Գլխավոր » ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
10:56
Արցախի Հանրապետությունում ավելի քան մեկ տարի է, ինչ գործում է «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքը։ Այդ օրենքի նպատակասլաց կիրարկումը կարևոր դեր կարող է կատարել մեր ազգային արժեքների պահպանման, մատուցման և արմատավորման գործում։

Օրենքի գործողության ոլորտներն են.
1) բանահյուսություն (լեզուն, բարբառները, խոսվածքները, բանավոր ավանդության բոլոր ձևերը և տեսակները,
2) ժողովրդական երաժշտարվեստ (ժողովրդական երգարվեստն իր տեսակներով, ժողովրդական նվագարանային երաժշտությունն  իր տեսակներով,
3) ժողովրդական պարարվեստն իր տեսակներով,
4) ժողովրդական թատերախաղերը իրենց տեսակներով,
5) ժողովրդական  տոներ,
6) մարդու կյանքի շրջափուլերի (ծնունդ, հասունություն, ամուսնություն, մահ) հետ կապված ժողովրդական սովորույթներ,
7) հասարակական,  ազգակցական,  ընտանեկան հարաբերությունների հետ կապված սովորույթներ,
8) ազգային հավատալիքներ  ու սովորույթներ,
9) ժողովրդական կենցաղն իր դրսևորման տարբեր ձևերով,
10) տնտեսական կյանքի հետ կապված հմտություններ (երկրագործություն, անասնապահություն, ձկնորսություն, որսորդություն, առևտուր և այլն),
11) բնության վերաբերյալ պատկերացումներ և գիտելիքներ,
12) ազգային խոհանոց,
13) ազգային խաղեր.
14) ավանդական արհեստների հետ կապված հմտություններ և գիտելիքներ (ժողովրդական արհեստները և դրանց հետ կապված հմտությունները, ազգային տարազը, ժողովրդական ճարտարապետությունը, բնակարանը և կահկարասին)։

Իհարկե, հնարավոր չէ մի փոքր հոդվածի միջոցով անդրադառնալ օրենքի գործունեության բոլոր ոլորտներին։ Ուստի, ընտրենք միայն ազգային ավանդույթները և սովորույթները։
Հայտնի է, որ սովորույթների և ավանդույթների համակարգի միջոցով յուրաքանչյուր ժողովուրդ վերարտադրում է իրեն, իր մշակույթը, բնավորությունը, սերունդների հոգեբանությունը։ Որևէ ազգի, նրա մշակույթի մասին խոսելիս պետք է նախ և առաջ հաշվի առնել ազգային սովորությունները և ավանդույթները, որոնք անպայման անդրադարձվում են ժողովրդական ստեղծագործություններում։

Ավանդույթների միջոցով է հասարակական հարաբերություններում ծնվում ազգային գաղափարախոսությունը և բարքերը։ Դրանք նոր սերնդի մեջ այն հատկությունների վերարտադրության գործընթացներն են, որոնք հղկվել են պատմության ընթացքում, տվյալ ժողովրդի կողմից, ըստ ավանդական մշակույթի պահանջների։ Ավանդույթներն ուսուցողական և դաստիարակչական դեր ունեն, և դրանց վերջնական նպատակը հաջորդ սերունդներին այն հունով տանելն է, որով զարգացել է տվյալ ժողովրդի ավագ սերունդը։

Ի տարբերություն ավանդույթների, սովորույթը որոշակի իրավիճակում միշտ որոշակի պահանջ է ներկայացնում մարդու հոգևոր հատկությունների նկատմամբ։ Սովորույթը մանրամասն ազդարարում է  ինչր կարելի է և ինչր չի կարելի անել, թեև. չի մանրամասնում, թե ինչպես պետք է անել։ Սովորույթը սերունդների վարքի ուղղորդումն է կոնկրետ իրավիճակում՝ գործողությունների մանրամասն կանոնակարգումով։

Սովորույթները և ավանդույթները հիմնականում ունեն երկու գործառույթ՝ ա) հասարակական հարաբերությունների կայունացման միջոց են, բ) իրականացնում են հարաբերությունների վերարտադրությունը նոր սերնդի կյանքում։
Չնայած իրենց տարբերություններին, սովորույթները և ավանդույթները կատարում են ընդհանուր՝ հասարակական հարաբերությունների կայունացման և վերարտադրության դեր։ Երկուսն էլ ներկայացնում են «սոցիալական ժառանգության» սերունդների հաղորդականության մեխանիզմներ։ Նրանք իրենց այդ գործառույթն իրականացնում են տարբեր ճանապարհներով և միջոցներով։

Այսքան երկար նախաբանից հետո ներկայացնենք ամուսնության, հարսանյաց ավանդույթները և սովորույթները Արցախ աշխարհի Վարանդա գավառում, որն ավելի քան մեր դար առաջ, հայ ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանը տպագվել է «Ազգագրական հանդեսում»։


Օրօրոցի նշանադրություն

Անցյալում շատ հաճախ, իսկ այժմ շատ սակավ է պատահում օրօրոցի նշանադրություն, որ տեղական բարբառով «օրօրոցախազ»  է կոչվում։  Միմյանց համակրող գերդաստաններ և կամ մի ընտանիք ցանկանալով միմյանց և կամ մի «հալալ-ծիծ կերած» օջախի հետ շուտ բարեկամանալ, ուխտում են միմյանց տալ իրենց սպասելիք որդիրները, եթե նրանք տարբեր սեռի լինին և կամ, եթե մինը արդեն արու զավակ ունի, խոստանում է նշանադրել նրան մյուսի սպասած աղջկա հետ։ Շատ անգամ պաատահում է, որ այս ցանկությունը ծագում է ծնողների մեջ, երբ տղան արդեն մի քանի տարեկան, իսկ աղջիկը մի քանի օրական է լինում։ Այս ժամանակ տղայի հայրը խազում է աղջկա օրօրոցը և կամ եռագույն մի թել կապում օրօրոցի լծից և այդպիսով նշանադրում այդ երկու փոքրիկներին։

Երբեմն էլ պատահում է, որ փոքրիկ տղաները համակրանք են ցույց տալիս դեպի փոքրիկ աղջիկները և սրանց հայրերը խոստանում են պսակել նրանց, երբ մեծանան։
Այս խոստումից հետո այդ փոքրիկները նշանված են համարվում և տղան պարտադրվում է իր մրգից միշտ բաժին հանել իր փոքրիկ նշանածին։
Անցյալում շատ էր պատահում, որ փոքրիկ մշանածները հրաժարվում են իրենց ծնողների խոստումը  կատարելուց։ Եվ մինչև անգամ եթե ծնողներից մեկը ցանկանար հետ կանգնել իր խոստումից, մյուսը կարողացածին չափ կստիպեր և կնախատեր նրան։

Երբ այդ փոքրիկ նշանած աղջիկը մեռնում էր, հաճախ պատահում էր, որ տղան նրա քրոջ հետ էր ամուսնանում, իսկ եթե տղան էր մեռնում, սրա եղբայրն էր ամուսնանում աղջկա հետ։
Շատ անգամ պատահել է, որ հիվանդության, ընտանիքի դժբախտություն և այլ պատճառներով՝ այսպիսի նշանադրությունները լուծվել են։ Շատ անգամ էլ նշանվածները միմյանց անհամապատասխան լինելով՝ փոխադարձաբար թշվառացրել են միմյանց։


Շալակի նշանադրություն

Երբ երիտասարդը սիրահարված է և ուզում է խնդրել աղջկա ձեռքը, բայց ամաչում է, լուռ ու մունջ և գաղտագողի  «շալակ» է տանում։ Վերցնում է մի քթոց թարմ պտուղներ, խաղող, տանձ, խնձոր, վարունգ և կամ մի կապոց չոր միրգ և գիշերը տանում նշանածի դռանը կամ դրսում քնած տղամարդու գլխի վերևը դնում։  Մի քանի անգամ այս կրկնելուց հետ՝ աղջկա ազգականներից մեկի միջոցով հայտնում է, թե շալակ տանողը ինքն է։ Եթե աղջկա ծնողները համաձայնում են իրենց աղջիկը տալու, շալակի քթոցի մեջ դնում են մի «խոնչա»  և մի եփած ձու, մի քանի ձու, մի քանի գթալ և մի զույգ գուլպա և ուղարկում տղային, ով աշխատում էր հանդում։ Այս լուռ ծիսակատարությունից հետո աղջիկն ու տղան նշանված են համարվում։


Բարգեահ կամ Ծաղկազարդին նշանադրություն

Ծաղկազարդին եկեղեցում, նախապես առնելով աղջկա ծնողների համաձայնությունը, տղայի մայրը կամ մի մոտիկ ազգական կին Ծաղկազարդի ծառի վրա վառվող մոմերից վառելով մի խաչաձև մոմ, որի վրա երբեմն մի արծաթե մատանի է անցակցրած լինում, տանում և լռելյայն տալիս է իր ուզած աղջկա ձեռքը, և կամ նրան մոտեցնելով ծառին, ձգում է գլխին մի կարմիր չարղաթ։ Այնուհետև այդ աղջիկը նշանված է համարվում։


Օջախի պսակ

Գրեթե ամեն մի գյուղում կա մի կամ երկու օջախ, որ սրբատեղի է համարվում. Եկեղեցի չեղած գյուղում պսակի խորհուրդը թոնրի և կամ այսպիսի օջախների վրա է կատարվում։ Այսպես մինչև 1882 թ. Խերխան գյուղում պսակը Փարամազենց  օջախի վրա է կատարվել, որովհետև գյուղում եկեղեցի չի եղել։ Սխտորաշենում պսակը Սահակ քեոխանց (տանուտեր) և Շվերդունց օջախների վրա էին կատարում։ Բացի դրանից, միշտ և բոլոր գյուղերում նորապսակները եկեղեցուց  դուրս գալուց հետո անպատճատ բոլոր հանդիսականների  ընկերակցությամբ և դհոլ-զուռնի առաջնորդությամբ գնում են այդ օջախները համբուրում և ապա գնում իրենց տուն։

Կիրակի և տոն օրերն էլ շատ կանայք գնում ուխտ են անում այդ օջախների վրա։ Սրանք սովորական հողաշեն օջախներից ոչնչով չեն տարբերվում. տնեցիները այն սովորական ձևով գործածում են, մոտը մի մոմակալ և մի խնկաման են դնում, որ ուխտավորները կարողանան իրենց բերած մոմը վառել և խունկը ծխել։
Սովորաբար նման  օջախները պատկանում էին գյուղի հիմնադիրներին, և կամ գյուղի մեջ մեծ  ազդեցություն ունեցող մարդկանց։


Թոնրի պսակ

Շատ տարիներ առաջ գործադրվում էր թոնրի պսակը. Սա գլխավորապես  տեղի էր ունենում. 1. Երբ գյուղում եկեղեցի չէր լինում, 2. Երբ եկեղեցում ննջեցյալ է լինում, 3. Երբ ամուսնացողները այրիներ էին, 4. Երբ չհասություն կար, 5. Երբ հարսնացուն բարոյական կյանք չէր ունեցել։
Ժողովուրդը սուրբ էր համարում թոնիրը։ Գրեթե բոլոր գյուղերում թոնիր շինելիս կանչում են քահանային, որ օրհնում է թոնիրը և մի քանի տեղ մյուռոն քսում։

Թոնրի պսակին թոնրի վրա շուրջանակի մոմեր են վառում։ Հարս ու փեսան գալիս երեք անգամ պտտվում են թոնրի շուրջը և կանգնում նրա արևմտյան կողմը, երեսները դեպի արևելք դարձած։ Ապա չոքում և երեք անգամ համբուրում են թոնիրը։ Այնուհետև քահանան կատարում է պսակադրությունը և նորապսակները կրկին համբուրելով թոնիրը, վերադառնում են։ Շատ անգամ մինչև թոնրատնից դուրս գալը հետ հետ գնալով՝ որպեսզի մեջքերը չդարձնեն դեպի թոնիրը, մեղք համարելով այդ։


Առևանգմամբ ամուսնություն

Պատահում է, երբ մի երիտասարդի մերժում են տալ իր սիրած աղջկան, որի պատճառը սովորաբար երիտասարդի ստորին գերդաստանից, կամ աղքատ լինելն է լինում։ Վերջինս հավաքելով իր մի քանի մտերիմ ընկերների՝ փախցնում է աղջկան։ Շատ անգամ առնելով  աղջկա համաձայնությունը և ժամադիր լինելով նրա հետ, երիտասարդը ձիու գավակն էր առնում աղջկան, որը իր հետ առած է լինում իր բոլոր զարդերը, և փախչում։

Եթե աղջկա ծնողները շուտ են իմանում այս, իսկույն մի քանի ձիավորներ հետևում են նրանց և եթե հասնում են, տեղի է ունենում կատաղի կռիվ, որի ընթացքում երբեմն  մարդիկ էլ են սպանվում։ Եթե չեն կարողանում  աղջիկը հետ խլել, տղան տանում է նրան մի ուրիշ գյուղ՝ իր բարեկամի տուն։ Անմիջապես աղջկա հայրը հայտնում է աշխարհիկ և հոգևոր իշխանություններին, որոնք աղջկան կանչում հարցաքննում են։ Եթե աղջիկը խոստովանում է, որ իր ազատ կամքով է փախել երիտասարդի հետ, նրանց թույլ են տալիս պսակելու, իսկ եթե ոչ, բաժանում են նրանց, աղջկան վերադարձնում հորը, իսկ տղային պատժում պետական օրենքներով։

Երբեմն պատահում է, որ երիտասարդը փախցնում է աղջկան, առանց նրա համաձայնությունը առնելու. Այսպիսի դեպքերում հազիվ է պատահում, որ աղջիկը չզիջեր երիտասարդի և նրա բարեկամների աղաչանքներին՝ հայտնելու թե իր կամքովն է փախել։ Փախցրած և վերադարձված աղջիկը հասարակության մեջ հարգանք չվայելելով՝  թշվառ աղջիկները նույնիսկ ակամայից համաձայնում են ամուսնանալու փախցնողի հետ։


Աղջիկ ուզել

Հարսնացուի ընտրության խնդրում երիտասարդը շատ փոքր ձայն ուներ։ Դա առավելապես պատկանում էր մորը և հորը։ Շատ հազիվ էր պատահում, որ մի երիտասարդ ամուսնանա իր ծնողների չուզած աղջկա հետ, մինչդեռ աղջիկները ավելի հաճախ փախչում են սիրելիների հետ, եթե իրենց ծնողները հակառակ են լինում իրենց միությանը։ Սրա պատճառն այն է, որ երիտասարդները առանձին, ինքնուրույն կյանք չունենալով և տնտեսապես կախված լինելով հորից, չեն վստահանում նրա կամքին հակառակ գնալու։ Աղջիկը  առնել փախցնելուց հետո, նրանք հազիվ կարողանում են մի ամիս անցկացնել  այս կամ այն բարեկամի տանը, այնուհետև կամա ակամա ստիպված են վերադառնալ իրենց տուն, որովհետև սեփական հող, դրամագլուխ չունին և բանվորական կյանքն էլ, մանավանդ ձմեռը, գոյություն չուներ Վարանդայում։

Այսպես, ուրեմն, երբ ծնողները ընտրում են մի աղջիկ, առավելապես նրա ընտանիքի և մանավանդ մոր բարոյական հատկությունները նկատի առնելով, մի կնոջ ուղարկում են աղջկա մոր մոտ խնամախոսության։ Այս կինը գովելով երիտասարդի ընտանքիը, օջախը, և երիտասարդի աշխատասիրությունն ու կտրիճությունը, «կատարյալ ու քաջ տղա է»,- առաջարկում է տալ իր աղջկան նրան։
Աղջկա մայրը ժամանակ է խնդրում ամուսնու և մանավանդ իր եղբոր հետ խորհրդակցելու, միանգամայն խոստանալով աշխատել հաջողացնելու։
Մի քանի օրից աղջկա մայրը հայտնում է իր համաձայնությունը և կամ մերժում։

Համաձայնած դեպքում ամուսնացող երիտասարդը իր եղբոր կնոջ հետ, առնելով մի հասարակ մատանի, գնում է աղջկա տունը։ Փոքր ինչ խոսակցություններից հետո աղջիկը, իր երեսը քողով ծածկած, թեյ է բերում։ Երիտասարդի հետ եկած կինը աշխատում է բանալ աղջկա երեսը և տեսնել նրա գեղեցկությունը, ապա համբուրում է ճակատը և բերած մատանին դնում մատը։ Այս ծեսը տեղական բարբառով «բեհ (առհավատչյա) տանել» է կոչվում։ Հետո ընթրիք են տալիս ու մի զույգ գուլպա նվիրում փոսացուին ու կնոջը, որոնք որոշելով նշանադրության օրը՝ վերադառնում են տուն։
Նշանադրությունը գլխավորապես տեղի է ունենում մեծ պասին, իսկ հարսանիքը Նավասարդից մինչև մեծ պաս և առավելապես  Բարեկենդանին։

Հարսանիքի պատրաստությունը սկսվում է չորեքշաբթի՝  տղայի, իսկ հինգշաբթի՝ աղջկա տանը։ Հարսանիքը իսկապես տևում է յոթ օր, չորեքշաբթի օրից մինչև երեքշաբթի, միայն բուն հարսանիքը կատարվում է երեք օրվա ընթացքում, ուրբաթ, շաբաթ, կիրակի։ Այս իրերն անելու գլխավոր պատճառն այն է, որ նախ ուրբաթ օրը պասի կերակուրներ մատուցանելով, ավելի քիչ կծախսեն և երկրորդ՝ կանչը կընկնի կիրակի օրը, երբ գյուղացիները բոլորովին ազատ  լինելով՝ ավելի մեծ թվով կհավաքվին։

Իհարկե,  21-րդ դարում հնարավոր չէ վերը նշված սովորույթները ամբողջությամբ կիրառելը, բայց ընդհանուր ոգին, ամուսնության նկատմամբ լրջությունը, և վերջապես՝ հայկականությունը, խիստ ընդօրինակելի է։   

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ