Գլխավոր » ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ԿԱՅԱՑԱՆ ԼՂՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ԿԱՅԱՑԱՆ ԼՂՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
17:44

Մայիսի 23-ին Արցախում կայացան ԼՂՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման ընտրությունները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանի հրապարակած տվյալներով՝ ընտրություններին մասնակցել է 66 հազար 770 քաղաքացի կամ ցուցակներում ընդգրկված ընտրողների (98519 քաղաքացի)  67.8 %-ը:

Խորհրդարանի 33 մանդատների համար ընտրություններն անցկացվել են համամասնական և մեծամասնական ընտրակարգով: Համամասնական ընտրակարգով առաջադրված 4 կուսակցությունների թեկնածուները պայքարել են 17 պատգամավորական տեղի համար, մեծամասնական ընտրակարգով՝ 16 տեղի համար:

ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում հաղթել է վարչապետ Արա Հարությունյանի ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցությունը (29252 ձայն կամ 46.4 %):

 6 տոկոսանոց արգելքը հաղթահարել են նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը (18017 ձայն կամ 28.6 %) և Հայ հեղափոխական դաշնակցությունը (12728 ձայն կամ 20.2 %): Համամասնական ընտրակարգով առաջադրված 4 կուսակցություններից Արցախի կոմկուսը (ստացել է 3054 ձայն կամ 4.8 %) չի հաղթահարել 6 տոկոսի շեմը:

Մեծամասնական ընտրակարգով հաղթել են «Ազատ հայրենիք» կուսակցության 6 անդամներ՝ Արամ Գրիգորյանը, Արսեն Միքայելյանը, Իվան Ավանեսյանը, Արթուր Թովմասյանը, Արպատ Ավանեսյանը և Ռուդիկ Հյուսնունցը:

Արցախի ժողովրդավարական կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով ընտրվել են 3 հոգի՝ Աշոտ Ղուլյանը, Անդրանիկ Սարգսյանը և Զոյա Լազարյանը:

ՀՅԴ-ից մեծամասնականով ընտրվել են Արմեն Սարգսյանը և Կամո Մարտիրոսյանը:

Մեծամասնականով ընտրված 5 հոգի՝ Մարատ Հասրաթյանը, Սերգեյ Ղազարյանը, Գարիկ Գրիգորյանը, Գագիկ Օհանյանը և Վլադիմիր Կասյանը անկուսակցական են:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ս. Նասիբյանը հայտնել է, որ Մարտակերտի ընտրատարածքում, որտեղ նախնական տվյալներով 217 ձայնի տարբերությամբ հաղթել է Ռուդիկ Հյուսնունցը («Ազատ հայրենիք»), Արթուր Խաչատրյանի («ՀՅԴ») դիմումի հիման վրա կատարվելու է վերահաշվարկ:

Հանձնաժողովի նախագահի վկայությամբ ընտրախախտումները եղել են աննշան քանակի: «Նախընտրական քարոզչությունը հատկապես կուսակցությունների կողմից իրականացվել է քաղաքակիրթ, հանգիստ մթնոլորտում,- նշել է ԿԸՀ-ի նախագահը:- Այս անգամ որոշ դժվարություններ կային ընտրացուցակների կազմման գործում, քանի որ առաջին անգամ էր ծրագիր մտցվել, և ոստիկանությունը ահագին աշխատանք տարել է, բայց էլի վերջնական ճշգրտված ցուցակները, հատկապես Ստեփանակերտում, լրիվ չէին»:

Ղարաբաղի 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին հետևել են մոտ 120 դիտորդներ՝ Կանադայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Արգենտինայից և մի շարք այլ երկրներից:


Որոնում

Օրացույց

«  Մայիս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ