Գլխավոր » ՄԱՔՍԻՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ԽԱՂԱՂ ՀԵՌԱՆԱՄ...
ՄԱՔՍԻՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ԽԱՂԱՂ ՀԵՌԱՆԱՄ...
12:44
Մի բաժակ սունի թեյ՝ ուրցով և այլ խոտերով համեմված, բոված վարսակի փաթիլներ՝ տաք ջրի թրջոցում պատրաստած,- սկզբում՝ ոչինչ ուտվում էր, հետո քեզնից անկախ մեխանիկորեն կուլ ես տալիս՝ դրա անհրաժեշտության թելադրանքով՝ համի և հաճույքի հերն անիծելով.- շոռը՝ կա, մեկ-մեկ արդար մեղրից մի գդալի չափով համտես ես անում՝ ավելի շատ նրա համար, որ համը չմոռացվի, թթվասեր, հազարից մեկ՝ արաժան, հազարից մեկը կարելի է նաև չիչ մեղրի մասին ասել.- առավոտյան նախաճաշի՝ նախաճաշ էլ ասում են, ոչ հաճույք ես ստանում, ոչ էլ բավականություն,- ուրեմն նախատեսված նախաճաշի այս ծիսակատարությունից հետո՝ առավոտ կանուխ գնում եմ աշխատանքի:

Չհարցնեք, թե ինչ է աշխատանքիս անունը, բայց հո թոշակի հետ հնարավոր է լինում մատչելի դեղեր ձեռք բերել: Կնոջս համար երբեմն, բժշկի համոզիչ խորհուրդով, թանկ դեղերից ենք վերցնում:
- Ճիշտ է, մի քիչ թանկ է, բայց լավ էֆեկտ է տալիս,- դեղատոմսը մեկնելով ինձ, ամեն անգամ ասում է բժշկուհին:
- Պարոն Արծրունի, բարի լույս:
Հարևանս է, խանութ ունի, խոսելու ձևն ու պահվածքը հեռվից հեռու հուշում են, որ գործերը հաջող են գնում: Այդ պահին բջջայինը զանգում է, հարևանս գործիքը ականջին է առնում և ազդեցիկ ասում՝
- Да՛:

Խոսակցությունից հասկանում ես, որ զանգողը ենթական է, շեֆը՝ հարևանս: Խոսելու արանքում նա, իմիջիայլոցի նման, մշտական հարցը տալիս է.
- Ինչպե՞ս ես, լա՞վ ես:
- Փառք Աստծո, լավ եմ:
- Քեզ լավ պահի:
- Աշխատում եմ:
Հարևանիս ինքնավստահ առավելության և իմ տկար վիճակի գիտակցումը ճնշող է:

Ինչպես նախաճաշս, այնպես էլ այս հարցուպատասխանը մոտավոր ճշտությամբ ամեն օր կրկնվում է:
Հանդիպում եմ իմ հին ծանոթներից մեկին, որը շարունակաբար այն միտքն է հաստատում, որ մենք հին ընկերներ ենք, չնայած ես ոչ հաստատում եմ, ոչ էլ ժխտում: Մի անգամ չասե՞մ, որ միշտ չէ լռությունը համաձայնության նշան:

- Ընկեր Արծրունի, ո՞նց ես, լա՞վ ես,- ես չեմ հասցնում պատասխանել, նա միտքը շարունակում է,- քեզ լավ պահի, դու դեռ մեզ պետք ես:
Չեմ կարողանում հասկանալ՝ այս վերջին մտքի մեջ հումո՞րն է շատ, թե՞ կարեկցանքը:
- Ոչինչ, էլի, դեռ ոտքի վրա եմ,- պատասխանում եմ, շրջանցելով վերջին դիտարկումը:
- Մարդիկ թող իմանան,- ծանոթս մոտենում է, ձայնը քիչ-ինչ իջեցնելով ներշնչված ասում.- քո ներկայությունը, ի հեճուկս ոմանց, մեզ պետք է:

Մտքում ասում եմ՝ սուտ ասողին էդ դեռ քիչ է: Պատերազմի մի ժամանակաշրջանում, երբ ռազմաճակատում բավականին լարված էր, գեներալ Իվանյանը ծակուծուկերում տապռ կացածներին հավաքում էր և ուղարկում ռազմաճակատ: Այդ ծանր ժամանակ նա ինձ խնդրում է որդու համար броня ձեռք բերեմ: Ես, իհարկե, էդ վախկոտի համար բրոնյա դզողը չեմ, իսկ պարեկային ծառայության տղաներն էլ՝ առանց ալի-վալի ասելու, նկուղաբնակ էդ ցռանի խզակոթին տալով տանում են առաջին գիծ: Հիմա փոխգնդապետի աստիճան ունի, բայց գիտեմ՝ ոչ նա, ոչ էլ հայրը չեն մոռացել չարաբաստիկ բրոնյայի պատմությունը:

Իսկ այն միտքը, որ ես պետք եմ էս երկրին, շուռ տված եմ հասկանում:
Հազվադեպ եմ քաղաք դուրս գալիս՝ անհրաժեշտության դեպքում: Պոլիկլինիկայում հանդիպեցի Հայրապետյան Վրեժին: Աչքով չտամ, կարծես բարվոք վիճակում է, ռանգ-ռուշտը՝ տեղը: Հարցրեց՝ հարցրի, պատասխանեց՝ պատասխանեցի: Բոլորն էլ իմ առողջականից են հարցնում: Նեղսրտում եմ, կարծես չի կարելի ուրիշ բան հարցնել:

- Ո՞նց ես, առողջականդ լավ է՞:
- Լավ է,- ասում եմ,- փառք Աստծո, դեռ ոտի վրա եմ:
- Առողջականդ լավ պահի, գլխավորը դա է:
Ես հաստատում եմ, որ մարդու համար առողջությունը կարևոր է:
- Առողջությունը մարդու ամենաթանկ հարստությունն է,- նյութի մեջ խորանում է մեր դպրոցը ինձնից մի տարի շուտ ավարտած Հայրապետյան Վրեժը:

Մինչև կհասցնեի մի հարց էլ ես տալ, նա վրա բերեց.
- Քեզ պահի,- ու գնաց:
Գրադարանից զանգեցին: Ես բջջայինի մեջ ասացի.
- Լսում եմ:
Նույն բջջայինից հայտնեցին.
- Պարոն Արծրունի, տնօրենն է անհանգստացնում...

Անհանգստացնելու պատճառն այն է, որ նախատեսել են Երիտասարդական պալատի փոքր դահլիճում հետաքրքիր միջոցառում կազմակերպել և անկեղծորեն ցանկանում են, նույնիսկ շատ են ցանկանում, որ ես... և այլն և այլն և այլն:
- Կարծում եմ ձեր ելույթը ներկաները մեծ հետաքրքրությամբ կլսեն:
Գնալ-չգնալս մի կողմ թողնենք. թե երեկոն ինչ կարևոր նպատակ է հետապնդում՝ դա էլ մի կողմ դնենք: Իսկ ինչի՞ համար էր հեռախոսազանգի նախաբանը:
- Ընկեր Արծրունի, լա՞վ եք:

Լավը հեշտ արտասանվող բառ է, կրկնում եմ առանց հարցականի:
- Ընկեր Արծրունի, դուք պետք է առողջ լինեք, որպեսզի ձեր ներկայությամբ զարդարեք նման միջոցառումները, ձեր հարուստ փորձն ու գիտելիքները հաղորդեք նոր սերնդին:
Իմ գոյության այս նոր դիտարկո՜ւմը... Տեր Աստված, իմ փորձը ո՞ւմ է պետք: Եվ ի՞նչ արժեք ունեն գիտելիքներս: Ժողովուրդը նմաններիս մասին է ասում՝ խելքից պատուհաս:

Երեկ երեկոյան տեղական հեռուստատեսությամբ հեռարձակեցին հոբելյանական՝ նի՞ստ ասացին, համաժողո՞վ, թե՞ լիագումար չգիտեմ ինչ, ուրեմն երեկ հեռարձակեցին, էդ ինչի տեսագրությունը: Էկրանից անգամ զգացվում է մարդկանց հուզմունքի բվվոցը: Ահա բեմում երևում է նախագահության կազմը: Դահլիճը պայթում է բուռն ծափահարություններից: Քանի դեռ նախագահության անդամները անշտապ զբաղեցնում են իրենց տեղերը, ծափերի ամպլիտուդան պահպանվում է:
Մերժված անցյալից եկող հոռի այս կարգը...

Նախագահողը սահուն կարդում է իր խոսքը: Օպերատորը տարբեր պլաններով ցույց է տալիս նախագահողին, ապա տեսախցիկը ուղղում դահլիճին: Ծանոթ դեմքեր, որոնց ճանաչում եմ Շարժման առաջին օրերից: Ակամա թեթև հառաչեցի՝ հին օրերը հիշելով... Այդ ե՞րբ էր... Նախագահությունում ու դահլիճում նստած հյուրերից շատերը ամեն անգամ Արցախ գալով ցանկանում էին հանդիպել ինձ հետ՝ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների իմ գնահատականը լսելու համար:
- Պարոն Արծրունի, խնդրի լուծումը ինչպե՞ս եք տեսնում:
Ես նրանց անգիր արածի նման բացատրում էի, որ ոչ մի ժամանակ և ոչ մի երկիր ուրիշի կամովի հող չի տվել:

- Ուզում եք ասել, որ...
Ես հաստատում եմ.
- Հողի նվիրատվություն չի լինում, այն բռնի վերցնում են...
- Գուցե սահմանադրական եղանակով...
- Հակառակորդին լավ չեք ճանաչում...

Հիմա սահմանադրական եղանակի ջատագովները ամբիոն են բարձրանում և հայտարարում.
- Մենք Շարժման սկզբից ասում էինք, որ մեր ազատությունն ու անկախությունը հնարավոր է զենքի ուժով լուծել:
Ծափերի ալիքը համերաշխ ծավալվում է: Ամբիոնին է մոտենում Շարժման ճանաչված (գնահատվա՜ծ) առաջնորդը (ոչ ի պաշտոնե):
Նախօրոք թերթերը՝ ամեն մեկը իր համար exclusive-ի իրավունք վերապահելով, տպագրել էին նրա հարցազրույցը: Ականջակախ դահլիճը լսում էր զրույցի՝ բանավոր խոսքի խմորիչներով հարստացած տարբերակը:

Հռետորը երկար կանգ առավ արտակարգ իրավիճակի պարետ գեներալ Սաֆոնովի և Ադրբեջանի կազմկոմիտեի ղեկավար Պոլյանիչկոյի գործունեությանը և իր գրավոր մերկացումներին: Դահլիճը շիկացել էր:
Հիշեցի մի դեպք. «Ղարաբաղ» թերթի համարը ձեռքին ներս էր մտել առաջնորդը, որը դեռևս ներկա կարգավիճակին չէր արժանացել և ձայնը իջեցնելով ասաց.
- Չես վախենո՞ւմ, որ քեզ վնասեն,- ու ցույց տվեց թերթի առաջին էջում տպագրված մի հաղորդագրություն և «Խմբագրության կողմից» հրապարակումը:

Արտակարգ իրադրության պարետը մի ստահոդ հաղորդագրություն էր փոխանցել, որ թերթի առաջիկա համարում տպագրվի: Հաղորդագրությունից ընթերցողը տևեկանում է, որ իբր Ասկերանում տևի է ունեցել Ադրբեջանի դրածո Պոլյանիչկոյի հանդիպումը Ասկերանի շրջանի կոլտնտեսությունների նախագահների հետ, որի ժամանակ ընդունվել է համատև հայտարարություն, որտև կոչ է արվում վերջ տալ ազգամիջյան ընդհարումներին և շուտափույթ վերականգնել ղարաբաղցիների սահմանադրական իրավունքները Ադրբեջանում: Հայտարարության մեջ նշվում են կոլտնտեսությունների նախագահների անունները:

Մինչև մենք կհանդիպեինք նշված նախագահներին. նրանք իրենց ոտքով եկան խմբագրություն ու պատմեցին իրողությունը:
Շրջանի կոլտնտեսությունների մի քանի նախագահներ պարետության հետ խնդիրներ են ունեցել, ցանկացել են հանդիպել գեներալ Սաֆոնովի հետ, պահանջել վերջ դնել ադրբեջանական օմօնականների խժդժություններին: Ի պատասխան՝ Սաֆոնովը առաջարկել է հանդիպել Ասկերանում: Էս միամիտները համաձայնում են և գալիս են հանդիպման վայր և ի՞նչ տեսնում՝ Պոլյանիչկոն ու Սաֆոնովը միասին նստած, սպասում են: Նախագահները հենց որ Պոլյանիչկոյին տեսնում են, կրնկի վրա ետ են դառնում:

Խմբագրության պատրաստած «Խմբագրության կողմիցը» և պարետության ներկայացած հաղորդագրությունը դնում ենք իրար հարևանությամբ, արդյունքում ստացվում է կարճ միացում: Համարը լույս է տեսնում, նույն գիշերն էլ «հատուկ ծառայության տղաները» մտնում են խմբագրատուն, պահակի ձեռ ու ոտը կապում և հիմնավոր ստուգում շենքը: Բնականաբար նրանք ոչ մի կրիմինալ չեն գտնում, միայն իրենց հետ տանում են շվեյցարական արտադրության սպայական դանակը, որ ինձ էր նվիրել BBC-ի թղթակիցը: Մինչև հիմա ափսոսանքով եմ հիշում:

Մենք, իհարկե, միջադեպի մասին նյութ չտպագրեցինք թերթի հաջորդ համարում, հարմար չհամարեցինք մեզ «մատուցել» ընթերցողին հերոսական պահվածքով: Մենք մեր գործի վրա էինք:
...Առաջնորդը ամբիոնից ոգեշունչ խոսք է ասում, իսկ դահլիճը համակ լսողությամբ վայելում էր ճարտասանական արվեստի հմայքները:

 Կինս որերորդ անգամ հիշեցնում է, որ թեյը սառչում է: Ես ծանր սրտով թողնում եմ հեռուստացույցը և մոտենում սևանին: Արդեն սառած թեյից մի կում եմ անում, բայց կնոջս չեմ ասում, որ տաքացնի, որպեսզի չլսեմ.
- Ժամանակին գայիր...

...Իսկ անձիս ուղղված մաղթանքներն ու հորդորները շարունակվում են.
- Քեզ լավ պահի:
- Պինդ կաց:
- Առողջ ևիր:
- Գլխավորը առողջականն է:
- Փողը կարևոր չէ, առողջականիդ հետևիր:

...Եթե թոշակ նշանակողներս հաշվի առնեին կենցաղային որոշ մանրուքներ, և ես ստիպված չլինեի երկու օրը մեկ գիշերը մեր տանը չքնել և թերթերից մեկում սրբագրիչ աշխատել, համատևելով գիշերային պահակի և սրբագրիչի պաշտոնները, որպեսզի հնարավոր լինի ձեռք բերել բժշկի նշանակած դևերը և խանութի թանկուկրակ մթերքները...
Գիշերները երկարել են և ծանր են լուսանում, ցերեկները մաղթանքների և հորդորների հետապնդումներից խուսափելու համար շտապում եմ տուն...
Խաղա՜ղ հեռանամ...

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ