Գլխավոր » «ՕՐՎԱ ՀԱՑ»
«ՕՐՎԱ ՀԱՑ»
14:51
Մեզանում շարքային քաղաքացիների ու շարքային ավտովարորդների վերաբերմունքը ավտոտեսչության նկատմամբ միանշանակ բացասական է։ Այդպես է եղել խորհրդային ժամանակներում, այդպես է նաև այսօր։ Դա գիտեն թե՛ առաջինները, թե՛ ավտոտեսուչները, և այսօր հույսի նշույլ չի երևում, թե վաղը կարող է ինչ-որ բան փոխվել՝ հօգուտ ավտոտեսուչների։

Ստեփանակերտում օրվա ընթացքում երթևեկության կանոնների բազմաթիվ խախտումներ կարելի է նկատել, սակայն գրեթե չեմ հիշում դեպք, որ դրա համար մեղավորները զգուշացվեն կամ տուգանվեն։ Փորձում ես փողոցը հատել, սպասում ես լուսաֆորի կանաչ լույսը վառվելուն, բայց հանկարծ հետիոտների անցման համար նախատեսված շերտավոր գծերի (մեզանում այն «զեբր» են անվանում) վրա հայտնվում է ղեկի մոտ նստած ինքնագոհ մի ապուշ, ու հետիոտները մնում են տարակուսած՝ կամ դիմացը ցցված ավտոմեքենայի գլխի վրայով պիտի հատեն փողոցը, կամ դիմացից շրջանցեն մեքենան՝ իրենց ենթարկելով խաչմերուկի մյուս հատվածներով շարժվող ավտոմեքենաների հետ «ընդհարվելու» վտանգին... Այս սցենարը կրկնվում է գրեթե յուրաքանչյուր խաչմերուկում, սակայն դեռ չեմ տեսել, որ դրա համար մեղավորներին պատժեն։

Փողոցների տարբեր հատվածներում հետիոտների համար նախատեսված նույն այդ շերտավոր հատվածը անցնելիս, հաճախ կարելի է ականատես լինել, թե ինչպես մանկան ձեռքը բռնած քաղաքացին շերտավոր գծերի մեջտեղը կանգնած, սպասում է, որ դիմացից սուրացող ջիպ ու մերսեդեսներն անցնեն։ Դարձյալ չեմ հիշում դեպք, որ վերոնշյալ օրինազանց ավտովարորդներին պատասխանատվության ենթարկեն։

Սակայն, փոխարենը, հաճախ կարելի է ականատես լինել, թե ինչպես են ավտոտեսուչները տուգանում երթևեկության կանոն չխախտած շարքային քաղաքացուն։

Հուլիսի 14-ին Ստեփանակերտին մերձակա գյուղերից մեկի մոտ, ճանապարհի եզրին կանգնած, ավտոմեքենայի էինք սպասում՝ մայրաքաղաք գալու համար։ Մեզնից 140-150 մետր առաջ ճանապարհային ոստիկանության մեքենա էր կանգնած։ Քիչ հետո տաքսի մոտեցավ մեզ։ Այն դանդաղ կանգնեց ճանապարհի եզրին՝ մեր դիմաց։ Անկասկած ավտովարորդը դեռևս մինչև կանգնելն էր նկատել ոստիկաններին ու, հասկանալի է, որ չէր կարող իրեն թույլ տալ որևէ օրինազանցություն։ Մեքենան նստեցինք ու առաջ շարժվեցինք, սակայն ավտոտեսուչների մոտով անցնելիս, վերջիններս կանգնեցրին մեքենան, ավտովարորդին իրենց մոտ հրավիրեցին ու սկսեցին «արձանագրություն» կազմել...

Նրանցից մեկը, ավտովարորդին փորձում էր բացատրել, որ վերջինս մեքենան կանգնեցրել էր ճանապարհի կենտրոնում։ Ասաց նաև, որ դրա համար օրենքով 10 հազար դրամ տուգանք է հասնում, բայց իրենք 3 հազարն են գրում։ Ասաց, որ կարող էին 10 հազար տուգանել ու ավելի շատ «վաստակել»։ Փորձեցի միջամտել, բացատրելով, որ «տաքսին» կանգնել էր հենց ճանապարհի եզրին, որտեղ խոտերի վրա մենք էինք կանգնած։ Սակայն՝ ապարդյուն։ Ավտոտեսուչ Արթուր Օհանյանի աչքը 150 մետրից ավելի լավ էր «նկատել» երթևեկության կանոնի խախտումը, քան մենք՝ ավտովարորդը և տաքսիի մոտ կանգնած ես ու քույրս... Ի՞նչ խոսք, մարդիկ վաստակել են օրվա հացը՝ մի համեստ կտոր կտրելով ուրիշի հացից...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ