Գլխավոր » ՄԵՂՎԱՄԹԵՐՔՆԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ՄԵՂՎԱՄԹԵՐՔՆԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
22:52
Օրերս լույս է տեսել մեր հայրենակից, անասնաբուժական գիտությունների թեկնածու, հանրապետության վաստակավոր անասնաբույժ Էդուարդ Գասպարյանի «Սկսնակ մեղվաբույծի ուղեցույց» վերնագրով գիրքը։
Վաստակաշատ մասնագետը շարունակում է ընթերցողներին հաճելի նվերներ մատուցել։ Հողի և գյուղատնտեսության հետ կապված արցախցիները քաջածանոթ են ղարաբաղյան մամուլում տպագրված նրա բազմաթիվ հոդվածներին։ «Ձիաբուծությունը Արցախ-Ղարաբաղում երեկ և այսօր» վերնագրով նրա գրքերից մեկը ձիաբուծության վարման պատմության, անասնապահության այդ կարևոր ճյուղի ներկա իրավիճակի, աշխարհում լայն ճանաչում ստացած արցախյան «Ոսկեթույր» նժույգի գենոֆոնդի վերականգնման անհրաժեշտության մասին է: 

Եվ ահա՝ հերթական գիրքը՝ որպես մեղվաբույծի ուղեցույց, որ շատ կարևոր տեղեկություններ և օգտակար խորհուրդներ է պարունակում ոչ միայն մեղվաբուծությամբ զբաղվողների, այլև բոլոր այն ընթերցողների  համար, որոնց սեղանի անբաժանելի «զարդն» է անարատ մեղրը։ Նաև նրանց համար, ովքեր ուզում են ավելի շատ բան իմանալ բնության այդ հրաշքի բուժական հատկությունների մասին։
Սիրով ներկայացնում ենք հատվածներ Էդուարդ Գասպարյանի վերոհիշյալ գրքից։ 


ԱԿՆԱՄՈՄ ԿԱՄ ՄԵՂՎԻ ՍՈՍԻՆՁ

Ակնամոմը դառնահամ, դուրեկան բուրմունքով, կպչուն խեժանման գորշ, երբեմն էլ՝ դեղնավուն զանգված է: Այն ուժեղ հակաբիոտիկ է և ունի բարդ քիմիական կազմ: Մեղուներն այն պատրաստում են ծառերի, թփերի, բույսերի բողբոջներից և էլեկտրասյուների վրա քսված ձյութից, խառնելով նրանց ըմպանային գեղձերի արտադրանքով:
Ակնամոմով մեղուն փակում է փեթակի ամեն մի ճեղք, փոքրացնում արկանոցը, ամրացնում շրջանակները և հարթում բջիջների պատերը ներսից:

Ակնամոմը հաճախ է օգտագործվում ժողովրդական բժշկության մեջ: Նրա համամասնությամբ ստեղծվում են տարբեր խառնուրդներ: Այն սկսվում է սպիրտային խտանյութի պատրաստումից, որի համար վերցնում են մաքրված ու մանրացված 20 գ ակնամոմ և լուծում 100 մլ 96% էթիլ սպիրտի մեջ, մութ ապակիներով շշերում պահում 4-5 օր՝ օրական մի քանի անգամ խառնում լուծույթը:
Ակնամոմի սպիրտային խտանյութը մի քանի օր պահելուց հետո  2 շերտից բաղկացած նստվածք է տալիս՝ հատակին կոպիտ կտորների ձևով, մակերեսին մոմի շերտ: Խառնուրդը 5-րդ օրը քամում են երկտակ ծալած մառլյայով և օգտագործում: Բայց կարելի է և չքամել, այլ հով սենյակում պահել մինչև լուծվելը:

Ակնամոմի սպիրտային խտանյութը օգտագործում են ներքին ձևով (խմելու միջոցով), սպիրտի ջրային կամ սպիրտի կաթնային խառնուրդի ձևով, որի համար պետք է վերցնել 0.5 թեյի բաժակ գոլ ջուր կամ կաթ, նրան ավելացնել 10-15 կաթիլ ակնամոմի խտանյութ, որն առանց ուշացման անոթի խմում են 1 ժամ ուտելուց առաջ կամ 2 ժամ ուտելուց հետո:
Ակնամոմի սպիրտային խտանյութը օգտագործում են նաև թոքախտի բուժման համար:


ԱԿՆԱՄՈՄԻ 10-20 % ՅՈՒՂԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Ապակյա կամ էմալապատ ամանի մեջ վերցնում են 1 կգ անալի կարագ յուղ և գազօջախի վրա տաքացնում մինչև եռման աստիճան, հետո վերցնում գազօջախից, ավելացնում 100-150 գ մանր կտրտված ակնամոմ, լավ խառնում մինչև ստացվի միասեռ զանգված, որից հետո անմիջապես քամում են մեկ տակ մառլյայով՝ մաքուր ամանի մեջ և փակում կափարիչով։ Հովանալուց հետո նրա հատակին նստում են ակնամոմի չլուծված կտորները:
Ակնամոմի յուղ կարելի է պատրաստել նաև կարագ յուղը փոխարինելով հեղուկ վազելինով կամ խոզի փորի յուղով (լանոլին): Որից հետո նրանից պատրաստում են 20-30%-ոց ակնամոմի յուղային քսուք, օգտագործում օրական 2-3 անգամ, 10-15 գ կամ մի ճաշի գդալ, 1-1.5 ժամ մինչև ուտելը: Կերակրում մինչև հիվանդի լավանալը:


ԱԿՆԱՄՈՄԻՑ ԱՅԼ ԿԱՐԳԻ ՔՍՈՒՔՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ 

1) Ակնամոմի 30-40 մ-ոց կտորները մաքրում են այլ խառնուրդներից (խոտ, բամբակ, մազ, տերև և այլ նյութեր) և դնում սառնարանի սառնարանային բաժանմունքում: Դրանք ցրտից փխրուն են դառնում և հեշտությամբ մանրացվում են քերիչով, որի ընթացքում այն ձեռքի տաքությունից փափկում և սոսնձի նման է դառնում և այլևս չի մանրացվում: Ուստի, նրան նորից են դնում սառնարանում՝ այն  հետագայում մանրացնելու համար, որից հետո վերցնում են 2 տարբեր մեծության կաթսաներ, այնպես, որ նրանցից փոքրը մտնի մեծ կաթսայի մեջ: Մինչ փոքր կաթսան մեծի մեջ տեղադրելը, նրա հատակին 2 փայտյա ձող են դնում, այնպես, որ փոքրի հատակը չկպնի մեծի հատակին, հետո 2 կաթսաների արանքը ջուր են լցնում ստեղծում ջրային բաղնիք: Այնքան ջուր են լցնում 2 կաթսաների արանքը՝ որ նրա մակերեսը մի քանի սանտիմետրով բարձր լինի փոքր կաթսայի մեջ տեղադրված ակնամոմի կտորներից: 

Արդեն ձևավորված ջրային բաղնիքը դնում են գազօջախի վրա, տաքացնում այնքան ժամանակ, մինչև բաղնիքի ջուրը ունենա 85-90 աստիճան  ջերմություն: Այդ վիճակում ջրային բաղնիքը պահում են 1 ժամ տևողությամբ, որի ընթացքում փոքր կաթսայի մեջ ջրի երես են դուրս գալիս մոմի, տարբեր թեթև իրեր, իսկ ակնամոմը նստում է կաթսայի հատակին: 1 ժամ այդ վիճակում պահելուց հետո կաթսաները հանում են գազօջախից, թողնում հովանա, որից հետո փոքր կաթսան հանում են մեծից, դանակով կտրում, հանում փոքր կաթսայի մակերեսի մոմի շերտը, քիչ չորացնում, փաթաթում թղթի մեջ և երկար ժամանակ պահում մութ ու հով սենյակում, իսկ ակնամոմի լուծույթը լցնում են մութ ապակյա շշերի մեջ, խառնում և օգտագործում:

Այսքանից հետո փոքր կաթսայի հատակին մնում է մաքրված ակնամոմը, որի կտորները ևս մանրացնում են քերիչով և պահում սառնարանում, ինչպես դա արվեց սկզբում: Մաքուր ակնամոմի 1 կգ-ը քերիչով անցկացնելուց հետո լուծում են 300-500 գ 96% սպիրտի մեջ պահելով նրա մեջ 7 և ավել օրեր, հետո տաքացնում ու քամում են: Ստացվում է թթվասերի խտությամբ գորշագույն զանգված, որից քսուքներ են պատրաստում տարբեր վերքերի, այրվածքների, ցրտահարությունների և երկար ժամանակ չբուժվող խոցերի բուժման համար: 
Կամ մաքուր էմալապատ ամանի մեջ վերցնում են 100գ անալի յուղ, խառնում և տաքացնում են մինչև եռման աստիճան, հետո հովացնում մինչև 60-80 աստիճան և ավելացնում 10գ մանրացված, մաքուր ակնամոմ, քամում տաք վիճակում, օգտագործում որպես քսուք:

Ժողովրդական բժշկության մեջ մեղվամթերքների օգտագործման մասին ուշագրավ տեղեկություններ են հաղորդում փորձված, ժողովրդագրագետ, հանրաճանաչ մեղվաբույծներ Արամայիս և Քնարիկ Գասպարյանները՝ իրենց հեղինակած «Հայկական մեղվաբուծություն և մեղվաբուժության հանրագիտարան» գրքում (Երևան, 1998 թ.):
Դրանցից մի քանիսի վրա ցանկանում եմ կանգ առնել.

1. Ակնամոմի 10%-ոց սպիրտային խտանյութը կամ ակնամոմի բաղադրությամբ մահլամը (քսուքը) եթերային յուղերի, անալի կարագի, ձվի հետ կարելի է օգտագործել աղեստամոքսային տրակտի բոլոր տեսակի բորբոքումների և խոցերի բուժման ժամանակ:

2. Այս բաղադրությամբ դեղը արյան մեջ իջեցնում է շաքարի քանակությունը, ցրում աղերի կուտակումները, արգելակում վերքերի թարախակալումը, դադարեցնում ատամի ցավը:

3. Ակնամոմի սպիրտային լուծույթը և մահլամը 25-ական կաթիլով, օրը 2 անգամ ընդունելով ուտելուց առաջ կամ հետո ապաքինում է ստամոքսի և 12-մատյա աղիքի խոցերը: Բուժում է նաև գաստրիտները: Բուժման արդեն 5-րդ օրը հիվանդների ցավերը մեղմանում են, իսկ 10 օր անց դադարում և ապա 15 օր անց սկսում բնականոն սնվելը:

4. Նշագեղձերի և լնդերի բորբոքումների ժամանակ նշանակում են ակնամոմի լուծույթով ողողումներ, ըմպանի և լնդերի մշակում ներսից և դրսից:

5. Մոմի և ակնամոմի, եթերային յուղերի, ձեթերի, կարագ յուղի և որոշ դեղաբույսերի արմատների, հատկապես, հավաջիջայի, լոշտակի, կռատուկի, տուղտի հավասարաչափ խառնուրդով հաջողությամբ բուժում են բոլոր տեսակի վերքերը, այրվածքները, քոր ու քոսը (փսորիոզ), թութքը, դեմքի ցաներն ու քորը:

6. Մեղվակաթի, մեղվասերի, ծաղկափոշու և վարդազգիների ծաղկաթերթիկների հավասարաչափ խառնուրդը բարելավում է սրտի աշխատանքը, առնականացնում մարդուն:

7. Մեղրի, մեղրասերի, սեխի մաքրած սերմերը հավասարաչափ խառնուրդով բուժում են  ջրգողությունը, լյարդի մեծացումը և լյարդի այլ հիվանդություններ:

8. Մեղրի, բալենու և մի քանի այլ պտուղների բաղադրությամբ խառնուրդի օգտագործումը ավելացնում է արյան կարմիր գնդիկների քանակը:

9. Միզամուղ է մատատուկի արմատի թուրմի և մեղրի խառնուրդի օգտագործումը: Այն հանգստացնում է նաև նյարդերը և նստաներվի ցավերը:

10. Տերևափուկի ծաղկաթերթիկների եփուկը մեղրով խմելիս վերացնում է սրտխառնոցը, միաժամանակ՝ ախորժակաբեր է:

11. Անքնության դեմ. ուրցի, դաղձի կամ մասուրի 200 գ թուրմի մեջ լուծել 1 ճաշի գդալ մեղր և ընդունել քնելուց առաջ:

12. Աչքի ցավերի ժամանակ մի փոքր կաթիլ գոլ վիճակում մեղր կաթեցնել աչքի մեջ. բուժում և հանգստացնում է այն:

13. Հոդերում առաջացած աղերի կուտակումը ցրելու համար վերցնել 6 աղացած նարնջի հյութ, 1 շիշ բորժոմ, 1 շիշ շոմպայն, 26գ անգլիական աղ խառնել, 1 շաբաթ պահել սառնարանում և ապա քամել, թորել, ավելացնել 1 ճաշի գդալ մեղր և օրական 3 անգամ մեկական ճաշի գդալ խմել ուտելուց առաջ, կրկնել այն 3 անգամ, հետո այդ ցավոտ հոդերի վրա կապել այծի անլվա մազ: Խառնուրդը կտվհատի ձեթի մեջ լուծած խմել մեղրով:

14. Նորածին երեխա ունեցող մոր կաթը ավելացնելու համար առաջարկվում է սիսեռի կամ սամիթի թուրմը խմել մեղրով:

Որոնում

Օրացույց

«  Մայիս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ