Գլխավոր » ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԲՈՐԲՈՍՆԵԼ
ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԲՈՐԲՈՍՆԵԼ
21:28
Աջափնյակ թաղամասում կառուցված տասը առաձնատները 2009 թ. տրամադրվեցին փախստականների ընտանիքներին, իսկ 2010 թ. նույն փողոցում ապաստան գտան ևս ութ ընտանիք: Մարդիկ՝ սև օրեր տեսած, 19-21 տարի սպասելուց հետո վերջապես ստացան նոր կառուցված ընդարձակ բակով առանձնատներ: Առանձնատների հեռու լինելու պատճառով շատերը հրաժարվեցին տեղափոխվել այնտեղ՝ հատկապես ԱրՊՀ համալսարանի հանրակացարանում բնակվող որոշ փախստականներ (տես «Դեմո», N 859: Այնուամենայնիվ, այն ստացողները շատ ուրախ էին, քանզի ում համար չէ ուրախալի իրողություն այսքան երկար սպասելուց հետո սեփական առանձնատուն ունենալը:

Այս ամենը հիանալի է, իհարկե, բայց շատ չանցած՝ ցրտերը սկսելուն պես, այդ տները սկսեցին փտել ու բորբոսնել: Իսկ փտման պատճառները, ինչպես ինձ ծանոթ շինարարներից մեկն է ասում, տարբեր են լինում, սակայն հավանական է, որ օդափոխանակման խախտումն է գլխավորը, իսկ մետաղապլաստե հերմետիկ պատուհանները հնարավոր է, որ փտման պրոցեսը արագացնում են:
Ոչ բոլոր տներն են միևնույն կերպով վնասվել. կան տներ, որոնց պատերը խոնավությունից միայն բորբոսնել են, իսկ կան տներ, որոնց հատակը՝ գումարած դրան, սկսել է փտել: Տներում, որտեղ հատակը փտում է, կենվորները ստիպված են լինում տան կահույքը անընդհատ տեղաշարժել, որովհետև կահույքը մի տեղում երկար մնալուց հետո մխրճվում է արդեն լիովին փտած հատակի մեջ: Մարդիկ վախվխելով են քայլում տանը, քանի որ հատակը ծանրությունից կարող է ամեն պահի ջարդվել, իսկ անծանոթ հյուրին նախօրոք զգուշացնում են՝ «խիստ վտանգավոր գոտիներով» չքայլել:

Որ այդ տները «վտանգավոր» են, անծանոթ հյուրը զգում է առաջին իսկ հայացքից, կներեք, առաջին իսկ շունչ քաշելով. սուր մգլահոտը անմիջապես զգացնել է տալիս, որ այս տներում ինչ-որ բան այն չէ: Ճիշտ կլինի նաև «վտանգավոր» բառը գործածել առանց չակերտների, որովհետև խոնավությունն ու բորբոսն իրոք վտանգավոր են առողջության համար: Հայտնի է, որ խոնավությունը կարող է առաջացնել ցնցուղատապ (բրոնխիտ), թոքերի բորբոքում, երիկամների բորբոքում և այլ հիվանդություններ: Իսկ բորբոսը վտանգավոր է հատկապես երեխաների ու թույլ իմունիտետ ունեցող մարդկանց համար:

Տներից մեկում բնակվող երիտասարդ մայրերից մեկը վստահ է, որ իր հինգ տարեկան աղջնակի հաճախակի հիվանդանալու պատճառը խոնավությունն է և այժմ նա ստիպված ցավեցնող ցեֆոզիլին է սրսկում: Նույն երիտասարդ մայրը իմ ներկայությամբ զանգեց քաղշիննախարարության ընդհանուր բաժին՝ բողոքելով, որ նամակի պատասխանը ուշացնում են: Հեռախոսազրույցը բավականին նյարդային ու երկար էր: Բանն այն է, որ հարևանի տան հատակը երբ փտելուց սկսեց ջարդվել, նա զանգեց շինարարության նախարարություն և, նրա խոսքով (հարևանի), շինարարությունը իրականացնող ֆիրմայի ինժեներներից մեկը ստուգելուց հետո հատակի համար համապատասխան փայտ հատկացրեց:

Հարևանուհու օրինակին հետևելով նա զանգեց նախարարություն, սակայն նրան բացատրեցին, որ պետք է բողոքը գրավոր ներկայացնել: Բողոքը ներկայացվեց նոր տարվա շեմին և մինչև օրս անպատասխան է, շիննախարարության ընդհանուր բաժնից բացատրեցին, որ իրենք նամակը ուղղարկել են բնակարանային հանձնաժողովի բաժին: Հույս պահենք, որ նամակագիրը գոհացուցիչ պատասխան կստանա, սակայն զարմանալին այն է, որ իմ այցելած տներից միայն երկուսն է համապատասխան մարմիններին բողոք ներկայացրել, իսկ մնացածը վստահ են, որ իրեց բողոքները ոչ մի բան չեն փոխի:

Կարծում էի, թե ավելի վաղ կառուցված 10 առանձնատների վիճակն է միայն այդպես, սակայն մնացած ութ տների վիճակն էլ էր նույնը՝ դեռ մի բան էլ «ավել»: Ութ առանձնատան բնակիչներից մեկը կարծում է, որ վերևի տասը առանձնատներն ավելի խղճով են կառուցվել, քան իրենցը: Վերջինս ցույց տվեց տան ննջարանը, որտեղ միայն իրեր են պահում և ավելացրեց. «Այստեղ վախում ենք ջիգարով քայլել»: Չեմ ուզում չարախոսի տպավորություն թողնել և մեկ անգամ ևս ավելացնեմ, որ ոչ բոլոր տների տախտակն է ոտքերի տակ ջարդվում, բայց բոլոր իմ տեսած տները խոնավությունից բորբոսնում են, իսկ այդ մարդիկ հավաստիացնում են, որ բոլոր տասնութ տներում իրավիճակը նույնն է՝ տեղ-տեղ մի քիչ լավ, տեղ-տեղ՝ ավելի վատ:

Նման հետևանքի պատճառները կարող են տարբեր լինել, ուստի սխալ կլիներ վստահորեն կոնկրետացնել դրանցից մեկը, քանի որ դրա համար մասնագետի «ամենատես աչքի» կարիք է զգացվում: Կրկնվում եմ՝ պատճառները կարող են բազում լինել. բացառված չէ, որ խոնավության պատճառներից մեկը օդափոխանակման գործընթացի խախտումը կարող է լինել:
Ինչևիցե, խնդրում եմ, իսկ Մեհրաբյան փողոցի բնակիչների անունից պահանջում եմ համապատասխան մարմիններին տվյալ խնդիրը հնարավորինս շուտ լուծել: Նման պայմաններում անհաճո ու առողջության համար վնաս է ապրել, և ինչքան շուտ թերությունները վերացվեն, այնքան լավ:

Լսել եմ՝ ինչ-որ մեկը վարչապետին՝ նրա բլոգում, գրել է, որ նշված թաղամասում տները խոնավությունից փտում են: Արա Հարությունյանը պատասխանլ է. «Քաղաքաշինության նախարարին հանձնարարել եմ ուսումնասիրել այդ հարցը և մասնագետներ ուղարկել նշված աշխատանքները ստուգելու համար»:
Մասնագետները եկել են, սակայն այդ թաղամասի բնակիչներից մեկն ասում է, որ մասնգետները փտման պատճառը բացատրում են նրանով, որ սենյակների ջերմությունը պիտի նույնը լինի: Նույն թաղամասի կենվորներից մեկը գտնում է, որ փտման պատճառը դա չէ, քանի որ նրանք տանը ունեն ջեռուցման կաթսա, և բոլոր սենյակները հավասարապես ջեռուցվում են: Նշված տների կառուցումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, ըստ խոսակցությունների, պատկանում է բարձր պաշտոնյաներից մեկին։

«Այնպես է ստացվում, որ մի հատ էլ մենք ենք մեղավոր»,- հավելեց Աջափնյակում բնակվող կանանցից մեկը:
...Վերջերս վերոհիշյալ թաղամասի բնակիչներին խոստացել են շինանյութով ապահովել։

Հ. ՂԱԶԱՐՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Մայիս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Արխիվ