Գլխավոր » ՆԱՎ-ՊԵՏՈՒԹՅԱՆ «ՀԱՐՍԱՆԻՔԸ»
ՆԱՎ-ՊԵՏՈՒԹՅԱՆ «ՀԱՐՍԱՆԻՔԸ»
14:58
«Ամենայն հայոց նավապետ» Զորի Բալայանի նավարկության նպատակ էր հայտարարվել Հայաստանի անվան տարածումը աշխարհում, Հայաստանի հեղինակության բարձրացումը։ Այսինքն, առագաստանավը պտտվում է ծովերով, իսկ ցամաքում բարձրանում է Հայաստանի հեղինակությունը։ Այլ կերպ ասած՝ պտտվում ես դու, շահում է պետությունը։

Այդ հիանալի բանաձևով Զորի Բալայանն արդեն երկու տարի է ծովերում է, ու մեկ էլ Հայլուրի և մեր պետականաստեղծ մյուս հեռուստաընկերությունների եթերում։ Բալայանը ծովից շուտով դուրս կգա, բայց անկասկած է, որ եթերում նա դեռ երկար կմնա։ Հեռուստաընկերությունները հիմա արդեն երևի թե հերթ են կանգնել, թե ով առաջինը պետք է հրավիրի Բալայանին եթեր, որտեղ նա կպատմի, թե ինչպես է երկու տարվա նավարկության ընթացքում շեշտակիորեն բարձրացրել Հայաստանի հեղինակությունը։

Հայերի մի հատվածին չգիտես ինչու թվում է, թե աշխարհում ոչ նավ էին տեսել, ոչ առագաստանավ, ու հիմա տեսնելով պետք է ցնցվեին, թե այդ ինչ հետաքրքիր սարք է, որ ծովի ալիքների վրա է մնում և պտտվում աշխարհի շուրջը։ Կամ էլ հայերի մի մասին թվում է, թե աշխարհում ցնցվելու են, իմանալով, որ հայերն էլ նավ ունեն և նավ քշել գիտեն...

Իհարկե, հետաքրքրվողներ եղած կլինեն անշուշտ, բայց այդ մարդկանց կյանքով այնքան նավեր են եկել ու անցել, ու դեռ կգան ու կանցնեն «Արմենիայից» հետո, որ մի երկու տարի անց երևի դժվարությամբ են հիշելու, թե այն լուսանկարի միջի մորուքավոր նավապետը, ո՞ր նավից էր, ո՞ր երկրից։ Բայց Հայաստանի հեռուստաեթերը իհարկե դեռ երկու, երեք, դեռ տասներկու և տասներեք տարի էլ կպտտի Զորի Բալայանի պատմական նավարկությունը, գրաֆիկական սանդղակներով կցուցադրի մինչ նավարկությունը եղած Հայաստանի վարկանիշը, հետո նավարկության ընթացքում Հայաստանի վարկանիշի աճի տեմպերը։

Իրականում այդ ամենն, իհարկե, բացի համազգային բարդույթներից և քարոզչական դատարկ հնարքներից, որևէ այլ առարկայական բան իր մեջ չի պարունակում։ Պետությունները աշխարհում ճանաչվում են ոչ թե գրող-հրապարակախոսների ծովագնացությամբ, այլ իրենց ձեռքբերումներով՝ պետականաշինության, տնտեսության, արվեստի, մշակույթի, սպորտի ասպարեզներում... Պետությունները, պետություն ունեցող ազգերն իրենց առաջ սովորաբար առավել լուրջ խնդիրներ են դնում, եթե նպատակ են ունենում աշխարհում հեղինակություն բարձրացնել։ Այդ խնդիրները նախ և առաջ ներառում են տվյալ պետության կյանքի որակը, համաշխարհային հեղինակության ձգտող ազգի կենսապայմանները իր իսկ երկրում, պետությունում, հայրենիքում։

Հեղինակավոր են այն պետությունները, որոնցում հեղինակություն է քաղաքացի հասկացությունը, քաղաքացի արժեքը, որոնցում այդ քաղաքացու ստեղծագործական հնարավորությունների իրացման համար ստեղծված են բավարար պայմաններ, ազատ և արդարացի մրցակցության դաշտ բոլոր բնագավառներում։
Աշխարհում այդ պետությունները, այդպիսի պետություն ձևավորած ազգերն են, որ ներկայում հեղինակություն են վայելում՝ կենդանի հեղինակություն, ոչ թե թանգարանային նմուշի։

Դա իհարկե չի նշանակում, որ Զորի Բալայանը պետք է չնավարկեր։ Թող նավարկի, միայն թե ոչ պետության հաշվին։ 2009 թվականին, երբ երկրում տնտեսական ճգնաժամը խորանում էր օրեցօր, կառավարությունը նրա նավարկությանը 300 հազար դոլար էր հատկացնում։ Բալայանը թող նավարկի, միայն թե թող իր նավարկությունը «չզարդարի» Հայաստանի հեղինակության մասին հավակնություններով, իսկ Սերժ Սարգսյանն էլ այդ հավակնոտ ծովագնացության ավարտին թող մասնակցի ոչ թե որպես Հայաստանի նախագահ, այլ որպես Զորի Բալայանի մտերիմ ընկեր կամ բարեկամ, քանի որ դա իրականում, փաստացի, ընդամենը անձնական միջոցառում է, ինչպես ասենք որևէ ընկերոջ կամ բարեկամի հարսանիքը կամ այլ առիթով կազմակերպված խնջույքը։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
(Լրագիր»)

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ