Գլխավոր » ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԵՐԵՎԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԵՐԵՎԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
21:44
Տարեդարձը նաև յուրօրինակ հաշվետվություն է՝ անցյալի, ծրագիր՝ ապագայի համար: Անկեղծ զարմանում եմ, թե ինչպես էին մեր հոգևոր և պետական այրերը գոհ դեմքերով վայելում Երևանի ծննդյան երեկոն, երբ ամեն քայլափոխի կարելի է նշել Երևանի ոչ թե ծնունդը, այլ՝ մահը: Իսկապես՝ ինչպե՞ս կարելի է հիշատակել Էրեբունու կամ Այրարատյան թագավորների անունները, երբ անտերանոցի է մատնված Էրեբունի բերդաքաղաքը, երբ Կարմիր բլուրում հնագիտական արժեքների փոխարեն կարելի է տեսնել միայն մետլախի, կոտրտված զուգարանակոնքերի, թիթեղների և այլ առարկաների կտորտանքներ. հիանալի փաստ թուրքերի համար, որոնք ձգտում են օտարել մեզնից Այրարատյան մշակույթը:

Ինչպե՞ս կարելի է ուրախանալ, երբ քաղաքի ճարտարապետական դիմագիծը վաղուց որոշում են ոչ թե ճարտարապետները, այլ՝ փողը. ինչքան շատ, այնքան շենքդ բարձր ու ծավալուն, երբ ամեն քայլափոխի հանդիպող շենքի հիմքում տեսնում ես ճարտարապետի բռնաբարված հոգին, իսկ եթե սեփական կամոք են կառուցել՝ ապա ուղղակի պետք է դիպլոմը վերցնել վերջինիս ձեռքից և շպրտել աղբանոց, իսկ վերջինիս դատել: Իբր պահպանված հին ճակատային պատի վրա ապակեպատ շինությունները նման են այն բանին, որ կարող ես մարդու վիզը կտրել, բայց որպեսզի պահպանես վերջինիս դեմքը, գանգը վզիցդ կախես ու կանգնես: 

Ինչպե՞ս կարելի է ուրախանալ, երբ ամեն ազատ անկյուն, անգամ մանկական խաղահրապարակները կառուցապատվում են. այցելեք Նալբանդյան-Սայաթ-Նովա-Հանրապետության-Թումանյան փողոցներով պարփակված շենքերի բակ, այնտեղ իսկական ոճրագործություն է տեղի ունենում մեր մանուկների հանդեպ: Ինչ է՝ անհնա՞ր էր պահպանել հինը, տարա՞ծք չկար նոր քաղաքի համար: Տեսեք Թուֆենկյան հիմնադրամի կառուցապատումը Վարդանանց փողոցի վրա. մասնագետ չլինելով էլ կարելի է զգալ և՛ շքեղությունը, և՛ հին երևանյան ոճը: Նույնը կարելի է ասել ՀՀԿ շենքի շարունակության մասին՝ Մելիք-Ադամյան փողոցում: 

Դուրս գանք Երևանից՝ շատ կողմերով կիսաամայի տարածքներ, կառուցենք ինչքան ուզում ենք: Բայց՝ ոչ: Պետք է անխնա բռնաբարել հինը, նորը խցկել հնի դիակի վրա: Պետք է առաջին հանրապետության կառավարության շենքը թանգարանի փոխարեն չալաղաջնոցի վերածել, քանի որ փողոտ գործ է: Մասնագետ պետք չի լինել՝ ցույց տալու համար, որ, օրինակ, մի քանի մետր լայնքով Դեղատան փողոցի վրա մի քանի տասնյակ հարկանի երկնաքերի փլուզումը երկրաշարժի ժամանակ իսկական աղետ է, քանի որ տարհանման և այլ աշխատանքների համար այդ տարածք մոտենալն անհնար կլինի առնվազն մի քանի շաբաթ: Էլ չեմ խոսում կանաչ տարածքների մասին, որոնք մի քանի տասնյակ հազար հեկտարից հասել են մի քանի հազարի: 

Ինչքան հաճելի կլիներ, եթե մեր սերունդներին և օտարերկրացիներին ներկայումս ցույց տայինք. ահա սա մեր առաջին հանրապետության Խորհրդարանն է (Պարոնյան թատրոնի տեղում, քանդվել է դեռ կոմունիստների օրով), սա՝ կառավարությունը (Տաշիր – չալաղաջանոցի տեղում), սա պատմական այս փողոցն է, սա այս տանը տեղի է ունեցել այս նշանակալի իրադարձությունը: Ոչ մի բան չկա հիշելի: Ինչո՞վ ենք զանազանվում օտար վայրից կառավարվող մեր կոմունիստ նախորդներից, որոնց շատ դեպքերում քննադատում ենք ամեն ինչ քանդելու համար: Ի վերջո՝ ապակեպատ երկնաքերները ոչ մեկին հետաքրքիր չեն, զբոսաշրջիկները սեփական երկրում տասնապատիկ լավը ունեն: Վերջիններիս հետաքրքիր է մեր մշակույթը, մեր արժեքները, որոնք օրավուր անհետանում են: Մի թեթև կամք է պետք՝ այս տխուր պատկերը շտկելու համար, որը չկա: Կա փողի անհագ մոլուցք և վերջ:

Զարմանալ պետք չի, որ Վրաստան տարեկան այցելում են 3,5 մլն զբոսաշրջիկ, իսկ քաղաքակրթության կենտրոն մեր երկիր՝ 700.000: Որովհետև Սահակաշվիլին Ախալցխայի՝ իրենց համար շատ պարագաներով օտար բերդն իր եկեղեցիներով վերանորոգեց և զբոսաշրջիկներին ներկայացրեց մի հրաշալի վայր՝ և՛ պատմական, և՛ հանգստի (տես՝ վերևի լուսանկարը): Իսկ մեր բերդերում ու հնավայրերում մի զուգարան չկա, և զբոսաշրջիկները երկար տանջվելուց հետո սեփական պետքերը հոգում են եկեղեցիների ու բերդերի պատերի տակ: Իսկ թե մեր պատմության կամ Երևանի բերդի հետ ինչ կապ ունի խնդրո առարկա Երևան քաղաքի հռչակավոր բերդի տեղում կառուցված «Գլենդել հիլզը»՝ դժվարանում եմ ասել:

Օտար հյուրերի հիացմունքը պետք չի ընդունել որպես ճշմարտություն և հեռուստատեսությամբ գովազդել. ի վերջո՝ եթե մեկի տանը հյուր ես, չես կարող հրապարակավ ասել այն, ինչ զգացիր այնտեղ: Մյուս կողմից՝ մի քանի բաժակ կոնյակից հետո միկրոֆոնը ուղղի հյուրին՝ կարող ես լսել, որ, օրինակ, շատ գեղեցիկ են Երևանի այնքան հարմարավետ տրամվայները, կամ՝ ինձ շատ դուր եկավ Երևանի երթուղայինների վարորդների մաքուր և գեղեցիկ արտաքինը և այլ ֆանտաստիկ բաներ:

Մի խոսքով՝ ծնունդդ շնորհավոր Երևան. դու այլևս պատմություն չունես, դու այլև դիմագիծ չունես: Դու քո չալաղաջանոցներով արժանի ես միայն ռուսական սեքս-համերգների, ինչը և բարեխղճորեն կազմակերպվում է:

ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հետք», Երևան

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ