազար հոգի: Ժամանակակից պատերազմներում, ինչպես հայտնի է, 50-100 հազար կազմ ունեցող զորաբաժիններն էլ մեծ բան չեն համարվում: Բայց հայ կամավորական բանակը, որ 1914-ի հոկտեմբերից մինչև 1915-ի մարտը 2500 հոգուց ավելի չէր, ազգային սնապարծության և հոխորտանքների առարկա դարձավ: Իբրև թե ահագին բան էինք արել այդքան մարդ հավաքելով, իբրև թե ռուսական բանակը, որ Կովկասյան ճակատում հավաքել էր մոտ 800 հազար զինվոր, շատ է պարտական մեզ՝ մեր 3-5 հազարի համար, և իբրև թե Թուրքիայի համար էլ մեր այդ ուժը խոշոր վտանգ է: Եվ ստեղծելով մեզ համար այսպիսի օդային ամրոցներ, մենք մեզ տոգորում էինք ամբարտավան մեծամտությամբ, փքուն պահանջկոտությամբ, ուզում էինք աշխարհ զարմացնել ոչ միայն մեր ունեցածով, այլև չունեցածով:

Դաշնակցական «Հորիզոնն» ամեն կիրակի օր հրատարակում էր պատկերազարդ հավելվածներ, ուր տպվում էին կամավորների խմբանկարները: Սովորաբար դրանք ներկայացնում էին 50, 100 և ավելի մարդկանց, ոտքից մինչև գլուխ զինված, հրացանները դեպի նույն կողմն ուղղած: Այդ խմբանկարներն իրենց տակ սկզբում կրում էին «խումբ» անունը: Հետո այդ բավական չհամարվեց դաշնակցական հոխորտանքի համար և խմբերը վերանվանվեցին «գնդեր», ապա այս էլ քիչ եղավ և տպվում էր՝ «կամավորական առաջին բանակ», «երկրորդ բանակ» և այլն՝ ըստ կարգին: Այս պատկերազարդ հավելվածները տարածվում էին մեծ քանակությամբ և նրանց գնողների մեջ էին և օսմանյան գործակալները, որոնք այդ վավերագրերն ուղարկում էին իրենց գլխավոր շտաբին: Այդքանով էլ չբավականանալով՝ դաշնակցական [Մարտին] Շաթիրյանը Պետերբուրգում հրատարակեց հայ կամավորների շքեղ ալբոմ, որի մեջ մտնում էին մինչև իսկ փոքրահասակ մանուկներ՝ զինվորի զգեստ հագած և հրացանով ու դաշույնով զինված: Այս վավերագրերն էլ ընկնում էին օսմանյան կառավարության կազմած ժողովածուի մեջ:

Ավելի վարպետորդի հանդիսացավ «Խաթաբալա» ծաղրական թերթը: Հատավաճառով որքան կարելի է շատ 5 կոպեկներ հավաքելու համար նա տպում էր Անդրանիկի պատկերը և նրա ոտքերի տակ ընկած՝ օսմանյան դրոշակը: Պատմում էին, որ այս նկարը ահագին հուզում էր առաջացրել արևելյան Անդրկովկասի թրքության մեջ և Գանձակում: Երեք ռուբլի էին տալիս մի հատ ձեռք բերելու համար: Այսպես մենք գիտեինք ուռցնել, չափազանցնել անհնարին կերպով: Կուսակցական ինքնագովությունն ու պոռոտախոսությունը չափ ու սահման չէր ճանաչում: Թուրքական հակահետախուզությունը ձեռք էր բերել մի հնչակյան շրջաբերական, որի մեջ ասված էր, թե հայ կամավորների թիվը հասնում է 40 հազարի… Հավատալ չի կարելի, թե կարող է այսքան ստախոսություն լինել, բայց մեզ տալիս էին վավերագրի լուսանկարը…

Ես, իհարկե, չեմ քննի կամավորական խմբերի գործունեությունը պատերազմական արհեստի տեսակետից: Երկու խոսք կասեմ միայն Անդրանիկի խմբի գործողությունների մասին Սալմաստ-Վան ուղղության վրա: Առաջին շարժումը տեղի ունեցավ 1914-ի նոյեմբերին: Անդրանիկի խումբը մյուսների համեմատությամբ խոշոր էր, որովհետև նրան հատկացված էր գործողության լայն շրջան: Ես լսել եմ, որ ծրագիրն այսպես է եղել. հենց որ Անդրանիկը մոտենար Վանին, այդտեղի դաշնակցական մարտիկները պիտի քաշվեին լեռները և ապստամբություն բարձրացնեին: Այս ցույց է տալիս, որ Վանի հեղափոխական մարմիններն արդեն համակերպվել էին Թիֆլիսի բյուրոյի վճռին, որ ինչպես պատմեցի, մերժել էր նրանց առաջարկությունը՝ կամավորական շարժումը դադարեցնելու մասին, և Վանն առաջինն էր կանգնում ապստամբության ճանապարհի վրա: Սակայն Անդրանիկը Վանին չհասավ, և կատարելով ընդհանուր հրամանատարության ցուցումը՝ ետ նահանջեց դարձյալ Պարսկաստան: Շուտով սկսվեց ռուսական նահանջ Սալմաստից դեպի Արաքս:
 
Անդրանիկի այս առաջին արշավանքի ժամանակ պարզվեց, թե ինչ իրականություն կարող է հաստատել կամավորությունը Թուրքահայաստանում, հայ-քրդական փոխհարաբերությունների մեջ: Հայ կամավորներն, իհարկե, չէին խնայում քրդական այն գյուղերը, որոնք նրանք գրավում էին: Քրդերն էլ, որոնք նույնպես զինվորական ծառայություն էին կատարում օսմանյան բանակում, հայ գյուղերն էին կոտորում: Այսպիսով, այս երկու ազգությունները սկսում էին իրար ջնջել: Քրդերի գործն ավելի հաջողակ էր գնում: Ռուս զորքի նահանջումը նրանց կատարյալ իրավունքի տակ էր դնում Հաղբակի, Բաշկալեի և Սարայի հայությանը, որն ամբողջապես սրի քաշվեց 1914-1915-ի ձմռանը: Սա առաջին կոտորածն էր՝ նախերգանքն ավելի ահռելի, համատարած կոտորածների…

Միշտ այսպես էր եղել նախկին պատերազմների ժամանակ. երբ ռուսները թողնում էին իրենց գրաված տեղերը և հեռանում, թուրքերը, կամ նրանց դրդումով քրդերը, հարձակվում էին այն տեղերի հայերի վրա, որոնք համակրություն էին ցույց տվել ռուսներին, կողոպտում ու կոտորում էին նրանց: Բայց այդ կոտորածները մասնակի էին լինում, փոքր չափերով, և համենայնդեպս շատ շատերն էին ազատվում: Իսկ այժմ խնայել չկար. հայկական կոտորածը, Աբդուլ-Համիդի տված դաստիարակությունից հետո, չէր կարող բավականանալ հարյուր, մինչև իսկ հազար դիակներով. ինչքան կար՝ սրի էր քաշվում, և պրծավ-գնաց… Իսկ մենք, բնական և անխուսափելի համարելով այդ, զբաղված էինք մեր կամավորների քաջագործություններով, գովում, բարձրացնում էինք Քեռիին, Համազասպին, Դրոյին… Հերոսներ շատ ունեինք և ինչո՞ւ չդառնայինք հերոսապաշտներ…

Կամավորական շարժումը մենք սկսեցինք հախուռն, աններելի թեթևամիտ վերացականությամբ, նույնիսկ ուշադրություն չդարձնելով այն միջավայրին, որ շրջապատում էր մեզ: Երևույթը շատ անբնական էր ցարական ռեժիմի տեսակետից էլ: Ազգաբնակչության մի մասը ազատ ու համարձակ եռուն գործունեության մեջ էր, փող էր հավաքում, գումարումներ էր անում, զենք էր գնում, զինվորություն էր վարժեցնում և կռվի ուղարկում, մինչդեռ մյուս մասերը լուռ ու իրավազուրկ էին առաջվա նման, չունեին հնարավորություն արծարծելու և քննելու իրենց ազգային հարցերը: Ես ուզում եմ ասել, որ կամավորական շարժումն ավելի ևս խոր խրամատներ էր փորում հայերի և մյուս կողմից՝ վրացիների և թուրքերի միջև: Թուրք ազգաբնակչությունն, ինչպես ցույց տվեց պատերազմը, արդեն շատ լավ մշակված էր համաիսլամական և համաթուրքական պրոպագանդայի կողմից. և այս՝ բոլորովին առանց նկատելի դառնալու հայերի կողմից: Սա մի ամբողջ շարժում էր օսմանյան զինվորական գործակալների ղեկավարությամբ, բայց քողարկված շատ վարպետորեն:

Հոյակապ կոնսպիրացիայի հովանու տակ թրքության մեջ ամրանում և կազմակերպվում էր կալվածատիրական-բուրժուական այն շաղախը, որ հետո լույս աշխարհ պիտի ընկներ «Մուսավաթ» անվան տակ: Ինչպես ազգայնական-կրոնական մի առանձնացում՝ նա լցված էր հայ նացիոնալիստական-կղերական առանձնացման դեմ կատաղի թշնամությամբ: Թուրքիան՝ համաիսլամական-համաթուրքական գաղափարի սիրտն ու մարմնացումը, ձգտում էր իր հետ միացնել Արևելքում՝ Ռուսաստանի տիրապետության տակ մնացած իր հարազատ ցեղերին, և սակայն հայերը սեպի պես ցցված էին այդ միության ճանապարհի վրա և ոչ միայն տեղի չէին տալիս, այլ, ընդհակառակը, աշխատում էին ավելի ևս խորացնել և լայնացնել սեպը...

Այսպես էին թուրքերը: Իսկ վրացինե՞րը: Մենք արդեն գիտենք, որ դեռ 1905-ից վրացի և թուրք ազնվականության մեջ գոյություն ուներ մի տեսակ պաշտպանողական և հարձակողական դաշնակցություն՝ ուղ-ղված հայերի դեմ: Այդ entente cordiale-ն տարիների ընթացքում ամրապնդվել էր, և թուրք-վրացական համերաշխությունը հրապարակավ ցուցադրվում էր շատ հաճախ: Բայց նրա մշտական սրբություն սրբոց էր այն հայակերական մամուլը, որ ռուսաց լեզվով ծաղկեցնում էին վրացի նացիոնալիստները՝ կռթնած Բաքվի թուրք բուրժուազիայի ոսկու քսակների վրա: Մի կուլտուրական ժողովրդի կյանքի մեջ սա մի անպատիվ երևույթ էր՝ մարդկանց մի խմբակ ապրում էր տպագրական խոսքը ծառայեցնելով ազգերի թունավորման նողկալի գործին:

Իսկ ռուսական բյուրոկրատիան ամեն խնամք թափում էր, որ հայ-վրացական հարաբերությունները միշտ լարված լինեն, միշտ թշնամական... Հայերի կամավորական շարժումը վրացիների մեջ թշնամական վերաբերմունքի պիտի արժանանար և այն պատճառով, որ, ինչպես վերևում ասացի, վրաց հրամայող դասերը գերմանական օրիենտացիան էին ընդունել և դաշնակցել էին Թուրքիայի հետ: Մնում էր մի տարր միայն՝ ռուս տարրը, որ, ըստ երևույթին, պիտի համակրեր կամավորական շարժմանը: Բայց այս կողմից էլ մենք համակրանք չունեինք: Կովկասում գործողը «Ռուս ժողովրդի միություն» անունը կրող սևհարյուրակային կազմակերպությունն էր, իսկ նրա համար հայ ժողովուրդը Դաշնակցությունն էր՝ այն հեղափոխական կազմակերպությունը, որ դեռ նոր կոտորում էր ռուս չինովնիկներին և որ ցարիզմի անհաշտ թշնամիներից մեկն էր...

Մեր մեծամիտ պահանջկոտության արդյունք էր, որ հազիվ կամավորները ռազմադաշտ հասած՝ սկսեցինք քննել և դատել, թե ի՞նչ պայմաններով ենք մենք կռվի մեջ մտել և ի՞նչ պահանջներ ունենք անելու: Լրագրական ընդարձակ և աղմկալից բանավեճի առարկա դարձավ Թուրքահայաստանի ապագա կազմակերպությունը: Պահանջում էին, որ այդ կազմակերպությունն ունենա ավտոնոմ նահանգի դրություն...

Այս առաջարկությունն էր ահա, որի մասին լսել անգամ չէին ուզում մանավանդ դաշնակցականները... Ես հիշում եմ «Հորիզոնի» աշխատակիցների մի ժողով Համբարձում Մելիքյանի տանը և նրա նախագահությամբ... Այս ժողովը հրավիրված էր խորհրդակցելու համար, թե պե՞տք է արդյոք թերթի մեջ բաց անել վիճաբանություն և պրոպագանդա Թուրքահայաստանի ավտոնոմիայի մասին: Սկսվեցին դաշնակցական ճառախոսությունները՝ իրար նման, իրար կրկնող հոխորտանքներով, փքվածությամբ լիքը: Մենք արյուն ենք թափում, մենք կռվող կողմ ենք և բոլորովին կարիք չկա, որ թաքցնենք մեր պայմաններն ու պահանջները: Հայ ժողովուրդը տասնյակ տարիների ընթացքում ցույց է տվել, թե որն է իր նվազագույն պահանջը: Մեր ուզածը վարչական ավտոնոմիան չէ, այլ այն, ինչ արտահայտվում է հայերեն «ինքնուրույնություն» բառով...

Երկու հոգի էինք, որ հակառակ ուղղությամբ արտահայտվեցինք՝ Հովհաննես Թումանյանը և ես: Ինձ «Հորիզոնի» դաշնակցական խմբագիրների կուռքը դարձած նախագահը՝ նավթարդյունաբերող Մելիքյանը, ամենքից հետո խոսք տվեց, այն էլ ակամա, որովհետև գիտեր, որ ընդդեմ պիտի խոսեմ, մինչդեռ արդեն 10-12 հոգի խոսել էին անմիջապես ավտոնոմիայի պահանջը դնելու օգտին: Այնուամենայնիվ, ես կարողացա երկու խոսք ասել: Ասացի, որ վեճն անժամանակ է, միայն կրքեր կարող է հարուցանել և իբրև այդպիսին վնասակար է ոչ միայն թուրքահայերի, այլև մեզ՝ Կովկասում ապրողներիս համար: Վեճը արջի մորթին բաժանելու մասին է, մինչդեռ արջը դեռ սպանված չէ և չի էլ վիրավորված: Ապրում ենք պատերազմական հեղհեղուկ ժամանակի մեջ, ամեն օր կարելի է անակնկալների առաջ կանգնել: Դուք տեսնում եք, որ այդ ավտոնոմիայի հարցը շատ անախորժ է ռուս հասարակության և, որ ավելի կարևոր է, ռուս զորքի համար: Ես հարցնում եմ ձեզ՝ ի՞նչ կարիք կա այժմ լցնել մամուլի հրապարակն այդպիսի վեճերով: Մի՞թե, վերջիվերջո, այդ վեճերն են, որ պիտի տան ձեր ուզած ինքնավարությունը: Ո՛չ, հարկավոր են այլ պայմաններ: Հայ ժողովուրդն այսօր շատ կարոտ է պաշտպանության, և ինչպե՞ս այսօր հեռու քշել այն ուժերը, որոնք կարող են մեզ պաշտպանել և պիտի պաշտպանեն:
 
Վաղը կարող է պատերազմական դրությունն այնպես փոխվել, որ ռուսական բանակը պիտի հեռանա այս երկրից: Ի՞նչ կլինի այն ժամանակ մեր դրությունը, եթե ստիպված լինենք մենք էլ հեռանալ՝ նկատվելով իբրև թշնամի, ոչ ցանկալի տարր. իսկ այդպիսի դրության մենք անպատճառ կհասնենք, եթե լրագրական անպտուղ վեճերով կրքեր վառելով զբաղվենք:

Վերջին խոսքը նախագահինն էր, և նա հաղթականորեն միացավ իր խմբագիրներին, որոնք ամեն օր հրճվանքով պտույտներ էին անում իր ավտոմոբիլի մեջ բազմած: Եվ մյուս օրը սկսվեց վեճն ու պահանջը: Եվ ո՞վ կարող է հաշվել, թե որքան վնասներ հասցրին այդ լրագրական արշավանքներն այն խեղճ ժողովրդին, որ Թուրքահայաստանում մատնված էր իր սև ճակատագրի ամբողջ դժնդակությանը: Մի կտոր ապահովության էր նա կարոտ, ա՛յդ էր նրա ամբողջ ցանկությունը, իսկ այստեղ նրան անվանում էին ավտոնոմիստ, ատում էին դրա համար, արհամարհում էին նրա ամենատարրական ցանկություններն անգամ: Զորքի մեջ բացարձակ պրոպագանդա էր մղվում հայերի դեմ, և այս բանի մեջ առանձնապես աչքի էին ընկնում վրաց ազնվականության ներկայացուցիչ սպաները, սկսած բարձրաստիճաններից... Զինվորներին ասում էին. «Ձեզ տանում են կռվելու ո՛չ թե Ռուսաստանի շահերի համար, այլ հայկական ավտոնոմիայի համար»...

Նույն դաշնակցական տրամադրությունը թագավորում էր և Ազգային բյուրոյի մեջ: Փոխարքան առաջարկել էր, որ հայերը կազմեն իրենց ցանկացած բարենորոգումների ծրագիրը և Թուրքահայաստանի քարտեզը: Այս առիթով կազմվեց մի մասնաժողով, որի անդամներից մեկն էի ես: Խոսում էին, գործում էին Թուրքահայաստանի մասին, բայց նրան չէին ճանաչում, նրա կարիքների մասին հասկացողություն չունեին և, ուրեմն, ինչպե՞ս կարող էին մի լուրջ բան մշակել: Գործն այդպիսով, վերջիվերջո, մնաց ինձ և Մեսրոպ եպիսկոպոսի վրա: Ես կազմեցի մի ծրագիր այն եղանակով, ինչպես կազմում էին Կ.Պոլսի եվրոպական դեսպանները, այսինքն՝ հիմք վերցնելով Թուրքիայում գոյություն ունեցող օրենքները, արտահայտված թե՛ ընդհանուր պետական կազմակերպության և թե՛ առանձին ինքնավարությունների վերաբերյալ կանոնադրությունների մեջ: Միասին՝ ես և Մեսրոպ եպիսկոպոսը խմբագրեցինք այդ նոր կազմական կանոնադրությունը, համաձայն այն հրահանգների, որ տվել էր Ազգային բյուրոն՝ իբրև հիմնական ցանկություններ:

Այսպիսով Թուրքահայաստանը մնում էր Օսմանյան կայսրության մի մասը կազմող ինքնավար նահանգ, բայց մի ընդհանուր նահանգապետով, որ պիտի լիներ ռուսաց բարձր պաշտոնյաներից մեկը: Հայաստանի մի անբաժան մաս ճանաչվում էր Կիլիկիան: Այստեղ մեր «ազգայինճիները» լսել անգամ չէին ուզում որևէ զիջման մասին: Միլյուկովը խորհուրդ էր տվել ձեռք վերցնել Կիլիկիայից, որովհետև այնտեղ համախմբված են համաշխարհային տնտեսական շահերը, որոնք և կհակառակվեն հայերի տիրապետությանը Միջերկրական ծովի ափին, Ալեքսանդրեթի ծոցում, և այսպիսով կսկսվի մի ոչ ցանկալի ուժեղ մրցակցություն հայերի դեմ: Բայց դաշնակցականները սաստիկ հակառակեցին այդ առաջարկությանը հենց միայն այն պատճառով, որ այն բխում էր մի ռուսից՝ Միլյուկովից: «Հայաստանն,- ասում էին,- չի կարող ապրել առանց ծովային ելքի»:
Այստեղ էր ահա՝ «Հայաստանը ծովից ծով»: Կիլիկիան Հայաստանի մի մասը հայտարարելը դեռ մեծ դժվարություն չէր ներկայացնում ծրագրի մեջ: Մենք վերցրինք՝ այդպես էլ գրեցինք: Բայց ի՞նչ անեինք քարտեզի վրա: Ինչպե՞ս միացնեինք Կիլիկիան Հայաստանին, երբ նա երբեք միացած չի եղել: Զուր էի ես բացատրում անհնարինությունը, բերում էի աշխարհագրական, ազգագրական և պատմական անհաղթելի արգելքները: Ոչինչ չուզեցին լսել: Բոլոր առարկությունների դեմ մի պատասխան էր լսվում. «Ներկայումս չի կարող լինել և մի հայ, որ Հայաստանը երևակայի առանց Կիլիկիայի»...

(շարունակելի)

Որոնում

Օրացույց

«  Մայիս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Արխիվ