Գլխավոր » ՆՐԱ ՏԱՐԵՐՔԸ ՊԱՅՔԱՐՆ ԷՐ, ՄԱՐՏՆՉԵԼԸ
ՆՐԱ ՏԱՐԵՐՔԸ ՊԱՅՔԱՐՆ ԷՐ, ՄԱՐՏՆՉԵԼԸ
23:52
Վարուժան Գեորգիի Բաբայանը ապրել է կարճ, բայց շքեղ կյանք՝ առլեցուն կրակոտ պայքարով: Ծնվել է 1961 թ. փետրվարի 25-ին Ստեփանակերտում: Մանուկ հասակից սիրում ու պաշտում էր ֆուտբոլը, մշտապես երազում էր խաղալ մեծ ֆուտբոլ:

1970-ական թթ. մանկապատանեկան ֆուտբոլը Արցախում գտնվում էր բարձրության վրա և մեծ մասսայականություն էր վայելում: Ամեն տարի ամռան ամիսներին մարզային, շրջանային ու քաղաքային կոմերիտկազմակերպությունները տարիքային տարբեր խմբերի համար թաղերի (փողոցների) ու բակերի միջև անց էին կացնում ֆուտբոլային մրցաշարեր: Դրանց ակտիվորեն մասնակցում էր նաև Շիրվանզադե փողոցի «Արարատ» թիմը՝ տարիքային երկու խմբերով (11-12 և 13-14 տարեկաններ): Տարիներ շարունակ երկու թիմերի խաղացողները բոլոր հանդիպումներն անց էին կացնում մեծ վերելքով՝ ցուցադրելով գեղեցիկ ու փայլուն խաղեր, դառնում էին Ստեփանակերտ քաղաքի և Լեռնային Ղարաբաղի չեմպիոններ: Վարուժանը ոչ միայն Շիրվանզադե փողոցի թիմերի, այլև ֆուտբոլային այդ մրցաշարերի կենտրոնական դեմքերից մեկն էր, լավագույն ֆուտբոլիստը: Բազմիցս ճանաչվել է մրցաշարերի լավագույն խաղացող, դարձել լավագույն պաշտպան կամ կիսապաշտպան:

1970-ական թթ. նա պարբերաբար հաճախում էր Ստեփանակերտի մանկապատանեկան ֆուտբոլի դպրոցի մարզիչների կողմից անցկացվող պարապմունքներին: Օրեցօր պատանին առնականանում էր, և դրա հետ մեկտեղ ընդգծվում էր բնությունից ի վերուստ նրան տրված տաղանդը: Նա ընդգրկվել է Արցախի ֆուտբոլի պատանեկան հավաքականի կազմում: Անցկացրած բազմաթիվ փայլուն խաղերն ու անձնական հատկությունները, հատկանիշները աննկատ չմնացին: Վարուժանն ընդգրկվեց Ադրբեջանի ֆուտբոլի պատանեկան հավաքականի կազմում և դարձավ թիմի լավագույն խաղացողն ու պաշտպանը: 

Այդ տարիներին ֆուտբոլի Ադրբեջանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչը հայազգի Օլեգ (Ալիկ) Մկրտիչևն էր, որը միաժամանակ մեծատաղանդ մարզիչ էր և մեծ ավանդ ուներ, այսպես կոչված, ադրբեջանական ֆուտբոլի զարգացման գործում: Նա մեծ հույսեր էր կապում Վարուժանի հետ, վերջինս էլ երբեք հուսախաբ չարեց նրան: Ֆուտբոլի պատանեկան հավաքականի կազմում Վ. Բաբայանը բախտ ունեցավ Ադրբեջանի, ինչպես նաև արցախյան ֆուտբոլի մարզական պատիվը պաշտպանելու դպրոցականների «Տաշքենդ-78» համամիութենական սպարտակիադայում: Վարուժանի տաղանդը փայլեց և այստեղ: Անհատական մրցապայքարում կարողանում էր հաղթել պատանի այնպիսի ֆուտբոլիստների, ովքեր ընդ-գրկված էին նաև բարձրագույն և առաջին լիգայի թիմերում:

Մինչև բանակ մեկները Վարուժանը «Լուչ» թիմի կազմում մասնակցել է Ստեփանակերտում անցկացված դպրոցականների (1961-64 թթ. ծնվածներ) մինի ֆուտբոլի մրցաշարին և գրավել պատվավոր առաջին տեղը: Թիմի ոգին ու կազմակերպիչը, գլխավոր դեմքը նա էր, որն այդ մրցաշարում ճանաչվեց լավագույնը: Նա ցույց տվեց, որ համակողմանի զարգացած ֆուտբոլիստ է և հավասարապես հաջողությամբ կարող է խաղալ թիմի և՛ պաշտպանական, և՛ կիսապաշտպանական ու նաև հարձակման գծում:

Վարուժանը 1979-1981 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Վերադառնալով հարազատ Ստեփանակերտ, ընդգրկ-վել է սիրելի թիմի հիմնական կազմում:
1982 թ. փայլուն անցկացնելով ողջ խաղաշրջանը, Վարուժանը «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի լավագույն խաղացող ճանաչվեց: Բազմահազար ֆուտբոլասերների ծափահարությունների ներքո նրան հանձնվեց հատուկ մրցանակ հանդիսացող գավաթը:

Արդյո՞ք երջանիկ էր արցախյան ֆուտբոլի լավագույն խաղացողներից մեկը: Կարծում եմ, այո՛, երջանիկ էր: Բազմահազար ֆուտբոլասերներից բացի թիմակից ընկերներն ու մարզիչներն անչափ սիրում էին ու հարգում իրեն, նաև վստահում: 1980-ական թթ. երկրորդ կեսին, ապա 1986 թ. «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի անդամները բարձր գնահատելով կոլեկտիվի մատուցած ծառայությունները, անսահման նվիրվածությունը, անձնական հմայքը, ձիրքն ու շնորհքը, համեստությունը, ընկերասիրությունը, միաձայն նրան ընտրեցին թիմի ավագ: Դեռ ավելին, շատ դեպքերում միայն նրան էին վստահում ու հանձնարարում տուգանային և 11 մետրանոց հարվածների իրավունքը...

Սակայն պատերազմը, որ ազատ ու անկախ ապրելու իր իրավունքների համար պայքարող Արցախին պարտադրեց մեր ոսոխ հարևանը՝ Ադրբեջանը, լիովին փոխեց նաև Վարուժան Բաբայանի ծրագրերը, խաթարեց նաև նրա ճակատագիրը...
Վարուժանն ինքն էլ զենք վերցրեց պաշտպանելու իր հարազատ երկրամասը՝ հայրենի Արցախը: Մարզական ոլորտում պայքարում թրծված Վ. Բաբայանը գաղափարապես և հոգեբանորեն նախապատրաստված էր կատարելու նաև ռազմական սխրանք:

Տարիներ հետո ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանն իր «Կտակ» գրքում հայրենիքին զինվորագրված Վարուժանի մասին գրել է. «Արցախյան ազգային-ազատագրական շարժումն սկսվելուց տղան զինվորագրվեց համաժողովրդական պայքարին: Ճակատագիրը նախատեսել էր, որ դարի ութսունական թվականներին ադրբեջանական թիմերին «քոթակ տվող» մարզիկը իննսունականներին ազատամարտիկի դերում մասնակցի Մաղավուզ գյուղի մոտ ծավալված դաժան մարտին և արժանանա… անհայտ կորածի դաժան բախտին: Նա կռվում էր հակատանկային վաշտում, ֆագոտչիկ էր…»:

Վ. Բաբայանը մինչև իր համար չարաբաստիկ օրը՝ 1992 թ. օգոստոսի 6-ը, կարողացավ արժանահիշատակ գործեր կատարել: «Ղարաբաղ» թիմի ֆուտբոլիստների հետ մեկտեղ մեկնում էր դիրքերը և խրամատներում դիրքավորված ոսոխներից պաշտպանում մեր երկիրը, մեր պատիվը: 

«Թշնամին անակնկալ հարվածով փորձում էր ճեղքել մեր պաշտպանական գիծը և գրավել Դրմբոնը: Չնայած ուժերը անհավասար էին, պաշտպանական կատաղի մարտեր ծավալվեցին… Հենց այդ օրհասական պահին մեր թիկունքից՝ մոտակա բարձունքից լսվեց մեզ ծանոթ «ֆագոտ» հակատանկային տեղակայման որոտը: Ուրեմն՝ Չլդրանից օգնությունը հասել էր ժամանակին:

Այդ մարտում թշնամին ջախջախիչ հարված ստացավ և դրան շատ բանով նպաստեց ջոկի հրամանատր Սերգեյ Գաբրիելյանի «ֆագոտ» հակատանկային տեղակայման անձնակազմը՝ Վարուժան Բաբայանը, Լևոն Մկրտչյանը, Արթուր Ղահրամանյանը և Մհեր Ավանեսյանը» («Արցախ», 4 օգոստոսի 1992 թ.)։

Վերոհիշյալ ճակատամարտում հինգ ֆագոտչիկ ֆուտբոլիստները խփեցին թշնամու երկու տանկ, իսկ երրորդի անձնակազմը վախենալով, որ կարժանանա նույն բախտին, լքեցին տանկն ու խուճապահար փախան անտառի խորքերը: Եթե նրանք ժամանակին օգնություն չգային ու չխփեին այդ երկաթե հրեշներին, ապա թշնամին, մեծ վնասներ հասցնելով մեր պաշտպաններին, անարգել կառաջանար ու կհայտնվեր մեր պաշտպանական գծի թիկունքում: Կորցնելով իր ծանր տեխնիկան, թշնամու խուճապը դարձավ կատարյալ ու անզուսպ։ Հակառակորդը՝ տվեց կենդանի ուժի, ինչպես նաև տեխնիկայի զգալի կորուստներ: Ոսոխը ստացավ հերթական ուժեղ ապտակներից մեկը:

Վարուժան Բաբայանը կարող էր կատարել ուրիշ այլ մեծագործություններ, սակայն նորին մեծություն անհաճո ճակատագիրը դա չթույլատրեց... 
1992 թ. օգոստոսի 6-ին ռազմական գործողությունների թեժ պահին իր ֆագոտչիկ և մյուս զինակից ընկերների հետ միասին Վարուժանը զենքը ձեռքին մարտադաշտում անհայտ կորավ...

Այսօր արցախյան ֆուտբոլն առավել ևս զգում է մեծատաղանդ ֆուտբոլիստի կարիքը։ Ֆուտբոլիստ, մարդ ու քաղաքացի, որի նմանների պակասը մշտապես զգացվում է, և որի տեղը, ցավոք, դեռ երկար ժամանակ թափուր կմնա։ Չնայած ապաշնորհների տարածած այն «իմաստությանը», թե՝ անփոխարինելի մարդիկ չկան, կյանքը մշտապես հակառակն է ապացուցում՝ անփոխարինելի մարդիկ միշտ եղե՛լ են և կա՛ն։

Ռ. ԲԱԲԱՅԱՆ




ԱՅՍՊԻՍԻՆ ԷՐ ԿՅԱՆՔՈՒՄ ԵՎ ԱՅՍՊԻՍԻՆ ԷԼ ՄՆԱՑ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Վարուժան Բաբայանը մեծ ու անջնջելի հետք է թողել Արցախի ֆուտբոլի պատմության մեջ: Նրա անունը ոսկե տառերով կգրվի արցախահայ ֆուտբոլի և ազատամարտի պատմության մեջ։- Ռազմիկ Պետրոսյան, արցախյան ֆուտբոլի մեծ երախտավոր, լեգենդար «Ղարաբաղ» թիմը Ադրբեջանի չեմպիոնի բարձունքին հասցրած մարզիչ

Կաշվե գնդակի մեծ վարպետ, ինքնատիպ խաղացող: Հակառակորդ թիմերի բազմաթիվ խաղացողներ խաղադաշտում նրա հետ մենամարտելիս շարունակ պարտվում էին: Մենամարտում նրան փաստորեն անհնարին էր հաղթել: Դա գիտեին և՛ հակառակորդները, և՛ յուրայինները:- Վ. Հայրիյան, «Ղարաբաղ» թիմի անփոխարինելի հարձակվող

Մանկությունից Վարուժանի հետ մտերիմ ընկերներ էինք: Միասին տասը տարի սովորել ենք Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան N 7 միջնակարգ դպրոցի միևնույն դասարանում: Նրա մասին կարող եմ ասել հետևյալը. մեծատաղանդ ֆուտբոլիստ էր, վառ ու ինքնատիպ անհատականություն: Ցանկացած մարզաձևով պարապվելու, մարզվելու դեպքում էլ կդառնար մեծություն:- Էռնեստ Միրզոյան, սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ

Երկար տարիներ է ինչ կապված եմ ֆուտբոլի հետ: Ե՛վ դրսում և՛ Ստեփանակերտի Ստ. Շահումյանի անվան մարզադաշտում որպես գլխավոր ու եզրային մրցավար մասնակցել եմ հարյուրավոր խաղերի: Առանց չափազանցության անկեղծորեն խոստովանում եմ, որ այդ տարիներին ես նրա նման հիանալի պաշտպանի չեմ հանդիպել: Որպես մտածող ու բարձրակարգ ֆուտբոլիստ, նա մարզադաշտում ամենաինքնատիպն էր, խաղում էր չափազանց գրագետ ֆուտբոլ: Չեմ հիշում որևէ դեպք, երբ նա կոպիտ խաղալու համար ստանար դեղին քարտ: Նրա խաղով կարելի էր միայն հպարտանալ ու զմայլվել: Վարուժանի նման վարպետների վրա էր հենվում արցախահայ ֆուտբոլը:- Գրիգորի Աթայան, ֆուտբոլի մասնագետ, մրցավար

Ես վկա եմ եղել բազմաթիվ հետաքրքիր ֆուտբոլային ներկայացումների, հիացել եմ շատ հետաքրքիր ու ինքնատիպ պաշտպանների ցուցադրած խաղով: Կասեմ ճշմարիտ, Վարուժան Բաբայանը անզուգական էր: Նա իր մեջ ամբարած ուներ պաշտպաններին բնորոշ լավագույն գծերն ու որակները: Նրա խաղը կառուցված էր զգուշավորության ու մեծ ռիսկի վրա, հաշվենկատ էր, սառնասիրտ ու, միաժամանակ, ջերմեռանդ, կրակոտ: Եթե այս ամենին գումարենք հղկած տեխնիկան, ապա ամեն ինչ պարզ կդառնա: Ցանկացած վտանգավոր պահը զգում էր ու կանխատեսում, ինտուինտիվ հոտառություն ուներ: Այս ամենը նկատի առնելով ես նրան անվանում եմ աննման ու անփոխարինելի, կաշվե գնդակի մեծ վարպետ:- Ալ. Բալայան, «Ղարաբաղ»-ի նախկին թիմապետ, համամիութենական կարգի մրցավար

Վարուժանին մեկ անգամ չէ, որ հրավիրել են խաղալու միութենական հեղինակավոր ակումբներում, սակայն նա երբեք չլքեց հայրենի եզերքը, չդավաճանեց հայ հանդիսատեսին:- Վերա Գրիգորյան, ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ

Որոնում

Օրացույց

«  Դեկտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ