Գլխավոր » ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ
ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ
21:17
Բազմաթիվ ընթերցողների խնդրանքով որոշել ենք շարունակել հատվածաբար տպագրել ականավոր պատմաբան, գրող Լեոյի «Անցյալից» հուշագրությունը։ Նշանավոր արցախցու հուշագրությունը որոշ կրճատումներով տպագրվել էր «Նոր էջ»-ի NN 13-30-ում, որից հետո այն ամբողջությամբ զետեղել էինք մեր թերթի էլեկտրոնային տարբերակում՝ բլոգում (nor-ej.blogspot.com)։ 
Մեր ընթերցողները գրում են, թե բոլորը չեն, որ հնարավորություն ունեն օգտվելու ինտերնետային ծառայությունից և կարդալու հայ մեծանուն պատմաբանի հուշագրությունը, և խնդրել են շարունակել «Անցյալից»-ի տպագրությունը։ 
Սիրով կատարում ենք նրանց խնդրանքը՝ վերսկսելով հուշագրության տպագրությունը՝ որոշ կրճատումներով։
«ՆԷ»


Անդրկովկասը գահավիժորեն տանում էին դեպի ազգամիջյան պատերազմ... 

1917 թ. Փետրվարյան հեղափոխությունը մի լավ հարցաքննություն էր Ռուսաստանի ժողովուրդների համար, թե ով ինչ բագաժով պիտի դուրս գա հեղափոխական ասպարեզի մեջ դեր կատարելու համար: Դա ընդունակությունների, պատրաստվածության հարցաքննություն էր: Կովկասյան ազգերի մեջ ամենից լավ պատրաստված հանդիսացան վրացիները: Նրանք ունեին մի ուժեղ և միատարր կազմակերպություն՝ մենշևիկ սոցիալ-դեմոկրատիան, որ կարևոր դեր էր խաղում Ռուսաստանի մենշևիզմի մեջ...

Վրացիներից անհամեմատ հետամնաց էին հայերը: Ճիշտ է, հայերի մեջ հասարակական բաժանումներ և խմբավորումները վաղուց էին սկսվել՝ կար հայ սոցիալ-դեմոկրատիա, կային հայ սոցիալիստ-հեղափոխականներ, բայց այդ բաժանումները զարգացման սաղմնային վիճակի մեջ էին և չէին կարող անկախ ու գործուն դեր կատարել: Գլխավոր զանգվածը կազմում էր Դաշնակցությունը, որի արևելքն ու արևմուտքը հայտնի չէին և նրա շեֆերին: Հիշում եմ «Հորիզոն» լրագրի մի խմբագրական ժողով՝ դարձյալ Համբարձում Մելիքյանի նախագահությամբ: Ինձ, իբրև դրսի աշխատակցի, հրավիրել էին կարծիք հայտնելու թերթի ուղղության մասին: Երբ հերթն ինձ հասավ, ես ասացի, թե դժվարանում եմ մի որոշ կարծիք հայտնել, որովհետև մի հաստատուն բացորոշ ուղղություն չեմ տեսնում: Թերթն առանց ուղղության է. այսօր մի հոդված սաստիկ առաջադեմ բովանդակությամբ, վաղը մեկ ուրիշը՝ հետադեմ բովանդակությամբ: Ի մեծ զարմանս ինձ՝ թերթի խմբագիր Արշակ Ջամալյանը հաստատեց իմ ասածը, բայց արդարացավ՝ ասելով, թե դաշնակցական աշխարհայացքը պարզ, որոշ, կետ առ կետ օրենսդրված չէ, ինչպես, օրինակ, մարքսիզմը, որին հետևողի համար ամեն ինչ պարզ դասավորված է համաչափ և ներդաշնակ սիստեմի մեջ: Մինչդեռ, քանի դաշնակցական թերթ կա, այնքան էլ ուղղություն կա: Եվ այս ճիշտ էր…

Հեղափոխություն է փողոցում, դուրս են գալիս հասարակական կազմակերպությունները, դիրք են բռնում, իշխանություն են ձեռք առնում: Սկզբի օրերին, կարծեք թե, հայերն են գերակշռող դիրք ձեռք բերում Թիֆլիսի մեջ: Բայց վրաց մենշևիկներն արագ խախտում են այդ դրությունը և, իրենց ձեռքը գցելով բոլոր կարևոր, հրամայող դիրքերը, հաստատում են իրենց հեգեմոնիան կովկասյան բոլոր ազգությունների մեջ...

Այսպիսով, վրացիությունը բոլոր մյուս ազգություններից գերադաս էր դառնում և ուժեղանում էր մանավանդ այն պատճառով, որ ղեկավարող կուսակցությունը (մենշևիկները) հասկանում էր մեկուսացման ամբողջ վնասը. ուստի, չամաչելով իր սոցիալիստական կերպարանքից, համաձայնության, կարելի է ասել՝ դաշնության մեջ մտավ թուրք կալվածատեր և բուրժուա դասակարգերի հետ, որոնք արդեն մի ուժեղ կազմակերպություն էին ստեղծել «Մուսավաթ» անունով:

Այսպիսով մեկուսացված մնում էր հայ ժողովուրդը: Պատերազմի և կամավորական շարժման սկզբից ստեղծված դրության շարունակությունն էր այս, որ սերտորեն կապված էր Դաշնակցության գոյության հետ: Այժմ, երբ սկսվել էր նոր կյանք, հայ հասարակությունը չկարողացավ հանել իր միջից մի ուրիշ հոսանք, որ ձեռնարկեր այդ նոր կյանքի խնդիրները լուծելու՝ նոր սկսվող պայմանների և պետական իրականության շրջանակի մեջ: Հայ ժողովուրդը մնաց իր հին մտայնությամբ. Դաշնակցությունն էր ղեկավարողը, ուղղություն տվողը. իսկ սա նշանակում էր, թե խառնված պիտի լինեն իրար հետ ֆիդայականությունն ու սոցիալիզմը: Ո՛չ մի բարեկարգում, ո՛չ մի վերանորոգում: Ամեն ինչ մնաց հինը: Մենք ունեինք լավ խմբապետներ, բայց չունեինք քաղաքական առաջնորդներ: Եվ այդ խմբապետները մարդիկ էին, որոնց համար մեծագույն պատվանունը սուլթանական «փաշա» անունն էր. դրա՛նք պիտի լինեին նաև քաղաքական առաջնորդներն ու պաշտպանեին հայ ժողովրդի շահերն այնպիսի միջավայրում, ուր խոսքը մաուզերին կամ մոսենուն չէր պատկանում, այլ քաղաքականապես կրթված, հասարակագիտական լուրջ պատրաստությամբ ամուր և ուժեղ մտքին...

Դաշնակցական ինտելիգենցիա կար, բայց տափակությունից ու միջակությունից վեր չգնաց նա: Ճիշտ է, հեղափոխության առաջին իսկ օրերից այդ ինտելիգենցիան ձեռք էր բերում Ալեքսանդր Խատիսյանին, որ մի ուժ էր նույնիսկ կովկասյան չափանիշով: Բայց այդ ի՞նչ ուժ էր: Խոսելու գեղեցիկ ընդունակություն ուներ, գործելու եռանդով լցված էր, բայց՝ անսկզբունք, պատեհական, կարիերիստ. ահա՛ ինչն էր, որ սնամեջ էր դարձնում այդ ընդունակությունը: Բուրժուազիայի սիրասուն զավակ, նրանից երես առած, նրանով առաջացած մինչև Թիֆլիսի քաղաքագլխի բազկաթոռը՝ նա հանկարծ դուրս եկավ իր այդ ծնող մոր դեմ, կռիվ հայտարարեց նրա դեմ՝ մտնելով Դաշնակցության շարքերը: Այսպես են մի գիշերվա մեջ սոցիալիստ դառնում, երբ հարկավոր է: Կարիերիզմի բնազդը չէր դավաճանել Խատիսյանին: Նրան ընդունեցին Դաշնակցության մեջ գրկաբաց, թույլ էլ չտվեցին, որ նա գոնե մի քառասնօրյա մաքրարան անցնի՝ իր անցյալ մեղքերից փոքրիշատե սրբվելու համար…

Ես պարտավոր եմ ասել, որ ամենքը չէին այդքան անտարբեր իրենց նոր ընկերակցի վերաբերմամբ. Դաշնակցության ձախ կամ երիտասարդ թևը շատ էր աշխատում զտել կուսակցության շարքերը: Հատուկ անբավականություն կար Խատիսյանի դեմ, և նրա անունը հանել տվին Սահմանադիր ժողովի պատգամավորների թեկնածուների շարքից: Բայց այս դիմադրությունը շատ կարճ տևեց, և նորաթուխ դաշնակցականն այնքան կարևոր դիրքեր գրավեց, որ իրենից շատ հեռու թողեց հին, ինչպես ասում են՝ «մազով-միրուքով» դաշնակցականներին: Սա, իհարկե, հրաշքով չէր կատարվում, այլ իրերի բնական բերմունքով՝ մարդ չկար կարևոր, պատասխանատու պաշտոնների համար, և ահա կախվում էին այդ մարդու փեշերից, որին չգիտեմ ով, շատ սրամիտ կերպով անվանել էր «պալատական սոցիալիստ»...

Բանվորական զանգվածների մի փոքր մասը գնաց Դաշնակցության ետևից, մնացած մասը սոցիալ-դեմոկրատիայի հետ էր: Եվ ահա, հիմնվելով ուժերի այս տեսակ տրոհման վրա՝ վրաց սոցիալ-դեմոկրատիան քաղաքային ընտրությունների ժամանակ առաջին խոշոր հաղթանակը տարավ Դաշնակցության դեմ: Թիֆլիսի հայ ազգաբնակչությունը թեև խոշոր քանակություն էր կազմում, բայց անկազմակերպ վիճակի մեջ գտնվելով՝ ձայների մեծամասնությունը շահեց վրաց սոցիալ-դեմոկրատիան, իսկ Դաշնակցությունը քաղաքային դումայի մեջ բռնեց երկրորդական տեղ: Քաղաքագլուխ ընտրվեց վրացի. բոլոր խոշոր, պատասխանատու պաշտոնները նույնպես վրացիների ձեռքն անցան, և այսպիսով լուծում ստացավ տասնյակ տարիներից ի վեր վրաց ազնվականության և հայ բուրժուազիայի մեջ բորբոքված կռիվը Թիֆլիսի քաղաքային ինքնավարությանը տիրանալու համար: Այս առաջին հաղթանակից հետո Դաշնակցությանը վիճակվում էր իր դիրքերը մեկը մյուսի ետևից վրաց սոցիալ-դեմոկրատիային զիջելը...
Այս կողմից ավելի լավ դրության մեջ էր թուրք ժողովուրդը: Թեև թուրքերը նոր էին միայն մտնում քաղաքական կազմակերպման շրջանը, և թեև նրա մեջ գոյացած «Մուսավաթ» կազմակերպությունը ավատական-կրոնական բովանդակություն ուներ և ներկայացնում էր ազգայնամոլ հետադիմություն՝ երիտթուրքերի ճաշակով և տիպով, բայց և այնպես՝ նա միացած էր վրաց մենշևիկների հետ, գնում էր նրա ետևից և որոշ դեպքերում փոխադարձաբար քաշում էր նրան իր ետևից, մանավանդ այնտեղ, ուր հարցը վերաբերում էր հայերին: Թե՛ այս հանգամանքը և թե՛ այն, որ «Մուսավաթն» իր մեջքի ետևում զգում էր Թուրքիայի ուժը, թուրք ժողովրդի ներկայացուցիչ կազմակերպությանը տալիս էր այնքան ամուր և ուժեղ դիրք, որ Դաշնակցությունը ստիպված էր նրա առջև նահանջողի, զիջողի դիրք բռնել...

Կերենսկու ապիկար կառավարությունն ինչպես ամեն տեղ, այնպես էլ Կովկասում սաստկացրել էր անիշխանությունը: Օգտվելով այս հանգամանքից՝ թուրք ազգաբնակչությունը տենդային շտապով զինվում էր: Այս այնքան խոշոր մի երևույթ էր դարձել անդրկովկասյան իշխանության մեջ, որ նրա վրա ուշադրություն դարձրեց նույնիսկ Կովկասյան բանակի զինվորական պատգամավորների խորհուրդը: Հայ ժողովուրդը զգում էր, թե ում դեմ են ուղղված այդ բացահայտ պատերազմական պատրաստությունները, և շարունակ մատնացույց էր անում, թե ինչ վտանգ է պատրաստվում...

Բայց մենք մոռացանք մեր չարաշուք բյուրոն: Ի՞նչ եղավ նա: Հեղափոխությունը բերում էր նրան բնական մահ, թեև Թուրքահայաստանը շարունակում էր գրավված մնալ ռուսական զորքերով: Կամավորական խմբերի տեղ այժմ կազմված էին ազգային գնդեր՝ մշտական բանակի մեջ ծառայող զինվորներից: Այսպիսով հայերն ու վրացիներն ունեին իրենց զորքերը, որոնք գտնվում էին զորաճակատի զանազան մասերում: Բայց այս կազմակերպությունն այլևս ոչ մի կախում չուներ Ազգային բյուրոյից: Առաջվա դիրքի և նշանակության հետքերն անգամ չէին մնացել նրա վրա: Ամենից առաջ, հենց որ կոմս Վորոնցով-Դաշկովը հեռացավ Կովկասից, Գևորգ կաթողիկոսը, ինչ-որ անձնական վրեժ հանելու համար, Մեսրոպ եպիսկոպոսին հեռացրեց Թիֆլիսի առաջնորդությունից և պատվավոր աքսոր ուղարկեց Աստրախան: Նրա տեղ առաջնորդ եկավ Մխիթար եպիսկոպոսը, մի անապատական, որ մարդու երես չէր ուզում տեսնել, ուր մնաց՝ դեռ դիվանագիտությամբ էլ պարապել...

Այս դրության մեջ բյուրոն հղացավ իրենից ավելի մի խոշոր և հեղինակավոր մարմին ստեղծելու միտքը: Եվ հրավիրեց, այսպես անվանված, համազգային կոնֆերանս, որ կայացավ Թիֆլիսում, 1917-ի աշնանը: Այժմյան Ռուսթավելու թատրոնի մեծ դահլիճում համախմբվեցին 150-ից ավելի ներկայացուցիչներ, որոնցից մոտ 90-ը Դաշնակցությանն էին պատկանում: Կային և ուրիշ կազմակերպություններ՝ սոցիալ-դեմոկրատներ, սոցիալիստ-հեղափոխականներ, Հայ ժողովրդական կուսակցության [անդամներ]: Աջ կողմի ծայրի աթոռները գրավեց անկուսակցականների խիստ փոքրաթիվ խմբակը, որի մեջ էի և ես: Առաջին օրերին տեղի ունեցան խիստ վիճաբանություններ: Դաշնակցականները, իբրև ուղղափառ սոցիալիստներ, հարձակվեցին բուրժուազիայի վրա, որ ներկայացված էր ի դեմս Ժողովրդական կուսակցության: Ես հիշում եմ մի այսպիսի զվարճալի դեպք. դաշնակցական հռետորը փրփրած խոսում է՝ հարյուր ու մի մեղք շպրտելով բուրժուազիայի դեմքին: «Դուք,- բացականչում է նա,- շահագործող գործարանատերեր…»: Ժողովրդականների միջից Գևորգ Մելիք-Ղարագյոզյանը նույնպես բացականչում է. «Մեր մեջ գործարանատեր չկա, գործարանատերը ձեր մեջ է»: Ամենքը նայում են ձախ թևին. այնտեղ՝ դաշնակցականների մեջ նստած է Համբարձում Մելիքյանը: Բարձրանում է ծիծաղ: Հռետորը ընդհատում է իր ճառը և նստում տեղը: Եվ մյուս օրվանից Բաքվի նավթարդյունաբերողն այլևս չհամարձակվեց երևալ դահլիճի մեջ…

Բուրժուազիային լավ բզկտելուց հետո՝ կուսակցությունները կատաղորեն ընկան իրար վրա: Հիշում եմ, թե ինչ աներևակայելի աղմուկ բարձրացրեց Սիմոնիկ Փիրումյանը, երբ բեմ բարձրանալով՝ խիստ հարձակումներ գործեց դաշնակցականների վրա՝ անվանելով նրանց «բանդիտներ, որոնք պատերազմ էին հայտարարում Թուրքիային»: Ամբողջ դաշնակցական թևը տեղից վեր ցատկեց և մի քանի րոպե շարունակ դահլիճի մեջ կանգնած էր սոսկալի ոռնոց, որի մեջ չէր կարելի լսել և ոչ մի հատ բառ: Նախագահող Լևոն Աթաբեկյանը կոտրատում էր իր ձեռքերը՝ խփելով նախագահական սեղանին և կարգի հրավիրելով ժողովականներին: Վերջապես հանգստություն տիրեց: Բայց դաշնակցականներն էլ, իհարկե, պարտքի մեջ չմնացին: Նրանց կողմից դուրս եկավ պատասխանելու Նիկոլ Աղբալյանը, որ հայոց պատմությունից օրինակներ բերելով, շատ պարզ ակնարկներով ցույց տվեց, թե սոցիալ-դեմոկրատները ազգային դավաճաններ են, և վերջացրեց իր խոսքը բղավելով. «Իսկ մենք կկռվենք երեք ճակատի վրա և նորից կտանք երեք հարյուր հազար զոհ»...

Անցողակի հիշատակեմ, որ այդ ժամանակ արդեն հասունանում էին այն անջատողական և ազգայնամոլական տրամադրությունները, որոնք Անդրկովկասը գահավիժորեն տանում էին դեպի ազգամիջյան պատերազմ և դժոխային կացություն: Վրաց նացիոնալիստները (իսկ ովքե՞ր չէին նացիոնալիստ՝ մենշևիկնե՞րը միթե) առաջին անգամ պահանջ էին դնում, թե Թիֆլիսը բացառապես իրենցն է, և հայերն այդտեղ անելու ոչինչ չունեն: Թիֆլիսի սոցիալ-դեմոկրատ քաղաքագլուխը հարկավոր չհամարեց անձամբ ողջունել ամբողջ հայ ժողովուրդը ներկայացնող այս համագումարը, այլ միայն հեռագիր ուղարկեց: Իսկ վրացական թերթերը գրում էին, թե հայերի այս գումարումը վերջինը պիտի լինի Թիֆլիսում, և թող այսուհետև նրանք գտնեն իրենց հայրենիքը...

Ազգային կոնֆերանսն ի վերջո տեղափոխվեց առաջնորդարանի դահլիճ և, այդտեղ ընտրելով մի լիազոր մարմին՝ Ազգային Խորհուրդ անունով, ցրվեց: Խորհրդի անդամների մեծամասնությունը, իհարկե, դաշնակցականներից էր, բայց մյուս կուսակցություններն էլ ունեին իրենց ներկայացուցիչները՝ համեմատ իրենց ունեցած պատգամավորների թվի...

Այստեղ ահա, հեղափոխության մեջքի վրա հեծած՝ հասարակական դիրքի բարձրերն էր թևակոխում մի մարդ՝ Ավետիս Ահարոնյանը: Նա ընտրվեց Ազգային Խորհրդի նախագահ: Ազգային խորհուրդներ իրենց համար ընտրեցին նաև վրացիներն ու թուրքերը: Դրանք իսկապես ազգային կառավարություններ էին, իրացնում էին գերագույն, վարչական գործառնություններ՝ տուրքեր նշանակել, զորաժողով հայտարարել և այլն: Այդ ազգային կառավարություններով իրապես սկիզբ էր դրվում երկրի բաժանման երեք ազգությունների միջև, այնպես որ կենտրոնական կովկասյան կառավարությունը ստիպված էր լինում շատ անգամ այդ ազգային անջատականությունների ցանկություններին և որոշումներին հարմարվել...

Դեռ Կովկասյան ճակատի վրա կանգնած էր ռուսական խոշոր և հաղթական բանակը, ուստիև կարգը համեմատաբար դեռ կայուն էր: Բայց ահա պայթեց Հոկտեմբերյան հեղափոխությունը: Ամենից առաջ սա կուսակցական մի խոշոր պարտություն էր նաև վրաց մենշևիկների համար... «Մուսավաթ» կազմակերպությունը, իբրև երիտթուրքերի կուսակցության մի կովկասյան բաժանմունք, բոլշևիկյան Ռուսաստանի դեմ չէր միայն, այլ առհասարակ Ռուսաստանի. չէին ուզում, որ ռուսները մնան Կովկասյան լեռնաշղթայի հարավային մասում: Ուստի մուսավաթականները միանգամայն համաձայն էին, որ Անդրկովկասը չճանաչի բոլշևիկական Ռուսաստանին: Վրաց հասարակության և մենշևիկության մեջ էլ շատ զարգացած էր անջատողական գաղափարը, ուստի վիրա-թուրքական համաձայնությունը շատ կետերում բխում էր երկու ազգերի հասկացած շահերից:

Այլ էր հայ ժողովրդի դրությունը: Նա շատ լավ ըմբռնում էր, որ իր համար ամենաիրականը ռուսական օրիենտացիան է, և որ առանց Ռուսաստանի ինքը չի կարող գտնել հանգստություն իր պատմական հայրենիքում: Հենց այդ պատճառով էլ վրացիներն ու թուրքերն ատում էին հայերին, բացարձակ մեղադրում էին, թե նրանք են եղել, որ բերել են ռուսներին Անդրկովկաս, նվաճել են տվել: 

(շարունակելի)

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Արխիվ