Գլխավոր » ՄԻ ՔԻՉ «ԼՈՒՅՍ»-ԻՑ
ՄԻ ՔԻՉ «ԼՈՒՅՍ»-ԻՑ
13:54
«Լույսից» առանձնապես չի խոսվում, այնինչ 2009-ին «սպառնում» էին, որ «Լույս» հիմնադրամը շուտով հրաշքներ է գործելու և եթերներից չի իջնելու նրա լուսատու անունը: Ի՞նչ բան է սա։ Հիշեցնենք, որ հիմնադրամը կյանքի է կոչվել 2008-ին՝ ֆինանսապես աջակցելու, որպեսզի հայ շնորհալի երիտասարդները հնարավորություն ունենան՝ սովորելու աշխարհի լավագույն բուհերում:

Այն ժամանակ խոստումներն առատ էին, այսօր՝ արված գործը՝ սակավ: 
Տեսենք, թե ինտերնետո՞ւմ ինչ կգտնենք այդ մասին… դարձյալ` առանձնապես ոչինչ, եթե չհաշվենք այստեղ-այնտեղ ծվարած որոշ կցկտուր տեղեկություններ: Ահա, մեկում, օրինակ, այն, որ «Լույսը» բարձրացրել է նշաձողը: Իսկ՝ բարձրացնել նշաձող, տվյալ դեպքում, փաստորեն, նշանակում է՝ արտասահմանյան բուհերի ցանկը կրճատել ու 25-ից հասցնել 10-ի: Ըստ ամենայնի, դա պիտի որ համարվեր հետընթաց, բայց արի ու տես, որ, ըստ հիմնադրամի կրթական ծրագրի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անահիտ Էվոյանի՝ դա առաջընթաց է, քանի որ «Լույսը» պահանջում է, որ մեր երիտասարդներն ընդունվեն աշխարհի լավագույն տա՛սը համալսարաններից մեկը և ոչ թե նախկինում որոշված քսանհինգը: Դե ի՞նչ. մեր ուսանողներին մնում է աղոթել, որ նշաձողի դիրքը գոնե այս մակարդակի վրա պահեն, քանի որ եթե մի քիչ էլ բարձրացնեն՝ զտելով աշխարհի լավագույն համալսարաններից այդ 10-ն էլ, արդյունքում կմնա 1-2 համալսարան ու, լավագույն դեպքում, այդքան էլ ուսանող:

Բանից դուրս կգա, որ «Լույսի անձնակազմը», իր ողջ ծախսերով ու աստղաբաշխական թվերի հասնող աշխատավարձերով, գնալով աջակցում է ավելի ու ավելի քիչ ուսանողների: Չորս տարում նա (կիսով չափ) ֆինանսավորել է 170 ուսանողի: Տեսնես համաձա՞յն են պարոն վարչապետը, տիկ. Կարաասլանյանն ու լուսակից պաշտոնական այլ անձինք, որ այսօր այդ թվի վերջում գոնե մի զրո ավել պիտի լիներ:

Այսօր մի հայացքից էլ պարզ է` «Լույսը» ոչ թե առատ լուսավորում, այլ թեթև առկայծում է, այն էլ…

Այսօրվա պես հիշում եմ 2009-ին ԵՊՀ-ում տեղի ունեցած՝ համալսարանականների երկար սպասած հանդիպումը «Լույս» հիմնադրամի նորընտիր տնօրեն Ժակլին Կարաասլանյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Երկար սպասված, քանի որ Ժ. Կարաասլանյանը «ընտրվել էր» ամիսներ առաջ, և դեռ այն ժամանակ ասվեց, որ նա արդեն «իրերն է կապում», որպեսզի ԱՄՆ-ից գա ու ստանձնի այդ բավական պատասխանատու գործը:
Շատ երկար սպասեցինք այդ առանձնահատուկ անձնավորության գալստյանը: Փաստորեն, չորս ամիս շարունակ իրեր կապելն արդարացուցիչ հանգամանք էր, որ հակադարձվեր ուսանողների այն հարցը, թե ինչու սայլը տեղից չի շարժվում:

Ինչևէ, սկզբում վարչապետը ներկայացրեց «Լույսը»` որպես հիմնադրամ, որն ստեղծվել է աշխարհի առաջատար բուհերում սովորող հայ ուսանողներին կրթաթոշակով ապահովելու նպատակով, իսկ հետո` հիմնադրամի բաղադրիչները` գիտություն, կրթություն և, որքան էլ զարմանալի լինի, մշակույթ: Բաղադրիչների մեջ մտցնելով մշակույթ բառը, որն ի սկզբանե չէր եղել, նա մեկ գնդակով որսաց երկու նապաստակ` մեկ՝ արդարացրեց հիմնադրամի փողերով կայացրած երկու համերգները, որոնք, ի դեպ, այդ չորս (իրեր կապելու) ամիսների ընթացքում կատարած միակ գործն էին, երկու՝ հող ստեղծեց հետագայում կայանալիք նմանատիպ միջոցառումների համար, որոնց վրա ծախսված փողերը հնարավոր չէ հաշվել:

Այնուհետև պրն. վարչապետը ներկայացրեց տիկ. Կարաասլանյանին` «օժտելով» նրան այն զարմանահրաշ գծերով, որոնցով ռոմանտիզմի շրջանի հայտնի գրողը կօժտեր իր կերտած դրական հերոսուհուն, ապա հռետորական հարց ուղղեց իրեն ու դահլիճին՝ ի՜նչ կանեինք մենք հիմա, եթե չգտնեինք տիկ. Կարաասլանյանին և ի՜նչ կլիներ հիմնադրամի վիճակը, եթե տիկինը հանկարծ հրաժարվեր գալ Հայաստան: Վարչապետը՝ իր իսկ խոսքից ազդված, ընկել էր ծայրահեղության մեջ ու մի պահ մոռացել, որ հանդիպումը ոչ թե մանկապարտեզի ավագ խմբի սաների հետ է, այլ Երևանի պետական համալսարանի ուսանողների:

Այնուհետև խոսեց տիկ. Կարաասլանյանը` անհասկանալի հայերենով ասելով նախադասություններ, որոնց ավարտից հետո ուսանողները ներողամիտ ժպիտով իրար սկսեցին նայել: Տնօրենին ներկայացնող-ընտրողները, մինչ նրա ժամանումը, գրում էին, որ նա ազատ տիրապետում է մի քանի լեզուների, և այդ լեզուների ցանկը սկսվում էր հայերենից: Շատերս զարմացանք, բայց ներքուստ հույս փայփայեցինք, որ մնացած անզուգական գիտելիքներին ու իմացություններին, որոնց շնորհիվ, ինչպես վարչապետը նշեց, նա, բացարձակ առավելություն ունենալով մյուս թեկնածուների հանդեպ,  ընտրվել էր միաձայն, ավելի լավ է տիրապետում: Տիկ. Կարաասլանյանը, ներկայացնելով իրեն, ասաց, որ ինքն աշխատել է Ֆրանսիայում` հայտնի գիտնականների հետ, այնուհետև` Բոստոնում, էլի՝ հայտնի գիտնականների հետ, և, ընդհանրապես, ինքն աշխատել է շատ հայտնի գիտնականների հետ… բայց այդպես էլ անհասկանալի մնաց էականը` որպես ի՞նչ է աշխատել նա այդ գիտնականների հետ: (Ակամա հիշեցի հայտնի ներկայացման այն հատվածը, երբ Կարպ Խաչվանքյանն ասում էր, թե բոլոր մինիստրներն իր առաջ գլխարկ են հանում, քանի որ ինքն աշխատում է հանդերձարանում):

Դե, ինչ… տիկ. Կարաասլանյանին հրավիրել էին, նա էլ եկել էր` գուցե իրո՞ք աշխատելու մեծ պատրաստակամությամբ (թեև, ինչպես ցույց տվեց կյանքը, նաև, մեղմ ասած, աշխատելու չափազանց համեստ ձիրքով), ամերիկյան ջերմ ժպիտով` հավանաբար չմտածելով անգամ այն հարցի շուրջ, թե այդ ինչ տարօրինակ արժեհամակարգ է գործում Հայաստանում, ըստ որի՝ հայտնի գիտնականի հետ աշխատած լինելն ավելի հարգի է հայտնի գիտնական լինելուց: Չմտածելով հավանաբար, թե ինչու դահլիճի այս ու այն կողմից հնչում է Արթուր Իշխանյան անունը և ինչու վարչապետը նյարդայնանում է այդ անունը լսելիս. կամ կոպտորեն ընդհատում է հարց հնչեցնողին կամ, հումորի տալով, սահուն անցում կատարում:

Այս ամենից, նաև իր գործից (և՛ այն ժամանակ, և՛ այժմ) անտեղյակ Ժակլին Կարաասլանյանն ի՞նչ իմանա, որ հայրենիքում բարոյական չափանիշները մեծ փոփոխություն են կրել այն բանից հետո, երբ Վռամշապուհն ընդունեց Մեսրոպ Մաշտոցին, ով վերադարձել էր, իր ստեղծածի շնորհիվ, հայրենիքում լույս տարածելու… և ինչպե՜ս էին արքաները մեծարում նրանց, ովքեր լույս էին տարածում: Հիմա Հայաստանում «արքաները» յուրացնում են ուրիշի մտքերը, բարձր ճակատով ներկայացնում դրանք` որպես իրենցը և սաստում արդարությունից խոսել ցանկացողներին:
Տիկ. Կարաասլանյանին շատ բան չհետաքրքրեց, բայց լրագրողները շա՜տ հետաքրքրասեր մարդիկ են…

Դե քանի որ այս պահին ազատ ենք վարչապետի հսկողությունից, անցել են տարիներ, որոնք, ցավոք, չեն ողողվել առատ լույսով, այլ գնալով տանում են դեպ խավար, փորձենք պարզել, թե ով է Արթուր Իշխանյանը: Ինտերնետ կոչվող հրաշքի շնորհիվ դժվար չէ անմիջապես պարզել, որ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզ.-մաթ. գիտ. դոկտոր Արթուր Իշխանյանն այն մարդն է, ում մտահղացումն է «Լույսը»: Ում-ում, բայց պրն. վարչապետին պիտի որ քաջ հայտնի լիներ, թե նա ինչ մեծ աշխատանք է տարել այս ուղղությամբ: Իսկ երբ ամեն ինչ արված էր, հնչեց` «նախագահի բարձր հովանու ներքո»-ն… և արգելվեց կողք-կողքի  արտասանել Արթուր Իշխանյան և «Լույս» անունները:

Մարդկանց հնարավոր է արգելել՝ ունենալ հիշողություն, իշխանավորներին հայտնի հազար ու մի ձևեր բանեցնելով՝ հնարավոր է սաստել այս կամ այն թեմայի բարձրաձայնումը, բայց, բարեբախտաբար, մենք ապրում ենք լուսավոր դարում, որտեղ կա ինտերնետ՝ շատ սուր հիշողությամբ… փորփրիր ու անցիր 2009-ից առաջ, ու շատ-շատ մութ հարցեր կլուսավորվեն:

Այժմ փորձենք պատասխանել վարչապետի հարցին, թե ինչ կլիներ, եթե «սխալ ընտրություն» կայացվեր կամ տիկ. Կարաասլանյանը, ունենալով ավելի լավ առաջարկ, հրաժարվեր գալ Հայաստան, ու հանկարծ «Լույսի» տնօրենի պաշտոնում ընտրվեր թեկնածուներից մեկ ուրիշը, օրինակ, հենց թեկուզ մտքի հեղինակը՝ Ա. Իշխանյանը.

1. Այն հարցերին, որոնց հանդիպման ժամանակ տրվեցին կցկտուր, անորոշ ու անհասկանալի  պատասխաններ (իսկ համարյա բոլոր հարցերն էին արժանանում նման բախտի) կտրվեին հստակ ու կոնկրետ պատասխաններ:

2. Աշխատանքին չէր տրվի կրիայի ընթացք, այլ` արագություն ու եռանդ: Այսօր մենք չէինք պարծենա, որ «Լույսի» շնորհիվ արտասահմանում սովորել են 170 ուսանողներ, այլ կխոսեինք հազարներից:

3. Վարչապետը փշերի վրա չէր լինի, քանի որ այս դեպքում կեղծիք էլ չէր լինի, և ուսանողները կհավատային արդար ու թափանցիկ  բառերին, որոնք ինչքան շատ կրկնվեցին, այնքան քիչ  հավատ ներշնչեցին:

4. Բաղադրիչներից կհանվեր «մշակույթը», որը ոչ այլ ինչ է, եթե ոչ հիմնադրամի փողերի անհայտ ուղղությամբ հոսքի միջոց:
Եվ վերջապես ամենակարևորը`

5. Այն հարցերի պատասխանները, թե արդյոք ուղեղների արտահոսք չի՞ լինի և սովորելու մեկնած ուսանողները կվերադառնա՞ն… ուսանողներն իրենց աչքով կտեսնեին, որ նա, ով ծրագիր է առաջ քաշում, տարիներով նվիրվում իր մտահղացած գործին, ուսանողների հետ միասին հիմնադրույթներ մշակում` ամենայն մանրամասնությամբ, ով ճանաչված գիտնական է, ավելի հուսալի է, քան նա, ով ներկայանում է՝ գործից անտեղյակ, իսկ տարիները ամենևին չեն նպաստում՝ կայանալու ստանձնած պատասխանատու գործի մեջ:

Հետևաբար, արտասահման մեկնող ուսանողը երկընտրանքի առաջ չէր կանգնի՝ մտածելով՝ մնալ ու աշխատել արտասահմանո՞ւմ, որտեղ գիտնականը ունի և՛ արժանի հարգանք, և՛ արժանի վաստակ, թե՞ վերադառնա՞լ հայրենիք, որտեղ հայտնի գիտնականի հետ աշխատելն ավելի հարգի է հայտնի գիտնական լինելուց, որտեղ հայտնի գիտնականի հետ աշխատած լինելը բավարար պայման է՝ վաստակելու տասնապատիկ ավելի, քան վաստակում է հայտնի գիտնականը, որտեղ «արժեհամակարգի» այնպիսի խեղում է, որ ցավով կարելի է անվանել ծաղր:

ՄԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ