Գլխավոր » ՄԵՐ ՊԱՐՏՎԱԾ ՄՇԱԿՈՒՅԹԸ
ՄԵՐ ՊԱՐՏՎԱԾ ՄՇԱԿՈՒՅԹԸ
13:11
Մինչ ջանում էինք պարզել, թե ով է մտավորականն  ընդհանրապես, մի խումբ  հանրաճանաչ արվեստագետներ եւ մտավորականներ  բաց նամակով երկրի նախագահին բողոքեցին  իրենց գործընկեր արվեստագետից, ու քանի որ նամակում բողոքից ավելի հասցեատիրոջը հաճոյանալու երանգներ կային, շատ-շատերս սկսեցինք  պաշտպանել Թումանյանի ու Տիգրանյանի դասական գործը գուցե իրականում եղծած-խեղաթյուրած Ավետիքյանին… Իսկ եթե նամակը հասցեագրեին Թումանյանին ու Տիգրանյանին ծնած ժողովրդի՞ն…

Կարծում եմ՝ բողոքն էլ տեղ կհասներ, նամակագիրներն էլ ծիծաղելի ու նվաստացնող վիճակի մեջ չէին ընկնի: Նամակի հասցեատիրոջ սխալ ընտրությունը բողոքի նամակն ակամա դարձրեց Ավետիքյանի բեմադրության գովազդը:

Նամակից օրեր անց Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան հանդիսությունն էր, իսկ նախագահը ժամանակ չգտավ անձամբ շնորհավորելու լեգենդար դերասանուհուն, ով հայ արվեստն Ավետիքյանից «փրկելու» հայցով նախագահին ուղղված բաց նամակի ներքո ստորագրողներից էր… Արվեստագետները դեռ չե՞ն հասկացել, որ  իրենց արվեստի առաջ խոնարհվողը  ժողովուրդ-հանդիսատեսն է, ոչ թե…

Քանի որ չեմ դիտել ավետիքյանական «Անուշ»-ը եւ չգիտեմ՝ դա հայ մշակույթի հաղթանա՞կն էր, թե՞ պարտությունը, մեկ ուրիշ հարց է առաջ ընկնում. ընդհանրապես ո՞վ է մեր մշակութային անվերջանալի պարտությունների պատասխանատուն… Այս վերջին նախարարն ամենից երկարակյացն է՝ 2006-ից հայ մշակույթի միահեծան տիրուհին: Նույնիսկ Առաջին հանրապետության շրջանում կրթության ու արվեստի նախարար Նիկոլ Աղբալյան մեծությունը միայն ամիսներ ղեկավարեց: 18-20 թվականներին՝ ընդամենը երկու տարում, վեց անգամ կրթության ու արվեստի նախարար է փոխվել:

Հայերս մշակույթի ու կրթության ժողովուրդ ենք, չպիտի թույլ տանք մեր մշակույթի ու կրթության պարտությունը, մշակույթի ու կրթության մահը մեր վախճանն է նաեւ… Անընդհատ պիտի վերանայվեն այս երկու ոլորտները. եթե մի նախարարի գործունեության շրջանում նվաճումներ չեն արձանագրվում, պետք է մտածել ստվերի միջից արժանավոր մեկին գտնելու մասին… Այնքան մարդիկ կան, ովքեր լուռ են, եւ նրանց գոյությունը մոռացել են պարոնայք իշխանավորները:

Ամերիկյան մի օրինակ, որ մեխված է հիշողությանս մեջ. երբ ամերիկացիները տեսնում են, որ ինչ-որ մի բնագավառում ինչ-որ մի երկիր իրենցից առաջ է անցել, սկսում են վերաքննության ենթարկել իրենց կրթական համակարգը, որովհետեւ մտածում են՝ եթե այդ բանն իրենց մտքով չի անցել, ուրեմն իրենց կրթական համակարգը տեղի է տվել, պետք է փոփոխել, պետք է թարմացնել, նոր ուղիներ մշակել: Իսկ մենք դոփում ենք տեղում: Հայ մշակույթի ու կրթության վիճակով երկրի իշխանությունը բոլորովին հետաքրքրված չէ: Մշակութային պարտությունները ժողովրդին էլ արդեն չեն հետաքրքրում, մեր ժողովուրդն իր իրավունքներն է պահանջում,  հանգիստ ու արժանապատիվ կյանքի տենչով փրփուրներից է կախվել, պահանջում է ամենաթանկ բանը՝ ազատությունը, որից զրկված է անկախությունից ի վեր: Ի՜նչ մշակույթի ու կրթության ոլորտի վերանայման պահանջ, երբ անկախության 22 տարիների ընթացքում պարտվածի ու փախչողի հոգեբանություն ներարկեցին մեր ժողովրդին: Այդ տարիները մեր ժողովրդի վրա հոգեմետ դեղերի ազդեցություն ունեցան, կարողացան մեզ հոգեփոխության ենթարկել:

Հիշում եմ՝ 2-3 տարի առաջ ռուս-բրիտանական համատեղ ուժերով հրատարակված աշխարհագրական մեծ հանրագիտարանի «Հայաստան» բառահոդվածն ընդվզում էր առաջացրել. ըստ բրիտանացիների եւ ռուսների՝ Հայաստանն անասնապահական երկիր էր, Հայաստանի հիմնական լեզուն ադրբեջաներենն էր, կրոնն էլ՝ իսլամի շիա ուղղությունը: Մենք սովոր ենք, որ մեզ ներկայացնեն որպես գրի, գրքի ու խաչքարի տեր ժողովուրդ, որպես առաջին քրիստոնյաներ, այդ «անասնապահական երկիր» արտահայտությունը եւ «իսլամ» բառը խիստ վիրավորել էին մեր ազգային-կրոնական արժանապատվությունը, կատաղած մեկնաբանություններ էինք գրում… «Ֆեյսբուքում» (դե, «Ֆեյսբուքը» «լուրջ» տեղ է, «Ֆեյսբուքում» մտքեր արտահայտելու պատճառով մարդկանց նույնիսկ աշխատանքից ազատում են): Հիմա եմ հասկանում՝  աշխարհին պարզապես անհրաժեշտ է, որ մենք անասնապահ լինենք: Փույթ չէ, որ արդեն այնքան աղքատ ենք, որ անասուն էլ չունենք… Մեզնից հետամնաց անասնապահ են ցանկանում ստանալ, ու այդ ցանկացողների ջրաղացին ջուրը լցնողը սոսկ գրպանների պարունակության մասին հոգացող մեր իշխանությունն է: Առաջին խոշոր քայլն արված է՝  կեղծիքի վրա կառուցված մի ողջ իրականություն… Ում համար նողկալի է կեղծիքը, թող ցավից բղավի, կախվի, փախուստի դիմի…

Ու մեր մշակույթի եւ կրթության համակարգերը տարիներով չեն վերանայվում, ազգային դպրոց են մտնում ապազգային դասագրքեր, որոնք երեւի շուտով կփոխարինվեն անասնապահության ձեռնարկներով, տնօրենների բուռն ջանքերով գիտության թեկնածուներ են դառնում քարտուղարուհիները, նախարարների, դեսպանների, մանր-մունր չինովնիկների  ջանքերով նրանց սիրասուն տգետ զավակներն ու ազգականներն արշավում են գիտության, կրթության ու մշակույթի դեմ, հայագիտությունը Գիտությունների կաճառի թեթեւ ձեռքով ու դրսի մութ ուժերի եռանդուն աջակցությամբ ավերվում-կեղծվում է, դոկտորներից եւ պրոֆեսորներից շատերը հոգեկան հիվանդներ են, որովհետեւ ազգային գիտությունը դարձրել են իրենց հայրական օջախը, որտեղ մեկ ուրիշը «միայն իրենց դիակի վրայով» կարող է մուտք գործել, էլ չխոսեմ Թումանյանի ու Տիգրանյանի անմեռ ստեղծագործությունն աղավաղելու մասին… Մշակութային հեղափոխություն է հարկավոր, պետք է ազատագրել-մաքրել մեր մշակույթը, մեր կրթությունն ու գիտությունը, բայց… բայց երկրորդական է թվում այդ ամենի մասին խոսելը, որովհետեւ գրեթե ամեն օր բանակից զինվորի դիակ են բերում, ազատամարտիկները հացի ու դեղի փող չունեն, հայրենիքից արտագաղթած տասնյակ հազարավոր հայերը երկրի կարոտից հիվանդանում են, ու, ընդհանրապես, Հայաստանում երեխաներ կան, որ մանկություն չունեն, մարդիկ կան, որ քաղցից ու ցրտից են մեռնում…

Մարո ԽԱՉԱՏՐՅԱՆ
hraparak.am

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Արխիվ