Գլխավոր » ՄԱԿ-Ի ՀԱՆՐԱՀԱՅՏ ՀՌՉԱԿԱԳԻՐՆ ԱՅԼ ԲԱՆ Է ԱՍՈՒՄ
ՄԱԿ-Ի ՀԱՆՐԱՀԱՅՏ ՀՌՉԱԿԱԳԻՐՆ ԱՅԼ ԲԱՆ Է ԱՍՈՒՄ
22:16
Հարավային Օսեթիան և Աբխազիան Ռուսաստանի կողմից որպես անկախ պետություն ճանաչվելուց հետո մեզ համար կարծես թե հնարավորություն էր ստեղծվել առաջ տանելու Արցախի անկախության ճանաչման գործընթացը։ Սակայն պարզվեց, որ Օսեթիան ու Աբխազիան «նախադեպ չեն», ինչպես մինչ այդ «նախադեպ չի եղել» Կոսովոն։

ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանի՝ Հաագայի միջազգային դատարանի հուլիսի 22-ին կայացրած որոշումը, որով Կոսովոյի միակողմանի անկախության հռչակումը համարվել է միջազգային օրենքներին չհակասող, հայաստանյան և արտասահմանյան վերլուծաբաններին նոր առիթ է տվել կրկին «հիշելու» Ղարաբաղը։ Քաղաքագետներն ու փորձագետները իրարամերժ կարծիքներ են հայտնում՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքի այս կամ այն նորմերը: Այս անգամ էլ հատկապես Արևմուտքը մեզ պատասխանում է, որ Կոսովոն չի կարող նախադեպ լինել Ղարաբաղի համար։ Մենք էլ հլու-հնազանդ կրկնում ենք՝ Ղարաբաղյան խնդրի լուծումը միայն, այսպես կոչված, «մադրիդյան սկզբունքների» ուղեծրում է։ Ցավոք, ոչ մի փորձ չենք ձեռնարկում այդ անիծյալ «սկզբունքների» աքցաններից ազատվելու համար, այն դեպքում, երբ դրանք ոչ մի լավ բան չեն խոստանում թե՛ Արցախին, թե՛ ընդհանրապես Հայաստանին։

Կարծում ենք, չէր խանգարի, որ փորձեինք օգտվել նաև հենց «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից», որն, ինչպես հայտնի է, հանդիսանում է միջազգային իրավունքի անկյունաքարերից մեկը: Ի դեպ, ԼՂՀ-ն իր պետականակերտման ճանապարհին, դեռ 1993 թվականի փետրվարին, միացել է Հռչակագրին, որի հոդված 2-ում նշված է.
«Ամեն ոք ունի այս Հռչակագրում բերված բոլոր իրավունքներն ու ազատությունները առանց որևէ խտրության՝ հիմնված ցեղային, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի, դասային պատկանելության կամ որևէ այլ կարգավիճակի վրա: Ավելին, ոչ մի խտրականություն չպետք է լինի հիմնված երկրի կամ տարածքի, քաղաքական, իրավական, կամ միջազգային կարգավիճակի վրա, լինի դա անկախ, խնամարկյալ, ոչինքնակառավարվող կամ ինքնիշխանության որևէ այլ սահմանափակումով պետական կազմավորում, որին պատկանում է մարդը»:
Ստացվում է, որ ՄԱԿ-ի կողմից ընդուված Հռչակագրի հոդված 2-ը ԼՂՀ բոլոր քաղաքացիներին առանձին-առանձին, անհատապես և տեսականորեն հնարավորություն է տալիս օգտվելու մարդու և քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքներից, բայց նույն այդ ՄԱԿ-ի անդամ երկրները մեզ հայտնում են, որ... «Կոսովոն չի կարող նախադեպ հանդիսանալ»: Հետաքրքիրն այն է, որ ՄԱԿ-ի անդամ 7 տասնյակ երկրներ ճանաչել են մի երկրի ու ժողովրդի անկախություն, որ «ինքնորոշվել է» ուրիշի (Սերբիայի) տարածքում, մինչդեռ Արցախն անկախություն է հռչակել հենց սեփական պատմական հայրենիքում։

Անշուշտ, մեզ համար նորություն չեն գերտերությունների կամ, այսպես կոչված, միջազգային հանրության կողմից օգտագործվող երկակի ստանդարտները, սահմանված արդարության, հավասարության և եղբայրության բանաձևերը, որոնք գիտականորեն կամ տրամաբանորեն հնարավոր չէ վերծանել և մանավանդ՝ համարժեքորեն կիրարկել:

Հակառակորդը հնարավոր և անհնարին ամեն ինչ անում է Ղարաբաղն՝ ազատագրված տարածքներով «ետ բերելու» համար։ Այդ գործին լծված է ողջ Ադրբեջանը՝ դիմադիր թե ընդդիմադիր, թե՛ պետական դիվանագիտությունը, թե՛ ոչ պաշտոնական քարոզչությունը։ Իրենց «ճշմարտությունն» աշխարհի վզին փաթաթելու համար օր ու գիշեր կրկնում են միևնույն երգը՝ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը։ Ցավն այն է, որ սուտ ու կեղծիքը երբ շարունակ պնդում են, շատերը սկսում են հավատալ դրան։ Այս պայքարում մեր հարևանները պահանջում են առավելագույնը, որպեսզի կարողանան հնարավորինս մեծ «պատառ» ստանալ, իսկ մենք շարունակ ինչ-որ փոխզիջումներից ենք խոսում, նույնիսկ պատրաստակամորեն ներկայացնում մեր կողմից կատարվելիք զիջումների ցուցակը, որի առաջին կետում ազատագրված հողերն են։
Այնպես որ, աչքի առաջ ունենալով հակառակորդի մարտավարությունը, կարծում ենք, չէր խանգարի, որ մենք օգտագործեինք նաև «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» վերոհիշյալ հոդվածը, որովհետև, ի վերջո, այս պայքարը մեր գոյատևման համար է։

Ի դեպ, ցավալի է, որ «Միացման» գաղափարն աստիճանաբար դուրս է մղվում հասարակության գիտակցությունից: Մանավանդ նոր սերունդը, որին կարելի է որակել որպես «անկախության սերունդ», հեռացել է Արցախյան ազգային ազատագրական պայքարի բուն գաղափարից, իսկ ԼՂՀ անկախության ջատագովները համբերությամբ սպասում են «աբխազական», «հարավ-օսեթական» կամ «կոսովյան» նախադեպերի, որ... բավարարվեն մեկ-երկու անատամ հայտարարություններով:

Հատկապես հիմա, երբ հակառակորդի և հայ դիվանագիտության ջանքերով Ղարաբաղի խնդիրը միջազգային հանրությանը ներկայացվել է որպես տարածքային վեճ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, համոզված ենք, որ միակ և ճիշտ ճանապարհը Արցախի միացումն է Հայաստանին:
Դրա համար կան բոլոր իրավական հիմքերը՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը և 1990 թ. օգոստոսի 23-ի «ՀՀ Անկախության հռչակագիրը»: «Միացման» առաջին քայլը կարող է լինել ՀՀ և ԼՂՀ «Քաղաքացիության մասին» օրենքներում երկքաղաքացիության մասին դրույթների հստակեցումը և չափահաս արցախահայերին ՀՀ քաղաքացիություն շնորհելը, իսկ հաջորդ քայլը՝ վերամիավորման վերաբերյալ հանրաքվեի անցկացումը Արցախի Հանրապետությունում: Մեր սպասողական, կրավորական կեցվածքը տանում է դեպի կործանում։

Մի հետաքրքիր հանգամանք ևս: ՀՀ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ հայտարարում են, թե Ադրբեջանը Արցախի դեմ պատերազմ սկսելու դեպքում Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը: Հետաքրքիր է, չէ՞։ Ստացվում է, որ ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը յուրօրինակ պատժաձև է Ադրբեջանի դեմ, միաժամանակ՝ միջազգային հանրությանն ուղղված բողոքի ակցիա: Կարծում ենք, Ադրբեջանը Արցախի դեմ պատերազմելու դեպքում ՀՀ-ի կողմից ԼՂՀ ճանաչումն արդեն ժամանակավրեպ կլինի և գրոշի արժեք չի ունենա. Հայաստանը ոչ թե պիտի ճանաչի ԼՂՀ անկախությունը, այլ վերջնականապես վավերացնի Արցախի միացումը Հայաստանի Հանրապետությանը։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
ԼՂՀ ԱԺ երկու գումարման պատգամավոր

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
գրող, հրապարակախոս

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Արխիվ