Գլխավոր » ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ «ԹԱՍԻԲԻ» ՀԱՐՑ Է, ՄԵԶ ՀԱՄԱՐ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԽՆԴԻՐ
ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ «ԹԱՍԻԲԻ» ՀԱՐՑ Է, ՄԵԶ ՀԱՄԱՐ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԽՆԴԻՐ
02:23

«Նոր էջ»-ի հարցերին պատասխանում է հասարակական-քաղաքական գործիչ,
ԼՂՀ ԱԺ երկու գումարման պատգամավոր ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ

- Վերջերս ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, այլև համանախագահող երկրների նախագահներն են հայտարարություններ անում Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ, որոնց հիմքում ընկած են «մադրիդյան սկզբունքները»՝ ազատագրված տարածքները հանձնելու պահանջով։ Արցախն, արդյո՞ք, պատրաստվում է այդ տարածքները զիջել հակառակորդին։
- Երբ ազգային-ազատագրական շարժման տարիներին հրապարակավ պահանջում էինք Արցախի վերամիավորումը Մայր Հայաստանին, այն ժամանակվա Ադրբեջանի առաջնորդը՝ Վեզիրովը, հայկական միամտության վրա զարմացած, ասել է. «Հողը արյունով են վերցնում»: Մենք արյունով վերցրել ենք միայն մեր հողերի մի չնչին մասը: Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևն իրենց խորհդարանում ասել է. «Ղարաբաղը մեր մյուս տարածքների հետ համեմատած քարքարոտ, անջրդի և հողագործության համար ոչ պիտանի տարածքներ են, բայց ազատագրումը՝ արժանապատվության հարց է (ասել է թե՝ «թասիբի» հարց է): Իսկ մեզ՝ հայերիս համար մեր տարածքները, այդ թվում՝ ազատագրված հողերը, կազմում են մեր հայրենիքը:
Ցավալի է, որ մի շարք պետական պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ և քաղաքագետներ դեռ շարունակում են Քաշաթաղի շրջանը դիտել որպես «միջանցք», այն էլ՝ Լաչինի միջանցք: Պարզապես, նման մարդկանց խորհուրդ կտայի մտաբերել իրենց ծննդավայրը կամ անվանադիր նախնիների բնօրրանը և պատկերացնել, որ ինչ-որ տարօրինակ մարդիկ այդ բնակավայրը կոչում են ոչ թե գյուղ, ավան կամ քաղաք, այլ՝ միջանցք...

- Հայ քաղաքագետների մեջ կարծիք կա ձևավորված, թե կան շրջաններ, որ երբեք չենք կարող զիջել հակառակորդին։ Կարծես որոշ շրջաններ արդեն համաձայն ենք հանձնել, բացի վերոհիշյալից։ Որքանո՞վ եք ընդունելի համարում նման տեսակետը։
- Ես էլ եմ նման տեսակետներ լսել և ապշել։ Իսկ ինչ մնում է Քարվաճառի շրջանի վերաբերյալ մեր դիվանագետների և քաղաքագետների արտահայտված այն տեսակետներին, թե իբր շրջանը չի կարելի հանձնել թշնամուն, քանի որ այնտեղ կան մեծ քանակությամբ ջրային պաշարներ, ուղղակի կարելի է ապշել: Ստացվում է, որ այդ կամ մի այլ շրջան մենք չպիտի հանձնենք, ոչ թե նրա համար, որ դրանք ազատագրված հայկական հողեր են, դրան հավելած՝ ռազմավարական կարևոր նշանակություն ունեն և այլն, այլև՝ որովհետև այնտեղ ջրային պաշարներ կամ օգտակար հանածոներ կան։ Բանից պարզվում է, որ եթե Քարվաճառի շրջանն ամբողջովին անապատ լիներ, ապա առանց մի խոսքի, կարելի է հանձնե՞լ թշնամուն...

- ՀՀ որոշ քաղաքական գործիչները հաճախ այն միտքն են հայտնում, որ ազատագրված տարածքներից մեկ կամ, առավելագույնը հինգ շրջան, կարելի է փոխզիջման կարգով հանձնել թշնամուն: Ինչպե՞ս եք ընդունում դա։ Օրինակ, օրերս քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հայտնել է. «Ես, օրինակ, մեծ հաճույքով կվերադարձնեի մի գյուղ՝ Ֆիզուլիի շրջանի գյուղերից մեկը, սակայն մի պայմանով, որ այդտեղ վերադառնան ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ընտանիքները»։
- Ընդհանրապես ազատագրված հողերը հանձնելու մասին հայկական կողմից առավել շատ խոսում են նրանք, ովքեր Արցախում չեն ապրում, այդ հողերի ազատագրման հետ անգամ հեռավոր առնչություն չունեն և չեն պատկերացնում, թե ինչ է լինելու դրանից հետո։ Ֆիզուլու շրջանի գյուղերից մեկը «մեծ հաճույքով վերադարձնելու» օրինակը՝ թեկուզ հայ և ադրբեջանցի ընտանիքների վերադարձի պայմանով, ցույց է տալիս հայ դիվանագիտության իրականությունից կտրված լինելը։ Եթե կան մարդիկ, որ առայսօր դասեր չեն քաղել մեր ժողովրդի պատմությունից և լավ չգիտեն մեր հակառակորդի բնույթը, թող կրկին կարդան Թումանյանի «Չարի վերջը»։ Աղվեսը (մեր դեպքում՝ թուրքը) երբեք չի կշտանում, երկրորդը, երրորդն է պահանջում։ Այսօր երբ մեր քաղաքագետները միամտորեն քննարկում են, թե ինչ «փոխզիջեն», հակառակորդը պահանջում է բոլորը...
Պատկերացնենք մի մարդու առաջարկում են իր 7 զավակներից մեկին, երկուսին կամ հինգին հանձնի թշնամուն, որպեսզի մյուսները և ազգակիցներն ապրեն լավ ու բարեկեցիկ կյանքով: Ի՞նչ եք կարծում, նա կզոհաբերի զավակներից գոնե մեկին, անկախ նրանից թե այդ երեխան ամենախելոքն ու խիզա՞խն է, թե՞ հիվանդն ու տկարը: Որպես բազմազավակ հայր, համոզված եմ, որ ոչ մի ծնող այդ քայլին չի դիմի, եթե հոգեկան խանգարումներ չունի...
Ինչ վերաբերում է «փախստականների վերադարձի» վերաբերյալ, այսպես կոչված, սկզբունքին, դա անիրական խնդիր է, էլ չեմ ասում, որ այն իրականացնելն ավելի պայթունավտանգ հետևանքներ կունենա։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քանի՞ ֆրանսիացու ընտանիք է հետ վերադարձել Գերմանիա՝ նախկին բնակության վայրը և, հակառակը, քանի՞ գերմանական ընտանիք է Ֆրանսիա վերադարձել։ Պատմության մեջ նման փաստ չկա։

- Բայց հայկական կողմից ու Արցախի անունից այսօր շարունակում են բանակցությունները, իսկ բանակցասեղանին դրված փաստաթղթերում առաջին հարցը վերաբերում է տարածքները հանձնելուն...
- ԼՂՀ Սահմանադրության մեջ հստակ ամրագրված է. «Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո»: Այսինքն, ավելի պարզ ասած՝ ազատագրված տարածքները մեր հայրենի հողերն են և մեր ամբողջական Հայրենիքի անբաժան մասը։ Համոզված եմ, որ Սահմանադրության պահանջի խախտումը, ում կողմից էլ այն կատարվի, խստագույնս պատժվելու է օրենքով, և ոչ միայն...

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ