Գլխավոր » ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ
ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ
20:40
(Սկիզբը՝ նախորդ համարներում)

Փետրվար ամսին Թիֆլիսում հավաքվեց նոր հայկական համագումար՝ բյուրոյին նոր լիազորություններ տալու համար։ Հավաքվել էր, եթե չեմ սխալվում, մոտ 80 պատգամավոր՝ զանազան կողմերից...

Համագումարն ընդունեց և հաստատեց այն ամենն, ինչ արել էր բյուրոն մինչ այդ և ինչ անելու էր այնուհետև՝ ըստ նրա մտցրած առաջարկությունների, որոնց հեղինակը, իհարկե, մնում էր միշտ Դաշնակցությունը։ Տիրում էր ազգասիրական ոգևորությամբ բարձրացած տրամադրություն։ Այդ ժողովն, այո՛, ոչինչ չէր խնայում վաղուց տենչացած ազգային իդեալի իրականացման համար։ Բայց ժողովը միապաղաղ չէր. նա ուներ և օպոզիցիա, թեև համեստ՝ բաղկացած 2-3 հոգուց։ Դրանք Բաքվի հայ սոցիալ-դեմոկրատիայի ներկայացուցիչներն էին։ Իմ հիշողության մեջ մնացել է դրանցից մեկը միայն. իմ հայրենակից Նարիման Տեր-Ղազարյանը, որ իր ճառերի մեջ ասում էր, թե այդ բոլորից ոչինչ դուրս չի գա, թե թուրքահայոց հարցը պիտի լուծվի ուրիշ եղանակով և այլն... Բայց նրանք շատ էին ուշացել, շատ էին թույլ, և սա մի մեծ պակասություն էր հայ ժողովրդական կյանքի համար։ Մենք մեր հասարակական միտքը զարգացրել էինք չափազանց միակողմանի ուղղությամբ։ Գաղափարների զանազանակերպություններ եթե կային էլ մեր մեջ, ապա ամենքից մեծը, որ խեղդում ու տափակացնում էր մյուսներին, երեսուն տարիներից ի վեր մեր մեջ մտած դժբախտ ֆետիշիզմն էր՝ մի կողմում ֆիդայի, մյուս կողմում՝ կապիտալիստական Եվրոպա։ Նրանք գրեթե ուրիշ և ոչ մի բան չէին թույլ տալիս մեզ տեսնել մեր և համաշխարհային իրականության մեջ... Բայց ի՜նչ արած… Մեր ճակատագիրն էր այսպես. և այդ բողոքող, զգաստացնող ձայները հայկական համագումարի մեջ շատ էին թույլ, անհեղինակավոր…

Իսկ դեպքերը գահավիժորեն գնում էին կործանումից դեպի կործանում։ Հետզհետե բացվում էր, թե ինչ սոսկալի խաբեության զոհ էին դարձել հայերը՝ հավատալով ցարական կառավարությանը և իրենց վիճակը վստահելով նրան։ 1915-ի վաղ գարնանից Թուրքահայաստանում դաշնակցականները սկսում էին գործադրել Վորոնցով-Դաշկովի ծրագրի ամենադժոխային մասը՝ ապստամբությունները։ Սկիզբը դրվում էր Վանից։ Ապրիլի 14-ին Գևորգ կաթողիկոսը հեռագրում էր Վորոնցով-Դաշկովին, որ Թավրիզի առաջնորդից տեղեկություն է ստացվել, թե Թուրքիայում ապիլի 10-ից սկսվել է հայերի համատարած ջարդ։ Տաս հազար հայեր զենք են վերցրել և մեծ եռանդով կռվում են քրդերի ու թուրքերի դեմ։ Խնդրում էր, որ փոխարքան փութացնե ռուս զորքի արշավանքը դեպի Վան։ Այս հեռագիրը պարզ ցույց է տալիս, որ վաղօրոք եղել է պայմանավորում՝ ապստամբություն և արշավանք Վանի վրա։

Վանի հայությունը գրեթե մի ամիս ապստամբական կռիվներ մղեց թուրք զորքերի դեմ, և այդքան ժամանակամիջոցում ռուսական արշավանքը գնաց-հասավ Վան։ Արշավող զորաբանակի առջևից գնում էր Արարատյան կոչված կամավորական գունդը, որ զինվորական մեծ պատիվներով ճանապարհ էր դրվել խմբապետ Վարդանի գլխավոր հրամանատարությամբ։ Այդ արդեն մի խոշոր զորական կազմակերպություն էր՝ 2 հազար մարդուց բաղկացած, եթե չեմ սխալվում։ Գունդն իր կազմով և հանդերձանքով ահագին տպավորություն էր թողել հայ ազգաբնակչության վրա Երևանից մինչև սահմանագլուխ՝ ոգևորություն տարածելով նույնիսկ հասարակ գյուղական շրջաններում...

Սակայն, մինչ կատարվում էին այս հանդեսները՝ անարյուն հաղթական արշավանքները, ոգևորությունն ու ցնծությունները, կովկասյան բարձր հրամանատարության շրջանում խմբագրվում և օրինականացվում էր մի շատ նշանավոր պատմական վավերագիր, որը մերկացնում էր Հայոց հարցով խաղ բռնած ցարական կառավարության իսկական միտքը։ Ահա այն.

«Իսկականի վրա գրված է՝ համաձայն եմ՝ Կոմս Վորոնցով-Դաշկով
Հրամանատար Կովկասյան բանակի, 5 ապրիլի, 1915թ., Թիվ 1482
Գործող բանակ։
Ներկայումս Կովկասյան բանակը, տեղական միջոցների սպառման և ուրիշ տեղերից բերելու դժվարության պատճառով, ձիերի կերի պակասություն է զգում։ Առանձին դժվարություն այս բանի մեջ ընկնում է այն զորքերի վրա, որոնք գտնվում են Ալաշկերտի հովտում։ Այս զորքերին ձիերի կեր հասցնելը չափազանց թանկ է նստում և պահանջում է ունենալ և պահել մեծ քանակությամբ փոխադրական միջոցներ։ Մինչդեռ շուտով կգա ժամանակը, երբ Ալաշկերտի հովտի դաշտային մասերը և լեռների ստորոտները կծածկվեն խոտով, որը քաղելով կարելի է տեղն ու տեղը ստանալ ձիերի կերի ամենից շատ տեղ բռնող և ծանրաքաշ մասը՝ չոր խոտը։ Բոլորովին անհնար է այս նպատակով իրենց գործից կտրել զորքերին, ուստի անհրաժեշտ կհամարեի մասնավոր մարդկանցից կազմակերպել առանձին ընկերակցություններ, որոնց պարտավորությունը կլիներ շահագործել այն հողերը, որ թողել են քրդերն ու թուրքերը, և որոշ գնով ձիերի կեր տալ զորքերին։ Հողերը շահագործելու համար հայերն իրենց փախստականներով մտադիր են գրավել քրդերի և թուրքերի լքած հողերը։ 

Այս մտադրությունը ես համարում եմ անընդունելի այն պատճառով, որ հայերի զավթած հողերը պատերազմից հետո դժվար կլինի ետ վերցնել կամ թե ապացուցել, որ զավթածն իրենց չի պատկանում, որի ապացույցն է հայերի զավթումը ռուս-թուրքական պատերազմից հետո։ Չափազանց ցանկալի համարելով բնակեցնել սահմանամերձ վայրերը ռուսական տարրով՝ ես կարծում եմ, որ կարելի է մտցնել կյանքի մեջ մի ուրիշ միջոց, որ ավելի է համապատասխանում ռուսական շահերին։

Ձերդ պայծառափայլությանը հաճելի եղավ հաստատել իմ զեկուցումն այն մասին, թե անհրաժեշտ է այժմ իսկ դեպի թուրքերի զբաղեցրած սահմանները դուրս քշել Ալաշկերտի, Դիադինի և Բայազետի հովիտների այն բոլոր քրդերին, որոնք այս կամ այն կերպ մեզ դիմադրություն են ցույց տվել, իսկ ապագայում, երբ հիշյալ հովիտները կմտնեն Ռուսական կայսրության սահմանների մեջ, բնակեցնել դրանք Կուբանից և Դոնից գաղթածներով և այս միջոցով կազմել սահմանամերձ կազակություն։ Բայց բնակեցումը կարող է սկսվել միայն պատերազմի ավարտից և Ալաշկերտի ու Բայազետի հովիտները մեր հողերին կցելուց և գլխավորապես այն բանից հետո, երբ Դոնի ու Կուբանի կազակությունը կուղարկեն իրենց ներկայացուցիչներին և ստույգ տեղեկություններ կստանան վերոհիշյալ հողերի օգտավետության և հարստությունների մասին։
Իսկականը ստորագրել է հետևակազորի գեներալ՝ Յուդենիչ։
Զեկուցագիր Նորին պայծառափայլության Կովկասյան բանակի գլխավոր հրամանատարին»։

Պարզ է, անշուշտ, թե ինչ էր կատարում «հայոց թագավորը»։ Մի կողմից նա հայ ժողովրդին նետում էր ապստամբության հրդեհի մեջ՝ խոստանալով դրա փոխարեն ազատագրել նրա հայրենիքը, իսկ մյուս կողմից՝ պատրաստում էր այդ հայրենիքը Ռուսաստանին միացնելու և կազակներով բնակեցնելու համար։ Սևհարյուրակային գեներալ Յուդենիչը կարգադրում էր փախստական հայերին հող չտալ Ալաշկերտի շրջանում, սպասում էր Դոնից և Կուբանից եկող մեծ գաղթականությանը, որ պիտի բռներ Արևելյան Եփրատի ավազանը և պիտի կոչվեր «Եփրատյան կազակություն»։ Նրանց համար ընդարձակ հողաբաժիններ պատրաստելու համար պետք էր պակասեցնել հայերի թիվն իրենց իսկ հայրենիքում։ Այստեղից մի քայլ էր մնում մինչև Լոբանով-Ռոստովսկու կտակը՝ Հայաստանն առանց հայերի։ Եվ այս բանը դժվար չէր մի Յուդենիչի համար, քանի որ նրա ծրագրերի վրա ինքը՝ «հայոց թագավորը», ինքը՝ փոխարքա և բանակի գլխավոր հրամանատար Վորոնցով-Դաշկովը գրում էր իր սեփական ձեռքով՝ «Համաձայն եմ»։ Հայերին այդպես խաբելու և ոչնչացնելու ծրագիրն, անշուշտ, Նիկոլայ Բ-ն էր բերել Թիֆլիս, հայ ժողովրդի վաղեմի և արյունարբու թշնամին, որ նոր միայն հագել էր գառան մորթի...

Ցարական զորքերի համար հայը ավտոնոմիստ էր, և եթե նրան մորթում էին, այդ բանին կարելի էր միայն հանդիսատես լինել և ոչ միայն չվրդովվել, այլև բարեկամություն անել կոտորող քրդերի հետ։ Պատմում էին, թե ռուս սպաները հիացած էին քրդերի առատաձեռնության վրա՝ տեսնելով, թե որքան ոչխար, յուղ ու պանիր էին նրանք բերում իրենց համար։ Այսպես էր իրականությունը, որ անասելի սարսափներ էր պատրաստել հայ ժողովրդի համար։ Նրան խաբում էին, և նա խաբվում էր անվերջ...
1915-ի գարնանը և ամռանը թուրքահայերի գլխին խտացած էր երկու դժոխային վտանգ. երկուսն էլ հղացում ռուս ցարական կառավարության՝ ապստամբություն և ռուսական բանակի անտարբեր, նույնիսկ թշնամական-յուդենիչական վերաբերմունք։ Երկուսն էլ արյան փոթորիկներ դարձան թուրքահայ ժողովրդին արմատախիլ անելու, բնովին ջնջելու համար։

Թուրք կառավարությունը պատրաստ էր սկսել, բայց նրան հարկավոր էին առիթներ, պատրվակներ։ Եվ այդ առիթները տալիս էին հայերը, ինչպես տվել էին միշտ։ Զուր չէր, որ նրանց մեջ գոյություն ուներ երկու հեղափոխական կուսակցություն՝ իրար հակառակորդ, իրար դեմ կատաղի թշնամությամբ լցված, բայց գործողությունների եղանակով, աշխարհայացքներով իրար հետ եղբայրացած, իրար խիստ հարազատ։ Եվ ահա դրանք էին դաշնակցականներն ու հնչակյանները, որ ամենայն եռանդով ներկայացնում էին Թուրքահայաստանը ապստամբած դրության մեջ...
1915-ի ամառվա սարսափելի անցքերի տպավորության տակ Ազգային բյուրոյի դաշնակցական անդամներից մեկը մի մանրամասն և փաստալից զեկուցում կազմեց՝ ցույց տալու համար, թե ի՛նչ էին հայերը Ռուսաստանի համար այս պատերազմի ընթացքում և թե փոխարենն ի՛նչ ստացան ռուսներից։ Դառնությամբ լցված դաշնակը շատ կծու ճշմարտություններ էր ասում, միանգամայն ուշացած, իհարկե։ Ես կբերեմ մի հատված այդ ռուսերեն գրությունից...

«Եվ իրենց անձնվիրությունը Ռուսաստանին հայերը ցուցահանել են ոչ թե բառերով կազմված զեղումների, ոչ թե ճառերի և դեկլարացիաների մեջ, այլ վճռական և չափազանց պատասխանատու գործողությունների մեջ։ Ռուսաստանում նրանք կազմակերպեցին իրենց պետական կամավորական զորախմբերը, Թուրքիայում բարձրացրին ապստամբության դրոշակը։ Այս երկու գործողություններով նրանք որոշեցին իրենց դրությունը, իրենց վերաբերմունքը դեպի կռվող կողմերը։

Նրանք կանգնեցին մի ճանապարհի վրա, որով այժմ պիտի գնան մինչև վերջը, ուր որ էլ տանի նրանց այդ վերջը։ Նրանց համար այլևս վերադարձ չկա, եթե նույնիսկ նրանք կամենային էլ ետ դառնալ... Իրենց ամբողջ ապագան նրանք կապել են անքակտելիորեն ռուսաց զենքի հաջողության հետ. Ռուսաստանի պարտությունը կբերեր իր ետևից նրանց անխուսափելի կործանումը, որովհետև հաղթված կամ ոչ վերջնականապես ջարդված Թուրքիայից նրանք չեն կարող սպասել իրենց համար խնայում։ Թուրքիան բավականաչափ հիմքեր ունի անխնա լինելու. կամավորական խմբերի կազմակերպումը, բոլորովին անկախ նրանց թվից ու պատերազմի մեջ ունեցած դերից, մի բացարձակ մարտահրավեր է, որ հայերը շպրտեցին Թուրքիայի դեմքին, և նա այս չի մոռանա, չի ների նրանց այս մարտահրավերը, մանավանդ որ կամավորները երեք քառորդ մասով բաղկացած են հենց իր հպատակներից...

Այսպիսի գործողությունները չեն ներվում, և նրանց հետևանքները ահա տեսնում ենք։ Թուրքիայում հայերն այս րոպեին էլ դրված են օրենքից դուրս։ Նրանց կոտորում են հազարներով կամ քշում են հեռավոր անապատները սովից մեռնելու. նրանց գույքերը հափշտակում են կամ ոչնչացնում, տները քանդում են և այրում։ Կասկածների ոչ մի տեղ չի մնում, որ Հայաստանը հայերից մաքրելու արյունոտ խնդիրը մի անգամ էլ դրված է հերթի...
Նրանք (հայերը) հավատում էին անկեղծորեն և խորապես Ռուսաստանի պատմական առաքելությանը Մերձավոր արևելքում, հավատում էին, թե իրենց անձնվիրությունը գնահատված կլինի, որ իրենց արյունով ողողված հայկական հողը կվերածնվի նոր կյանքի համար։ Կարելի է, որ սրա մեջ արտահայտվում էր նրանց քաղաքական կարճատեսությունը, ռոմանտիկական ոգևորությունը, պատմական կոնյուկտուրայի անհասկանալը, բայց ընտրությունը կատարված է, և վերադարձ չկա։ Այսուհետև հայերին այլևս անկարելի է ապրել ո՛չ Թուրքիայում, ո՛չ էլ Թուրքիայի հետ. նրանց մնում է կա՛մ բաժանվել և կա՛մ ոչնչանալ»։

Եվ նրանք ոչնչացան։ Որովհետև հավատացել էին։ Հավատացել էին անվերապահորեն, երեխայի պես, ինչպես միշտ տասնյակ տարիների ընթացքում։ Անտանտը, քանի կարելի էր և պետք էր խաբել հայերին, համարում էր նրանց իր դաշնակիցը։ Այսպես էին անվանում նրանց անգլիական, ֆրանսիական և ռուսական լրագրերը։ Այս բանին, դժբախտաբար, հավատացին հայերը։ Բայց ի՜նչ անամոթ խաբեբայություն… Պատերազմի ընթացքում նրանք իրար հետևից, հերթով ծախեցին իրենց այդ «դաշնակցին»։ Առաջին հերթում Նիկոլայի Ռուսաստանն էր։
Իմ գործը չէ այստեղ թեկուզ ամենահամառոտ կերպով ներկայացնել թուրքերի ձեռքով 1915-ին կատարված հայկական ջարդերն ու բռնի տեղահանությունները, որոնց զոհերի թիվը եվրոպական աղբյուրները հասցնում են, միջին թվով, մի միլիոնի։ Այս տեսակ մի ոճիր դեռ չէր կատարվել մարդ կոչված գազանի ձեռքով։ Միանգամից, մի քանի ամսվա ընթացքում, անհետացավ մի ամբողջ ժողովուրդ, որ տասնյակ դարերով ապրում էր իր հողի վրա։ Արյունով գրված հատորների մեջ կարող է ամփոփվել այս ոճիրը։ Շատ հատորներ գրվել են եվրոպացի «հայասերների» ձեռքով, շատերն էլ պիտի գրվեն։ Թողնենք այս։ Նորից գանք այս մեծ դժբախտության աղբյուրին՝ ցարիզմի կողմից ներշնչված ապստամբությանը...

Ո՞վ կարող էր հնար եղածին չափ ազատել հայերին թուրքական կոտորածներից։ Ոչ ոք, բացի ռուսական զորքերից։ Բայց մենք տեսանք, որ նա լոկ հանդիսատեսի դեր էր ստանձնել և կոտորածներ կատարող քուրդ բեյերը ռուս հրամանատարների պատվավոր հյուրերն էին։ Այսպիսի բան չէր կարող լինել փոքրիշատե քաղաքակրթված մի երկրի զորքի մեջ, եթե այդտեղ վաղօրոք կատարված չլիներ պատշաճավոր ագիտացիա հայերի դեմ։ Չմոռանանք, որ այդ զորքի հրամանատարը Յուդենիչն էր, իսկ Յուդենիչի ամբողջ էությունը պարզված է նրա թղթի մեջ, որ ես բերեցի վերևում...

Հուլիսի կեսին ռուսական զորքերը հաղթականորեն առաջ էին տանում իրենց արշավանքը դեպի Բիթլիս և Մուշ։ Թուրք զորքերը, նահանջելով ռուսաց բանակի առաջ, իրենց ամբողջ կատաղությունը թոթափում էին հայ ազգաբնակչության վրա։ Սկսվեց Մուշի և նրա դաշտի հայերի սոսկալի կոտորածը. 90 հայ գյուղեր՝ 100 հազար ազգաբնակչությամբ ոչնչացվեցին։ Ռուսական զորքերն այդ ժամանակ հասել էին Նեմրութ սարին և նրանց մնում էր երկու ասպարեզ անցնել, Մուշ հասնելու համար։ Այսպիսով նրանք փրկած կլինեին մի քանի տասնյակ հազար հայերի կյանք։ Բայց այդ առաջ շարժումը չարին, և Մուշի հռչակավոր դաշտը, այն, որ իր կատարած խոշոր կուլտուրական դերով դեռ հին ժամանակներին ստացել էր «Հայոց տուն» անունը, բոլորովին մաքրվեց հայերից։

Բայց այս անտարբերությունը դեռ կարելի էր բացատրել զանազան ռազմական նկատառումներով։ Գրեթե միաժամանակ սկսվեց մի անհասկանալի խուճապային նահանջ Վանից և Մանազկերտից մինչև ռուսական սահմանները։ Այդ շարժումն այդպես էլ մնաց առեղծվածային. ոչ ոք չէր տեսնում իրական, ճշմարիտ ու լուրջ հիմքեր, և այդ պատճառով ամենքի համար այդ շարժումը շատ կասկածելի էր, ինչ-որ հետին մտքով կատարված։ Նահանջը հանկարծական էր. Վանում այն հայտարարվեց հուլիսի 16-ին, ընդամենը մի քանի ժամ ժամանակ էր մնում, որ ժողովուրդն իր գլխի ճարը տեսներ։ Եվ այն իր անակնկալության, իր շտապողականության պատճառով դարձավ կործանում հայ ժողովրդի այն մասի համար, որ ռուսների գրաված տեղերում ազատ էր մնացել կոտորածներից։ Ամեն մի թշվառական, որ շարժվելու ընդունակություն ուներ, ոտքի կանգնեց և սկսեց փախչել նահանջող զորքի հետևից, մերկ ու բոբիկ, քաղցած ու սարսափով լցված։ Ոչ մի ուշադրություն զորահրամանատարների կողմից դեպի այդ ուժասպառ բազմությունը, որ գնում էր իր տանջանքի ճանապարհը՝ աջ ու ձախ դիակներ փռելով։ Նրան օգնող չկար, նրան նույնիսկ չէին թողնում զորքից առաջ ընկնել… Այժմ Յուդենիչի դարն էր։ Եվ փախստական ժողովրդից միայն մոտ 100 հազար հոգի մտավ Իգդիր։ Այստեղ՝ Արարատյան երկրում տիֆը, թանչը, սովը և հարյուրավոր այլ թշնամիներ սկսեցին հնձել փախստական շարքերը։ Մեռնում էր թուրքահայ ժողովուրդը։

Երկու շաբաթ հազիվ անցած այդ նահանջից՝ ռուսական զորքերը նորից սկսեցին առաջ շարժվել դեպի Վան և Մանազկերտ՝ համարյա ոչ մի դիմադրության չհանդիպելով։ Էլ ինչի՞ համար էր այս հետ ու առաջ քայլելը։ Նահանջի ժամանակ լուրեր էին տարածել, թե թուրքական թարմ դիվիզիաներ են գալիս դեպի Վանա լճի հյուսիսային ափը՝ ռուսական բանակի նահանջի ճանապարհը կտրելու համար։ Բայց այդ առասպելական դիվիզիաները չերևացին և ոչ մի տեղ։ Եվ համատարած կարծիք էր ստեղծվում հայերի մեջ, թե այս ամբողջ նահանջը դիտավորյալ էր, առանց ստիպողական պատճառի, հայերին այդ օրը գցելու համար։
«Մեր իմացականության մեջ,- ասում էր հիշատակած զեկուցումը,- չի տեղավորվում այդքան վայրենի մի միտք։ Բայց նրա տեղ մեզանում ավելի և ավելի ամուր բնավորվում է մի ուրիշ միտք. այն, որ մեր մասին չեն մտածում բոլորովին, որ մեր վիճակը բանի տեղ չեն դնում, որ պաղարյունությունն ու անտարբերությունը մեզ զոհ են բերում ամեն տեսակ՝ իրական թե կարծեցյալ, մեծ թե փոքր ռազմագիտական նկատառման, որ Ռուսաստանի համար մենք դատարկ տեղ ենք։

Հասել է ժամանակը, երբ մենք պիտի խոսենք բարձր և բաց։ Մեր շուրջը կազմում և խտանում է կասկածի և հուզմունքի մթնոլորտը։ Մենք այլևս չենք կարող մնալ մթության մեջ, ապրել ենթադրություններով և կռահումներով, անցնել հույսերից երկյուղների և էլի ետ ու ետ։ Մեզ հարկավոր է ունենալ ճշմարտություն։ Մենք՝ մասսաների ղեկավարներս, որ ժողովուրդը ոտքի կանգնեցնելու, նրան կազմակերպելու և որոշ ուղղությամբ տանելու նախաձեռնությունն ենք վերցրել, մենք այս րոպեին կանգնած ենք ահեղ հարցի առջև՝ ճի՞շտ ենք մենք վարվել, չե՞նք կատարել արդյոք մի մեծ ոճիր՝ գրավելով մեզ իր վստահությունը տված ժողովուրդը դեպի մի ճանապարհ, որով գուցե հարկավոր չէր գնալ»։
Այս հարցերի պատասխանը շատ պարզ էր և այն րոպեին, երբ նրանք գրվում էին։ Ուշ էր արդեն խելքի գալը։ Մեծ ոճիրը կատարված էր։ Թուրքահայությունը (Արևմտյան Հայաստանը) չկար այլևս, չկար նաև Հայոց հարց։ Ռուսներն այժմ էլ քրդերին էին առաջ քաշում։


ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Մենք ավարտում ենք մեր մեծ համերկրացու՝ Լեոյի «Անցյալից» հուշագրության առաջին 5 գլուխների (մինչև Զ մասը) տպագրությունը՝ որոշ կրճատումներով (սկիզբը՝ 2009 թ. դեկտեմբերի 23-ի համարում)։
Հիշեցնենք, որ Լեոյի սույն հուշագրությունը Երևանում վերահրատարակվել է միայն վերջերս՝ Պահպանողական կուսակցության «Շեմ» հրատարակչության կողմից՝ կուսակցության նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Հայրապետյանի նախաձեռնությամբ ու ջանքերով։

Հուշագրությունն աբողջությամբ՝ առանց կրճատումների, զետեղված է «Նոր էջ»-ի նոր կայք-բլոգում (nor-ej.blogspot.com)։
Գրքում նկարագրվող դեպքերից մեկ դար է անցել։ Աշխարհը փոխվել է, փոխվել են ժամանակները։ Իսկ մենք գրեթե նույնն ենք մնացել և առայսօր ոչ մի դաս չենք քաղել մեր ողբերգական անցյալի պատմությունից։ Այսօր էլ մեր քաղաքական-դիվանագիտական միտքը շարունակում է մնալ դիլետանտիզմի և արկածախնդրության խանձարուրում... Գրեթե չի փոխվել նաև մեր հարևանների վերաբերմունքը մեր նկատմամբ... 


Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ