Գլխավոր » Մոսկվան բացահայտել է, թե ով է սկսելու Ղարաբաղի պատերազմը
Մոսկվան բացահայտել է, թե ով է սկսելու Ղարաբաղի պատերազմը
13:14

Ռուս հայտնի քաղաքագետ, ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարցերի խորհրդի անդամ Մաքսիմ Շևչենկոն Vesti.Az-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան պատերազմի վերսկսման հավանականությանը:

«ՀԱՊԿ-ի իրավասությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա: Լեռնային Ղարաբաղի տարածքում հնարավոր ռազմական գործողությունները չեն համարվում Հայաստանի տարածքում ռազմական գործողություններ: Ռուսաստանը ոչ մի կերպ չի արձագանքի դրան, քանի որ ԼՂՀ-ը դե-յուրե չճանաչված պետություն է: Ղարաբաղում նոր պատերազմի հավանականությունը գոյություն ունի մշտապես: Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը շատ ուժեղ կապված է Իրանի շուրջ առկա իրավիճակին: Եթե բարելավվի Իրանի շուրջ իրավիճակը, և Օբաման շարունակի պայմանավորվածության գալ Թեհրանի հետ, ապա Ղարաբաղում նոր պատերազմի սկսվելում շահագրգռված անձինք կարող են տապալել այդ պայմանավորվածությունները: Ղարաբաղն այն կետերից մեկն է, որն անհրաժեշտ է Վաշինգտոնի ու Իրանի միջև մերձեցման գործընթացը տապալելու համար», ասել է նա:


Հայտնի է, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի մերձեցման գործընթացը, քաղաքական եւ տնտեսական համագործակցության հավանականությունն առաջին հերթին հարվածում է Ռուսաստանի շահերին: Բանն այն է, որ եթե Արեւմուտքն ու Իրանը պայմանավորվեն մասնավորապես էներգետիկ խնդիրների հարցում, ապա Ռուսաստանը կարող է կորցնել համաշխարհային քաղաքականության մեջ մնալու իր միակ փաստարկը՝ նավթը եւ գազը: Իսկ դա հարվածելու է ոչ միայն նավթագազային ասեղի վրա նստած Ռուսաստանի սոցիալ-տնտեսական բարդացող իրավիճակին, այլեւ՝ քաղաքական համակարգին:


ԱՄՆ-Իրան մերձեցմանն ամեն կերպ փորձում են խոչընդոտել նաեւ Ադրբեջանն ու Թուրքիան:  Այդ գործընթացը Թուրքիային դնելու է քաղաքական ու տնտեսական առավել մեծ մեկուսացման մեջ, Թուրքիան կորցնելու է իր դիրքերը տարածաշրջանում: Իսկ Ադրբեջանի պարագայում, իրավիճակը սպառնում է ոչ միայն էներգետիկ նախագծերին, այլեւ այդ պետության գոյությանն ընդհանրապես:


Այս երեք պետություններին էլ աջակցում է Իսրայելը՝ իր լոբբիստական եւ այլ հնարավորություններով:

Այս մասին շատ է խոսվում ոչ միայն հայկական ու միջազգային մամուլում, այլեւ հենց Ռուսաստանի քաղաքական-լրագրողական շրջանակներում: Արեւմուտք-Իրան մերձեցման տապալման հարցում նկատելի է, որ Մոսկվան, Բաքուն եւ Անկարան ունեն համատեղ շահեր եւ փորձեր են կատարում համատեղել ջանքերը: Այդ փորձերից մեկը կարող է լինել Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, ինչպես արդարացի նշում է Շեւչենկոն, սակայն չմանրամասնելով «շահագրգռված անձանց» շրջանակը: Մոսկվան, ինչպես Շեւչենկոն է ասում, չի միջամտի այդ պատերազմին, սակայն ամեն ինչ կանի իր զորքը Ղարաբաղ, մասնավորապես Իրանի սահման, մտցնելու համար: Ռուսաստանն այդ նպատակով զինում է Ադրբեջանին, նաեւ ռազմական մասնագետներ պատրաստում: Նույնն է անում նաեւ Թուրքիան:


«Սեւ գործը» փորձ է արվելու անել Ադրբեջանի ձեռքով: Որից հետո, տարածաշրջան կմտնեն «ռուսական ազատարար» զորքերը:

Հայաստանին Մաքսային միություն մտցնելու գլխավոր պատճառներից մեկը Իրանին մեկուսացնելու փորձն է, կտրելով նրա հավանական ճանապարհները: Դրա համար պետք է մշտապես լարվածության մեջ պահել Ղարաբաղի շուրջ իրավիճակը, որպեսզի Իրանի հետ սահմանային բավական երկար գոտին հայերի վերահսկողությունից անցնի ռուսական բանակի հսկողության տակ: Ռուսաստանը այդ սահմանին սեփական զորքի տեղակայումն «օրինականացնելու» համար ունի Ադրբեջանի կարիքը:


Թերեւս սրանով կարելի է բացատրել Ադրբեջանի վերջին շրջանի ագրեսիվ պահվածքը շփման գծի ողջ երկայնքով: Ադրբեջանը վաղուց է վերսկսել պատերազմը, «սողացող դիվերսիաների» մեթոդով, սակայն ինչ ինչ հանգամանքներ նրան հետ են պահում լայնածավալ պատերազմից: Գուցե Արեւմուտքը, գուցե մեկուսացման սպառնալիքը, իսկ գուցե նաեւ՝ պարտության հեռանկարը:


Այդ պատերազմում հայերը կհաղթեն, անկասկած: Քանի որ հայերի հաղթանակն այդ պատերազմում լինելու է ժամանակակից աշխարհի հաղթանակը, այն համահունչ է լինելու նոր աշխարհի զարգացումների տրամաբանությանը:


 ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/94215


Որոնում

Օրացույց

«  Հունվար 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ