Գլխավոր » ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ
ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ
21:23
Սև ու մութ ամպեր են կուտակվում մեր գլխին...

Սկիզբը՝ NN 13-30-ում և NN39-41-ում 

Մեզ հատկացված էր Թեոֆիլակտիս հարուստ հույնի տունը, որ եվրոպական մի գեղեցիկ շինություն էր՝ հին հունական տան բաժանումներով: Առաջին հարկում սեղանատունն էր և ընդարձակ «ատրիումը», երկրորդ հարկը հատկացված էր բուն պատվիրակներին, երրորդում ապրում էինք մենք՝ հասարակներս: Հասարակ լինելը, սակայն, այս անգամ այնքան էլ մեծ մեղք չէր: Մեր բարձրության առջև փռված էր ամբողջ Տրապիզոնը: Ամեն րոպե մեզ էր նայում հայոց ամայացած եկեղեցու լուռ գմբեթը՝ հիշեցնելով, որ այստեղ մի ժամանակ հայ ազգաբնակչություն է եղել: Մենք համարվում էինք Տրապիզոն քաղաքի հյուրեր, կերակրվում էինք նրա հաշվին, և մեր այս տունը բավական խնամքով էր շրջապատված: Մուտքի մոտ միշտ կանգած էին երկու պահապան զինվորներ և պատրաստի կառքեր՝ պատվիրակների տրամադրության տակ...

Իսկ արտաքին պայմանները գնալով ավելի և ավելի աննպաստ էին դառնում մեր պատվիրակության համար: Ամենից առաջ հենց այն, որ մեր «Կարլուշկան», մնալով անփող և անպարեն, գնացել էր Բաթում իր ստանալիքը պահանջելու... 

Մեզ համար հարցն իհարկե այդ դեպքերը չէին, այլ այն, որ մենք մնացինք աշխարհից կտրված, գերիներ՝ թուրքերի ձեռքին: Այս դրությունը տևեց մոտ երկու շաբաթ, որի ընթացքում մենք մեզ զգում էինք անտանելի դրության մեջ: Ճիշտ է, հաղորդակցություն մի կերպ պահպանվում էր մոտորանավակներով և հատուկենտ մարդիկ գնում էլ էին, գալիս էլ, բայց գլխավորն այն էր, որ մենք ռադիոհեռագիր չունեինք և չէինք կարողանում ո՛չ լուր ուղարկել, ո՛չ ստանալ:

Այս միջոցին էր, որ առավոտյան իմացանք, թե Ռասուլզադեն, որ գնացել էր Թիֆլիս, գիշերը նավակով ճանապարհ է ընկել Բաթումից և եկել Տրապիզոն: Առավոտյան թեյին չտեսանք նրան, գալուն պես գնացել էր Վեհիբ-փաշայի մոտ, որ նոր էր եկել Տրապիզոն: Չխենկելին մեզ հայտնեց, որ Ռասուլզադեն տեղեկություններ է բերել Բաքվում տեղի ունեցած խոշոր դեպքերի մասին և մանրամասն զեկուցում կտա մեր ընդհանուր ժողովին՝ ճաշից առաջ: Բայց մինչև այդ էլ մենք բավական բան իմացանք այն դեպքերի մասին, որոնք կատարվել էին Բաքվում, մարտի 30-ին: Մեծ կսկիծով իմացանք, որ սպանվել է Լևոն Աթաբեկյանը և այլ ցավալի մանրամասնություններ: Թուրք պատվիրակները շատ տխուր էին և դառնացած: Ռասուլզադեն թեև Բաքվում չէր եղել, բայց նրա զեկուցումը մանրամասն էր, թեև ինչպես հետո պարզվեց ամենքիս համար՝ շատ էլ միակողմանի:

Միանգամայն անտանելի էր զեկուցման ունկնդիր հայերիս դրությունը: Մինչ ամեն օր խոսք ու զրույցը համերաշխության և եղբայրության մասին էր, դարձյալ ահա, այս արյունոտ մղձավանջը: Մենք ամբողջ սրտով ցանկանում էինք, որ երկու դաշնակցական պատվիրակները հերքեին զեկուցողի խոսքերը, ապացուցեին, որ Դաշնակցությունն անմասն է կամ գոնե շատ քիչ մաս ունի այդ արյունոտ անցքերի մեջ: Բայց գրեթե լուռ մնացին նրանք, եթե չհաշվենք Քաջազնունու մի քանի թույլ նկատողությունները: Եվ ի՜նչ կարող էին ասել, երբ ոչինչ չգիտեին: Հետո ինչ հանգամանք ուզում է թող պարզվի, ինչ գույն ուզում են թող ստանան դեպքերը: Ի՞նչ օգուտ: Բանն այն է, որ արդեն տրամադրությունն ստեղծվել է, որ ամենքը գիտեն, թե Բաքվում հայերը կոտորել են թուրքերին։ Ճաշի ժամանակ մուսավաթական Հաջինսկին, որ նստած էր իմ դիմաց, ասաց դառնությամբ. «Ես վեց երեխա ունեմ Բաքվում, թող ամենքն էլ կոտորված լինեն, բայց Բաքվի մեջ մի հատ հայ էլ չի մնա»: Կարող եմ ասել, որ այստեղ՝ Տրապիզոնում էր, որ վճռվեց Բաքվի հայերի սեպտեմբերյան ահռելի կոտորածը…

«Այս ի՞նչ դժբախտություն է,- մտածում էի ես մենակ մնալով,- ի՞նչ զարհուրելի դժբախտություն է, որ հայ ժողովուրդն ունի միայն մի հատիկ ներկայացուցիչ, և այդ այն կուսակցությունն է, որ արյան քաղաքականությունից ձեռք չի վերցնում և միևնույն ժամանակ հաշտության ու բարեկամության բանակցությունների միակ ներկայացուցիչն է: Նրան չեն հավատում, նրանից խորշում են ամենքը, բայց նա անողոք է հայ ժողովրդի միակ ներկայացուցիչը մնալու մենաշնորհի մեջ: Ի՜նչ դժբախտություն: Մի՞թե չկան հայ ժողովրդի մեջ ուրիշ տարրեր, որոնք դուրս գան, բարձրաձայն հայտարարեն, թե կա այդ ժողովրդի մեջ և ուրիշ տեսակ մտածողություն, թե արյունն ու թշնամությունը պաշտամունք չեն հայ ժողովրդի համար: Չկա՞ն այդպիսի տարրեր: Երևի չկան, որ դուրս չեն գալիս»:

Վերջապես, «Կարլուշկայի» փոխարեն Տրապիզոնի նավահանգիստ եկավ հատկապես մեզ համար մի ուրիշ նավ, որ պատերազմական ոչ մի հանգամանք չուներ. գեղեցիկ ճանապարհորդական շոգենավ էր, որ իր «Նիկոլայ Բ» անունը դեն էր շպրտել և կոչվում էր «Վեչե»: Բայց նա հենց առաջին գիշերը բռնեց մի մեծ գերմանական ռադիո՝ լիքը հաղթական ինքնագովություններով: Գերմանացիներն առաջ էին խաղացել անգլիական ճակատի վրա ու ճեղքել այն, և ահա այս առաջին քայլի փառաբանություններն էր գերմանական ռադիոն տարածում ամբողջ աշխարհի վրա. «Անգլիական դիվիզիաները փախչում են մեր առջև, մեր նորագույն թնդանոթը 70 կիլոմետրի վրա ռմբակոծում է Փարիզը»: Այս հաղթությունը մեծ տոնախմբության առիթ էր դարձել Կ.Պոլսում: Տրապիզոնն էլ իրենն էր անում. փողոցով անցնող թուրք զորաբաժինների երգերի մեջ բարձրաձայն շեշտվում էր «ալեման-օսմանի» եղբայրությունը: Մեր պատվիրակությունը կուչ էր եկել. զգում էր ծանրացած մթնոլորտի ճնշումը...

Ահա այսպիսի պայմանների մեջ էին ընթանում Տրապիզոնի կոնֆերանսի աշխատանքները: Մենք՝ կովկասցիներս, անճար, թուրքերը՝ ուժեղ, հաղթական, գոռոզ: Ի՞նչ կարող էր դուրս գալ ուժերի այս տեսակ փոխհարաբերություններից, բացի ծիծաղելի և խղճուկ դրությունից: Ամենագլխավոր պահանջն էր՝ ընդունել Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը, հանձնել Թուրքիային Բաթումը, Արդահանն ու Կարսը՝ իրենց գավառներով: Մեր պատվիրակությունն «իմաստուն» մի հնար գտավ. չտալ ամբողջը, այլ միայն մի որոշ մասերը, մի խոսքով՝ սակարկության մեջ մտնել: Շատ լավ: Միջոցը գտնված է, բայց ի՞նչ տալ և ի՞նչ պահել: Սկսեցին երկար դատել, կշռել: Վրացիների համար շատ պարզ էր խնդիրը՝ պետք էր տալ Կարսը և պահել Բաթումը: Թուրքերն էլ միացան այդ առաջարկությանը: Երկար տատանումներից հետո միևնույն միտքն ընդունեց և հայ պատվիրակներից Քաջազնունին: Բայց ի՞նչ անել Կարսի շրջանի 100 հազար հայությանը, ինչպե՞ս պաշտպանել Երևանի նահանգը և մանավանդ նրա հաղորդակցության միակ ճանապարհը՝ երկաթուղին, որ բավական երկար տեղ քերում է Արփաչայի ափը և այսպիսով կընկներ թուրքերի ոչ թե թնդանոթային կամ հրացանային կրակի, այլ ատրճանակների գնդակների տակ: Այս նկատառումները, որոնց պաշտպանողը ես էի խորհրդակցական ժողովներում, բերին այն եզրակացության, որ եթե կարելի է սակարկություններ անել, պետք է ընդունվի դրա համար այն սկզբունքը, որ Թուրքիային զիջվեն միայն թուրքաբնակ երկրամասերը: Բաթումը և Կարսը որոշվում էր չզիջել: Այս ցուցումների հիման վրա հաստատուն սահմանագիծ որոշելը հանձնվեց երեք հոգուց բաղկացած մի հանձնաժողովի, որի մեջ մտնում էինք՝ ես, վրացի երիտասարդ պատմագետ Ինղորավան և շտաբի մի ռուս սպա, որ լավ տեղյակ էր տեղագրությանը: Սկսեցինք աշխատել: Բայց առաջին իսկ քայլերից դժվարություններ հարուցում էր վրացական տենդենցիան՝ որքան կարելի է շատ բան տալ Կարսի շրջանից՝ Արդահանի և Բաթումի շրջաններում զիջողություն քիչ անելու համար: Նկատեք, որ այդ բոլոր հողերը պատկանում էին ընդհանուր Անդրկովկասին: Բայց և այնպես, «իմ ու քո»-ի խիստ հարցեր էին բարձրանում: Այսպե՞ս պիտի երեք ազգերն ընդհանուր ուժերով երկիր պաշտպանեին: Ես չէի ծածկում իմ զարմանքն ու դիմադրում էի չափազանց անդեմ մանր-մունր ազգայնական սակարկություններին: Այս մասին, իհարկե, իմաց տրվեց Չխենկելիին, որն ինձանից բացատրություն պահանջեց և ստացավ սպառիչ մանրամասնություններով: Կազմվեց հողաբաժանության ծրագիրը և հանձնվեց թուրք պատվիրակությանը: Այս առիթով Կ.Պոլսից հրահանգ խնդրվեց: Մինչև գալը՝ մեր պատվիրակությունն իր ձեռքն առավ ամենաթշվառը և ամենաաղետալին բոլոր հարցերից՝ Հայոց հարցը:

Առաջ նա քննվեց մեր ընդհանուր ժողովում: Զեկուցողն էր Խատիսյանը: Նա տվեց հարցի համառոտ պատմությունը, մանրամասնություններ պատմեց 1915-ի կոտորածներից և հատկապես Տրապիզոնի մեջ պատահածներից: Պետք է ասել, որ հայ պատվիրակները շատ տեղեկություններ էին ստացել այդ սարսափների մասին հույն ականատեսներից: Եվ ահա Խատիսյանը մի առ մի պատմելով դեպքերը՝ մատով ցույց էր տալիս այն սարը, որի ետևը քշվեցին հազարավոր տղամարդիկ և կանայք և կոտորվեցին: Ցույց էր տալիս և նավահանգստի այն տեղը, ուր տարան երեխաներով լիքը մակույկներ և ամենքին ածեցին ծովը: Ի վերջո, զեկուցողը հայտնեց, թե հայերի ցանկությունն է ստանալ իրենց հայրենիքում մի անկյուն, ուր կարող կլինեն ապրել ինքնավար կյանքով, բայց թուրքաց կառավարության հովանու տակ:

Խատիսյանը տվեց և այդ անկյունի անունը: Դաշնակցությունն այժմ բոլորովին համեստացել էր, նրա ուզած Հայաստանն այլևս ծովից ծով չէր, այլ պարփակվում էր Վանա լճի շուրջը:

Այն, ինչ ես տեսա այդ զեկուցումից հետո, երբեք չի անհետանա իմ հիշողությունից: Դժբա՜խտ հայ ժողովուրդ… Ո՞ւմ առաջ էր դրված նրա կրած սարսափների դատը: Ովքե՞ր պիտի փրկության դուռ բաց անեին նրա համար: Մուսավաթականնե՞րը պիտի վրդովվեին, նրանք, ովքեր պատրաստ էին ամեն րոպե կրկնել միևնույնը հայերի գլխին: Իսկ վրացի նացիոնալիստնե՞րը: Ահա ամենից առաջ բերանը բաց է անում Գվազավան և ասում է. «Այդ բոլորը հուզիչ է, բայց մենք ի՞նչ գործ ունենք այդ բոլորի հետ: Մեզ համար մեծ բան կլինի և Բաթումի ազատելը, եթե կարողանանք: Իսկ եթե Հայոց հարց բարձրացնենք, տանուլ կտանք և Բաթումը»: Ես մի բառ անգամ չկարողացա արտասանել, և եթե մի զգացմունք կար այդ րոպեին իմ մեջ, այն էր, որ ես անիծում էի իմ ծննդյան օրը, անիծում էի ինձ որպես հայի, որ նստած էր այստեղ: Ա՛հ, որքա՛ն և որքա՛ն էր մեզ ստորացնում Դաշնակցությունը:

Այնուամենայնիվ, որոշվեց դնել Հայոց հարցը: Այսպես էր վճռել Սեյմը: Բայց երբ կոնֆերանսի պաշտոնական նիստի մեջ մեր պատվիրակության կողմից խոսք եղավ այդ հարցը քննելու մասին, թուրք պատվիրակները սաստիկ դժգոհություն հայտնեցին և արգելեցին այդ մասին որևէ խոսք ասել, քանի որ այդ իրենց ներքին գործն էր: Իմանալ կարևոր է, որ թուրքերն այլևս նահապետական ձևով չէին վարում իրենց գործերը: Մի ժամանակ նրանք լռում էին, երբ նրանց մեղադրում էին, թե այս կամ այն կոտորածն են կատարել: Այժմ նրանք չէին լռում, իրենք էլ էին մեղադրում, իրենց զոհի դրության մեջ ցույց տալիս: Սեբաստացի Մուրադն իր խմբով Երզնկայում մի քանի տասնյակ թուրք և քուրդ էր կոտորել և փոխարենը չարաչար տուժել էր՝ իր նահանջի ժամանակ կորցնելով այն ամբողջ ժողովուրդը, որ նրա հետ հեռացել էր Երզնկայից: Վեհիբ-փաշան աշխարհ էր դղրդացրել Մուրադի գազանություններով՝ ամեն տեղ հեռագրեր ուղարկելով և նկարագրելով մանրամասնություններ, որոնք ինքնըստինքյան սարսափելի էին իբրև կոտորածի մանրամասնություններ: Այսպես էր, որ թուրք ազգաբնակչությունն այնքան գրգռված էր հայերի դեմ, որ չէր ուզում անգամ լսել նրանց անունը: Եվ կգտնվե՞ր որևիցե մեկը, թեկուզ շատ բարձրաստիճան թուրք, որ համարձակվեր այսպիսի միջավայրում խոսք անել Հայոց հարցի մասին…

Այդ թշվառ հարցը վիժեց: Եվ եթե միլիոնավոր զոհեր տված հայ ժողովուրդը մի անգամ էլ անարգվեց, այս դարձյալ և դարձյալ Դաշնակցության մանկամիտ քաղաքականության պատճառով:

Բայց վիժողը միայն մեր հարցը չէր: Կ.Պոլսից մեր հողային սակարկություններին պատասխան տրվեց մի վերջնագրով, որով պահանջվում էր ճանաչել Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը: Բաթումի, Արդահանի և Կարսի մասին հարց չէր կարող լինել, քանի որ այդ տեղերը զիջել է Թուրքիային Ռուսաստանը, որի մի մասն է կազմում Կովկասն այսօր էլ: Իսկ եթե Անդրկովկասն ուզում է առհասարակ դաշնադրական պայմանավորումների մեջ մտնել Թուրքիայի հետ, այն ժամանակ նա պիտի հայտարարի իրեն անկախ պետություն և հետո միայն բանակցություններ սկսի: Ի՞նչ կարելի էր անել: Մեր թուրք ընկերակիցներն անպայման պահանջում էին ընդունել թուրքական առաջարկը: Վրացիները, սկսած Չխենկելիից, աշխատանք էին գործադրում թուրքերի հետ անջատ համաձայնություն կայացնել Բաթումը չտալու համար... 

Բանից դուրս եկավ, որ Չխենկելիի ջանքերի գլխավոր կետն այն էր, որ թուրքերը չշարունակեն իրենց արշավանքներն ու պատերազմական գործողությունները Բաթումի դեմ: Պայմանները մեզ հայտնի չէին, բայց հետո պարզ հայտնի դարձավ, որ այդ մենշևիկի քաղաքականությունն էր՝ ձեռք բերել թուրքական բարեկամություն ի հաշիվ հայերի…

Երկարորեն քննելով Բրեստ-Լիտովսկի պայմանագրի այն հոդվածը, որ վերաբերվում էր Բաթումին, Արդահանին և Կարսին, ես եկա այն եզրակացության, որ այդ հոդվածով թուրքերը անվերապահորեն տեր չէին դառնում այդ շրջաններին: Դեռ պահանջվում էր տեղական ազգաբնակչության ընդհանուր ձայնատվությունը (ռեֆերենդում), որոշելու համար, թե ում է նա ուզում հպատակվել: Այս դրությունն ինքնըստինքյան նախ որոշում էր, որ Թուրքիան չպիտի իսկույն մտցնի իր զորքերն այդ շրջանների մեջ, որպեսզի ապահովված լինի ընդհանուր ձայնատվության ազատությունը: Եթե կարելի լինի այս հիմունքի վրա համաձայնություն կայացնել թուրք կառավարության հետ՝ հանել այնտեղից հայկական և վրացական զորքերը և չեզոք պահպանություն կազմել հենց իրենից՝ ազգաբնակչությունից, այն ժամանակ ընդհանուր ձայնատվությունը, կատարված ազատ պայմանների մեջ, կտա այն հետևանքները, որոնց մենք ձգտում էինք հասնել մեր հողային զիջումներով, այն է՝ թուրքաբնակ մասերը կանցնեին Թուրքիային, հայաբնակ և վրացաբնակ մասերը՝ Անդրկովկասին: Ամենագլխավոր կետն այն է, որ Թուրքիան իր ստորագրած դաշնագրով բոլորովին իրավունք չի ստացել իր զորքերով իսկույն գրավելու Կարսի, Արդահանի և Բաթումի շրջանները:

Այս իմաստով ես մի զեկուցում կարդացի մեր ընդհանուր ժողովում: Ամենքն ինձ հակառակ խոսեցին և մանավանդ մեր թուրք ընկերակիցները, որոնք փրփուրը բերաններին ապացուցում էին, թե Թուրքիան հենց այժմ իսկ իրավունք ունի գրավել իր ստացած երկրամասերը, թե չպետք է առհասարակ անհաճո բան անել նրան, այլ խոսել հաշտ ու քաղցր լեզվով: Այս, իհարկե, պատասախան չէր, այլ, ինչպես ասում են թուրքահայերը, «փոլիթիք»: Էլի բանը գալիս հանգում էր այն վախճանին, որ ուժեղը Թուրքիան է, ուրեմն և նրան են պատկանում բոլոր իրավունքները: Բայց այս դեպքում չպետք էր էլ դաշնադրող կողմի հովեր առնել, այլ պետք էր սպասել, թե ինչ կբարեհաճի տալ մեզ այդ ուժեղ Թուրքիան: Հիշատակում եմ այս մանրամասնություններն այն պատճառով, որ այս ժողովից հետո Չխենկելին դարձավ Բրեստ-Լիտովսկի դաշնագրի ընդունման համոզված կողմնակից, թեև ոչ իմ բերած հիմնավորումներով: Հեռագրով հաղորդելով թուրքական ուլտիմատումը Անդրկովկասյան կոմիսարիատին՝ Չխենկելին ստիպողաբար հանձնարարում էր նրան իր համոզումը, որ ընդունվի Բրեստի դաշնագիրը:

Բայց Սեյմի վրա նորից բռնացավ մենշևիկական կուսակցական հաշիվը: Կարո՞ղ էր մի Ծերեթելի, որ ամենակարողն էր Սեյմում, գեթ մի րոպե ընդունել, որ իր կատաղի թշնամի բոլշևիկները արժանի են այնքան ուշադրության, որ նրանց ստորագրած պայմանը ստորագրեն նաև իրենք՝ մենշևիկները: Սեյմը որոշում է մերժել Թուրքիայի ուլտիմատումը և հեռագրով հրամայում է պատվիրակությանը՝ վերառադնալ Թիֆլիս: Առավոտ էր, որ պատվիրակության քարտուղար Միքայել Թումանյանը եկավ մեզ հայտնելու, որ պատրաստվենք ճանապարհ ընկնելու: Երեխաների պես թռչկոտում էինք ուրախություննից: Մի ամսվա կոշմարը վերանում էր: Այդ կոշմարը մեզ խեղդում էր նախևառաջ իբրև հայերի...

Այս բոլոր տպավորությունները, հուշերը, ապրումները, քաղաքի հոտած փողոցներն իրենց անթիվ շներով, քաղաքակիրթ աշխարհի բացակայությունը մեզ վազեվազ տանում էին ծովափ: Շուտո՜վ այստեղից, շուտո՜վ… Զգում էի, որ սև ու մութ օրեր են հավաքվում մեր գլխին. զգում էի, որ այս անհրապույր ասիական քաղաքը և բազմաթիվ սրա նմանները հավաքվում են մեզ վրա արշավելու...

(շարունակելի)

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ